Չարլզ Բուկովսկի. « Ես իմ ժամանցի լավագույն ձևն եմ»

37 տարի առաջ՝ 1987-ի սեպտեմբերին, «Interview magazine» ամսագիրը Ամերիկայի  ծագող աստղ Շոն Պենին խնդրում է այցելել Բուկովսկուն, զրուցել նրա հետ և զրույցի ընթացքում կենտրոնանալ այս տաղանդավոր մարդու խենթ համարձակության վրա․․․

Այդ ժամանակ Բուկովսկին կնոջ՝ Լինդայի հետ բնակվում էր Կալիֆորնիայի Սան Պեդրո քաղաքում. խմիչք, կռվարարություն ու կնամոլություն․․․ մինչդեռ Ժենեն ու Սարտրը  նրան համարում էին «Ամերիկայի լավագույն բանաստեղծը», իսկ ընկերներն ուղղակի  Հենք էին կոչում։ «ArtCollage»-ը ներկայացնում է Շոն Փենի հարցազրույցը Բուկովսկու հետ:

 

***

ԲԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Բարերն ինձ այլևս չեն գրավում: Դրանք դուրս են եկել իմ անելիքների ցանկից: Հիմա, երբ բար եմ գնում, սիրտս խառնում է, դռնից ներս եմ մտնում ու սկսում եմ փսխել: Շատ բարերում եմ եղել, չափից դուրս շատ: Հասկանո՞ւմ ես, այդ ամենը լավ է, եթե երիտասարդ ես: Երբ քեզ դուր է գալիս բռունցք թափ տալ ինչ-որ մեկի վրա, քեզ մաչոյի տեղ դնել`փորձելով մի անբարոյի կպցել: Իմ տարիքում այդ ամենն այլևս պետք չէ: Հիմա ես բար եմ մտնում միզելու համար: Չափազանց շատ տարիներ եմ ես այնտեղ անցկացրել:

 

ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ

Ալկոհոլը, հավանաբար, ամենակարևոր բաներից է, որ հայտնվել է երկրի երեսին՝ իմ կողքին: Հա... սա երկրի երեսի կարևոր բաներից մեկն է: Ուստի, մենք վատ չենք յոլա գնում: Մարդկության մեծամասնության համար այն կործանարար է։ Ես այդ թվում չեմ: Անգամ կանանց հետ: Գիտե՞ս, ես միշտ զուսպ եմ եղել սեքսի հարցում, բայց ալկոհոլը թույլ է տալիս ավելի ազատ լինել, սեքսուալ առումով ազատ: Թեթևացնող է, որովհետև ես, ընդհանուր առմամբ, նուրբ եմ ու ինքնամփոփ: Ալկոհոլը թույլ է տալիս լինել այնպիսի հերոս, որ համարձակ քայլեմ տարածության և ժամանակի միջով, անելով այս բոլոր հանդուգն բաները... Այնպես որ այն ինձ դուր է գալիս… հա՛:

 

ԾԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սիրում եմ ծխել։ Ծուխն ու ալկոհոլը հակակշռում են միմյանց։ Խմելուց հետո արթնանում եմ, ու այնքան շատ եմ ծխում, որ երկու ձեռքերս դեղին են, տեսե՛ք, ասես ձեռնոցներ կրեմ... համարյա շագանակագույն... իսկ դուք հարցնում եք՝ Ինչպե՞ս են թոքերս: Աստվա՛ծ իմ։

 

ԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շատ կատու ունենալը լավ է: Եթե քեզ վատ ես զգում, ուղղակի նայում ես կատուներին ու արդեն ավելի լավ ես, քանի որ նրանք գիտեն, որ ամեն ինչ կա, ճիշտ այնպես, ինչպես կա: Հուզվելու բան չկա: Նրանք պարզապես գիտեն. նրանք փրկիչներ են: Որքան շատ կատու ունեք, այնքան երկար եք ապրում: Եթե հարյուր կատու ունես, տասն անգամ ավելի երկար կապրես, քան տասը: Մի օր սա կբացահայտվի, և մարդիկ հազար կատու կունենան և հավերժ կապրեն: Իսկապես ծիծաղելի է:

 

ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻն

Ես նրանց անվանում եմ բողոքող մեքենաներ: Տղամարդկանց հետ հարաբերությունները երբեք հարթ չեն։ Իսկ թե հանկարծ հիստերիայի մեջ ընկնի․․․ մոռացիր ամեն ինչ։ Պետք է դուրս գաս, մեքենա նստես ու գնաս՝ ինչ-որ տեղ։

Մի բաժակ սուրճ վերցրու ու ինչ-որ տեղ գնա: Ինչ-որ տեղ։ Ցանկացած մի տեղ, բայց ոչ ուրիշ կնոջ մոտ։ Կարծում եմ՝ նրանք պարզապես այլ կերպ են կառուցված։

Երբ գալիս է այդ հիստերիան․․․ նա գնում է։ Ու դու պետք է շատ արագ հեռանաս։

«Ո՞ւր ես գնում» (բարձր ճչացող ձայնով): «Պետք է դժոխք գնամ, փոքրիկս»: Նրանք կարծում են՝ ես ատում եմ կանանց, բայց դա այդպես չէ։

Նրանք պարզապես լսում են. «Բուկովսկին շովինիստ խոզ է», բայց աղբյուրը չեն ստուգում։ Իհարկե, ես երբեմն կանանց վատ լինելու պատճառ եմ դառնում, բայց նույնը լինում է նաև տղամարդկանց հետ։ Եթե կարծում եմ, որ ինչ-որ բան վատ է, հենց այդպես էլ ասում եմ՝ տղամարդուն, կնոջը, երեխային, շանը։ Կանայք կարծում են, թե իրենք առանձնահատուկ են, բայց դա իրենց խնդիրն է։

 

ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մի փոքրիկ պատմվածք էի գրել մեկի մասին, որը փոքրիկ աղջկա էր բռնաբարել։ Մարդիկ սկսեցին մեղադրել ինձ։ Սկսեցին ինձնից հարցազրույցներ վերցնել: Հարցնում էին՝ Դուք կուզեի՞ք բռնաբարել փոքրիկ աղջիկներին: Ասում էի՝ իհարկե ոչ, ես պատկերում եմ կյանքը։

Շատ եմ փորձանքների մեջ ընկել։ Մյուս կողմից էլ, դժվարությունները երբեմն գրքեր են վաճառում: Բայց միշտ էլ նախ ինձ համար եմ գրում։ (Նա գլանակից մի խոր ծուխ է ներս քաշում): Ճիշտ այսպես՝ «Ներսը» ինձ համար է, մոխիրը՝ մոխրամանի... Սա է հրապարակվում։

Երբեք ցերեկը չեմ գրում։ Դա նման է շորերդ հանած առևտրի կենտրոնով վազելուն․ բոլորը կարող են տեսնել քեզ: Գիշերը... հնարքներ հորինելու․․․ կախարդանքի ժամանակն է։

 

ՊՈԵԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ես միշտ հիշում եմ միջնակարգ դպրոցների բակերը, երբ «բանաստեղծ» և «պոեզիա» բառերն ի հայտ եկան, երեխաները ծիծաղում ու ծաղրում էին: Հիմա տեսնում եմ՝ ինչու, քանզի այն կեղծ ապրանք էր: Դարեր շարունակ այն կեղծ էր ու սնոբ: Այն չափազանց նուրբ էր: Չափազանց թանկ էր ներկայացվում: Մի փունջ աղբ էր: Դարերի պոեզիան գրեթե ամբողջական աղբ է: Կեղծ է, կեղծիք:

Լավ բանաստեղծներ շատ քիչ են եղել, ինձ սխալ չհասկանաք։ Չինացի բանաստեղծ կար Լի Պո անունով: Նա կարող էր չորս կամ հինգ պարզ տողերի մեջ ավելի խոր զգացողություն, ռեալիզմ և կիրք շարադրել, որքան բանաստեղծների մեծամասնությունը իրենց խայտառակության տասներկու կամ տասնչորս էջերում չէին կարող: Գինի էր խմում։ Իր բանաստեղծություններն այրում էր, նավարկում գետով ու գինի խմում։ Կայսրերը սիրում էին նրան, քանի որ հասկանում էին, թե ինչ է ասում... բայց, իհարկե, նա վառում էր միայն իր վատ բանաստեղծությունները (ծիծաղում է)։

Ինչ եմ փորձում անել ես, եթե թույյլ տաք, փորձում եմ գործարանի աշխատողի տեսանկյունից նկարագրել կյանքը․․․ այն ճչացող կնոջը, երբ ամուսինը վերադառնում է աշխատանքից։ Ամենապարզ իրականությունը՝ հասարակ մարդու իրական տեսանկյունից։ Մի բան, որը հազվադեպ է հիշատակվում դարերից եկող պոեզիայում։ Ինձ հիմարի տեղ մի դրեք, երբ ասում եմ, որ դարերի պոեզիան աղբ է։ Խայտառակություն է։

 

ՇԵՔՍՊԻՐԻ ՄԱՍԻՆ

Նա անընթեռնելի է ու գերագնահատված: Բայց մարդիկ չեն ուզում լսել սա: Տեսնո՞ւմ ես, չես կարող հարձակվել, սրբություններին կպչել: Շեքսպիրը ներկառուցվել է դարերի ընթացքում: Կարելի է ասել «Այսինչը ոջլոտ դերասան է»։ Բայց չի կարելի ասել, որ Շեքսպիրը հիմար է:

Որքան երկար է մի բան տևում, այնքան շատ սնոբներ են փորձում հպվել դրան, ինչպես կաթնաձկանը: Երբ սնոբները զգում են, որ ինչ-որ բան ապահով է... փորձում են միանալ: Այն պահին, երբ նրանց ասում ես ճշմարտությունը, նրանք կատաղում  են: Չեն կարողանում գլուխ հանել: Դա հարձակում է սեփական մտքի գործընթացի վրա: Զզվելի են։

 

ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Ես շատ չեմ նայում մարդկանց. դա անհանգստացնող է: Ասում են՝ եթե մեկին շատ ես նայում, սկսում ես նմանվել նրան։ Խեղճ Լինդա։

Հիմնականում կարող եմ ապրել առանց մարդկանց: Ինձ չեն լցնում, դատարկում են։ Ոչ մի տղամարդու չեմ հարգում. Այս տեսանկյունից խնդիր ունեմ... սուտ եմ ասում, բայց հավատացեք, որ այդպես է։

Երկաթուղու սպասարկող աշխատակիցը լավ տղա է։ Երբեմն երկաթուղուց հեռանալիս  հարցնում է՝ ո՞նց ես: Արի էս գիշեր դուրս գանք, հարբենք, անշնորհքություններ անենք։  Ասում եմ՝ Ֆրենկ, կմտածեմ այդ մասին։ Ասում է՝ գիտե՞ս, որքան կյանքը վատանում է, այնքան իմաստուն եմ դառնում։

Ասում եմ՝ պետք է որ շատ իմաստուն լինես, Ֆրենկ։ Ասում է՝ գիտես, լավ է, որ չենք հանդիպել, երբ երիտասարդ էինք։ Ասում եմ՝ ահա, գիտեմ ինչ ես ասելու, Ֆրենկ, երկուսս էլ հիմա Սան Քվենտինի բանտում կլինեինք։ Ասում է՝ ճիշտ ես։

 

ԵՐԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ

Օրերս նստած եմ ու զգում եմ ինչպես է մեկն ուշադիր նայում։ Գիտեմ ինչ է լինելու հետո, այնպես որ վեր եմ կենում, որ գնամ։ Իսկ նա ասում է՝ ներեցեք։

Ասում եմ՝ լսում եմ։ Ասում է՝ դու  Բուկովսկի՞ն ես։ Ասում եմ՝ ոչ։

«Կարծում եմ՝ մարդիկ քեզ անընդհատ այդ հարցն են տալիս, չէ՞»: Ասում եմ՝ այո՛։

Ու հեռանում եմ։ Նախկինում էլ ենք անդրադարձել սրան։

Անձնական տարածքի ու գաղտնիության նման կարևոր ոչինչ չկա: Լավ, ես իսկապես սիրում եմ մարդկանց։ Հաճելի է, որ նրանք կարող են հավանել իմ գրքերը և այդ ամենը... բայց ես այդ գիրքը չեմ, հասկանո՞ւմ ես։  Ես այն տղան եմ, որը գրել է դա, բայց ես չեմ ուզում, որ նրանք մոտենան ու վարդեր շաղ տան ինձ համար ու նման բաներ․․․ Ես ուզում եմ, որ նրանք ինձ թույլ տան շնչել: Նրանք ուզում են ինձ հետ շփվել: Նրանք կարծում են, որ կլինեմ մի քանի անբարոյի հետ, վայրի երաժշտություն կլսեմ, ինչ-որ մեկին կխփեմ... Նրանք կարդում են պատմությունները: Ախր անգամ այդ պատմությունները տեղի են ունեցել 20-30 տարի առաջ։

 

ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երբեք միայնակ չեմ եղել: Եղել եմ սենյակում, ինքնասպանության մտքեր եմ ունեցել։ Ընկճված եմ եղել: Սարսափելի վատ եմ զգացել, աննկարագրելի սարսափելի․․․ բայց երբեք չեմ մտածել՝ ինչ-որ մեկը կարող է մտնել այդ սենյակ և բուժել այն ամենը, ինչն ինձ անհանգստացնում էր... կամ որ ինչ-որ թվով մարդիկ կարող են մտնել այդ սենյակ: Այլ կերպ ասած, միայնությունը մի բան է, որը երբեք չի անհանգստացրել ինձ, քանի որ միշտ տենչացել եմ մենակ լինել։

Խնջույքում կամ մարդկանցով լի մարզադաշտում էլ եմ մենակ զգում։ Իբսենին մեջբերեմ. «Ամենաուժեղներն ամենամենակներն են»: Երբեք չեմ մտածել. «Դե, ինչ-որ գեղեցիկ շիկահեր կգա, կշփվի հետս, կշոյի ինձ, ու ինձ լավ կզգամ»: Ո՛չ, դա չի օգնի: Ամբոխին բնորոշ է գոռալ․ «Վա՜յ, ուրբաթ երեկո է, ի՞նչ ենք անելու, մի՞թե ուղղակի նստելու ենք այստեղ»: Դե՝ հա: Դրանից բան դուրս չի գա։ Հիմարություն է։ Հիմար մարդիկ խառնվում են հիմար մարդկանց հետ: Հիմարները հիմարացնում են հիմարներին։ Երբեք չեմ մտածել, թե գիշերները շտապելու համար են։ Ես թաքնվում էի բարերում, քանի որ չէի ուզում թաքնվել մարդկանց այդ գործարաններում։ Այսքանը: Թող ինձ ներեն միլիոնավոր մարդիկ, բայց ես երբեք միայնակ չեմ եղել: Սիրում եմ ինքս ինձ։ Ես իմ ժամանցի լավագույն ձևն եմ: Մի քիչ էլ գինի չխմե՞նք։

 

ՀԱՆԳՍՏԻ ՄԱՍԻՆ

Սա շատ կարևոր է՝ ազատ ժամանակ ունենալը։ Տեմպը շատ կարևոր է: Առանց դադարի և ոչինչ չանելու պահերի դուք ամեն ինչ կկորցնեք: Անկախ նրանից դերասան ես, տնային տնտեսուհի, թե ինչ-որ այլ մասնագետ... բարձունքների միջև մեծ դադարներ են պետք, դադար, երբ ոչինչ չես անում։

Պարզապես պառկում ես մահճակալին ու նայում առաստաղին: Սա շատ, շա՛տ կարևոր է... ուղղակի ոչինչ չանելը շատ կարևոր է: Իսկ քանի՞ մարդ է անում սա ժամանակակից հասարակության մեջ: Շատ քիչ։ Ահա թե ինչու են բոլորը կատաղած, հիասթափված, զայրացած և զազրելի։

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չկա գեղեցկություն, հատկապես մարդու դեմքին... այն, ինչ մենք անվանում ենք դիմագիծ: Այս ամենը հատկանիշների մաթեմատիկական և երևակայական հավասարեցում է: Օրինակ, եթե քիթը շատ դուրս ցցված չէ, կոնքերը նորաձև են, եթե ականջի բլթակները շատ մեծ չեն, եթե մազերը երկար են... Դա մի տեսակ ընդհանրացված պատկեր է։ Մարդիկ որոշ դեմքեր գեղեցիկ են համարում։ Մաթեմատիկայում սա զրոյական հավասարում է: «Իսկական գեղեցկությունը» գալիս է, իհարկե, բնավորությունից, ոչ թե հոնքերի ձևից։ Այնքան կանայք կան, որ ինձ ասում են՝ նայիր, սիրուն է․․․գրողի տանի, ասես ափսեի նայեմ։

 

ԺՈՒԿՈՎ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Ձմեռ էր։ Սովից մահանում էի՝ փորձելով գրող դառնալ Նյու Յորքում: Երեք-չորս օր էր ոչինչ չէի կերել։ Վերջապես ասացի ինքս ինձ․ «Պետք է մի մեծ տոպրակ ադիբուդի ուտեմ»: Աստված իմ, այնքան ժամանակ ոչինչ չէի կերել, որ դա այնքան լավը թվաց։ Ամեն մի հատիկը սթեյքի նման էր։ Ծամում էի, և այն պարզապես ընկնում էր իմ խեղճ ստամոքսի մեջ: Ստամոքսս կասեր՝ «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ,  ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ»: Ես դրախտում էի, պարզապես քայլում էի, հանկարծ երկու տղա պատահեցին, և մեկը մյուսին ասաց. «Հիսուս Քրիստոս»: Մյուսն ասաց՝ ի՞նչ էր։ «Տեսա՞ր ադիբուդի ուտող այդ տղային, Աստված իմ, ինչ սարսափելի էր»: Այլևս չկարողացա վայելել ադիբուդիի մնացած մասը: Սկսեցի մտածել՝ ի՞նչ նկատի ուներ «սարսափելի» ասելով: Ես դրախտում եմ: Հավանաբար մի քիչ կեղտոտ էի: Նրանք այդպես էին տեսնում այդ խեղճուկրակ տղային։

 

ՎԱԽԻ ՄԱՍԻՆ

Դրա մասին ոչինչ չգիտեմ (ծիծաղում է)։

 

ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ

Հավատը լավ է նրանց համար, ովքեր ունեն այն: Միայն թե մի ծանրաբեռնեք ինձ դրանով: Ես ավելի շատ հավատում եմ իմ ջրագծի վարպետին, քան հավերժական էակների գոյությանը։ Այդ վարպետները լավ են աշխատում։ Նրանք անխափան հոսք են ապահովում։

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Միշտ ասես անկյունում բռնված լինես: Ամոթալի է: Այնպես որ ես միշտ չէ, որ լիովին ճշմարտությունն եմ ասում: Սիրում եմ մի քիչ խաղալ և կատակել, ուստի որոշակի ապատեղեկատվություն եմ տալիս զուտ զվարճության և հիմարության համար: Այնպես որ, եթե ցանկանում եք իմանալ իմ մասին, երբեք մի կարդացեք հարցազրույցս: Անտեսեք նաև այս մեկը․․․

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի