Չարենցյան մատենագիտությունն անփոխարինելի աղբյուր կլինի հետազոտողների համար

Հայաստանի ազգային գրադարանն այս տարի կավարտի շուրջ 25 տարի շարունակվող ծավալուն մատենագիտական աշխատանքը, որը սկսվել էր դեռ 1997-ին՝ Չարենցի 100-ամյակի առիթով: Այդ ժամանակ գրադարանի մասնագետներն առաջադրանք էին ստացել մեկ ամբողջական մատենագիտական հրատարակությամբ հավաքել, մեկտեղել Չարենցի կյանքի քիչ թե շատ ուշադրության արժանի նյութերը և հատկապես՝ նորահայտ տվյալները: Ազգային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն, Չարենցի մատենագիտական աշխատանքների համակարգող Հայկանուշ Ղազարյանը նշում է, որ  մեր մեծերի մատենագիտական նյութերի հավաքագրումով գրադարանում միշտ են զբաղվել, բայց Չարենցի կարճ, սակայն հախուռն կյանքն այդ իմաստով առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Գրեթե քառորդ դար շարունակվող այդ աշխատատար ու տևական ուսումնասիրությունն այսօր հատկապես գնահատելի է Չարենցի հոբելյանական տարում: Հայկանուշ Ղազարյանի հետ «ArtCollage»-ը զրուցել է սպասվող հրատարակության, երկարամյա աշխատանքի ընթացքի ու մատենագիտական ժողովածուների կարևորության մասին:

 

-Շատ հաճախ, անգամ մասնագիտական միջավայրում, տպավորություն է ստեղծվում, որ մատենագիտությունը հանիրավի անտեսված աշխատանք է, մինչդեռ պարզապես մեծ նվիրում և ջանքեր պահանջող մասնագիտություն է:

-Ես կասեի՝ չափազանց կարևոր մասնագիտություն է մատենագիտությունը. նախ և առաջ հետաքրքիր ու հետազոտական լուրջ աշխատանք է պահանջում, որի արդյունքում մեզ անհայտ բազմաթիվ նոր շերտեր են բացվում: Գիտեք, լավ կազմված, պրոֆեսիոնալ արված մատենագիտությունները գիտահետազոտական աշխատանքի համար անգնահատելի աղբյուր են: Եվ ամենօրյա մեր աշխատանքում հաճախ շատ հետաքրքիր բաների ենք առնչվում և շատ զարմանալի իրողություններ ենք պարզում, մեր  պրպտումները մեզ ժամանակի փոշիով ծածկված շատ անհայտ ու կարևոր տեղեկություններ ենք պարգևում: Մենք ուզում ենք, որ չարենցյան այս հրատարակվելիք մատենագիտությունն իսկապես նման անփոխարինելի և օգտակար աղբյուր լինի հետազոտողների համար:

-Ընդունված է համարել, որ Չարենցը մեր առավել ուսումնասիրված հեղինակներից է, և դուք էլ նշում եք, որ ազգային գրադարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մեր գրական մեծերի ժառանգության ուսումնասիրությունն ու գնահատումը: Ինչպե՞ս է ստացվել, որ մինչև օրս չենք ունեցել չարենցյան մատենագիտության հնարավոր լիարժեք հրատարակություն:

-Իհարկե, և՛ Չարենցի, և՛ մյուս մեծերի քարտարանները, նրանց նյութերը բոլոր ժամանակներում մեզ մոտ միշտ էլ հավաքվել են և հիմա էլ շարունակում ենք հավաքել: Սակայն մատենագիտության տպագիր օրինակ, որպես այդպիսին, չի եղել: Որպես առաջին փորձ կարող ենք դիտարկել Հայաստանի ազգային գրադարանում 1957 թվականին կատարված երկու հրատարակությունները. մեկն այսպես կոչված «Բիբլիոգրաֆիան» էր, որը կազմել է Սեդա Կոծինյանը, իսկ խմբագիրն ու առաջաբանի հեղինակը էդվարդ Ջրբաշյանն է: Եվ երկրորդը՝ «Մատենագիտական նյութեր գրադարանավարների համար» փոքրիկ գրքույկն էր: Այս երկուսը նախորդ դարի հիսունականների հրատարակություններ էին: Երկրորդ անգամ նմանատիպ նախաձեռնություն եղել է քսան տարի անց՝ 1977-ին, դարձյալ երկու ոչ մեծածավալ  հրատարակություններ են, կազմողներն են՝ Ռաֆիկ Ղազարյանը և Վարդգես Պապյանը: Այս հրատարակությունների դեպքում էլ խմբագիրը և առաջաբանի հեղինակը դարձյալ  էդվարդ Ջրբաշյանն է:

-Մենք խոսում ենք Չարենցի մասին, որն իսկապես ուսումնասիրության ու բացահայտումների համար անսպառ աղբյուր է: Այդ իմաստով, մատենագիտությունը կազմելիս ի՞նչ նորահայտ, հետաքրքիր և գիտականորեն չշրջանառված փաստերի ու  տեղեկությունների եք հանդիպել:

-Շատ հետաքրքիր տեղեկություններ կան: Օրինակ, Չարենցի լիակատար ժողովածուն կամ, ինչպես ասում են սփյուռքահայերը, Չարենցի ամբողջական գործը տպագրվել է Բեյրութում՝ «Սևան» տպարանում: Այդ օրերին ազդը տեղեկացնում է, որ ժողովածուն հրատարակվելու է չորս հատորով, և մամուլի տակ են երրորդ և չորրորդ հատորները, բայց մենք պարզեցինք որ տնտեսական տագնապների պատճառով լիակատար ժողովածուի երրորդ և չորրորդ հատորները պարզապես չեն հրատարակվել: Կամ մի ուրիշ փաստ. Չարենցը «Ռոմանս անսերի» մոսկովյան երկու հրատարակությունների օրինակներ նվիրել է Նիկոլ Աղբալյանին: Գիտենք որ Չարենցի մասին առաջին մասնագիտական, գրականագիտական խորքային գնահատականը տվել է Նիկոլ  Աղբալյանը: Եվ դարձյալ բազմաթիվ պրպտումների, փնտրտուքի արդյունքում պարզեցինք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բեյրութի գրադարանում պահպանվում են այդ օրինակները: Ես խնդրել եմ դրանք սկանավորել, և Չարենցի ինքնագրերով դրանք մի հրաշալի մշակութաբանական արտեֆակտ են, որովհետև Չարենցի հախուռն բնավորությանը բնորոշ այդ հապճեպ գրված տողերի մեջ մենք տեսնում ենք նրա երախտապարտությունը, գնահատանքը Աղբալյանի հանդպ: Հենց այս պահին աշխատում եմ վերնագրային ցանկի վրա. միայն Չարենցի 1962-68 թվականներին՝ Ալմաստ Զաքարյանի խմբագրությամբ լույս տեսած ակադեմիական հրատարակության մեջ 652 վերնագիր կա, իսկ 86 թվականի քառահատորում շատ ավելի մեծ թվով վերնագրեր կան: Հասկանալի է, որ դրանք բոլորը պետք է ընդգրկվեն մատենագիտության օժանդակ ցանկերի մեջ: Այնպես որ վստահ եմ, որ մեր  մատենագիտության թե՛ մատենագիտական բաղադրիչը, և թե՛ այդ լրացուցիչ նյութերը  մեծ հետաքրքրություն կառաջացնեն ոչ միայն ուսումնասիրողների, այլև լայն ընթերցողական լսարանի համար:

-Չարենցի կյանքի ստեղծագործական առումով խիստ հագեցած փուլերից մեկն էլ 30-ականների սկիզբն է, երբ նա աշխատում էր Պետհրատում, որտեղ և՛ խմբագիր էր, և՛ դասագրքերի կազմող, և՛ հրատարակիչ: Ի՞նչ կասեք այդ փուլի մասին:

-Այո, որպես հրատարակիչ էլ նա շատ հետաքրքիր կերպար էր: Ինքնին խոսուն փաստ է, որ Չարենցն իր հրատարակած գրքերում օգտագործել է արևմտաեվրոպական, ռուսական պոլիգրաֆիական մշակույթի տարրեր: Օրինակ, մենք Չարենցի գրքերի վրա տեսնում ենք լատինատառ տարեթվերը, և դա Սանկտ-Պետերբուրգի «Ակադեմիա» հրատարակչության մոտեցումն է: Ու հետաքրքիր է նաև որ հատկապես իր հեղինակային գրքերի վրա ենք մենք տեսնում այդ մոտեցումը: Կարծում եմ, որ նա մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև որպես դասագրքերի կազմող: Երբ ծանոթանում ենք այդ դասագրքերում ներառված նյութերին, մենք դրանցում տեսնում ենք չարենցյան մոտեցումները: Ընդ որում, այդ նյութերի որոշ մասն էլ, իհարկե, ինքն է թարգմանել: Օրինակ, 1933-ին հրատարակված և նրա կազմած արևմտաեվրոպական գրականության դասագրքում հեղինակների այնպիսի մի ընտրություն է, որ դա իսկապես Չարենցի ձեռքն ու ձեռագիրն է: Նա առանձին հրատարակել է Շեքսպիր, Պուշկին, հայ հեղինակներից Թումանյան ունի՝ երեք-չորս հատորյակով և իր խմբագրությամբ նաև Օտյան, Մեծարենց է արել, և այդ բոլորը 33-34 թվականներին: Անձամբ ինքը բազմաթիվ դասագրքեր ու քրեստոմատիաներ է կազմել, և քանի որ դրանք դասագրքեր էին, յուրաքանչյուր հեղինակի գործերից հետո ընտրված են նաև հարցեր երեխաների համար: Եվ գիտեք, դրանք այնքան միտված են երեխաների ազատ, ինքնուրույն մտածողությունը  զարգացնելուն: Դա էլ չարենցյան ձեռագիրն է: Եվ այս ամենը մի առանձին  ուսումնասիրության նյութ է:

-Ձեզ որոնումների արդյունքում հավաքված տեղեկություններն ու փաստերը հնարավորություն տալի՞ս են ինչ-որ օրինաչափությունների մասին խոսել:

-Տեսեք, ես կուզենայի մի ուշագրավ փաստի վրա ուշադրություն հրավիրել: Մենք  մատենագիտության մեջ նաև տպաքանակներն ենք նշում: Գիտեք, խորհրդային տարիների բոլոր հրատարակությունների դեպքում տպաքանակները պարտադիր նշվում  էին, որովհետև դա պետական քաղաքականության, կրթության, գրահրատարակչական գործի, գրականության, գրքի հանդեպ պետական վերաբերմունքի ցուցիչ է: Չարենցի առաջին գրքերը շատ քիչ քանակով էին տպագրվում՝ 240-500 օրինակ, բայց արդեն հետո տեսնում ենք, թե ինչպես է ավելանում գրքերի տպաքանակը: Եվ երբ ճանաչված պոետ էր, արդեն տպաքանակը հասնում է տասնմեկ հազարի, չէ որ սա էլ վերաբերմունքի ցուցանիշ է: Ես մի հետաքրքիր տպաքանակի հանդիպեցի՝ 15 հազար դասագրքերի դեպքում. 15 հազար դասագիրք, սա զարմանալի բան է 1930-ականների համար, երբ երկիրը նոր-նոր ոտքի էր կանգնում: Եվ որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ մեծ թվի մասին է խոսքը, զուգահեռաբար մի այլ օրինակ բերեմ Լենինի երկհատորյակի տպագրությունից, որի խմբագրակազմում նաև Չարենցն էր ընդգրկված: Ուրեմն տեսեք, Լենինի երկհատորյակն ընդամենը հինգ-վեց հազար տպաքանակով է հրատարակվել, թվում է զարմանալի բան է, բայց սա էլ պետական հոգածության վկայություն է  կրթության հանդեպ:

-Ըստ էության, խոսքը գրեթե 25 տարվա տևական, լուրջ հետազոտական աշխատանքի մասին է: Կարո՞ղ ենք արդյոք համարել, որ հնարավոր ամբողջական մատենագիտական հրատարակություն կլինի, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հոբելյանական տարի է, և բազմաթիվ հրատարակչական նորություններ կլինեն:

-Ընդհանրապես, ցանկացած մատենագիտության դեպքում խիստ բարձր կհնչի, եթե  խոսենք դրա ամբողջականության մասին. դա հնարավոր չէ: Օրինակ, տեսեք, տարին  դեռ նոր է սկսվել, բայց արդեն ունենք չարենցյան երեք նոր հրատարակություններ: Բառացիորեն օրերս «Վերնատուն» հրատարակչությունը նոր գիրք տպագրեց, Չարենցի տուն-թանգարանն ունի մեկ նոր հրատարակություն և երրորդն էլ գտնվում է տպարանում: Այսինքն, տարին չարենցյան է, շատ նորություններ են լինելու, և այդ ամբողջը պետք է ընդգրկվի մատենագիտության մեջ: Ուստի, կարծում եմ, որ հրատարակությունը կունենանք տարեվերջին և մինչև այդ պահը պետք է բոլոր նյութերն ընդգրկել մատենագիտության մեջ ու վերջակետ դնել: Ըստ այդմ, ենթադրում եմ, որ հնարավոր կլինի գոնե գրքային հատվածով, այսինքն՝ իր գրքերը, իր մասին գրքերը, իր հրատարակած, իր խմբագրած, թարգմանած և կազմած գրքերը, այս բոլորի  ամբողջական ցանկը, կարծում եմ, կունենանք: Ըստ էության, սա Հայաստանի ազգային գրադարանի երրորդ հրատարակությունը պետք է լինի: Եվ կարող ենք արձանագրել, որ այն արդեն տեսլականից վերածվում է գործնական ծրագրի: Հասկանալի է, որ եթե ազգային գրադարանում նախորդ սերունդների կողմից երկու հրատարակություններ արդեն արվել են, ուրեմն բազմաթիվ նյութեր են հավաքվել: Եվ 90-ականների սկզբից եղածին դարձյալ նոր նյութեր են հավելվել, բայց ինչ-ինչ պատճառներով այդ աշխատանքը չի շարունակվել և ոչ էլ հրատարակություն է եղել: Պետք է ասեմ, որ  վերջին տարիներին աշխատում ենք ոչ միայն մատենագիտական տեղեկությունները և տարեթվերը ներառել, այլև տվյալ հեղինակին նվիրված այնպիսի նյութեր, որոնք այդ  հեղինակին այլ կողմերից են բացահայտում, այսինքն նրան ոչ միայն որպես գրող ենք  ներկայացնում, այլև նրա ինքնագրերը, լուսանկարները: Այնպես որ հույս ունենք, որ կտպագրենք Չարենցի մատենագիտության մի գեղեցիկ հատորյակ կամ, եթե նյութերը շատ լինեն, գուցե և երկհատորյակ լինի:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի