Դահիճից մինչև սպանված զինվոր. հայ մեծ գրողները թատրոնի բեմում

Եթե Թումանյանն անձամբ պատմեր ձեզ, որ երբևէ խաղացել է թատրոնում, այն էլ` սպանված զինվորի դեր, հնարավոր է չհավատայիք, կամ առնվազն դժվարությամբ ձեր մտքում պատկերացնեիք այդ տեսարանը: Իսկ երբևէ կենթադրեի՞ք տեսնել Տերյանին թատրոնում`դահիճի դերում. ի դեպ, այս մեկը կարծես թե Տերյանն ինքն էլ չի պատկերացրել: Բայց փաստը մնում է փաստ, որ սրանք իրողություններ են:

Առհասարակ, հայ մի շարք գրողներ բարձր գնահատելով թատրոնի դերը հասարակական կյանքում, ժամանակին ըստ ամենայնի աջակցել են թատերական արվեստի զարգացմանը: Նրանցից շատերը ոչ միայն գրում էին թատերգություններ, այլև կազմում էին թատերական խմբակներ, հսկում էին բեմադրական աշխատանքն ու դերասանական խաղը, երբեմն էլ իրենք էին խաղում և բեմադրություններ անում: 1895-ի փետրվարի 6-ին Թիֆլիսում, օրինակ, ներկայացվել է «Ուրիել Ակոստա» թատերգությունը, որտեղ խաղացել են Ղազարոս Աղայանը, Շիրվանզադեն և Հովհաննես Թումանյանը:

Ի դեպ, վերջինս դեռևս դպրոցական տարիներից հիացած էր դերասան Պետրոս Ադամյանով: Ավելին, «Վարդան Մամիկոնյան» թատերգության բեմադրության մեջ Թումանյանը նույնիսկ խաղացել է նրա հետ: Վերջին գործողության դրվագներից մեկում Թումանյանը խաղացել է սպանված զինվորի դեր, իսկ Ադամյանը կերպավորում էր պատմիչ Եղիշեին: Բանաստեղծն իր հուշերում պատմում է, որ հանկարծ թատրոնը թնդացել է ծափերից, և իր գլխավերևում հայտնվել է Ադամյանը. «Մի պահ մոռացա, որ ես սպանված զինվոր եմ, մի հարմար դիրք ընդունեցի, աչքերս բացեցի, որպեսզի մի լավ տեսնեմ Ադամյանին: Այդ պահին թուքս կոկորդս խցկվեց ու սկսեցի հազալ: Այնքան ուժեղ էի հազում ու շարժվում, որ դեկորացիան սկսվեց օրորվել, թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերիան սկսեց աղմկել ու աղաղակել: Գործողությունը մի կերպ վերջացավ, վարագույրը երբ իջավ թե չէ Ադամյանը տեղից թռավ դեպի մեռած զինվորները, կատաղած գոռալով. «Ան ո՞վ էր, ծօ...»: Այդ պահին ժողովուրդը սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել: Ես այդ խառնակ դրությունից ազատվելով փախա...»:

Շատ կարճ, բայց հետաքրքիր ընթացք է ունեցել բանաստեղծ Վահան Տերյանի առնչությունը թատրոնին: Նա ուսանողական տարիներին «Շուշանիկ» ողբերգության մեջ խաղացել է դահիճի դերը: Իսկ ուշագրավն այն է, որ Տերյանն այնքան անտարբեր ու անհաղորդ է եղել բեմում կատարվողի հանդեպ, որ բեմադրիչը ստիպված դուրս է հրավիրել նրան:

Թատրոնում խաղացել է նաև գրող Պերճ Պռոշյանը: 1862-ին նա Թիֆլիսում հավաքել է թատերական խումբ: Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հիման վրա Պռոշյանը գրել է «Աղասի» խորագրով ողբերգությունը, որն առաջին անգամ բեմադրվել է 1863-ին: Պռոշյանը խաղացել է հենց Աղասու դերը: 

Գրող Վրթանես Փափազյանն էլ թատերագիր լինելուց զատ նաև լավ ջութակահար էր: Դերենիկ Դեմիրճյանը պատմում է, որ իր «Հայրենիքի համար» թատերգությունն առաջին անգամ բեմադրել և դրա համար երաժշտություն գրել է հենց Փափազյանը:

Գաբրիել Սունդուկյանն էլ բազմիցս ինքն է ստանձնել իր գրական գործերի բեմադրական աշխատանքները: 1889-ին, օրինակ, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսանողությունը բեմադրում էր «Պեպոն» հենց Սունդուկյանի օգնությամբ:

Մուրացանն էլ անմասն չէր թատրոնից ու թատերական կյանքի զարգացումներից: Նա էլ իր հերթին զանազան առիթներով անդամակցում էր Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի», կոմիտեի և թատերական այլ ընկերությունների հանձնաժողովներին:

 

Աննա Բաբաջանյան