Չարենցն ու հայ կինոն. Դանիել Դզնունու հուշերը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում են պահվում արվեստաբան, ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկի՝ Դանիել Դզնունու արխիվային նյութերը, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն ուսումնասիրողների, այլև արվեստասերների լայն շրջանակի համար: Դզնունու անվան հետ են կապվում հայկական կինոյի բոլոր կարևոր նախաձեռնություններն ու որոշումները: Հենց նրա նախաձեռնությամբ 1924 թվականին սկսվեց հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, նրա հրավերով էր, որ Թիֆլիսից Երևան եկավ Համո Բեկնազարյանը և նա էր, որ հիմնադրելով «Հայկինոն», սկսեց ազգային ֆիլմարտադրությունը մի երկրում, որը թաղված էր սովի, աղքատության և հետպատերազմական ողբերգությունների մեջ: ԳԱԹ-ում պահվող Դզնունու արխիվում հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում նրա «Դեմքեր, հանդիպումներ» հուշերի շարքը, որն, ըստ էության, հայկական կինոարվեստի՝ դժվարին, խոչընդոտներով ու վայրիվերումներով ուղեկցվող ճանապարհի յուրօրինակ տարեգրությունն է: Այդ օրերին շատերին էր հուզում նորաստեղծ արվեստի կայացման և պայքարի ընթացքը, նրա հաղթանակներն ու ձախողումները: Եվ յուրաքանչյուրն իր բնագավառում ջանում էր օգնել՝ կինոաշխատողների սակավաթիվ և անցյալի փորձ չունեցող հայկական բանակին՝ առաջ տանել ազգային կինոարվեստը: Գրող, սցենարիստ, ռեժիսոր, դերասան, նրանք բոլորն էլ իրենց ստեղծագործական ուժերը համախմբում էին հանուն հայ կինոարվեստի զարգացման:

Բազմաթիվ են այն պետական գործիչները, արվեստաբաններն ու ստեղծագործողները, որոնք հանդես են եկել առաջին քայլերն անող կինոյի ասպարեզում և իրենց ներդրումն ունեցել արվեստի այդ ոլորտի զարգացման գործում: Այդ իրողության լավագույն վկայություններից մեկը Եղիշե Չարենցի մասին Դանիել Դզնունու հուշն է, որն պահվելով ԳԱԹ-ի արխիվում առ այսօր հրապարակված չի եղել:

 

****

Մեծ տարակուսանքով ու թերահավատությամբ ընդունեց սովետահայ մեծանուն պոետը հայկական կինոարվեստի ծագումն ու առաջին քայլերը: Նա անգամ մամուլում հանդես եկավ հատուկ հոդվածով, որի մեջ շարադրում էր իր մտորումներն արվեստի այդ նոր ճյուղի զարգացումը խոչընդոտող հանգամանքների մասին Սովետական Հայաստանի պայմաններում: Ամենից շատ նրան անհանգստացնում էին բարձր կինոտեխնիկայի պահանջները և ստեղծագործական կադրերի հարցը: Նա այն կարծիքին էր, որ ռեսպուբլիկան ի վիճակի չի լինի տրամադրելու կինոգործի համար անհրաժեշտ ռեսուրսներ, իսկ մնալով պրիմիտիվ և հետամնաց տեխնիկայի պայմաններում, անհնար է բարձրորակ արտադրանքով դուրս գալ միութենական շուկա: Դրան ավելանում էր կադրերի հարցը՝ սկսած սցենարիստներից և ռեժիսորներից մինչև օպերատորները և դերասանները: Նույնիսկ «Նամուսի» և «Զարեի» առկայությունը չէին հուսադրում նրան հայկական կինոարվեստի հեռանկարների նկատմամբ:

Հաճախ մենք երկար վիճել ենք «Հայկինոյի» մասին: Ես բերում էի տվյալներ այն մասին, թե ինչպես աճել են ազգային կինոկազմակերպությունները՝ ուկրաինական, բելոռուսական, վրացական, առաջադիմական ինչպիսի քայլեր են կատարել ադրբեջանական և ուզբեկական կինոստուդիաները: «Հաշվի առ, Եղիշե, որ շուտով դրական լուծում կստանա կինոգործի միավորումը միութենական մասշտաբով և այն ժամանակ ավելի հեշտ կլուծվի թե՛ կինոտեխնիկայի և թե՛ նյութական բազայի հարցը: Մի մոռացիր, որ մենք ունենք արդեն ստեղծագործական կինոկադրեր և դերասանական կարող ուժեր, որոնք ապահովում են մեր ֆիլմերի հաջողությունները», իմ այս փաստարկումներին Չարենցը պատասխանում էր. «Այդ ուրիշ բան է, եթե միութենական կազմակերպություն ստեղծվի և կենտրոնից անհրաժեշտ աջակցություն տրվի, միգուցե «Հայկինոն» էլ կարողանա շարժվել և բավարար որակի ֆիլմեր արտադրել, բայց այդ դեպքում մի այլ հարց է ծագում՝ ինչ կասես կինոսցենարների մասին, չէ որ «Հայկինոյի» հայտարարած մրցանակաբաշխությունը դրական արդյունք չտվեց: Մեր գրողները ծանոթ չեն սցենարների ստեղծման սպեցիֆիկային և չեն կարող օգտակար լինել մեր կինոարվեստի համար»: Իմ առարկությունը, թե այդ ուղղությամբ որոշ քայլեր արված են և արդեն դրական արդյունքներ կան, Չարենցը պատասխանում էր. «Էհ, կապրենք, կտեսնենք, բայց ինձանից հույս չունենաս, ես պարզապես ի վիճակի չեմ այդ անելու, այնուամենայնիվ, անկեղծ ասած, ես մի առանձին հավատ էլ չունեմ հայկական կինոյի զարգացման նկատմամբ»:

Տարիներ անցան: Չարենցը տեսավ «Հայկինոյի» թե՛ նվաճումները և թե՛ սայթաքումները: Նրան ոգևորում էին «Խասփուշ», «Տունը հրաբխի վրա», «Սև թևի տակ», «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերը և տխրեցնում էին «Ղուլը», «Զամալու», «Անուշ», «Առաջին ճառագայթներ» և այլ ձախողված նկարները:

Մի օր Չարենցը մտավ «Հայկինոյի» սցենարական բաժինը: «Ես հատկապես եկել եմ, - ասաց նա դիմելով իր շուրջը համախմբված կինոաշխատողներին, -որ իմ հիացմունքը հայտնեմ «Գիքորի» համար: Հենց նոր տեսա ես այդ ֆիլմը և շատ հուզվեցի: Կեցցեք դուք: Ձեզ լրիվ հաջողվել է օգտագործել կինոյի հնարավորությունները՝ էկրանի վրա պատկերելու համար անմահ Թումանյանի անմահ գործը: Ես փոխում եմ կարծիքս հայկական կինոարվեստի հնարավորությունների մասին և ուզում եմ ինքս էլ պիտանի լինել, ինչով որ կարող եմ»:

Ինչ խոսք, որ հայկական կինոարվեստի ղեկավար և ստեղծագործող կադրերը գրկաբաց ընդունեցին Չարենցին իրենց շարքերը, և այդ օրվանից սերտ կապ հաստատվեց «Հայկինոյի» սցենարական բաժնի և Չարենցի միջև: Որոշ հայ գրողներ Ա. Բակունցը, Ե. Չուբարը, Մ. Մանվելյանը, Մ. Արմենը, Մ. Դարբինյանը, Մ. Գևորգյանը արդեն հանդես էին եկել հայկական ֆիլմերում որպես սցենարների կամ լիբրետոների հեղինակներ, իսկ ոմանք էլ աշխատել կամ աշխատում էին սցենարական բաժնում որպես գրական կոնսուլտանտներ կամ խմբագիրներ – Ստ. Զորյանը, Տ. Հախումյանը, Վ. Թոթովենցը, Ա. Խոնդկարյանը, Ա. Շայբոնը, Ս. Պայազատը և ուրիշները: Չարենցը առանձին ուշադրությամբ և բարեխղճությամբ էր ծանոթանում «Հայկինոյում» ստացված գրական նյութերին և տալիս էր իր եզրակացություններն ու խորհուրդները:

Առանձնապես զգալի դեր խաղաց Չարենցը «Պեպո» ֆիլմի սցենարի մշակման պրոցեսում: Նրա գրչին է պատկանում Պեպոյի հանրահայտ երգը՝ «Դամբը ձեռիս աշխատում եմ», որը կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի հորինած մելոդիկ երաժշտության շնորհիվ լայն տարածում գտավ մեր իրականության մեջ:

«Հայկինոյի» սցենարական բաժնում միտք հղացավ էկրանավորելու Ե. Չարենցի ստեղծագործությունները, ավելի շուտ՝ ստեղծելու քաղաքական սատիրա դաշնակցության «պետականության» մասին՝ հիմք ունենալով Չարենցի «Երկիր Նաիրի», «Կապկազ թամաշա» և «Խմբապետ Շավարշը» գործերը: Դժբախտաբար այդ աշխատանքը թերի մնաց և հասարակայնությունը սպասում է այն օրվան, երբ կիրականացվի այդ հղացումը:

Չարենցի մեջ դեպի կինոարվեստը առաջացած բեկման խնդրում զգալի դեր խաղաց նրա մերվելը Մոսկվայի կինոաշխարհին: 1931 և ապա 1934 թվականներին Չարենցի՝ Մոսկվայում եղած օրերին նրան հնարավորություն տրվեց դիտելու սովետական և արտասահմանյան ֆիլմեր և անձնական ծանոթություններ հաստատել կինոռեժիսորների և կինոդրամատուրգների հետ, զրուցելու այս նոր արվեստի հրատապ հարցերի շուրջը: Այս տեսակետից ավելորդ չենք համարում այստեղ հիշատակել այն հանդիպման մասին, որ տեղի ունեցավ բեղմնավոր կինոդրամատուրգ Էդուարդ Գրեբների և Չարենցի միջև Երևանում՝ 1933 թվականին:

Է. Գրեբները դեռևս 1930 թվականին կապվեց «Հայկինոյի» հետ՝ վերցնելով լիբրետո կամ սցենար գրելու պարտավորություն: 1931 թվականին «Հայկինոն» հրավիրեց Գրեբներին Երևան՝ ղեկավարելու սցենարական արվեստանոցի աշխատանքները: Սիրով ընդունելով այդ պարտավորությունը, Գրեբները եկավ Երևան: Մինչ այդ, «արվեստանոցը» արդեն կոմպլեկտավորվել էր, և նրա մեջ մտել էին մի շարք գրողներ և երիտասարդ ուժեր: Պարապմունքները սկսվեցին մեծ ոգևորությամբ և խոստանում էին տալ դրական արդյունք: Սակայն դժբախտաբար ունկնդիրների անկանոն հաճախումը և նրանց մի մասի ցուցաբերած թերագնահատումը այդ կարևոր նախաձեռնության պատճառ դարձան այն բանի, որ 20-25 օր իր գոյությունը պահպանելուց հետո արվեստանոցը փակվեց, իսկ Գրեբները ստիպված եղավ վերադառնալ Մոսկվա:

Սակայն իր ստեղծագործական կապերը «Հայկինոյի» հետ Է. Գրեբները չդադարեցրեց: Նա շարունակում էր հանդես գալ որպես սցենարի հեղինակ կամ կոնսուլտանտ և օժանդակել մեր աշխատանքներին:

Գալով Երևան 1935 թվականին, նա ցանկություն հայտնեց մոտիկից ծանոթանալու Եղիշե Չարենցի հետ, որի մասին որոշակի գաղափար էր կազմել գրականությունից և Չարենցին ծանոթ ռուս գրողների պատմածներից:

Չարենցը սիրով համաձայնվեց տեսնվել Գրեբների հետ և խնդրեց ինձ նրա հետ միասին այցելել իրեն: Չարենցին մենք տեսանք ցածրադիր մի սեղանի առաջ մութաքայի վրա նստած՝ արևելյան խալաթը հագին և թասակը գլխին: Նա իր առաջին պարտքը համարեց կանչել կնոջը՝ Իզաբելային և ծանոթացնելով հյուրին՝ ավելացրեց. «Սրանք էլ իմ բալիկներն են՝ Արփիկը և Անահիտը»: Մենք նստեցինք նույն սեղանի շուրջը: Շուտով Իզաբելան սուրճ բերեց փոքրիկ ֆինջաններով և սկսվեց հետաքրքիր մի զրույց: Սկզբում այդ զրույցը գրականության հարցերի շուրջն էր: Հիմնականում խոսում էր ինքը՝ պոետը, պատասխանելով մեր հարցերին: Հատուկ գովեստով էր խոսում նա Պուշկինի, Նեկրասովի և Մայակովսկու մասին. «Նրանց գրած ամեն մի տողը թանկ է ինձ համար,- ավելացրեց նա-, երբ ես ժամանակ եմ ունենում, սիրով թարգմանում եմ Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Մայակովսկու բանաստեղծությունները»: Իր ասածները հիմնավորելու համար նա վեր էր կենում տեղից, մոտենում գրադարակներին և վերցնելով համապատասխան հատորյակը, սկսում էր ցիտել իր սիրած պոետին: Ապա խոսքը դարձավ եղբայրական ժողովուրդների գրականությանը, և Չարենցը ցույց տվեց իր քաջատեղյակությունը ուկրաինական, վրացական, ադրբեջանական գրականությունից: Նա մեծ սիրով էր խոսում Պավլո Տըչինայի, Գ. Տաբիձեի և Պ. Յաշվիլու, Ջ. Ջաբարլու և Ս. Վուրղունի մասին՝ կարդալով որոշ հատվածներ նրանց ստեղծագործություններից: Ամփոփելով իր մտքերը՝ Չարենցն ասաց. «Անդրկովկասի ժողովուրդների եղբայրությունը ամենառեալ և հաստատուն հիմքն է մեր երեք ռեսպուբլիկաների անխափան առաջընթացի համար սոցիալիզմի կառուցման ուղիով»:

Ապա խոսքը դարձավ եվրոպական գրականության շուրջը: Եվ դարձյալ մեծ մասամբ խոսում էր պոետը՝ արժանի գնահատականներ տալով ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական և իսպանական գրականությանը՝ թե՛ նրանց կլասիկային, և թե՛ ժամանակակից գործերին:

Է. Գրեբները գտնվում էր պոետի տաղանդի ազդեցության ներքո: «Ապա ինչու, սիրելի Չարենց, Դուք չեք գրում սցենար կամ լիբրետո «Հայկինոյի» համար,- հարցրեց նա Չարենցին: «Ահա այս մարդն է հանցավորը,- պատասխանեց Չարենցը,- նա Հայաստանի գրեթե բոլոր գրողների հետ պայմանագրեր է կնքել, իսկ ինձ հետ՝ ոչ: Երևի կարծում էր, որ սցենար գրելը իմ ուժերից վեր է»: Ես ուզեցի մի խոսք ասել, բայց նա ընդհատեց ինձ. «Կատակ եմ անում, ես իսկապես որ լավ չեմ պատկերացնում կինոդրամատուրգիան և նրա պահանջները: Այ, եթե «Հայկինոն» ցանկանա օգտագործել իմ տպագիր աշխատանքները, ես պատրաստ եմ սցենար գրել նրանց հիման վրա, բայց ոչ մենակ, այլ որևէ ռեժիսորի հետ համագործակցելով, թեկուզ հենց Համո Բեկնազարյանի հետ, որին ես շատ շնորհալի մարդ եմ համարում»:

Զրույցը տևեց մինչև ուշ գիշեր: Վերադարձի ճանապարհին Է. Գրեբները հիացմունքով էր խոսում Չարենցի մասին. «Չարենցը միայն ձեր պոետը չէ. նա մեր ողջ Սովետական երկրի խոշորագույն պոետն է, - ասաց նա և ապա ավելացրեց,- այսօր ես ինձ զգում եմ այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ առաջին անգամ հանդիպեցի Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկուն և զրույց ունեցա նրա հետ: Երկուսն էլ համաշխարհային գրականության և արվեստի բնագավառում մեծ էրուդիտներ են, երկուսն էլ փիլիսոփայական խոր դատողությունների և մտաեզրակացությունների տեր են…»:

Չարենցի թողած գրական ժառանգությունը դեռ չի գտել իր արժանի էկրանավորումը հայկական կինոարվեստի վարպետների կողմից…