Դալի և Պիկասո՝ երևանյան բացառիկ ցուցահանդեսում

Ազգային պատկերասրահում  բացառիկ և երկար սպասված ցուցահանդես է. առաջին անգամ Երևանում ներկայացվում է 20-րդ դարի իսպանական և համաշխարհային մշակույթում երկու հզոր իսպանացիների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի համատեղ ցուցահանդեսը:

Այս բացառիկ ցուցադրությունը Երևանում  ներկայացնում է «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, գործարար, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հավաքածուն, որում ընդգրկված  260 ստեղագործությունները  նա ձեռք է բերել 15 տարիների ընթացքում: Այն Դալիի քանդակների, գրաֆիկայի, վիմագրանկարների, ինչպես նաև Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենախոշոր հավաքածուն է՝ մասնավոր հավաքածուներից չորրորդը:
Ցուցահանդեսում ներկայացված Դալիի քանդակները Շադրինը ձեռք է բերել 2006 թվականին՝ «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, նկարչի բարեկամ Բենյամին Լևիից: Վիմագրանկարները  նա գնել է ավելի ուշ՝ 2011 թվականին, հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեր Արժիլեի ընտանիքից: Իսկ 2012-ին  «Քրիսթի» աճուրդային տնից Շադրինը ձեռք  է բերել Պիկասոյի խեցեգործական աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը: Բոլոր 260 աշխատանքները Շադրինը ձեռք է բերել դրանց հեղինակային իրավունքի հետ միասին: Վերջին 15 տարիների ընթացքում, երբ Շադրինն ամբողջությամբ  տարված էր այս հավաքածուի համալրմամբ, նա չի բավարարվել առանձին  գործերի ձեռքբերումով, այլ փորձել է դրանք գնել ամբողջական շարքերով, որոնցով հայտնի է հանճարեղ իսպանացին: Ստեղծագործությունն, ըստ Շադրինի, հենց շարքերի միջոցով է ստանում իր ամբողջականությունը, այդպես է արտահայտում իր իմաստն ու ասելիքը:

Ի դեպ, երևանյան ցուցադրության առաջին այցելուների հետ շրջայցը վարում է հենց ինքը՝ Շադրինը. մանրամասն ներկայացնում է յուրաքանչյուր նմուշի պատմությունը, անդրադառնում դրանց գույներին, մեկնաբանում է գործի  յուրաքանչյուր դետալը:

Ցուցադրությունում գերակշռողը Դալիի գրաֆիկական աշխատանքներն են, որոնք արվել են Պիեր Արժիլեի համար, ով ուներ իր պատկերասրահը և հստակ շարքերի պատվերներ էր տալիս Դալիին: Դալիի և Արժիլեի միջև կնքված տասնամյա  պայմանագրի արդյունքում Դալին մի քանի հազար գրաֆիկական աշխատանքներ է ստեղծել Արժիլեի համար:

Դալիի ցուցադրված աշխատանքների թվում են Ապոլիների, Ռոնսարի, Լաֆոնտենի ստեղծագործությունների թեմատիկայով գրաֆիկական շարքերն ու   նկարազարդումները: Հատկապես ուշագրավ է «Գզրոցներով Վեներան» քանդակը: Դալին, սակայն, կնոջը՝ Վեներային, պատկերում է գզրոցներով, իր  մեկնաբանությունը վերածելով թափանցիկ ակնարկի՝ կինը միշտ էլ գաղտնիքներ ունի, որ թաքցնում է իր գզրոցներում:

Սրահներում՝ բնօրինակ աշխատանքների կողքին, ներկայացված են նաև հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ, ավելի ստույգ՝ իրավաբանորեն բնօրինակ, իսկ իրականում դրանք ստեղծվել են հենց Դալիի ձեռքով պատրաստված կաղապարների հիման վրա: Այդ կաղապարները թողարկվել են սահամանափակ քանակությամբ: Այսինքն՝ դրանք էլ, ինչպես պատկերասրահում են մեկնաբանում, կրկնօրինակներ չեն:

Պիկասոն ցուցահանդեսում ներկայացված է խեցեգործական աշխատանքներով: Կուբիզմի հիմնադիրը 1940-ականներից տարվել է խեցեգործությամբ, ստեղծել հավաքածու, որն օգտագործել է կենցաղում: Նրա խեցեգործական աշխատանքներն առանձնահատուկ են ոչ միայն իրենց գեղագիտությամբ, այլև այն պատճառով, որ ստեղծված են ծեփման տեխնիկայի միջոցով:

Դալին և Պիկասոն ամբողջ կյանքի ընթացքում բարդ փոխհարաբերություններ են ունեցել: Նրանք երկուսն էլ փոխադարձաբար հիանում  էին միմյանց  արվեստով: Պիկասոն Դալիի մասին խոսելիս հաճախ է օգտագործել հանճար բառը, Դալին էլ, իր հերթին, բարձր էր գնահատում Պիկասոյին և նրա արվեստը: Եվ հիմա, գրեթե մեկ դար անց նրանց աշխատանքները մեկտեղվել են մեկ ցուցահանդեսում և ներկայացվել աշխարհի արդեն 12 երկրներում: Այս բացառիկ ցուցադրությունը  հայ արվեստասերներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ հանճարեղ իսպանացիների լավագույն ստեղծագործություններին՝  նրանց պարգևելով  20-րդ դարի 2 մեծագույն նկարիչների արվեստը վայելելու հաճույքը:

 

 

... ... ...