Հատված «Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպից

Չարենցի հիշատակի օրն է, որ բազմաթիվ սերունդների հիշողության մեջ մշտապես ասոցացվել է մարդու ստեղծագործ սկիզբը սպանելու, անհատին ճզմելու անհագ ցանկության և վայրագ բռնության հետ: «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում մի հատված Հովիկ Չարխչյանի չարենցյան փաստագրական շարքի նոր գրքից՝ «Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» վեպից:

 

* * *

Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավեցին Կարսը:

Չարենցը լսեց ու չհավատաց: Իմացավ ու մերժեց գիտակցությանը: Տեսավ ու անիծեց տեսանելը: Իր քաղաքը, իր ոգին, իր էությունը, իր դիմագիծը, իր կյանքը, իր կարոտը, իր անաղարտ սերն այլևս իրենը չէր: Նվաճվել էր: Պղծվել էր: Դարձել էր օտարինը, տրվել էր անվերադարձ: Դա Չարենցի համար հոգեկան մեծ ցնցում էր, նրա ներքին անվստահության, տատանումների ու բազմաճյուղ կողմնորոշումների վերջնական վախճանը: Ամեն ինչ կործանվում էր, ամեն ինչ գլորվում էր գրողի ծոցը: Ոտքերի տակից հողը հոսում էր, և նա այլևս չէր ցանկանում կանգնած մնալ այնտեղ, որտեղ երերուն էր ապագան և կորուստների շղթան նոր հանգույցներ էր հյուսում: Հայրենի քաղաքի անկումով նրա համար սահմանվում էր հայացքների մեկ ուղղություն և մեղավորների մեկ սահմանազատված շրջանակ:

Գրող, դաշնակցական Էլլեն Բյուզանդը (Եղիսաբեթ Ստամբոլցյան) այդ օրերի մասին իր հուշերում գրել է. «…Եղիշեն, տխուր էր, մտացրիվ. լաց էր լինում, երբ խոսում էր Կարսի անկման, և ժողովրդի թշվառ վիճակի մասին: Սկսել էր խմել, գրպանում օղիի շիշ էր պահում: Երբ պահանջ չկար խմելու և օղի չունենար՝ դառնում էր ջղագրգիռ, ցասկոտ, հայհոյում էր աջ ու ձախ: Ուզում էր խմել, խմել օղի. խնդրում էր, աղաչում, որ իրեն օղի տային խմելու»:

Նրան այնպես էր թվում, թե ցնորվում է: Մտքի թանձրախիտ խավարումներին հաջորդում էին կեղեքիչ հայեցումները, և այդ պատկերներում չկար ոչինչ, որ սրբվեր դառնահոս հեղուկով կամ մտածումի թմրությամբ: Նա ուզում էր զատվել, պառակտվել, տրոհվել հավաստի աշխարհից, բայց չգիտեր` ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս:

Տեսնես ու չխենթանաս, լսես ու չկորցնես բանականությունդ, ըմբռնես ու շարունակես մնալ ոտքերի վրա: Աչքիդ առաջ մեղավորն ապրի ու դու մտածես անմեղ չմնալու մասին: Քեզնից վերցնեն, քոնը տանեն, դրժեն ու դավեն, դու անզորության մեջ մի զորություն չգտնես ավարառության դուռը փակելու համար: Հողին հանձնես, հետո հողին հանձնես, հետո էլի հողին հանձնես, հողը հագենա, հողը լիանա, հողը զարմանա քո զոհաբերման համար, բայց դու էլի չիմանաս, թե ինչու եղածը տվեցիր հողին: Արյունդ դառնա պղտոր, արյունդ դառնա թանձր, արյունդ հոսի ու չլերդանա, դու վիրակապ չգտնես վերքդ փակելու համար: Դու չճանաչես ինքդ քեզ, դու երես թեքես քեզնից, դու զղջաս քո ամեն ապրած օրվա համար ու չվստահես հիշողությանդ, չհավատաս, որ եղել ես ուրիշ, որ նահանջել ես, բայց չես պարտվել, ընկրկել ես, բայց չես հանձնվել, խոցվել ես, բայց չես մեռել: Իմանաս չիմացածդ: Հաղթես ինքդ քեզ: Հաղթես ուրացողին…

Թեժ էր կրակը: Կսկծում էին այրվածքները: Կափկափում էր ծնոտը` հեղձելու համար տանջվողի աղաղակը:

Նոյեմբերի 5-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ:

Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումն այն վերջին կաթիլն էր, որ սահեց նրա հավատի դատարկվող գավաթից ու լցրեց համբերության բաժակը: Այլևս խզված էր կապն այն ամենի հետ, ինչ ունեցել էր երեկվա մեջ իբրև հանգանակ: Չարենցը գնում էր դեպի վաղվա օրը` ոչինչ չիմանալով դրա մասին, սակայն անորոշ ու անիմանալի գալիքն այժմ ավելին արժեր, քան կորնչական կյանքի հետընթաց ժամանակը:

Աշնան սառը քամիներն էին վազվզում քաղաքի փողոցներում: Քամիները քշում էին ամեն լքված բան, և խորշակի թևին ընկած Չարենցը նույնպես իր տեղը չէր գտնում: Նա մերթ Նորքում էր, մերթ Կոնդի խարխուլ տնակներից մեկում, մերթ Նազարևսկայա փողոցի գետնահարկ սենյակում, որտեղ ոչ թե բնակվում, այլ շունչ էր առնում առկախ ժամանակի տարտամ պտույտից, ուզում էր գուշակել սպասվող օրվա գույնը, իր լինելությունն այդ օրվա մեջ, բայց այդպես էլ ոչինչ չէր գտնում այնտեղ հաստատուն: Ճանապարհները փակ էին, հարազատներից ոչ մի լուր չուներ, գնալու տեղ չուներ: Մտերմական հանդիպումներն այլևս չէին հրապուրում նրան: Քաղաք էր դուրս գալիս միայն Արփիկին տեսնելու համար: Նստում էին որևէ տեղ, Չարենցը խոսում էր, Արփենիկը լսում էր ու կարծես չէր ճանաչում նրան: Հետո նրանք բաժանվում էին` նորից հանդիպելու խոստումով, և երկուսից առնվազն մեկը չէր հավատում այդ խոստմանը:

Շատ ավելի հեռու ու շատ ավելի անգո էր թվում Արմենուհին: Չարենցը հիմա նրա մասին գրեթե ոչինչ չգիտեր, ինչպես որ չգիտեր, թե ինչպես կարելի էր գիտենալ: Նոյեմբերի կեսն էր, երբ լսեց, որ պառլամենտի շենքի մոտ բանակին նվիրված մեծ միտինգ էր կայացել և այնտեղ շատերի թվում խոսք էր ասել նաև Արմենուհին: Հետո այլ տիկնանց հետ զորանոցներ էր գնացել`մարտիկներին քաջալերելու: Մի քանի օր անց Արմենուհին արդեն Ալեքսանդրյան գիմնազիայի շենքում էր`քաղաքային առաջին հիվանդանոցին կից գթության քույրերի դասընթացների բացման արարողությանը, որտեղ թեյախմության էր մասնակցել ու դարձյալ ելույթ էր ունեցել:

Այդ տեղեկացնող պատառիկները սակայն նրան ոչինչ չէին տալիս, սոսկ գալիս, խփվում էին դեմքին քամուց հալածված տերևների նման`թողնելով իրենց թաց սառնության դրոշմը և հարուցելով երեսը ափերով քողարկելու բնազդային պահանջ: Նույն մրսած բնազդները ինչ-որ գաղտնաբառեր էին շշնջում, նշագրեր էին գծում ճանապարհներին, ճնշում էին կրծոսկրի տակ անոթների սեղմումներով և կրկին մնում էին անարձագանք ու անհաղորդ: Եվ հավանաբար նաև դա էր պատճառը, որ նա զգաց քամու սառնությունը, բայց փոթորիկ կանխորոշել չկարողացավ: Իսկ փոթորիկն արդեն դռների մոտ էր ու ցնցում էր երկրի հիմքերը մեծ փոփոխությունների զարկերով:

1920 թվականի դեկտեմբերի 2-ին կարմիրները մտան Երևան:

 

Հովիկ Չարխչյան