Չուկովսկի և Իսահակյան. գրական մտերմության պատմություն

Ռուս մեծ բանաստեղծ, գրող, գրականագետ ու թարգմանիչ Կորնեյ Չուկովսկին հատկապես հայտնի է մանուկների համար գրված իր ստեղծագործություններով, որոնք ինչ-որ առումով ստվերում են նրա այլ արժանիքները։ Մինչդեռ Չուկովսկին գրականության խոր գիտակ էր ու շնորհիվ իր մարդկային առանձնահատուկ որակների՝ մտերիմ հարաբերությունների մեջ էր ժամանակի ռուս և այլազգի երևելի մտավորականների հետ։ Իր արժեքով բացառիկ էր նաև Չուկովսկու կազմած ձեռագիր ալմանախը՝ «Չուկոկկալան», որում իրենց գրառումները և էտյուդներն են թողել քսաներորդ դարի մեծագույն անհատակությունները՝ Ալեքսանդր Բլոկը, Աննա Ախմատովան, Բորիս Պաստեռնակը, Օսիպ Մանդելշտամը, Իվան Բունինը, Մաքսիմ Գորկին, Ֆյոդոր Շալյապինը, Վլադիմիր Մայակովսկին, Վսևոլոդ Մեյերխոլդը, Ալեքսանդր Սոլժենիցինը, Հերբերտ Ուելսը, Արթուր Կոնան Դոյլը։ Ալմանախում գրառումներ կատարվել են 1914 թվականից մինչև Չուկովսկու մահը։ Առաջին գրառման և նկարի հեղինակն է Իլյա Ռեպինը, որն էլ հորինել է Չուկոկկալա անվանումը՝ Չուկովսկու ազգանվան սկզբնատառերի ու նրա բնակատեղու՝ Կուոկկալայի վերջնատառերի միակցումից։ Զարմանալի ճակատագիր ունեցավ ալմանախը՝ 1941-ի պատերազմի օրերին Չուկովսկին այն թաղեց Պերեդելկինոյի իր տան բակում, սակայն հարևանի պահակը, մտածելով, որ գրողը ոսկեղեն է թաքցրել, փորել-հանել է ալմանախը և հիասթափված պատառոտել այն։ Չուկովսկին այն վերականգնում է, սակայն այդպես էլ չի տեսնում դրա լույս ընծայումը՝ Զինաիդա Գիպպիուսի, Նիկոլայ Գումիլյովի, Վլադիմիր Նաբոկովի և շատ ուրիշների անունները խրտնեցնում էին գրաքննությանը։ Միայն 2008-ին ալմանախը հրատարակվեց ամբողջությամբ և այն ձևաչափով, որը մտահղացել էր Չուկովսկին։ Հետաքրքիր է, որ ալմանախում այլազգի մեծերի կողքին հանդիպում ենք նաև միակ հայի՝ Ավետիք Իսահակյանի գրառմանը, այն էլ՝ հայերեն․

«Հեռանալով «Ցեկուբու» սանատորիայից՝ ես տանում եմ ինձ հետ ամենապայծառ հիշողությունը Ձեր մասին, սիրելի Կորնեյ Իվանովիչ, իբրև լավ ընկերի և հաճելի խոսակցի։

Ձեր ելույթները, մարմնավորված Ձեր բարձր տաղանդով և Ձեր բանաստեղծական տեմպերամենտով, ինչպես շատերին, ինձ ևս մեծ հաճույք պատճառեցին։

Առանձնապես քաղցր է ինձ Ձեր անունը, իբրև անկեղծ բարեկամի հայ գրականության։

Սիրով և հարգանքով՝

Ձեր Ավետիք Իսահակյան

25․X․1928, Կիսլովոդսկ»

Չուկովսկին 1928 թվականի սեպտեմբերի 22-ին իր օրագրում գրում է, որ այդ օրը հյուրընկալել է Իսահակյանին՝ «նշանավոր բանաստեղծին»․ «Դժվար է բառերով արտահայտել, թե որքան հմայիչ է այդ մարդը: Համեստ է, լռակյաց, առանց դույզն-ինչ կեցվածք ընդունելու՝ նա երկու շաբաթ ապրեց մեր կողքին, և ոչ ոք չիմացավ, թե ով է նա։ Մինչդեռ նրա համբավն այնպիսին է, որ երբ նրա մասին սկսեցի խոսել մի հայ վարսավիրի հետ (Տոպոլևայա փողոցում), նրա դեմքն անմիջապես պայծառացավ, ու նա սկսեց հայերեն մեջբերել Իսահակյանի բանաստեղծությունները»։ Իսահակյանը «դեմքով ցրված է և տխուր։ Ասում են, որ սովետական ​​իշխանությունը (որը նրան մի փոքրիկ թոշակ է հատկացնում) թույլ չի տալիս նրան գնալ արտասահման՝ ընտանիքի մոտ։ Զարմանալիորեն, երբ ես նրան խնդրեցի հայերեն կարդալ գոնե չորս տող իր որևէ բանաստեղծությունից, նա չկարողացավ՝ ամեն ինչ մոռացել է, և երբ մենք հայկական երեկո կազմակերպեցինք և բեմից կարդացինք նրա բանաստեղծությունները, նա նստած էր հանդիսատեսի հետ, կորացած ու դեմքը ծածկած: Նա ոչ մի կերպ չուզեց բեմ բարձրանալ ու ոչ մի բառ բարձրաձայն չարտասանեց։ Հայերն այնքան համախմբված են ապրում, որ նա իր կոշիկները մաքրում էր հայ կոշիկ մաքրողի մոտ, մազերը կտրում էր հայ վարսավիրի մոտ, տեղաշարժվում էր հայ կառապանի օգնությամբ, թեյ խմելու գնում էր հայ ճարտարապետ Խաջաևի մոտ (նկատի ունի Էմանուել Խոջաևին-Ա․Գ․), և այլն, և այլն։ Նա կարծես թե մտերմացավ ինձ հետ ու պատմում էր, որ իմ մանկական գրքերը շատ հաջող են թարգմանվել Հայաստանում»։

Հետագայում Իսահակյանի հետ իր հանդիպումը «Պրոմեթեյ» ալմանախում (1-ին հատոր, 1966 թ․) տպագրված իր հուշերում Չուկովսկին այսպես է նկարագրել․

«1928 թվականին իմ կյանքում մեծ իրադարձություն տեղի ունեցավ․ ես ծանոթացա հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հետ։

Այդ ժամանակ նա հանգստանում էր Կիսլովոդսկի «Ցեկուբու» առողջարանում։ Փոքր-ինչ կորցած, առանց բանաստեղծական արտաքինի որևէ հավակնությունների, կարծես ինչ-որ աննահանջ թախծից ընկճված, նա ակնհայտորեն փորձում էր ոչ մի բանով աչքի չընկնել հանգստացողների հսկայական բազմության մեջ։ Նրա մեջ բառիս վեհ իմաստով ռամկական ինչ-որ բան կար՝ ինձ կենդանի կերպով տիպիկ հայ գյուղացիներին հիշեցնող, և միաժամանակ՝ նրբացած, ոգեշնչված։

Ի ամոթ ինձ՝ ես նրա ստեղծագործությանը ծանոթ էի միայն Ալեքսանդր Բլոկի թարգմանություններով, որոնցից հիշում էի, և այն էլ ոչ լրիվ, երեք-չորս տուն.

Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր,

Օտա՛ր աշխարհում ինձ պես վշտահար

Մի սիրտ է այրվում` անհայտ մենավո˜ր

Եվ երազում է, թախծում ինձ համար:

 

Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով

Ես փայփայում եմ ձեռները նրա.

Եվ գուրգուրում եմ, գըգվում կարոտով`

Քնքուշ գըլուխը իմ կըրծքի վրա …

Այս տողերը ես կարդացի Կիսլովոդսկի հայերից մեկին, որը հաճախակի էր այցելում Ավետիքին։ Նա ինձ հայտնեց, որ այժմ այս տողերը բանաստեղծի համար առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ բանաստեղծը կարոտում է իր սիրելի կնոջը, ով ապրում է արտասահմանում և չի կարողանում վերադառնալ իր մոտ։

«Ցեկուբու» առողջարանում ընդունված էր կազմակերպել գրական երեկոներ։ Այդ երեկոներից մեկում, բոլոր հանգստացողների ներկայությամբ, որոնց մեջ էր նաև Ավետիք Իսահակյանը, արտասանեցի նրա այս բանաստեղծությունը, որն անգիր գիտեի.

Արնոտ դաշտերում ծըղրիդն է ծըղրում,

Հայդուկն է ընկել մահվան խոր քընով.

Հայդուկը հոգում երազ է տեսնում,-

Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ...

Ավետիք Իսահակյանը նստած էր երրորդ թե չորրորդ շարքում, և երբ լսեց, որ կարդում եմ իր բանաստեղծությունը, ափերով ծածկեց դեմքը և ի պատասխան հավաքվածների ծափահարության, թեթևակի բարձրացավ տեղից ու ամոթխածորեն խոնարհվեց նրանց առաջ:

Նույն երեկո նա իմ «Չուկոկկալայում» հայերեն մի քանի սիրալիր խոսքեր գրեց. այդ թանկարժեք ինքնագիրը «Չուկոկկալայի» ամենատեսարժան նյութերից մեկն է․․․

Շուտով ես համոզվեցի, թե ինչպիսի վիթխարի ժողովրդականություն է վայելում բանաստեղծը։ Ինձ կոշիկի քուղեր էին պետք։ Ես վազեցի վար՝ դեպի ծառուղի, կոշիկ մաքրող հայի մոտ և, ընտրելով մի զույգ լավ քուղեր, հանեցի քսակս, որպեսզի վճարեմ։ Բայց կոշիկ մաքրողը մեծահոգի դուքսի ժեստ արեց.

- Թաքցրու՛ քսակդ:

Պարզվեց, ինչպես ինձ բացատրեցին նրա կրպակի շուրջ կանգնած մյուս հայերը, կոշիկ մաքրողը տեսել էր, թե ինչպես եմ ուղեկցում Ավետիքին, երբ նա զբոսնում էր քաղաքով, և հենց միայն դա նրան այնպիսի հարգանք էր ներշնչել իմ հանդեպ, որ անհնար էր համարել ինձանից փող վերցնել»։

Հետագայում Չուկովսկին և Իսահակյանը կրկին հանդիպել են իրար։ Այսպես, 1939-ի մայիսի 7-ին Կիևում՝ Շևչենկոյին նվիրված պլենումում զեկույց է կարդում Չուկովսկին, ինչից հետո նամակ է գրում կնոջը՝ Մարիային․ «Ներկա էին ուկրաինացի, բելառուս, տաջիկ, ադրբեջանցի, հրեա, վրացի, հայ գրողներ (ի միջի այլոց՝ Ավետիք Իսահակյանը)․ ինձ այնպիսի՜ ծափահարություններով ընդունեցին, ու ընթերցման ժամանակ այնքան շատ ծափահարեցին, և երբ ես ավարտեցի՝ բոլոր հազար հինգ հարյուր ներկաներն անվերջ ծափահարում էին»։

Իսահակյանի հետ իր շփումների մասին Չուկովսկին պատմել է նաև Լևոն Մկրտչյանին ու Շմավոն Թորոսյանին։

Մկրտչյանն իր «Չուկովսկու դասերը» հոդվածում պատմում է, թե ինչպես 1963 թվականին ռուս գրողին է ուղարկել իր «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» գիրքը ու ստացել պատասխան նամակ, որում Չուկովսկին «Աբու-Լալա Մահարի» պոեմի ռուսերեն թարգմանության վերաբերյալ երկու շահեկան դիտողություն է արել։

Գրականագետ Արամ Ինճիկյանի առաջարկով Մկրտչյանը Կորնեյ Իվանովիչին խնդրում է գրել Իսահակյանի մասին։ «Ձմռանը արխիվս կարգի կբերեմ,- պատասխանում է Չուկովսկին,- կգտնեմ Ավետիք Իսահակյանի նամակը և, եթե առողջ լինեմ, Ա. Ինճիկյանին Վարպետի մասին համառոտ հուշեր կուղարկեմ» (այդ հուշերն էլ հետագայում հրատարակվել են «Պրոմեթեյ» ալմանախում):

Մկրտչյանի հետ անձնական հանդիպման ժամանակ Չուկովսկին նշել է․

-Շատ եմ սիրում Իսահակյանին։ Նրա պոեմը հեռացող քարավանի մասին, նրա բանաստեղծությունները․․․ Ա՜խ, եթե ես միայն ծանոթ լինեի լեզվին․․․

Իր «Բարձր արվեստ» ուսումնասիրությունում ևս Չուկովսկին անդրադարձել է Իսահակյանի գործերի ռուսերեն թարգմանություններին:

Չուկովսկին համաձայնում է նախապատրաստվող «Իսահակյանը Բլոկի թարգմանությամբ» գրքի համար առաջաբան գրել, բայց, ցավոք, չի հասցնում․․․

1968 թվականին Շմավոն Թորոսյանի հետ զրույցի ժամանակ Չուկովսկին հարցնում է, թե արդյոք նա լավ էր ճանաչում Իսահակյանին, և տեղեկանալով, որ Թորոսյանը նրանից պոետական օրհնանք է ստացել ու որ նրանք համաքաղաքացիներ են, այսպես է արձագանքում․

-Ա՜, ալեքսանդրապոլցի ես,- ծոր տվեց Կորնեյ Իվանիչը։ Եվ ես մեկընդմիշտ հասկացա, որ Ավետիք Իսահակյանը Չուկովսկու աշխարհում ունի իր որոշակի ու մշտական տեղը։ - Աշխարհի մեծերից է ձեր շիրակցին։

Ապա նա մրմնջաց մի քանի տող ֆրանսերեն։ Շարունակեց.

-Ես նրա գործերը առաջին անգամ կարդացել եմ Փարիզում՝ ֆրանսերեն, Բլոկինը հետո եկավ, երբ ես արդեն Ռուսաստանում էի։ Վարպետին ուշ հանդիպեցի։

(«Բանվոր», №74, 1972)։

Չուկովսկին պատմում է, որ գրական երեկոյից հետո նա և Իսահակյանը ներկաների ծափահարությունների ներքո ողջագուրվել են․ «Այսպես սկսվեց մեր ծանոթությունը։ Խոսելիք ունեինք․ փարիզյան տարիներից, մեզ ծանոթ արվեստի ու գրականության գործիչներից, հայ ժողովրդի ճակատագրից և այլն։ Շատ խորիմաստ զրուցակից էր, նման իր պոեզիային»։ Չուկովսկին խոստովանում է․ «Այդ օրվանից մինչև այժմ ես ձեր հմայիչ լեզվով միայն մի բառ գիտեմ, դա «վարպետ» բառն է․․․»։ Ինչից հետո կյանքի մայրամուտն ապրող գրողը նշում է, որ «մասունքի նման պահում է իր արխիվում Վարպետից ստացած նամակը», հպարտանում նրա ինքնագրով «Չուկոկկալայում», չէ՞ որ «Իսահակյանն ամեն ինչ է»։

 

Աշոտ Գրիգորյան

...