Չարենց. «Երբ անօթին ավելի շատ է, քան հացը»

Հայ գրող, հրապարակախոս, հասարակական-կուսակցական գործիչ Էլլեն Բյուզանդի (1895-1970) անունն այսօր քչերին է հայտնի: Մինչդեռ նրա թողած գրավոր ժառանգությունը կարող է կարևոր սկզբնաղբյուր ծառայել անցյալ դարասկզբի մեր երկրի պատմության բազմաթիվ էջերի լուսաբանման համար: Այս տեսանկյունից ոչ պակաս արժեքավոր են նրա հիշողությունները Եղիշե Չարենցի մասին:

Ի տարբերություն Չարենցի շատ այլ ժամանակակիցների, Էլլեն Բյուզանդի հուշերը գրեթե միշտ անտեսվել են և միայն հազվադեպ են դրանք ծառայեցվել որպես փաստական վկայակոչում: Սա իր պատճառներն ունի: Խորհրդային տարիներին Բյուզանդն՝ իբրև դաշնակցական գործիչ, համարվում էր անցանկալի անձ: Իսկ հետագայում նրա տեսակետները գնահատվեցին կողմնակալ և սուբյեկտիվ:

Բյուզանդն ու Չարենցը՝ երկուսն էլ Կարսի բնակիչ, եղել են ծանոթներ, բայց ոչ երբեք մտերիմներ: Ժամանակ առ ժամանակ նրանց ուղիներն անսպասելիորեն հատվել են և շատ արագ էլ բաժանվել: Պետք է կարծել, որ դրան մեծապես նպաստել է փոխադարձ համակրանքի բացակայությունը: Եվ եթե Չարենցի պարագայում դա գրեթե հավասարազոր է եղել պարզ անտարբերության, ապա Բյուզանդի հակակրանքն իր հետքերն է թողել ինչպես անձնական փոխհարաբերություններում, այնպես էլ հուշագրության էջերում:

Էլլեն Բյուզանդի ջանքերը`տպավորություն ստեղծել, թե նա լավ է ճանաչել Չարենցին և բավականին շատ բան գիտի բանաստեղծի մասին, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվում: Սակայն, միևնույն ժամանակ, Բյուզանդի հուշերն ու վկայությունները նախ և առաջ արժեքավոր պիտի համարվեն այն պատճառով, որ վերջինիս ընդգծված  վանողական պահվածքն իր խորքում կամա թե ակամա ի հայտ է բերում  իրատեսական գնահատումներ և արժանահավատության տարրեր, բաներ, որոնք Չարենցով հիացող ու նրան երկրպագող մեկը գուցե թե միտումնաբար շրջանցեր:

Ստորև ներկայացնում ենք մի հատված Բյուզանդի հուշերից, որը վերաբերում է Չարենցի կյանքի ալեքսանդրապոլյան օրերին՝ մի կարճ շրջան, որն առ այսօր մնում է անհայտ ու չլուսաբանված:

 

Հովիկ Չարխչյան

 

«…Մայիսյան ապստամբության միջոցին Խորհրդարանը դադրեցրեց իր նիստերը. Պատգամավորները գնացին շրջանները զանազան աշխատանքներ կատարելու համար: Խորհրդարանի գրասենյակը մեծ գործ չուներ կատարելու:

Ապստամբության ճնշումեն անմիջապես հետո Աշխատանքի նախարար Վարոս Բաբոյանը ինձ կանչեց գործի: Գյումրի (Ալեքսանդրապոլ), Կարս, Սարըղամիշ և այլ վայրեր պիտի լծվեի Արհեստակցական Միությունները վերակազմելու գործին, որ ապստամբության պատճառով լուծարքի էր ենթարկված:

Մեր ընտանիքը՝ Կարսեն 18-ին գաղթած՝ Թիֆլիսում էր դեռ. միայն մեծ եղբայրս ընտանիքով արդեն Կարս էր վերադարձած: Գործի անցնելե առաջ մի քանի օրով գնացի Թիֆլիս քույրերս տեսնելու համար: Գյումրի եկա փոքր քրոջս՝ Հռիփսիմեի հետ (այժմ քույրս, Կալիֆորնիա՝ Լոս Անջելես է. տիկին Հ. Այվազյան՝ ամերիկյան հնչումով Այվիսըն): Իջանք մեր պապենական տունը, ուր միշտ կահավորված սենյակ ունեինք մեր տրամադրության տակ: Այդ միջոցին մեր տան վարձակալներն էին կարսեցի Քեոսապապյանները: Մեր տունը գտնվում էր Պարտեզի մոտ, Պուշկինյան փողոցի վրա, ճիշտ դիմացը՝ նախկին Առևտրական դպրոցի:

Այդ ժամանակ հաց կարելի էր ունենալ միայն արձանագրությամբ և բաժնեչափով: Մեր առաջին գործը եղավ մեր հացը ապահովելու խնդիրը: Հացաբաշխման գրասենյակը Առևտրական դպրոցի մեջ էր: Երկու քույր գնացինք՝ արձանագրվելու: Մեր դեմը գտանք Չարենցը, որ պաշտոն ուներ այդ գրասենյակում:

Երբ իմացավ, թե գործով էի Գյումրի եկել, ասաց.

-Ինձ էլ նոր գործ են տվել, ու ի՞նչ գործ, հացի բաժանում. գիտե՞ս ինչ դժվար գործ է հաց բաժանելը, երբ անօթին ավելի շատ է, քան՝ հացը: Օրինակ՝ ոչ այսօր, ոչ էլ վաղը դուք հաց չեք ունենա: Որպեսզի Գրասենյակը ձեզ հաց տա, պետք է, որ ձեր բաժին հացը իրեն հանձնե փուռը, որպեսզի փուռը ունենա ձեր բաժին հացը, պիտի դիմե ալյուրի... և այլն, և այլն: Վրաս չխնդաս, մեջը պիտի լինես հասկնալու համար, թե ինչ դժվար գործի են լծել ինձ: Չէ, բանաստեղծի գործ չէ այս. ավելի լավ է հաց ստացող լինել, հաց չստացած օրդ անօթի փորով հայհոյել կառավարություն, պաշտոնյա, նաև Աստված՝ քան հաց բաժնող լինել և հաց չտալ անօթի մարդուն: Չէ, ես այս գործի մարդը չեմ, օձիքս որ ազատեմ, Կարս պիտի գնամ:

Երեկոյան Չարենցը  եկավ՝ մի կտոր հաց ձեռին:

-Իմ բաժինն է, -ասաց, -բերել եմ քույրերիդ համար. դուն հոգս չես: Վաղն էլ կբերեմ, մինչև հաց ստանաք:

Քույրս մերժեց Եղիշի բաժին հացը ուտել: Առարկեցի նաև ես:

-Իմ հոգը ձեզ չէ տրված, -ասաց նա -ես դանակի տակի փշրանքներով էլ կարող եմ կշտանալ: Միևնույն է, եթե դուք չառնեք, ուրիշի կտամ, անոթի շատ կա:

Առանք Չարենցի բաժին-հացը:

Մի քանի օր հետո գյումրեցի մի երիտասարդի հետ, Չարենցը եկավ մեզ մոտ.

-Հեպերիկ Չոլախյանի հիշատակին սգահանդես ենք կազմակերպում, -ասաց Եղիշը: Եկած ենք խնդրելու, որ երկու քույրերդ էլ բերեք ձեր մասնակցությունը այդ տխուր հանդեսին: Սգահանդեսը, անոր նահատակության քառասունքի առթիվ, երիտասարդներս ենք նախաձեռնում: Ես որ չեմ սիրում նման գործերի մեջ մտնել, սիրով հանձն առա աշխատել՝ որովհետև Հեպերիկը...

Հուզվեց, ավելի բան չասաց:

Հեպերիկ Չոլախյանը բնիկ գյումրեցի, բազմաճյուղ, նահապետական գերդաստանի զավակ էր, բարձրագույն կրթությամբ գյուղատնտես էր. գործուն, հանրածանոթ Դաշնակցական, սիրված ու հարգված մարդ մեծերեն ու փոքրերեն: Մայիսյան ապստամբության խառն օրերին մի մարդ փողոցում վեճ է ունենում համայնավար կարծված մի երիտասարդի հետ. քաշում է ատրճանակը, որ սպանե հայրենիքի դավաճանին: Պատահմամբ Հերպերիկը ներկա է լինում այդ վեճին. իր կրծքով պաշտպանում է անզեն զոհին: Քաշված ատրճանակը պայթում է`խլելով Հերպերիկի կյանքը. մյուսը փրկված էր:

Լայնախոհության, մարդասիրության, արդարամտության մի անմեղ զոհ Հեպերիկ Չոլախյանը, մեծ կորուստ Դաշնակցության, մանավանդ գյումրեցիների համար:

Սգահանդեսը տեղի ունեցավ Առևտրական դպրոցի (այս դպրոցն էր, որ եղավ Հ. Հանրապետության առաջին համալսարանը) մեծ սրահում: Ես և քույրս մասնակցեցինք այդ հուզիչ սգահանդեսին, խոսքով և արտասանությամբ:

Գյումրի, Չարենցի հանդիպած լինելս աչքաթող չարեցի ընթերցողին ուշադրության հանձնելու համար հետևյալը:

Մայիսյան ապստամբության հետևանքով ձերբակալված, աքսորված, փախած, կամ թաքնված էին բոլոր ծանոթ համայնավարները, նաև բոլոր նրանք, որ որևէ մասնակցություն էին ունեցած ապստամբության: Չարենցը ոչ միայն ազատ էր, այլ նաև պաշտոն ուներ պետական հաստատության մեջ: Բացի այդ նա ինքնակամ նվիրումով մասնակցում էր Դաշնակցական Չոլախյանի սգահանդեսի կազմակերպության: Սրանք խնդիրներ են, որ նկատի պետք է ունենալ իր դեմքը գծելու համար: Ես դեռ Գյումրի էի, երբ Չարենցը՝ հավատարիմ իր խոսքին՝ թողեց պաշտոնը և գնաց Կարս: Այո, նրա համար անտանելի էր լինել հաց բաժանող, չունենալով պետք եղած հացը տալու համար անօթիներին:

1920 դեկտեմբեր: Համայնավար իշխանության կարճատև Խաղաղության շրջանին Չարենցը Երևանում էր: Կարսի անկումեն հետո Երևան էր եկել նաև Կարինե Քոթանջյանը: Պաշտոնավարում էր Կոնդ թաղի որբանոցում, որպես բժիշկի օգնական. նույն թաղում, որբանոցի մոտ, նա մի փոքրիկ սենյակ ուներ:

Ռազմաճակատեն վերադարձիս (դեկտ. 3-ին) ես շատ էի տկարացած: Կարինեն ստիպեց ինձ խնամվել: Ինքն ուզեց ինձ խնամել, ամեն օր գնում էի մոտը. կատարում էր ներարկումներ, ստիպում էր ձկան յուղ ընդունել. մի բան, որ չէի սիրում, բայց չէի կարող մերժել իմ շատ սիրած աղջկան:

Նրա մոտ էր, որ մի քանի անգամ հանդիպեցի Եղիշեին, տխուր էր, մտացրիվ. լաց էր լինում, երբ խոսում էր Կարսի անկման և ժողովրդի թշվառ վիճակի մասին: Սկսել էր խմել, գրպանում օղիի շիշ էր պահում: Երբ պահանջ կար խմելու և օղի չունենար՝ դառնում էր ջղագրգիռ, ցասկոտ, հայհոյում էր աջ ու ձախ: Ուզում էր խմել, խմել օղի. խնդրում էր, աղաչում, որ իրեն օղի տային խմելու:

Կարինեն՝ չկարողանալով դիմանալ նրա ողորմելի թախանձանքին՝ դեղի համար գործ ածած իր ալկոհոլեն մի քիչ ջրի մեջ խառնելով տալիս էր նրան խմելու: Այդ օրերին ցավալի, արգահատելի մի բան ուներ Չարենցը, որ նրան ճանաչողներիս ցավ էր պատճառում…»:

 

Էլլեն Բուզանդ