Ճանապարհորդում են գրողները

Գրչի մարդիկ բոլոր ժամանակներում են սիրել ճանապարհորդել ու այդ փորձառությունը հարմար պատրվակ է ծառայել իրենց գաղափարներն ու մտքերն արտահայտելու, իրենց զբաղեցնող կամ մտահոգող հարցերին անդրադառնալու համար։ Նրանցից շատերի համար ճանապարհորդությունը դարձել է սիրտը թեթևացնող սպեղանի, նոր ապրումների և զգացողությունների աղբյուր։ Ընդ որում, գրողները՝ ի տարբերություն գիտնական-ճանապարհորդների, սոսկ տեսածը պատկերելու փոխարեն հաճախ հայացքներն ուղղել են իրենց ներսը, իրացրել իրենց գրողական ծրագիրը, անդրադարձել աներևութականին կամ էլ փնտրել ու «գտել» այն, ինչ իրականում չի եղել։ Վերջին հաշվով՝ ճանապարհորդությունը հարստացնում է անհատի տպավորությունների պաշարը, ընդլայնում նրա աշխարհայացքը, հագեցնում ու իմաստավորում ապրած օրերը։ Ալբեր Կամյուն հավատացած էր՝ ճանապարհորդությունը լուրջ գիտություն է, որն օգնում է վերստին ինքնաբացահայտել ինքներս մեզ։

Ճանապարհորդությունը և թափառումը համաշխարհային գրականության գլխավոր սյուժետային մոտիվներից է։ Ինքնատիպ դիցաբանական մի ուղեգրություն է Հոմերոսի «Ոդիսական» էպիկական պոեմը, որի հիմքում Իթակեի արքա Ոդիսևսի՝ հայրենիք վերադարձի պատմությունն է։

Ի սկզբանե նկատելի է ճանապարհորդական երկերի բովանդակային տարբերությունը գրողների ստեղծած ուղեգրություններից․ եթե Հերոդոտոսը նախ և առաջ դիտորդ է, նկատում ու արձանագրում է նոր վայրում հայտնաբերած յուրաքանչյուր մանրուք, ապա Վերգիլիոսը «Էնեականում» պատկերում է հռոմեացիների նախահոր դիցաբանական թափառումները՝ շեշտելով պարտքի կատարման կարևորությունը, իսկ Օվիդիուսը ծովերին նայելով ողբում է արտաքսյալի իր դառը ճակատագիրը ու վերհիշում հայրենի եզերքը։ Ճանապարհորդությունը հրապուրում էր նաև Արևելքի գրողներին (Նասիր Խոսրով, Ֆան Չենդա և այլք), որոնց ուղեգրական նոթերն այսօր դասական ստեղծագործություններ են համարվում։

Հանդերձյալ աշխարհում երազային կամ երևակայական ճանապարհորդություն է նկարագրված Դանթեի «Աստվածային կատակերգությունում»։

Համաշխարհային գրականության գոհարներից է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» շրջադարձային ստեղծագործությունը։ Ավելի քան մեկուկես տարի ծպտյալ շրջագայելով մի երկրում, որի մեկ միավոր տարածքում աշխարհում ամենաշատ հուշարձաններն են տեղաբաշխված, երիտասարդ գրողն օրագրային գրառումներով ոչ միայն նկարագրեց տեսածը, այլև վերլուծեց ու վերիմաստավորեց այն՝ արտահայտվելով ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, անդրադառնալով արվեստին, պատմությանը, աշխարհագրությանը, բնությանը և մարդկանց։ Օդենն այդ ճանապարհորդությունը բնորոշել է որպես «որոնում»։ Միաժամանակ ինքը՝ հեղինակը նշում էր, որ ստեղծագործության հիմքում պահի ազդեցությամբ արված գրառումներն են։

Ռուս գրող Ալեքսանդր Ռադիշչևի համար Պետերբուրգից Մոսկվա ճանապարհորդությունը առիթ էր իր երկրում հաստատված կարգերի ու բարքերի քննադատության, իրեն մտահոգող տարատեսակ խնդիրների անդրադառնալու համար՝ ճորտատիրական կարգեր, ազատ խոսքի իրավունք, անարդար դատավարություններ, պոռնկություն, վատ ճանապարհներ, բանաստեղծական նախընտրելի չափեր և այլն։ Պատահաբար ճանապարհին լսած մի պատմությունից հետո Ռադիշչևը մենախոսությամբ դիմում է Աստծուն․ «Ով Աստվածամարդ։ Ինչո՞ւ Դու գրեցիր Քո օրենքը բարբարոսների համար։ Նրանք խաչակնքվում են Քո անվամբ և չարությանը արնոտ զոհեր մատուցում»։ Ճանապարհից հաճախ դժգոհող գրող-փիլիսոփան մարգարեանում է․ «Հռոմեացիների նման ճանապարհներ մենք երբեք չենք ունենա․ դրան խոչընդոտում են մեր երկար ձմեռը և խիստ սառնամանիքները․․․»։ Ռադիշչևը դատապարտում է ճորտ գյուղացիների թշվառ վիճակը, որոնք ըստ նրա՝ պետք է իրենց մշակած հողաբաժնի սեփականատերերը լինեն։ Կարելի է նկատել, որ նա դեռ նարոդնիկներից շատ առաջ հնչեցնում է նրանց համոզմունքներին մոտ մտքեր․ «Տերերի օրինակը վարակում է վերին դասի ծառայողներին, ստորին դասի ծառայողները վարակվում են վերիններից, ու նրանցից այլասերության խոցը հասնում է գյուղերին»։ Ճանապարհին Ռադիշչևին հանդիպողները մեկը մյուսից խելացի, խորը մտքեր են արտահայտում․ «աշխարհում ամեն ինչ անվի պես պտտվում է։ Այսօր խելքն է նորաձև, իսկ վաղը՝ հիմարությունը»։ Ռադիշչևը խոսքի ազատության կողմակիցն է․ «Եթե իշխանությունը գնում է իր համար նախատեսված ուղով, ապա չի վրդովվի բամբասանքի դատարկ հնչյունից․․․»։

1790-ին ընդհատակյա պայմաններում տպված ուղեգրությունը հեղինակի բանտարկության ու վաղաժամ մահվան պատճառ է դարձել։ Կայսրուհի Եկատերինա 2-րդին զայրացրած գրքի արգելքը Ռուսաստանում հանվել է ավելի քան հարյուր տարի անց միայն։ Ռադիշչևը ասես մատը վերքի վրա է դրել, գրքի շատ մտքեր ու դրույթներ այսօր էլ այժմեական են ու ոչ միայն Ռուսաստանի համար։

Ռուս դասական Ալեքսանդր Պուշկինն այդպես էլ արտասահմանում չեղավ։ Ամուսնությունից առաջ նա ցարից խնդրեց թույլատրել իրեն ճանապարհորդել Ֆրանսիա, Իտալիա կամ Չինաստան, սակայն դրա հնարավորությունը նրան չտրվեց։ 1828 թ․ ապրիլի 14-ին հրատարակվում է Թուրքիայի հետ պատերազմի մասին ցարական մանիֆեստը․ Պուշկինը ցարից խնդրում է զինվորագրել իրեն Կովկասում պատերազմող ռուսական բանակին, սակայն մերժվում է։ Այսպես,  առանց բարձրագույն թույլտվության, նա ինքնակամ ճանապարհվում է դեպի Էրզրում, ինչի մասին գրում է ճամփորդական հանրահայտ ակնարկը։ Այն լեցուն է հակասական, երբեմն աբսուրդային պնդումներով։ Օրինակ՝ Պուշկինը պատմում է, որ Հայաստանի տարածքում (ներկայիս Պուշկինի լեռնանցք) նա հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դին Թիֆլիս տեղափոխող մարդկանց խմբին, մինչդեռ մի շարք հետազոտողներ (գրականագետներ Յա․ Լևկովիչը, Վ․ Զախարովը և այլք) ապացուցում են, որ փոխադրությունը այլ ժամանակահատվածում է եղել։ Ինչո՞ւ է այս դրվագը հորինել Պուշկինը՝ մինչև վերջ պարզ չէ։ Թերևս նա ցանկացել է ինչ-որ կերպ տեքստ ներմուծել իր համար կարևոր թեմայի շուրջ խորհրդածությունները։ Մեկ այլ՝ ևս Հայաստանի հետ կապված անհամապատասխանություն է այն վկայությունը, իբր Գյումրիում կազակները բանաստեղծին ցույց են տվել Արարատը․ «Արփաչա՛յ․ մեր սահմանը։ Այս ամենն արժեր Արարատին։ Աննկարագրելի զգացմունքներով ես սլացա դեպի գետը»։ Հայտնի է, որ Գյումրիից Արարատը չի երևում․ ուրեմն ի՞նչ, Պուշկինի զրուցակիցները Արագածը շփոթել են Արարատի հետ, թե՞ սա ևս հորինվածք է։ Իր այս ուղեգրությունը Պուշկինը փորձել է առավելագույնս գեղեցկացնել, գեղարվեստականացնել, ավելացրել է արկածային տարրեր։ Պատումը չպետք է ձանձրալի լինի․ բանաստեղծը անդրադառնում է շնորհազրկված գեներալ Ալեքսեյ Երմոլովին իր այցելությանը, մարտերին մասնակցելու փորձառությանը, տեղական էկզոտիկ առանձնահատկութուններին և այլն։

Հայ գրականությունում ուղեգրությունը որպես առանձին ժանր հայտնվում է ուշ միջնադարում․ այդ բնույթի ուշագրավ չափածո և արձակ երկեր են ստեղծել Մարտիրոս Երզնկացին, Սիմեոն Լեհացին, Խաչատուր Թոխաթցին և ուրիշներ․ նրանք ուխտագնացությունների, ճանապարհորդությունների միջոցով փորձել են ծանոթանալ օտարերկրյա, անծանոթ վայրերի, հոգևոր և աշխարհիկ կառույցների, մարդկանց, երևույթների ու դրանք ներկայացնել իրենց հայրենակիցներին։ Բնականաբար, նմանատիպ երկերում աստիճանաբար ավելի մեծ տեղ էին զբաղեցնում աշխարհիկ հարցերը։ Հայ գրականության ուղեգրական բնույթի գոհարներից է Րաֆֆու «Աղթամարա վանքը» ակնարկը։ Հեղինակն հատուկ ուղևորվել էր Արևմտյան Հայաստան, այնտեղ տիրող վիճակին ծանոթանալու ու Էրգրի սահմաններից դուրս գտնվող հայրենակիցներին դրա մասին պատմելու համար։ Ճանապարհորդության արդյունքներից մեկը եղավ վերոնշյալ ակնարկը, որը ներկայացնում է Րաֆֆու բանավեճը վանքի հոգևորականների հետ՝ հայ ժողովրդի լուսավորության վերաբերյալ․ այն լայն արձագանք գտավ հայ հասարակության մեջ, իսկ դրանում զետեղված «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» բանաստեղծությունը հայ և օտարազգի երգահանները վերածեցին երգերի։ Իր մյուս՝ ավելի ընդգրկուն ուղեգրությունը Րաֆֆին ներառել է «Կայծեր» վեպում։

Կյանքի մեծագույն մասն արտասահմանում անցկացրած Կոստան Զարյանի համար նրա ճանապարհորդությունները իմացական խորը աղբյուր են հանդիսացել։ Նա անսքող հետաքրքրությամբ է ուսումնասիրել ամեն անծանոթն ու նորը, ամբողջական գրքեր նվիրել իր փորձառություններին ու հմտորեն համադրել տեսածն ու զգացածը հայրենի իրողությունների հետ՝ ձգտելով բարելավել, հզորացնել դրանք։ «Սպանիայի» նախաբանում նա գրել է․ «Ու այս գրքի միակ հավակնությունն է՝ կարողանալ մի օր հասկանալի և անհրաժեշտ դառնալ նրանց, որոնք որոշել են լինել նորից, կառուցանել նոր հոգեկան մի զորություն, գոյանալ ամբողջովին, ճակատագրականորեն»: Որ երկրի մասին էլ գրում է Զարյանը, չի դադարում մտքում պահել, նկատի ունենալ Հայաստանը։ «Միացյալ Նահանգներ» գրքում նա ընդգծում է․ «Հայ մարդը գերազանցապես նախա- և վերա- պատմական տիպար է: Ամերիկացին արտա-պատմական է և իր հիմնական մտայնությունով` եկվոր:

Հայը, առանց իսկ տերը լինելու իր երկրին, միշտ այնտեղ է, միշտ ներսը: Ոչ միայն հոգեպես, այլ ֆիզիկապես կապված: Այն աստիճան, որ իր լեռները, իր դաշտերը, իր հողերը, եթե նույնիսկ նա նրանց տեսած իսկ չէ, նրա մեջ գոյացնում են այն ռեֆլեքսները, որոնք հատուկ են մեր մարմնի մեջ աշխատող օրգաններին…»

Ուշագրավ է, որ տարիներ շարունակ Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներում տարագրյալի կարգավիճակով բնակված Ավետիք Իսահակյանի գրականության կիզակետում մնացել է հայրենիքը։ Ահա՛ անզուգական Վարպետի դիպուկ բացատրությունը․ «Հայաստանը ես միշտ և հանապազ կրել եմ իմ հոգում, ուր որ եղել եմ, Հայաստանը տարել եմ ինձ հետ: Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առաջ, բայց տեսել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը: Լսել եմ Նեապոլի ժողովրդական երգերը, բայց հուզվել եմ մեր ժողովրդի երգերով»։

1920-30-ական թվականներին Խորհրդային Հայաստանում հաստատված Վահան Թոթովենցը և Զապել Եսայանը, որոնք նախկինում Արևմուտքում զգալի ժամանակ էին անցկացրել, սոցիալիստական գաղափարախոսության տեսանկյունից քննադատորեն վերարժևորեցին իրենց փորձառությունը։ Շատ ավելի հավասարակշռված են աշխարհի տարբեր անկյուններն այցելած Շիրվանզադեի տպավորությունները։

Ինչպես որ Րաֆֆին քաջ ծանոթ էր միջնադարյան հայ հեղինակների ուղեգրություններին ու շարունակում էր նրանց ավանդույթները, այնպես էլ խորհրդահայ գրողների ուղեգրությունները կրում են Րաֆֆու ուղեգրական ակնարկների հատկապես ոճական ազդեցությունը (օրագրային բնույթի անմիջական շարադրանք, երկխոսությունների առատություն և այլն)։ Ուղեգրությունների խորհրդահայ հեղինակները՝ Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Վարդգես Պետրոսյանը և Զորի Բալայանը, իրենց այցելած երկրները նկարագրելիս հիմնականում անդրադառնում էին տեղի հայ գաղութներին, հայկական հարցին, Հայոց ցեղասպանության թեմային, եկեղեցու դերին, երբեմն արծարծելով արգելված թեմաներ։ Կապուտիկյանն իր անգերազանցելի ուղեգրություններում, որոնք նաև թարգմանվեցին օտար լեզուներով, առաջին անգամ համարձակվեց պատմել ազգային կուսակցությունների և սփյուռքում սկիզբ առած զինյալ պայքարի, մեծահարուստ բարերարների, սփյուռքահայերի ուծացման ու շատ այլ երևույթների մասին։ «Քարավանները դեռ քայլում են» գրքի մասին գրականագետ Սուրեն Աղաբաբյանն այսպես է արտահայտվել․ «Դա ժամանակակից Սփյուռքի վերաբերյալ մինչև այսօր եղած լավագույն գիրքն է: Սովորական իմաստով տուրիստական ուղեգրություն չէ դա, այլ գեղարվեստական-հրապարակախոսական-գիտական մի խառնաժանր (այս հասկացության դրական իմաստով)...»

Ճանապարհորդությունները և արշավները առանձնապես նշանակալի տեղ են զբաղեցնում Զորի Բալայանի ստեղծագործություններում․ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով՝ նա «երիտասարդ տարիներին արձակուրդի բոլոր ամիսները տրամադրել ու շրջել է մեր երկիրը ծայրեծայր՝ ոտքով և ոչ այնքան ավանդական փոխադրականներով»։ Ճանապարհորդությունը Բալայան-գրողի համար և՛ արկած է, և՛ մարդկային կարողությունների բացահայտում, և՛ աշխարհաճանաչողություն, և՛ հրապարակախոսական գրավոր ելույթի շարժառիթ։

Սփյուռքահայ գրող Պողոս Գուբելյանը բնակվել է երեք աշխարհամասերում ու գրական վերելքը սկսել աֆրիկյան բացառիկ փորձառության ներկայացմամբ, հետագայում անցնելով արևմտյան իրականությանը։ Ալեքսանդր Թոփչյանի վկայությամբ՝ «Գուբելյանը «հայկական» նյութին մոտեցավ «օտարը» հիմնավորապես յուրացնելուց հետո, արդեն որպես փորձառու արձակագիր․․․»։

Եթե ռուսալեզու գրողների համար (Բելի, Մանդելշտամ, Գրոսման, Բիտով, Կարաբչիևսկի) դժվարին ժամանակներում Հայաստանը ներշնչման, հոգևոր թարմացման աղբյուր է հանդիսացել, ապա անգլիալեզու գրողների դեպքում այն հանդես է եկել որպես տարաշխարհիկ, ռոմանտիկ մի կանգառ (Ջոն Ափդայք), արտասովոր, նույնիսկ ցնցող պատմություն, մշակույթ ու ժողովուրդ ունեցող երկիր (Ֆիլիպ Մարսդեն) կամ արմատները վերագտնելու միջոց (Մայքլ Առլեն Կրտսեր)։

Մի շարք անգլիալեզու հեղինակների համար ճանապարհորդությունը դարձավ նախնական այն նյութը կամ կմախքը, որի շուրջ հյուսվեցին նրանց գլուխգործոցները (Քիփլինգ, Վ․ Վուլֆ, Սթեյնբեք, Քերուաք և ուրիշներ)։ Էռնեստ Հեմինգուեյը, բնակվելով Փարիզում, ընկալեց ու զգաց ֆրանսիական մայրաքաղաքը բոլորովին առանձնահատուկ, տեղացիների համար անսովոր տեսանկյունից․ «Եթե բախտդ բերել է ու ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը հետդ կլինի, քանզի Փարիզը մի տոն է, որ միշտ քեզ հետ է»։

Հատկանշական է, որ ամեն գրող յուրովի է ընկալում տեսածը, ուստի ճամփորդական տպավորությունները միշտ գրավիչ են ու անսպառ։ Տեսողութունից գրեթե զրկված Խորխե Լուիս Բորխեսն իր «Ատլաս» ուղեգրական օրագրում կիսվում է հայտնագործած ձայների, լեզուների, մթնշաղների, քաղաքների, պարտեզների ու մարդկանց մասին։ Եղած ամեն մի վայրը գրողի մտքում նույնացվում է ինչ-որ բանի հետ ու անմահանում մանրապատումի ձևով․ ըստ նրա՝ Ժնևը մոլորակի բոլոր քաղաքներից ամենաշատն է ստեղծված երջանկության համար, Հունաստանը այն վայրն է, որտեղ ամեն ինչ սկսվել է՝ «եթե աշխարհը սկիզբ ունի», իսկ Սահարայում գրողը վերցնում է մի բուռ ավազ ու շաղ տալիս մի քանի քայլ այն կողմ՝ ասելով․ «Ես այլակերպեցի Սահարան»։ Բորխեսը համոզված էր, որ յուրաքանչյուր ճանապարհորդ ասես առաջին անգամ է հայտնագործում տեսածը։

Հետևելով իր անվանի նախորդներին՝ ամերիկյան գրող Էլիզաբեթ Գիլբերթը 2006 թ․ հրատարակեց իր «Ուտել, աղոթել, սիրել» հուշագրությունը։ Շուրջ 30 միլիոն տպաքանակով վաճառված գիրքը 187 շաբաթների ընթացքում մնաց «Նյու Յորք Թայմսի» բեսթսելերների ցանկում և էկրանավորվեց։ Տառապալից ամուսնալուծությունից հետո հեղինակը որոշում է հաջորդ տարին անցկացնել՝ աշխարհով մեկ ճանապարհորդելով։ Նա նախ լինում է Իտալիայում և վայելում տեղական ուտեստները, ապա Հնդկաստանում փնտրում հոգևոր սնունդ, և ի վերջո Ինդոնեզիայում գտնում «հավասարակշռություն» և սեր։ Ու այս ամենը տեղի է ունենում ասես նախանշված, նախորոք ծրագրված մի ընթացքով․ ընդհանրապես, ժամանակակից ուղեգրություններին հատուկ է իմերսիվ բնույթը, երբ ընթերցողը տարբեր հնարքներով ասես ընկղմվում է բովանդակության մեջ ու դառնում դրա գործող անձանցից մեկը։

Ուղեգրությունն այն ժանրերից է, որը չի կորցնում իր ժողովրդականությունը։ Չնայած, որ ճանապարհորդելը համեմատաբար մատչելի է դարձել մարդկության համար, միևնույնն է, քչերը կարող են պարծենալ, որ բազում երկրներում են եղել կամ առանց լինելու՝ շատ բանից են տեղյակ։ Առավել ևս կարևոր է ճանապարհորդությունը գրողների համար՝ որպես մխիթարանք, աշխարհաճանաչողության ու ինքնաճանաչողության աղբյուր․ ահա թե ինչու այն երբեք չի հնանա ու չի արժեզրկվի։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Պուշկինի ճանապարհորդությունը դեպի Էրզրում, ինքնանկար

2. Հեմինգուեյը Ֆրանսիայում

3․ Սիլվա Կապուտիկյանը Էյֆելյան աշտարակի մոտ

... ...