Չիկոն ու եղբայրները

Ժամանակակից իտալացի դրամատուրգ Վինչենցո Սալեմեի «... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» ներկայացումը հուշում է, որ Համազգային թատրոնում շարունակվում է իտալական տարին։

Հանրահայտ դրամատուրգ Վինչենցո Սալեմեն 1977 թվականից Հռոմի Էդուարդո Դե Ֆիլիպոյի թատրոնի դերասան էր և գրական գործունեությունն սկսել է 1990-ականներից: Նրա լավագույն պիեսներն են «Ֆելիչե Չիի տարօրինակ դեպքը», «Ճնճղուկներ թե չղջիկներ», «... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս», ««Բելլավիստա» հրուշակեղենի խանութը»։

«... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս», պիեսը հայերեն թարգմանել է Վահե Գևորգյանը, բեմադրիչը Դավիթ Հակոբյանն է․ «Կարդալուց անմիջապես տեսա տղաներին, կարծես իրենց վրայով կարված լինեին դերերը, մանավանդ, երբ բոլորին շատ լավ ճանաչում ես, տեսակն ու մտածելակերպը, նույնիսկ խոսելաձևն անգիր գիտես: Գերագույն հաճույք եմ ստացել պրոցեսից, ուրախ եմ, որ այս ներկայացումն անելու հնարավորությունն ունեցա: Պիեսը կարդացի ու անմիջապես զգացի, որ իմն է, գրված է հենց իմ սկզբունքներով: Տունտունիկ է սա, երեխաների խաղ»։

Հուլիսյան շոգ Երևանում և՝ «... դրսում ձյո՜ւն է գալիս»։ Ներկայացման հենց սկզբից պարզ է դառնում, որ խոսքը իրական ձմռան ու ձյան մասին չէ, այլ իրականությունն անադեկվատ ընկալող Չիկոյի երևակայությունն ու արձագանքն է՝ իր սրտի ուրախությանը։

Ռիգի եղբայրները կարող են ժառանգություն ստանալ միայն այն դեպքում, եթե միասին բնակվեն։ Մայրիկի կտակի անխախտ պայմանը հարազատ Նեապոլ՝ Ստեֆանոյի ու Չիկոյի մոտ է վերադարձրել քսան տարի բացակայած եղբորը՝ երաժիշտ Էնցոյին։ Այս տանը նրա համար ամեն ինչ նոր է, ինչպես հանդիսականի համար։ Էնցոն (Ստեփան Ղամբարյան) տարիների հեռվից անգամ դռան տեղն է մոռացել, իսկ եղբոր վարքի բացահայտումներից հետո նրան մի սևեռուն միտք է առաջնորդում՝ ինչպես շրջանցել կտակի պայմանը և ստանալ գումարը, որը, հետո կպարզվի, նրան օդ ու ջրի պես պետք է։

Կտակի պայմաններից զարմացած ու հուզված Էնցոյի ու Ստեֆանոյի (Արման Նավասարդյան) անոնսից հետո, թե «Չիկոն դեռ մեքենայի մեջ է, երևի չհասկացավ էլ, որ նոտարի մոտ էինք, կամ ինչ կարդաց», վերջապես հայտնվում է երրորդ եղբայրը, և այնպիսի անհույս տեսքով ու վարքով, ասես իր անունն անգամ չգիտի։

Չիկո-Վարշամ Գևորգյանը գայթող քայլվածքով, շալվարը պահող տաբատակալներով, թափառող հայացքով և յուրօրինակ խոսքով երիտասարդ ու խոշորակազմ երեխա է միաժամանակ, որի պահանջները պիտի կատարել անմիջապես՝ զուգարան ուղեկցել, կարտոֆիլի խյուս պատրաստել, երևակայական գնացքով ճամփորդել։

Ներկայացման ձևավորումը (բեմանկարիչ Դավիթ Մինասյան) օգնում ու օժանդակում է Չիկոյին՝ թեքահարթակ հիշեցնող հատակ, լարեր, համերգային լույսեր, այստեղ ոչ միայն ապրում են, այլև գլխավորապես՝ իմպրովիզներ են անում։ Ռեգիների տունը խաղահրապարակ է, անգամ՝ գիշերները։ Ծննդյան երգից ու վառվող մոմերի լույսից գիշերը քնից վեր թռչող Էնցոյի՝ «Ինչու երեք մոմ» բնական հարցին պատասխանը շատ պարզ է՝ գիշերը երեքին է ծնվել։

Եղբայր Էնցոն, որ սկզբում հրաժարվում է՝ ես այդ պարը չե՛մ պարում, հետո արդեն սեփական իմպրովիզով ու էնտուզիազմով է միանում «ձյո՜ւն է գալիս» պարին, և այլևս հարց չի ծագում՝ հուլիսի կեսին ի՞նչ ձյուն։ Մեկ-երկու սեանս, և ինքն էլ է միանում ուրախության յուրօրինակ խմբային մոլագարությանը՝ հրճվանքով հետևելով երկնքից թափվող ձյան փաթիլներին․ հոգու ուրախությունը ժամանակ ու եղանակ չի հարցնում։ Սիրով միանում է նաև գնացքի ու պիցա թխելու ծիսակարգին։

Ներկայացման ջերմ ու հուզիչ տեսարաններում վերագտնված եղբայրական սերն է։  Էնցոն սկզբում զայրանում էր Չիկոյի արարքներից, զարմանում Ստեֆանոյի վրա՝ «ասես փոխանցովի է այդ հիվանդությունը», հետո ինքն էլ է տրվում  խաղին, հարազատանում, եղբայրանում՝ ի վերջո։

Դերասանակենտրոն, խոսքի ու դրությունների կոմիզմով առատ Համազգայինի այս ներկայացման հմայքը, մեր կարծիքով, այն անցումներն են, երբ ամեն ինչ երևում է այլ տեսանկյունով, երբեմն՝ շրջվում գլխիվայր։

Իսկ երջանի՞կ ու առողջ են արդյոք առաջին հայացքից, Չիկոյի համեմատությամբ  հաջողակ եղբայրները, Չիկոյի, որը մշտական խնամքի կարիք ունի։

Ստեֆանոն արժութային շուկայի գործակալ է՝ միշտ հոգնատանջ ու ընկճված։ Հիվանդ մայրիկին ու Չիկոյին խնամելը հյուծել է նրան․ «Քեզ թվում է ինչու եմ միշտ անջրաթափանց շապիկով»։ Միակ լուսավոր կետը հարսնացուն է՝ Նորան, սակայն ամեն ինչ հարթ չէ, ավելին՝ տարակուսելի է։ Սիրահարների «կեռասիկ-մուկիկ» խաղն անգամ նա վարում է հեռախոսով, աղջկա մայրիկի միջնորդավորմամբ, իսկ հարսնացուն անգամ  երազներում է միշտ հագնված։

Իսկ Սան Ռեմոյի փառատոնի մասին մշտապես խոսող երաժիշտ եղբայրն ընդամենը զբոսաշրջային նավերի վրա է նվագում, խաղամոլ է ու շարունակում է անկառավարելի պարտքեր կուտակել։

Վերջում կպարզվի, որ Չիկոն չունի եղբայրների արատները՝ անպատասխանատու վարքը, անասելի դյուրահավատությունը․ «Մայրիկը շատ էր տանջվում, ո՞ւր էիր քսան տարի»։

Ստեֆանո -Ես մեկ ամսից ամուսնանալու եմ Նորայի հետ։

Չիկո -Պետք է լավ մտածես, համ էլ իր անունը Նորա չէ, տիկնիկ է, համ էլ․․․

Չիկոն միաժամանակ ոչինչ չգիտի կամ ամեն ինչ գիտի, և կամ կռահունակ է գաղտնի գործակալի պես։

Չիկո-Վարշամ Գևորգյանը մի բան լավ է անում՝ եղբայրներին տանջելը, բայց նաև սադրում է, խաղարկում այն դեպքում, երբ թվում է եղբայրները կրակի մեջ են անկարողի ձեռքում։ Իրենք են հայտնվում Չիկոյի լարած թակարդում՝ խորագետը և հայրիկի ատրճանակն ունի ու տեղն եկած պահին կրակում է առաստաղին, և մայրիկի կասկածելի մահից հետո մնացած մորֆիի սրվակ։

«Նա վտանգավոր է դարձել» հետին մտքով ասում է ասես բանտված եղբայր Էնցոն, եղբորը համոզելու համար նաև, որպեսզի մեկուսացնեն Չիկոյին։ Ստեֆանոն արդեն համամիտ էր, այլևս չէր ասում՝ Չիկոն բոլորովին անվնա՜ս է։

Թվում է, թե այս տանը, երեք եղբորից բացի, ուրիշի համար միջավայր չկա, առավել ևս՝ կնոջ, ուստի պատահական չէ, որ Նորան անիրական տիկնիկ է դուրս գալիս։ Միակ օտարականը՝ փոքրամարմին, պաշտոնական հագնված, իր դերակատարությանը լրջորեն վերաբերվող նոտարը (Դավիթ Հակոբյան), վերջում ու կարճ ժամանակով է հայտնվում, Չիկոն նրան սկզբում առևանգում է, կապկպում, ի վերջո «բուրդ ու բաբուջ»՝ գլխապատառ, փախչում է։ Դերակատարումը հեռավոր հիշեցում ուներ Դավիթ Հակոբյանի անմոռաց ու լավագույն դերակատարման՝ Փրիմի հետ՝ Սարոյանի «Մի գավաթ բարություն» ներկայացման մեջ, բայց՝ առանց նախկին ռոմանտիկայի։

Պետք է նայել այս ներկայացումը միշտ արժանահավատ ու հավաստի խաղ ցուցադրող Արմանի, համակրելի Ստեփանի խաղին հետևելու համար, բայց առավել շատ՝ Վարշամ Գևորգյանի բազմաշերտ՝ նուրբ հումոր, հեգնանք, սարկազմ, դերակատարման համար։

Թեև ամբողջ ներկայացման ընթացքում հանդիսատեսը հաճելի զարմանք էր ապրում  գործողությունների շեշտակի անցումներից, այնուամենայնիվ շոկային ու անակնկալ վերջաբանի մասով վեճ կա դրամատուրգի, գուցեև՝ ռեժիսորի հետ։

Այսքան անսպասելի, սահուն տրագիկ վերջաբանն ասես հարում էր անտրամաբանականին։ Եղբայրները մի քիչ հեշտ խմեցին հրաժեշտի մահաբեր գինին, թեև ամբողջ ներկայացումը հուշում էր, որ հարկ էր կասկածով վերաբերվել մի երակ անառողջ և զինված եղբոր արարքներին։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

 

 

... ...