Չարենցի և Խաչատրյանի «Նոր երգը»

Եղիշե Չարենցի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական համագործակցության ամենահայտնի դրսևորումը «Պեպո» կինոնկարի համար գրված «Ձկնորսի երգն» է, որը հետագայում լայն  ժողովրդականություն վայելեց և դարձավ երկու մեծ արվեստագետների կենսագրությունները կամրջող ամենավառ դրսևորումը: Սակայն քչերին է հայտնի, որ Չարենցի ու Խաչատրյանի ճանապարհները ևս մեկ անգամ էլ խաչվել են` վերստին ծնունդ տալով երգի:

Դեռևս 1928 թվականին Չարենցը գրել էր «Բալլադ գեղջկական» ստեղծագործությունը, որտեղ բանահյուսական տարրերի, ժողովրդական լեզվամտածողության և գեղարվեստական ոճավորման միջոցով արտահայտել էր այդ ժամանակաշրջանի տրամադրությունները: Եվ ահա տարիներ անց կոմպոզիտոր Խաչատրյանը որոշում է այդ ընդարձակ ստեղծագործության մի հատվածը վերածել երգի, ընդ որում իբրև անվանում է ընտրում չարենցյան բալլադի նախնական` «Նոր երգ» խորագիրը: Միանգամից նշենք, որ Արամ Խաչատրյանը երգի երաժշտության վերամշակման հեղինակն էր: Իսկ սկզբնաղբյուրի համար հիմք էր ծառայել հայտնի երգահան, խմբավար և մանկավարժ Միքայել Միրզոյանի կազմած «Նոր կենցաղային երգեր» ժողովածուում տեղ գտած մի ստեղծագործություն, որը հրատարակել էր Հայպետհրատը:

Չարենցի և Խաչատրյանի երգը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց 1935 թվականին: Երգի համար ընտրվել էր Չարենցի բալլադի հետևյալ 18 տողերը.

- Սիրո՛ւն աղջիկ, ո՞ւմն ես սիրում աշխարհում
Սովետական էս մեր սիրուն աշխարհում:

- Քաղքից էկած էն տղին եմ ես սիրում,
Ճակատը բաց էն տղի՛ն եմ ես սիրում,
Աչքերը շող էն տղին եմ ես սիրում,
Մաշին քշող էն տղին եմ ես սիրում...

 

-Ընչի՛ համար դու չես սիրում էն տղին,
Բոյը սիրուն, բուսը սիրուն էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև-սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքին կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին...

 

- Ընչի՛ սիրեմ բեղերը ցից էն տղին,
Հո՛ղը դնեմ սև ու անսիրտ էն տղին,
Ձեռքը տռուզ, խելքը տռուզ էն տղին,
Թալան տվող, լիրբ ու հարուստ էն տղին,
Մաուզերին ձեռքը դրած էն տղին,
Ըռանչպարի շիվան ու լաց էն տղին...

 

Շատ չանցած` Չարենցի խոսքերը թարգմանվեցին ռուսերեն: Ռուս բանաստեղծ ու թարգմանիչ Դմիտրի Ուսովը (1896-1943) գտավ  երաժշտության ու խոսքի համապատասխանության այն եզրը, որի միջոցով «Նոր երգը» կարող էր հնչել նաև օտար լեզվով: 1930-ականներին այս երգը նունպես լայն ճանաչում գտավ, իսկ դրա նոտաներն ու խոսքերը տպագրվեցին և տարածվեցին մշակութային ու կրթական հաստատություններում:

 

Հովիկ Չարխչյան