Դանիել Դեքեր. «Եղեք այն Հերոսը, որ դուք կարող եք լինել»

Արցախյան պատերազմի օրերին Երևանում էր ամերիկացի երաժիշտ, երգիչ Դանիել Դեքերը: Տաղանդավոր երաժիշտը, որը Հայաստանի հետ կապված է ոչ միայն ստեղծագործական կապերով, այլև երկարամյա բարեկամությամբ, այստեղ էր իր աջակցությունը հայտնելու Արցախին ու հայ ժողովրդին: Արդեն 5 տարի  է, որ Դեքերը Հայաստանի քաղաքացի է ու հայերի հետ կիսում է և՛ ուրախությունը, և՛ ցավը, իսկ այսօր նաև՝ պատերազմի ողբերգությունը: Թե ինչպես  պուերտոռիկական ծագումով ամերիկացի երաժիշտն իր համար բացահայտեց ու սիրեց Հայաստանը՝ «ArtCollage»-ի բացառիկ հարցազրույցում: 

 

-Ես, իհարկե, գիտեմ իմ հարցի պատասխանը, բայց ուզում եմ ձեզնից լսել, ինչո՞ւ եք այսօր Հայաստանում:

-Ինչպես տեղյակ եք, մենք պատերազմական իրավիճակում ենք`պաշտպանելով Արցախի բնակչությանը: Ես պետք է գայի`սատարելու Արցախի ու Հայաստանի հայությանը: Սա շատ անձնական նշանակություն ունի ինձ համար: Շատերը գիտեն Հայաստանի հետ իմ անձնական կապի մասին, բայց նրանց համար, ովքեր տեղյակ չեն, ես հակիրճ կներկայացնեմ, թե ինչու եմ ես այսպես կապված Հայաստանի հետ, ու ինչու է այս ամենն այդքան կարևոր ինձ համար: Հայաստանի մասին իմ առաջին հիշողությունը գալիս է մանկությունից`ԱՄՆ-ում: Ես հիշում եմ, որ միացրեցի հեռուստացույցն ու լրատվական տեսանյութ տեսա մի պատերազմի մասին, որը տեղի ունենում մի վայրում, որի մասին երբեք չէի լսել` Լեռնային Ղարաբաղում, երկու պետությունների միջև, որոնց մասին ոչինչ չգիտեի`Հայաստանի և Ադրբեջանի: Երբեք չէի պատկերացնի, որ այսքան տարի անց ես անձնական փորձառությամբ կվերադառնայի բազմաթիվ տարիների խորքում մնացած այդ հիշողությանը:

-Բայց ձեր անմիջական կապը Հայաստանի հետ սկսվեց միայն 2000-ականների սկզբին: Ինչպե՞ս բացահայտեցիք Հայաստանը:

-Իմ առաջին կապը Հայաստանի հետ եղավ 2001-ին`Արա Գևորգյանի հետ համագործակցության շնորհիվ, երբ մենք սկսեցինք միասին ստեղծագործել: Առաջին երգը կոչվում էր «Մուշ»: Այն Նոյյան տապանի ու Հայաստանի մարդկանց մասին էր: Ես հիշում եմ իմ առաջին այցը Հայաստան`Սարդարապատում տեղի ունեցած մեր համերգի առիթով: Այդ փորձառությունը փոխեց իմ ամբողջ կյանքը: Այցելել աշխարհի մյուս ծայրում գտնվող մի վայր, որի մասին գրեթե ոչինչ չգիտեի, և բացահայտել այս անհավատալի մշակույթը, այս հրաշալի մարդկանց` հայերին, որոնք մեծ պատմություն ունեն: Հետո հաջորդ երգը, որ կատարեցի դարձյալ Արա Գևորգյանի հետ, «Ադանան» էր` նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Այդ երգը փոխեց իմ կյանքը: Երբ ես գրում էի «Մուշի» բառերը, այդ ժամանակ առաջին անգամ տեղեկացա Ցեղասպանության մասին, և այն ինձ հանգիստ չէր տալիս, ես պետք է անդրադառնայի այդ թեմային: Եվ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ես երբեք չէի լսել այդ թեմայի մասին: Ամերիկայում մենք երբեք չենք խոսում այս Ցեղասպանության մասին: Եվ ես պետք է պատմեի այդ պատմությունը:

-Ենթադրում եմ, որ հենց այդ պատմության ակունքների փնտրտուքից ծնվեցին նոր երգեր ու նաև այն ձայնասկավառակը, որը դուք անվանեցիք «Հայ եմ իմ ընտրությամբ», որը, կարծում եմ ոչ միայն խորհրդանշական իմաստ ուներ:

-Այո, այդպես է: Այդ պատմությունը`«Ադանան», շրջեց ամբողջ աշխարհով, միլիոնավոր մարդիկ տեղեկացան Հայոց Ցեղասպանության մասին, այդ երգը հնչեց բազմաթիվ լեզուներով: Իմ հարաբերությունները Հայաստանի հետ ավելի սերտացան: Ես սկսեցի տարբեր երկրներում համերգներ իրականացնել Արա Գևորգյանի հետ: «Ադանայից» մի քանի տարի անց մենք մեկնեցինք Ավստրալիա` Սիդնեյ, որտեղ երգեցինք մոտ երեք հազար հայերի համար, և ես երգեցի «Մուշն» ու «Ադանան»: Ու ես որոշեցի մի բոլորովին նոր բան անել՝ երգել հայերեն: Եվ դա «Կիլիկիան» էր: Հայերի արձագանքն այդ երգին այնքան հուզիչ էր, մեր կապն է’լ ավելի ամրացավ: Դրանից հետո որոշեցի հայերեն երգերի CD ձայնագրել, որը կոչեցի`«Հայ եմ իմ ընտրությամբ»: Եվ ես սիրեցի Հայաստանը: Ես սկսեցի ինձ նույնականացնել հայ ժողովրդի հետ: 2015-ին ես որոշեցի ամենակարևոր քայլը կատարել`դառնալ Հայաստանի քաղաքացի: Ապրիլի 24-ին, երբ մենք ոգեկոչում էինք Ցեղասպանության զոհերի հիշատակը, ես դարձա Հայաստանի քաղաքացի:

-Հայաստան ձեր այցը վաղուց էր նախատեսված, ինչո՞ւ հատկապես հիմա եկաք:

-Մի քանի ամիս առաջ մենք ծրագրում էինք մեր այս տարվա այցը Հայաստան: Իհարկե, սա շատ բարդ տարի էր`աշխարհը կանգ էր առել կորոնավիրուսի պատճառով: Եվ ահա, երբ Հայաստանը վերաբացվեց, մենք որոշեցինք գալ: Եվ հետո պատերազմը սկսվեց: Ես մտածում էի`ինչ անել, գնալ, թե՝ ոչ: Ընկերներս ասում էին`շատ վտանգավոր է, խելահեղություն կլինի գնալը, մի’ գնա: Բայց իմ սիրտը Հայաստանի հետ էր: Հետո ես տեսա Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարները` հրանոթի կողքին: Այն, ինչ նա անում էր առաջնագծում… երբ ես դա տեսա, ասացի`նա Հերոս է, հայ ժողովուրդը պետք է հպարտանա նրանով: Սակայն օրեր անց իմացա, որ ադրբեջանցիները սպանել էին նրան: Եվ ես շատ բարկացա: Մի քանի օր անց ես տեսա Շուշիի ռմբակոծության լուսանկարները, որոնցում ճանաչեցի Երիտասարդության ու մշակույթի կենտրոնը, որտեղ ես ելույթ էի ունեցել երեք տարի առաջ: Ես տեսա և լացեցի: Ես շատ բարկացա ու որոշեցի, որ պետք է գամ Հայաստան: Ես պետք է կանգնեմ Արցախի ու Հայաստանի հայերի կողքին և ասեմ`չհանձնվե’ք: Ես կանգնում եմ ձեր կողքին: Մենք միասին ենք կռվելու:

-Դուք եկաք պատերազմի ամենաթեժ շրջանում և շատ բան հասցրեցիք տեսնել, արձանագրել:

-Ես եկա Հայաստան ու սկսեցի հանդիպել ընկերներիս: Եվ ես տեսա այս խորը տխրությունը հայերի մեջ. ակումբներում երաժշտություն չկա, փողոցները կիսադատարկ են, էմոցիաները`շատ ծանր: Սկզբում դա ինձ շատ տխրեցրեց: Բայց որոշեցի, որ կոգեշնչեմ հայերին: Ես չգիտեմ`ինչպես կրակել զենքով, ես զինվոր չեմ`այդ առումով: Բայց ես կռվելու եմ Արցախի ու Հայաստանի համար` իմ մտքով, իմ սրտով և իմ ձայնով: Ես այստեղ եմ`հիշեցնելու բոլոր այն հայերին, ում սրտերը կոտրված են, ովքեր տխուր են, հուսալքված, վախեցած, ովքեր մտածում են, թե մենք մենակ ենք: Ես շատ եմ լսում, որ մարդիկ ասում են`մենք մենակ ենք, ոչ մի երկիր մեզ հետ չէ: Դա կարող է ճիշտ լինել`ուղիղ իմաստով: Բայց կաս դու, կամ ես, կա քո հարևանն ու գործընկերը, մենք ունենք միմյանց: Մենք ունենք Սփյուռքի միլիոնավոր հայերն: Եվ այս պահին մենք արևմտահայ կամ արևելահայ չենք, մեր ազգանունը տարբեր կերպ չի գրվում, մենք պարսկահայ, ֆրանսահայ, արգենտինահայ ու ամերիկահայ չենք, մենք ՀԱՅ ենք: Եվ մենք պիտի համախմբվենք, միաձայն լինենք, չվախենանք, չնահանջենք, լինենք անվախ, ուժեղ ու վճռական, և ասենք. Մենք չենք հանձնվելու! Մենք չենք փախչելու! Մենք չենք թաքնվելու! Մենք ամուր կանգնած ենք: Սա միայն հողի համար չէ: Սա հայ ժողովրդի գոյատևման համար է: Բնական է մի քիչ վախենալը, կամ շատ վախենալը… բայց միասին մենք ուժեղ ենք: Մենք տեսել ենք Ալբերտ Հովհաննիսյանի պես հերոսներին առաջնագծում: Բայց իր պես ամեն հերոսի հետևում, ովքեր ընկնում են կռվի դաշտում, կան տասնյակ ավելի հերոսներ, ովքեր պատրաստ են նրանց փոխարինել: Եվ կան շատ այլ հերոսներ այստեղ`Հայաստանում, ովքեր առաջնագծում չեն: Նրանք տեղահանվածների և զինվորների համար վերմակներ են կարում: Նրանք խնամում են վիրավորներին, աջակցում են առաջնագծում կռվողներին: Մենք մենակ չենք: Միասին մենք ուժեղ ենք: Ես սրան հավատում եմ իմ ամբողջ սրտով: Մեր թշնամին`Ադրբեջանն ու Թուրքիան, ուզում են, որ մենք վախենանք: Նրանք սպանեցին Ալբերտ Հովհաննիսյանին, որովհետև նա ուժի և հերոսության խորհրդանիիշ էր: Բայց մենք պիտի հիշեցնենք նրան`թշնամուն, որ մենք չենք վախենում: Թող փորձեն, թող նայեն մեր աչքերին և տեսնեն, որ այնտեղ վախ չկա: Թող նայեն մեր աչքերին ու իրենք վախենան: Եվ իմանան, որ մենք չենք հանձնվելու: Նրանք ծաղրում են, թե հայ կանայք կամավորագրվում են`առաջնագծում կռվելու համար, մինչդեռ իրենք միջազգային ահաբեկիչների են բերում`իրենց փոխարեն կռվելու: Այնպես որ, իրականությունն այն է, որ մեր հայ կանայք ավելի խիզախ են, քան ազերի տղամարդիկ: Մենք չենք հանձնվի: Մենք կարող ենք հաղթել: Մենք պիտի հաղթենք: Մենք կհաղթենք: Հաղթելու ենք: Արցախը, Արցախի մարդիկ արժանի են և ունեն իրավունք որոշելու, թե ինչպես են ապրելու իրենք: Մենք կպաշտպանենք այդ իրավունքը`մինչև կհաղթենք: Մենք չենք փախչի: Մենք չենք վախենա: Ես դիմում եմ յուրաքանչյուր հայի, այս պահին ոտքի’ կանգնեք, թող ձեր ձայնը բարձր հնչի’, ուժե’ղ եղեք, եղեք այն Հերոսը, որ դուք կարող եք լինել, որովհետև մենք Հերոսների ազգ ենք: Միանշանակ:

-Սա մի պատերազմ է, որում թուրք-ադրբեջանական դաշինքը հատել է բոլոր սահմանները, որն արդեն միայն հայերի խնդիրը չէ: Ինչ կասեք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների մասին:

-Հայ ժողովրդի ու ադրբեջանցիների փիլիսոփայության ու աշխարհընկալման մեջ հսկայական տարբերություն կա: Հայերը խաղաղ մարդիկ են, նրանք պատերազմներ չեն սկսում: Նրանք արվեստագետներ են, արհեստավորներ, երաժիշտներ, գիտնականներ, նկարիչներ, դերասաններ, մեծ մտածողներ: Նրանք ցանկանում են խաղաղության մեջ ապրել այն երկրում, որն իրենցն է եղել հազարամյակներով: Ի հակադրություն դրան, Ադրբեջանի մեր հարևանները ցանկանում են ավերել, նրանք ռմբակոծում են եկեղեցիները: Նրանք երկինք են ուղարկում իրենց դրոնները, որպեսզի հեռվից-հեռու տասնյակ զինվորների սպանեն: Նրանք ֆոսֆորային ռումբեր են նետում անտառների վրա, որպեսզի ավերեն անտառներն ու բոլոր նրանց, ովքեր թաքնվում են այնտեղ, բոլոր կենդանիներին, որ ապրում են այնտեղ: Նրանք ռմբակոծում են հիվանդանոցները, շտապօգնության և հրշեջ մեքենաները: Նրանք սպանում են խաղաղ բնակիչներին`չարժևորելով մարդկային կյանքը: Նրանք միջազգային ահաբեկիչների են ուղարկում մեր տղաներին սպանելու համար`կտրելով նրանց գլուխները, որպեսզի $100 հավելավճար ստանան: Դա վայրագություն է: Դա քաղաքակիրթ չէ: Դա ցեղասպանություն է: Դա հանցագործություն է մարդկության դեմ: Եվ երբ այս ամենն ավարտվի, պետք է պատերազմական հանցագործությունների տրիբունալ լինի, որպեսզի արդարությունը վերականգնվի: Եվ նրանք, ովքեր պատասխանատու են այս սպանությունների և ցեղասպանական գործողությունների համար, պիտի պատժվեն:

-Բայց այդ ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ ամբողջ աշխարհի աչքի առջև, իսկ պատասխանը՝ լռությունն է:

-Ինձ շատ է անհանգստացնում աշխարհի լռությունը Արցախում տեղի ունեցողի շուրջ: Աշխարհի հանրության լռությունն ամոթալի է: Ժամանակն է, որ քաղաքակիրթ ազգերը, որոնք գնահատում են մարդու իրավունքներն ու ազատությունը, բարձրացնեն իրենց ձայնն ու ասեն, որ այն, ինչ տեղի է ունենում, սխալ է, և ոչ միայն բառերով, այլև`գործողությամբ: Երկար տարիներ ես շարունակաբար ասել եմ`Էրդողանը վերածվում է Հիտլերի: Եթե հիշենք Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած տարիները, Հիտլերն ամբողջ Եվրոպայով ցասում տարածող հրեշ էր, որը գրավում էր երկիր երկրի հետևից: Երբ նա ցանկացավ վերցնել Լեհաստանի ժողովրդին, Մեծ Բրիտանիայի վարչապետը`Չեմբերլենը, ասաց`լավ, դուք կարող եք վերցնել Լեհաստանը, բայց, խնդրում ենք, կանգ առեք այդտեղ, ավելի մի տարածվեք, մենք էլ ոչինչ չենք անի: Նրանք Հիտլերին թույլ տվեցին վերցնել Լեհաստանը, բայց նա կանգ չառավ: Նա գրավեց նորանոր երկրներ`Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, հարձակվեց Սովետական Միության վրա, սկսեց ռմբակոծել Անգլիան: Ակնհայտ դարձավ, որ այդ հրեշին պետք էր կանգնեցնել: Եթե նրանք այդքան երկար չսպասեին, նրանք կարող էին փրկել միլիոնավոր կյանքեր: Բայց մենք սովորեցինք մեր դասը. երբ վտանգավոր հրեշի հետ գործ ունես, պետք է դիմադրել նրան, հակառակ դեպքում նա չափազանց վտանգավոր կդառնա: Այժմ մենք հրեշի հետ գործ ունենք`Էրդողանը, ով հարձակվել է Իրաքի, Սիրիայի, Կիպրոսի, Լիբիայի վրա, խնդիրներ է ստեղծում Լիբանանում, Հունաստանի հետ, իսկ հիմա էլ տիկնիկավարի պես Արցախի պատերազմի թելերն է կառավարում, որպեսզի հասնի իր Օսմանյան կայսրության նպատակին: Հայ ժողովրդին ոչնչացնելն այդ նպատակի մի մասն է: Այս նույն Էրդողանն էր, որ ասում էր, թե Ցեղասպանություն չի եղել, իսկ հիմա ասում է`մենք ավարտին կհասցնենք մեր սկսածը: Նա շատ լավ գիտի, թե ինչ են արել թուրքերը 1915-ին, քանի հայեր են մորթվել թուրքերի ձեռքով: Նա չի ամաչում սրանից: Կարծես, նա հպարտ է սրանով, և հիմա էլ ցանկանում է ավարտին հասցնել աշխատանքը: Հենց այս պատճառով աշխարհը պետք է ասի`Ո’չ: Սա սխալ է: Մենք քեզ թույլ չենք տա շարունակել: Մոռացե’ք ադրբեջանական նավթի մասին, նավթ այլ տեղերում էլ կարելի է գտնել: Աշխարհում շատ ավելի շատ նավթ և էներգետիկ ռեսուրսներ կան: Բայց մենք ճգնաժամում հայտնված ազգ ունենք: Անմեղ քաղաքացիներ` հայերը, ովքեր այդ հողի վրա ապրում են հազարավոր տարիներով, իսկ այժմ ցեղասպանության, բնաջնջման եզրին են, արժանի են ձեր աջակցությանը: Նրանք խաղաղ և ազատասեր մարդիկ են: Եվ ժամանակն է, որ թե’ Արևմուտքը, թե’ Արևելքն արթնանան ու քայլեր ձեռնարկեն:

-Արդեն հասցրել եք նաև «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը նկարահանել, ե՞րբ այն կներկայացվի ձեր երկրպագուներին:

-2017-ին ես որոշեցի համերգով հանդես գալ Արցախում`Շուշիի հայերի համար: Այդ պահը կրկին փոխեց իմ կյանքը: Շուշիի համերգի ընթացքում ես առաջին անգամ կատարեցի «Իմ Արցախ» երգը: Այս երգը Արցախի հերոսների մասին է: Որոշ ժամանակ ես փորձում էի այն ավարտել, բայց ինչ-ինչ պատճառով չէի կարողանում, և երբ պատերազմը սկսվեց, ես հիշեցի այս երգի մասին ու հասկացա, որ հիմա է այն երգելու ժամանակը, քանի որ երգի ասելիքն այսօր շատ արդիական է: Օրերս մենք ավարտեցինք երգի ձայնագրությունը: Ես շատ հպարտ եմ այս երգով, և սա լավագույն ժամանակն է`պատմելու Արցախի հերոսների պատմությունը: Մենք պետք է հարգենք և աջակցենք նրանց: Այս տեսահոլովակի աստղերը երեխաներն են, ովքեր երգում են ինձ հետ: Մոռացեք իմ ձայնի մասին, իմ ձայնը կարևոր չէ այս երգում: Լսեք երեխաների երգը, տեսեք նրանց աչքերի անմեղությունը և նրանց նվիրումը հայ ժողովրդին: Եվ որ ամենակարևորն է, մտածեք Արցախի այս հերոսների մասին: «Իմ Արցախը» գրել է իմ մտերմ ընկեր, տաղանդաշատ կոմպոզիտոր Հասմիկ Հախվերդյանը, նա չափազանց տաղանդավոր է, նա է գրել երգի բառերն ու երաժշտությունը: Ես չեմ կարող պատկերացնել ավելի արժանի տուրք Արցախի հերոսներին, քան Հասմիկի հրաշալի ստեղծագործությունը:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի