Չարլզ Բուկովսկի․ «Ամբոխը միշտ սխալվում է»

21-րդ դարում գիրք գրողներն ու կարդացողները մեծ խումբ չեն կազմում, իսկ նրանք, ովքեր գրականության համար ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ցանկություն ունեն` բազմամիլիարդ են։ Առաջին հերթին հենց այդ մարդկանց համար է գրում Չարլզ Բուկովսկին։ Նրա գրականությունն օգնում է ապրել, ավելի ճիշտ՝ վերապրել այս անկատար աշխարհում՝ առանց սպասելու երջանկության գալստյանը։ Բուկովսկին այն հեղինակներից է, որի գրականությունն ասես մեջբերումների մի անծայրածիր շարան է՝ նախատեսված նրանց համար, ով ժամանակ չունի հաստափոր գրքեր կարդալ, ուստի նրա ընթերցողների առավելագույն մասը հենց համացանցը հեղեղած այդ քաղվածքների, իմաստուն բանաձևումների միջոցով է ծանոթ նրա գործերին։ Կարելի է փաստել՝ ցանկացած գրականություն, որ ապրում է տասնամյակներով, շարունակում թարգմանվել, վաճառվել ահռելի տպաքանակներով, աննախադեպ ակտիվությամբ տարածվել սոցիալական ցանցերում, արդեն իսկ նշանակալի երևույթ է։ Առավել ևս, որ Բուկովսկու գործերը կյանքի մասին են, ու փիլիսոփայական, թե հոգեբանական մեծ ճշգրտությամբ արված դատողություններ են պարունակում։

Ըստ գրողի՝ հարկ է, որ «արվեստագետը բարդ բաների մասին պարզ լեզվով խոսի», քանզի «կյանքը խորն է իր պարզությամբ»։ Բուկովսկու գործերում ասես զգում ես հեղինակի շնչառությունը․ նա գրում է՝ խախտելով քերականական և կետադրական կանոնները, գործածում ժարգոն, թունդ արտահայտություններ կիրառելիս ամենևին չի երկմտում․․․ Իզուր չէ, որ նրա ոճը բնորոշվում է որպես «կեղտոտ ռեալիզմ»։ Չափից ավելի խմելով, հրապուրվելով կանանցով, ինչ-որ իմաստով ապրելով ընդհատակում, նա համոզված էր, որ պետք է գտնել այն, ինչը սիրում ես, ու «թույլ տալ, որ դա սպանի քեզ»։ Որևէ հարցում նա երբևէ չպահպանեց չափն ու չափավորությունը, կարծում էր, որ «եթե պատրաստվում ես փորձել, ուրեմն գնա մինչև վերջ։ Հակառակ դեպքում՝ մի էլ սկսիր»։ Չէր պատկերացնում՝ ինչ իրապես սարսափելի կյանք պիտի վարես, որ երբևէ չխենթանաս։ Եվ խոստովանում էր․ «Ես իմ գժությունն ունեմ, այլ տարածության մեջ եմ ապրում ու ժամանակ չունեմ այն բաների համար, որոնց մեջ հոգի չկա»։ Իսկ այն, ինչից քո հոգին նպատակաուղղվածությամբ ու ցանկությամբ է բռնկվում, արժե, որ քեզ մոխրացնի, դու պարտավոր ես ձգտել դրան։ Պետք չէ տեղում դոփել․ «հայտնագործի՛ր ինքդ քեզ, իսկ հետո վերստի՛ն հայտնագործիր»։ Եվ հիշիր՝ «միայն ձանձրալիներն են ձանձրանում»։

Բուկովսկին կյանքին մոտենում էր առանց սեթևեթանքի, չընդունելով պայմանականությունները։ Ոչ թե վարած անկանոն կյանքը, այլ ավելի շուտ ուղղախոսությունն էր նրան ընդհատակյա գրող դարձրել․ «Աշխարհի խնդիրներից է այն, որ մտածող մարդիկ կասկածներով լի են, մինչդեռ հիմարները միանգամայն վստահ են»։ Նրա բանաձևումները կոպիտ են, երբեմն՝ դաժան, բայց այնքան այժմեական․ «եթե թույլ տաս քեզ սպանել, քեզ կսպանեն»։

Գերմանական ծագում ունեցող գրողը գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է ԱՄՆ-ում։ Այնտեղ հողն իրապես պարարտ էր ազատության համար։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ․ հայրը ծեծում էր Հենրի Չարլիին, նա դիսլեքսիա ուներ, նյարդային գերլարումից մաշկային հիվանդություն առաջացավ՝ ակնե։ Մաշկը բշտիկներով պատված տղայի հետ բակում ոչ ոք չէր ցանկանում ընկերություն անել, աղջիկները խուսափում էին նրանից․ նրա միակ ապաստարանը գրադարանն էր։ Տասներեք տարեկան էր, երբ սկսեց գրել ու ոգելից խմիչք օգտագործել։ Երբ հայրը գտավ նրա գրվածքները և աղբամանը նետեց, Բուկովսկին հեռացավ տնից ու շուտով հեռացվեց նաև քոլեջից։ Նա զբաղվում էր սևագործ աշխատանքով, իսկ հետո նախաձեռնեց Ամերիկայի տարածքով մի ճամփորդություն, որպեսզի իրական կյանքի մասին գրելու նյութ հավաքի․ «Ես թափառաշրջիկների հետ ինձ լավ եմ զգում, քանի որ ինքս էլ թափառաշրջիկ եմ։ Ես չեմ սիրում օրենքները, կանոնները, կրոնը և բարոյականությունը։ Ես թույլ չեմ տալիս, որ հասարակությունն ինձ իր ուզածի պես ձևի»։ «Բիթ» շարժման ժամանակներն էին, որի փիլիսոփայության ազդեցությունը Բուկովսկու վրա խիստ զգալի էր։ Այդուհանդերձ, ինչպես գրող Դ․ Ս․ Կալոնն է նշում. «Գաղափարախոսությունները, կարգախոսները, մոլեռանդությունը նրա թշնամիներն էին, և նա հրաժարվում էր որևէ խմբի պատկանել՝ լինի դա բիթնիկները, «կոնֆեսիոնալիստ պոետները», «Սև լեռան պոետները» (ամերիկյան գրական շարժումներ են-Ա․Գ․), դեմոկրատները, հանրապետականները, կապիտալիստները, կոմունիստները, հիփիները, թե պանկերը: Բուկովսկին իր անկրկնելի ոճով փաստագրեց իր խորին հոգեբանական և հոգեկան տառապանքը»։ 

Նրան երկար ժամանակ անտեսում էին, հրաժարվում տպագրել գործերը, որոշ ժամանակ նա նույնիսկ թողեց գրելը։ Պատմում են, որ թունդ գինեմոլության պատճառով նրա լյարդը այտուցվել էր ու վերջին հաղորդության կարգը կատարելու համար հոգևորականի են կանչել, բայց Բուկովսկին մերժել է ընդունել նրան․ «Խնդրում եմ, գնացեք ու թողեք հանգիստ մեռնեմ»։

Նա ամաններ էր լվանում, հետո աշխատում էր պահեստում, եղավ վերելակավար, մետրոյում պաստառներ կախող, ապա 14 տարի աշխատեց փոստային բաժանմունքում, ինչի արդյունքը եղավ համանուն առաջին վեպը։ 1960-ականներին նա «Open City» թերթում վարում էր սեփական սյունյակը՝ «Կեղտոտ ծերուկի գրառումները» վերտառությամբ։ Մինչ ամերիկյան գրական իսթեբլիշմենտն անտեսում էր նրան, Եվրոպայի դժգոհ երիտասարդությունը նկատեց Բուկովսկուն․ նա դիտարկվում էր որպես Հենրի Միլլերի հոգեզավակ, Ժան Ժենեն ու Ժան Պոլ Սարտրը նրան անվանում էին Ամերիկայի լավագույն պոետ։

Նրա հաջորդ՝ «Ֆակտոտում» (1975) վեպը պատմում էր թափառաշրջիկի կյանքի մասին։ Որպես անհատ՝ Բուկովսկին հանդես էր գալիս սկանդալիստի դիմակով, ինչի հետևում, այդուհանդերձ, զգայուն հոգի էր թաքնված։ «Կանայք» (1978) վեպի գլխավոր հերոս Հենրի Չինասկին իրավամբ համարվում է հեղինակի ալտեր էգոն։ Նա ցուցադրաբար կոպիտ է և գռեհիկ, բայց ուշադիր ընթերցողը կնկատի հերոսի անսահման սերը և հիացմունքը կանանց հանդեպ, և ամենակարևորը՝ սիրելու և սիրվելու անհագ մղումը:

Կյանքի դառնություններին գրողը հեգնանքով էր վերաբերվում։ Բուկովսկու «Ինչպես դառնալ մեծ գրող» բանաստեղծությունում այսպիսի տողեր կան․

էլի մի գարեջուր խմեք,

հետո ավելի ու ավելի շատ,

ձիարշավարան գնացեք

շաբաթը գոնե մեկ անգամ,

շահեք, թե բախտը կժպտա․․․

Միայն 1980-ականներին, երբ արդեն 60-ն անց էր, նա կուլտային հեղինակ դարձավ այլախոհ, ըմբոստ շրջանակների համար։ Այդ տարիքում նա իրեն կատակով անվանում էր «խոստումնալից հեղինակ»։ 1986-ին American Book Review հանդեսը գրեց․ «Նրանք, ովքեր արհամարհում էին նրան որպես անբան հարբեցողի, այժմ արհամարհում են որպես հարուստ անբան հարբեցողի»։   

Բուկովսկին իր հաջողության գլխավոր պատճառները համարում էր դաժան մանկությունը, ոգելից խմիչքը, կես դյուժին փտած աշխատանքները և շատ ուրիշ բաներ, սակայն իրականում պակաս որոշիչ չէր այն հանգամանքը, որ նա մոլեռանդ ընթերցող էր, ինչի միջոցով լրացնում էր կրթության պակասն ու հասու դառնում համաշխարհային գրականության գանձարանին։ Քչերին էր հայտնի, որ նա սիրում է դասական երաժշտություն լսել։

Բուկովսկին երեք անգամ ամուսնացած է եղել, բայց երեխա նրան պարգևել է սիրուհին։

Նա կատուների մեծ սիրահար էր, քանի որ այդ կենդանիներն էլ իր պես քմահաճ էին, համառ ու անկախ․ «կատուն հիասքանչ դև է»։

Հարբեցողության, անառակության ու անբան կյանքի միջակայքերում Բուկովսկին գրեց երկու հարյուրից ավելի պատմվածքներ, 16 ժողովածու, վեց վեպ ու երեք տասնյակ բանաստեղծական ժողովածու։ Նրա երկերի զգալի մասն ինքնակենսագրական հենք ունի։

«Հազար տարեկան սիրտ ունեցող» Բուկովսկու խոսքերով՝ գրողներն անհրաժեշտաբար պիտի խելառ լինեն։ Նա Սարոյանի գրականության մեծ երկրպագու էր, ազդվել է նրա վաղ շրջանի գործերից, միաժամանակ խոստովանում է, որ Սարոյանն իր համար չափազանց «քաղցրահամ» է։ Բուկովսկին հաճախ իր գործերում  անդրադառնում էր մեծ բիթլիսեցուն, հեռակա երկխոսություն վարում նրա հետ․
«Վիլյամ Սարոյանն ասում էր. «Ես կործանեցի կյանքս՝ նույն կնոջ հետ երկու անգամ ամուսնանալով»։ Մեր կյանքերը կործանելու պատճառ միշտ կլինի, Վիլյամ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչը կամ ով առաջինը կգտնի մեզ, մենք միշտ հասունացած ենք և պատրաստ, որ դա տանենք: Կործանված կյանք ունենալը նորմալ բան է՝ թե՛ իմաստունների, թե՛ մյուսների համար» («Ավերակ»)։

Իսկ իր «Մենք՝ արտիստներս» բանաստեղծությունում Բուկովսկին պատմում է, թե ինչպես է Սան Ֆրանցիսկոյում խմել մի մարդու հետ, որն ասել է թե իբր ինքը Սարոյանն է, մինչև որ կինը եկել ու ականջից բռնած տարել է․․․

Մահվան հանդեպ նրանց վերաբերմունքը ևս նույնական էր․ Սարոյանը զարմանում էր, որ մահն իր համար բացառություն չի անելու, իսկ Բուկովսկին բացականչում էր․ «Մենք բոլորս մեռնելու ենք, բոլո՜րս, ա՛յ քեզ կրկես»։ Նրա մահը վրա հասավ Կալիֆոռնիայում՝ 1994 -ի մարտի 9-ին, երբ դեռ չէր լրացել կյանքի 74-րդ տարին։ Գրողը հասցրել էր ավարտել իր վերջին վեպը՝ «Մակուլատուրան», որը կոչում են «մեջբերումների պատրաստի գիրք»․ «Աշխարհը մեծ հաշվով խելահեղ է։ Իսկ որտեղ խելահեղ չէ՝ չար է։ Որտեղ չար ու խելահեղ չէ՝ ուղղակի հիմար է։ Ոչ մի շանս ու ընտրություն չկա։ Ամուր եղիր ու սպասիր վերջին»։ Այլ կերպ ասած՝ «Գործերը լավ են գնում, բայց թե ո՞ւր՝ անհայտ է»։

Մարդատյաց չլինելով՝ Բուկովսկին ձգտում էր հեռու մնալ մարդկանցից։ Հատկապես չէր վստահում ամբոխին․ «Որ կողմ էլ գնա ամբոխը, վազիր ուրիշ ուղղությամբ։ Ամբոխը միշտ սխալվում է»։

Չնայած ապրած դժվարին կյանքին՝ Բուկովսկին լավատես էր ու կատակասեր․ նա հավատում էր, որ «մենք այստեղ ենք, որպեսզի ծիծաղենք դժվարությունների վրա ու ապրենք այնքան լավ, որ մահը սրտի թրթիռով տանի մեզ»։ Եվ ապրելու համար որքան էլ քաջություն է պահանջվում, ի վերջո, «մենք երջանկություն էլ չենք խնդրում, միայն մի փոքր պակաս ցավ»․․․

 

Աշոտ Գրիգորյան