Չարենցը Գոլիցինոյում

Որքան էլ գրականագետների մի քանի սերունդ ջանք ու եռանդ է ներդնում Եղիշե Չարենցի կյանքի մութ ու անհայտ փաստերը բացահայտելու համար, հասկանալի պատճառներով ուսումնասիրության կարոտ դեռ շատ դրվագներ կան։ 1935 թվականի ամռանը նա վերջին հնարավորությունն ունեցավ Հայաստանից դուրս ընտանեկան հանգստի մեկնելու․ այդ մասին հայերեն գրեթե հիշատակություններ չգտանք, փոխարենը ռուսալեզու աղբյուրներում ուշագրավ մանրամասներ հայտնաբերեցինք։ Հայտնի է, որ այդ ժամանակ Չարենցը եղավ Մոսկվայում, զբաղվեց հրատարակչական հարցերով, հանդիպեց Վիլյամ Սարոյանի և Ռոմեն Ռոլանի հետ։ Բայց դա ամբողջը չէ․ առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող բանաստեղծն ընտանյոք հանդերձ հանգստացավ մերձմոսկովյան Գոլիցինո ավանի գրողների ստեղծագործական տանը։ Այն ստեղծվել էր 1932թ․՝ Գրական ֆոնդի (Լիտֆոնդ) կազմում՝ Ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադիր Ֆյոդոր Կորշի երկհարկանի առանձնատանը։ 1933թ․ Օսիպ Մանդելշտամն այսպես է նկարագրել Գոլիցինոյի գրողների տունը․ «Առանձնատունը 20 անձի համար է, Մոսկվայից հեռավորությունը 1,5 ժամ է։ Կայարանին մոտ է։ Սենյակները պուճուրիկ են և չկա ոչ մի ընդհանուր տարածք, որտեղ կարելի լինի նստել: Կերոսինի լամպեր են, սառը արտաքնոց, գարշելի և աղքատիկ՝ թափթփված ճաշասեղան։ Այդ դեպքում, ինչո՞ւ Գոլիցինո: Նախ, քանի որ այն փոքր է և ունի տնական մթնոլորտ, համեմատաբար հանգիստ է: Երկրորդ՝ թերություններն ամռանը փոխհատուցում են արևը և օդը»։ Տունն ունեցել է ընդամենը ինը սենյակ՝ երեքը ներքևում, վեցը՝ երկրորդ հարկում։

Իհարկե, պայմաններն իդեալական չեն եղել․ տանտիրուհին և հյուրերը տարբեր առիթներով պատմել են ճռճռացող երկաթե մահճակալների, հին ներքնակների, անհարմար գրասեղանների մասին։ Սակայն սիրով են վերհիշել ճաշասրահում ընդհանուր սեղանի շուրջ վարած հետաքրքիր զրույցները գրչընկերների հետ, դույլի նմանվող մեծ թեյնիկը ու ինքնաեռը՝ ջերմացնող թեյով։ Անձնակազմն ամեն բան անում էր, որ պահպանվի կենվորների հանգիստը՝ շենքում տիրի լռություն, ոտնաձայներ չլսվեն, խոսեն կիսաձայն։

Այս տնական միջավայրը, տնօրինուհի Սերաֆիմա Ֆոնսկայայի (ծնյալ Ժուրավլյովա, 1897-1967) ջերմ վերաբերմունքը, գրողների ընկերական շփումը բարձր են գնահատել ժամանակի գրական մեծությունները՝ Արկադի Գայդարը, Ալեքսանդր Կուպրինը, Աննա Ախմատովան, Ալեքսանդր Տվարդովսկին, Յուրի Օլեշան։ Նաև՝ Կորնեյ Չուկովսկին, Ալեքսանդր Ֆադեևը, Սիլվա Կապուտիկյանը, Մարիա Պետրովիխը։ Կոնստանտին Պաուստովսկին գոհունակությամբ արտաբերել է․ «Այստեղ լավ է ստացվում աշխատել»։ Հալածական Մարինա Ցվետաևային, որը որդու հետ Գոլիցինոյում կես տարի է անցկացրել, սենյակ չի հատկացվել, սակայն թույլ է տրվել օգտվել գրողների ճաշարանից։ Նրան էլ է գրավել գրողների տան մթնոլորտը․ «[Գրողների] տանը նույն խոսակցություններն են գրական աշխարհի մարդկանց մասին, Մարիետա Շահինյանի նույն բուռն արտահայտված վրդովմունքն ու ուրախությունը, և նույն չորահացը երեկոյան թեյի համար։ Միանգամայն հնարավոր է, որ ավելի ուշ, երբ հեռանամ այստեղից, կձանձրանամ առանց գրողների շաղակրատության ու այդ հետաքրքիր և ուշագրավ մթնոլորտի»։ Այստեղ է իր կյանքի վերջին օրերն անցկացրել Անտոն Մակարենկոն։

1935թ․ թաթար բանաստեղծ Մուսա Ջալիլը, իմանալով, որ գրողների տանն իր կողքին բնակվում են գրողներ Ալեքսանդր Մալիշկինը, Նիկոլայ Լյաշկոն, Յուրի Սլյոզկինը, Եղիշե Չարենցը, ուրախանում է․ «Դա լա՛վ է։ Նկատի կունենամ»։ Չարենցի մյուս նշանավոր հարևաններն են եղել ալթայցի բանաստեղծ Պավել Կուչիյակը, գերմանացի դրամատուրգ Ֆրիդրիխ Վոլֆը, չինացի բանաստեղծ Էմի Սյաոն, ծագումով հրեա գրող Վիկտոր Ֆինկը։ Այս բազմազգ խումբը կենսախինդ Մուսա Ջալիլը կատակով անվանում էր «մեր ինտերնացիոնալը»։   

Ցավոք, 1970-ականներին տան ձեղնահարկը հրո ճարակ դարձավ և այն քանդվեց։ Նույն տեղում կառուցվեց ժամանակակից հանգստյան տուն։

Հին առանձնատան ուրվապատկերը պահպանվել է կենվորների գրավոր հիշողություններում և հատուկենտ լուսանկարներում։ Կորշի նախկին հարս Սերաֆիմա Ֆոնսկայան երեսուն տարուց ավելի աշխատել է որպես հին Գրողների տան տնօրեն․ նա ուշադիր է եղել կենվորների նկատմամբ, ջանացել է նրանց շրջապատել մայրական հոգատարությամբ ու կարեկցությամբ։

1967թ․ Մոսկվայում նա հրատարակել է իր նշանավոր հյուրերին նվիրված հուշերի գիրք՝ «Տունը Գոլիցինոյում», որում առանձին նովել է նվիրել Եղիշե Չարենցին։ Թարգմանաբար ներկայացնում ենք այդ հետաքրքրական հուշը, որ տալիս է հայ մեծ բանաստեղծի նկարագիրը օտարի դիտանկյունից, ամբողջացնում նրա մարդկային կերպարի մասին եղած պատկերացումները, նաև ինչ-որ տեղ փոխանցում ժամանակի ողբերգական շունչը․

«Նա մեզ մոտ եկավ իր ընտանիքով։ Ասում էր․ «Մեզ մոտ՝ Հայաստանում, շոգ է։ Վախենում եմ՝ երեխաներս նվաղեն․․․»։

Կինը նիհարիկ էր, նուրբ, անընդհատ ձեռքերի վրա օրորում էր երեխային։ Ուսերին գցված էր բրդե կարմիր կարճ վերնազգեստ, որի կախված թևքից բռնել էր չորս-հինգ տարեկան դուստրը։ Աչքերը՝ սալոր, մազերը՝ սև։ Նա ձգում էր փափլիկ թաթիկները․ «Խմե՜լ, խմե՜լ եմ ուզում»։ Աղջնակի անունը Բոժիկ էր (այդպես էր Արփենիկին կոչում հայրը - Ա․Գ․)։ Տանջահար մայրը երեխաների հետ ապրում էր առանձին ամառանոցում, իսկ հայրը՝ ստեղծագործական տանը։ Նա ոչ պակաս ուշադրության կարիք ուներ, քան իր երկու երեխաները։

Նրա հագին սպիտակ լայն վերնաշապիկ էր, վառ չստեր, շալվար՝ ասես կապույտ ծով՝ օղակված մետաքսե գոտով, մուգ կարմիր ոսկեկար գլխարկ։ Թե ինչ ազգային զգեստ է՝ չես հասկանա։ Աչքերը՝ վառվռուն ածուխներ, քիթը՝ կոր, կզակը՝ սուր։ Դեմքը գունատ ու դալուկ, շուրթերը՝ վառ, խուռն սև մազեր։ Մազերի փունջն ընկած է լուսե ճակատին։ Խոսում է ակցենտով, ոչ բարձր, արագ, քայլում է թեթև՝ ասես թռչում է։

Նրա հյուրասիրությունը սահմաններ չուներ։ Եթե նրա սենյակ մտար, ուրեմն պիտի գինի խմես, թխվածքաբլիթ ու մրգեր ուտես։ Չենթարկվել չես կարող՝ բաց չի թողնի, իսկ եթե մերժես՝ հետևիցդ կգա այնքան, մինչև իր ուզածին հասնի։

Երբ Մոսկվա էր գնում-գալիս, հետը բերածով պատվում էր ոչ միայն ընտանիքին, այլև տան բոլոր բնակիչներին։ Երեկոյան թեյին բերում էր քաղցրավենիք և գինի։

Ես նրան հարցրի․

-Չարե՛նց, ինչո՞ւ եք դա անում։

-Ինչպե՞ս չանեմ, ես հյուր եմ, նրանք էլ են հյուր, մեր սովորույթն է՝ հյուրը մեծ ընկերդ է, թող խմի և ուտի․․․

-Բայց չէ՞ որ Ձեզ ոչ ոք չի հյուրասիրում․․․

-Դուք չունեք այդպիսի սովորույթ։

Գրադարանից միայն պոեզիա էր վերցնում։ Ես առաջարկեցի արձակ։

-Պոետ տու՛ր՝ Պուշկին, Բայրոն, բոլոր պոետներին տու՛ր․․․

Բանաստեղծությունները երգեցիկ էր կարդում, նստում էր մտածկոտ, ձեռքերով գրկելով ծնկերը, երգում էր ծոր տալով՝ մեկ նոտայով, մայրենի լեզվով, ձայնը՝ մեղմ, հաճելի․․․

Շրջապատի մարդիկ սիրում էին նրան բաց, բարի սրտի համար, հոգածությամբ էին նրան վերաբերում։ Գիտենալով, որ սիրում է բանաստեղծություններ կարդալ, խնդրում էին արտասանել․․․ Իսկ կարդում էր նա՝ ասես մոռացության մեջ, ու ինքն էլ հաճույք էր ստանում ամեն մի տողից։ Նրա մասին բոլորն ասում էին․ «Մե՜ծ, իսկական բանաստեղծ է․․․»

Անգիր արտասանում էր «Չայլդ Հարոլդը», իսկ Պուշկին արտասանում էր՝ ձեռքերը միացնելով, ասես աղոթում էր, ու այդ պահին նրան անհանգստացնել չէր կարելի։

Մի քանի օր շարունակ ուժգին թափով աշխատում էր։ Գալիս էր Բոժիկը, նստում էր նրա ծնկերին, դես ու դեն գցում ձեռագրերը։

Նա դստեր հետ անտառ էր գնում, երկար շրջում, աղջնակը քարշ գալով հազիվ էր տուն հասնում։ Ինքն էլ էր գալիս հոգնած, վտիտ ուսերը հակված, մատներով համրելով թազբեհը։ Նստում էր անկյունում, աչքերը՝ կիսափակ։ Երեսը՝ գունատ, անարյուն։ Ասես ոչ թե մարդ է, այլ մումիա․․․

-Չարե՛նց, վա՞տ եք զգում։

-Վատ չէ (ըստ Ֆոնսկայայի՝ Չարենցի ռուսերենն այնքան էլ հարթ չէ, ասես հայերենից է թարգմանում)։ Շատ քայլեցի, ահավոր հոգնեցի, աղջկաս ձեռքերիս վրա եմ քարշ տվել, գիշերը աչք չեմ փակել, գիշերվան էի ակնդետ հետևում։

-Բանաստեղծություննե՞ր էիք գրում։

Նա զարմացած ինձ նայեց։

-Երբ բանաստեղծություն եմ գրում, գիշերը գիշեր չի լինում, այլ միայն բանաստեղծություններ։ Սիրտս բաբախում է ու թռչում է երգը։

Նա կողմ նետեց թազբեհը, ձեռքերը դրեց սրտին ու թափով վեր ձգեց․ «Ա՛յ, այսպես»։

Չարենցի փոքրիկ հյուսիսային սենյակը միշտ խառնակ վիճակում էր։ Թղթի մեծ թերթերը ու նոթատետրի էջերը՝ բոլորը գրոտված էին, ջնջված, հետո նոր տողերով լրացված․․․ Եվ ամենուր բանաստեղծություններ, բանաստեղծություններ։ Սեղանի, մահճակալի վրա՝ բաց գրքեր՝ Դելվիգ ու Պուշկին, Տյուտչև, Պաստեռնակ, Բլոկ, Լերմոնտով։

Մի անգամ նրա սենյակ մտա ու մեքենաբար ուզում էի փակել գրքերից մեկը։ Նա հետ տարավ ձեռքս ու ասաց․

-Չի՛ կարելի, ես նրանց ավելի լավ եմ լսում այսպես՝ առանց խուփի։

Ու նրա ձայնը նման էր անտառում հոսող առվակի կամացուկ ձայնին։ Մատները թերթում էին էջերը, ու նա ամբողջությամբ լսողություն էր դարձել, թվում էր՝ տարիների խորքից նա լսում է՝ հատու և հստակ, իր եղբայրակցին՝ մեկ ուրիշ պոետի»։

Առջևում դժնի ժամանակներն էին՝ նոր հալածանքները, տարատեսակ արգելքները, նաիրյան տարաբախտ բանաստեղծի ձերբակալությունը և մահը․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1. Գոլիցինոյի գրողների ստեղծագործական տունը

2. Սերաֆիմա Ֆոնսկայա

3. Գոլիցինոյի գրողների տունը, փորագրանկարը՝ Ֆ․ Կոնստանտինովի, 1967 թ․  

... ...