Բրոդվեյ՝ միակն ու անկրկնելին

«ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Անուշ Ասլիբեկյանի Բրոդվեյին նվիրված հոդվածաշարի առաջին մասը:

***

Թատերական Բրոդվեյը և «Թոնին»

Բրոդվեյ բառը վաղուց արդեն ոչ միայն Նյու Յորքում գտնվող փողոցի անուն է նախանշում, այլ ընդհանուր անվանումն է՝ հիմա արդեն 41 մեծ (ավելի քան 500 նստատեղ ունեցող) թատրոնների խմբի, որոնք տեղակայված են Մանհեթենի Թատերական թաղամասի Բրոդվեյ (և ոչ միայն) փողոցի երկայնքով։ Նյու Յորքում այս անունով մի քանի փողոց կա, սակայն դրանցից ամենաերկարը՝ մանհեթենյանը, հռչակավոր դարձավ թատրոնների շնորհիվ: Բրոդվեյն ամերիկյան թատերական մշակույթի հիմքն է, նաև՝ ուղիղ համեմատականը կոմերցիոն հասկացության։ Ըստ մշակութաբանների, թատերական Բրոդվեյը նույն նշանակությունն ունի ժամանակակից զանգվածային մշակույթի ձևավորման համար, ինչ՝ Հոլիվուդը կինոյում: Եվ եթե կինոոլորտի գլխավոր մրցանակը «Օսկարն» է, ապա թատերական Բրոդվեյինը՝ «Թոնին» (The Tony Award), որ նույնչափ հեղինակավոր է: Թատրոնի ոլորտում հայտնի են նաև «Drama Desk», «Drama League», «Outer Critics Circle Award» և այլ մրցանակները, որոնց հաղթողները հայտարարվում են ամեն տարվա մայիսին: Շատ ականավոր դերասաններ և թատերական գործիչներ են դարձել «Tony Award»-ի դափնեկիր։ Հայտնի հաղթողների թվում են Քեթրին Զետա-Ջոնսը, Ալ Պաչինոն, Սքարլեթ Յոհանսոնը, Վուպի Գոլդբերգը, Դենզել Վաշինգտոնը, Էդդի Ռեդմեյնը, Քևին Սփեյսին, Վիոլա Դևիսը, Հյու Ջեքմանը և ուրիշներ։

 

Բրոդվեյյան շոու կամ մյուզիքլ

ԱՄՆ-ում պետական թատրոններ չկան: Բրոդվեյյան թատրոն ասելով պետք է հասկանալ հենց միայն թատերական շենքը, այնտեղ չկա հիմնական թատերախումբ, հաստիքային բեմադրիչ և հաստատված խաղացանկ: Բեմը պայմանագրով կարող է վարձակալել ցանկացած անտրեպրենյոր՝ մեկ կոնկրետ ներկայացման համար, որոնք  հիմնականում ծախսատար, շքեղ, բարձրորակ մյուզիքլներ (մոտ 70%) կամ «շոուներ» են`ինչպես ասում են ամերիկացիները: Մյուզիքլների երկարակեցությունը կախված է հանդիսատեսի ընդունելությունից: Կան շոուներ, որոնք մեկ շաբաթվա կյանք են ունենում, կան այնպիսիք, որոնք՝ տասնյակ տարիների: Դրանք երկրի տնտեսությանն ամեն տարի բերում են ահռելի եկամուտ, քանի որ Նյու Յորք ժամանած զբոսաշրջիկների երկու երրորդն իր պարտադիր ծրագրում ներառում է որևէ բրոդվեյյան շոու դիտելը: Մի փոքր էլ խոսենք թվերից: Երկրորդ համաշխարհայինից հետո մեկ բրոդվեյյան ներկայացման վրա ծախսվում էր 100 հազար, իսկ մյուզիքլի վրա՝ կես միլիոն դոլար: Այդ թվերն այսօր շատ են բարձրացել, ինչպես նաև՝ ստացված եկամուտները: Որպեսզի ավելի պարզ լինի, բերենք, օրինակ, մեզ հասանելի 2017-ի վիճակագրությունը. մեկ թատերաշրջանի ընթացքում բրոդվեյյան շոուներ են դիտել 13 միլիոն 300 հանդիսատես, որոնցից 63 տոկոսը զբոսաշրջիկներ են, ընդ որում՝ ոչ միայն արտասահմանցիներ, այլ մեծամասամբ՝ ԱՄՆ տարբեր նահանգներից հատուկ մյուզիքլ դիտելու համար Նյու Յորք ժամանածները: Տոմսերից գոյացած եկամուտը՝ 1 միլիարդ 367 հազար դոլար է: Բեմադրված շոուների թիվը՝ 39: Մեկ թատրոնի բեմում կարելի է տեսնել միայն մեկ ներկայացում, որն ընթանում է երեքշաբթիից շաբաթ և փոխարինվում է մեկ այլ ներկայացմամբ միայն այն ժամանակ, երբ հանդիսատեսը կորցնում է հետաքրքրությունն այդ ներկայացման հանդեպ։ Օրինակ, «Օպերայի ուրվականը» մյուզիքլն ընթանում է «Մաջեսթիք» (Majestic Theatre), «Չիկագոն»՝ «Ամբասադոր» (Ambassador Theatre), «Առյուծ արքան»՝ «Մինսկոֆ» (Minskoff Theatre), «Ալադինը»՝ «Նյու Ամստերդամ» (New Amsterdam Theatre) թատրոններում և այդպես շարունակ:

 

Թատերական արվեստի ձևավորումը ԱՄՆ-ում

Թատերական արվեստը Նյու Յորքում զարգացել է 1750 թվականից, երբ Վոլտեր Մյուրեյը և Թոմաս Քինը 280 տեղ ունեցող թատրոն հիմնադրեցին և սկսեցին բեմադրել Շեքսպիրի պիեսներն ու բալադային օպերաներ։ Երկրորդ թատրոնը 1753 թվականին բացել է Վիլյամ Հելլամը։ Առաջին խոշոր թատրոնը՝ «Պարկի» թատրոնն էր, որը բացվել է 1798 թվականին և արդեն ուներ 2000 տեղ։ Դրան հաջորդեց բազմաթիվ այլ թատերական շենքերի կառուցումը: Ամերիկյան թատրոնի մեծ արշալույսը տեղի է ունեցել 19-րդ դարում, երբ ձևավորվել է թատրոնների խաղացանկը, օպերա՝ բարձր հասարակության համար, մելոդրամներ, բուրլեսկներ, շոուներ միջին խավի համար, վարիետե՝ հասարակության ցածր խավերի համար։ Իսկ առաջին ներկայացումը, որը քննադատները համարում են ժամանակակից մյուզիքլի նախահայրը, բեմադրվել է 1866 թվականին. այն կոչվում էր «Սև խաբեբան»:

 

Լուսավորությունը Նյու Յորքում

19-րդ դարի երկրորդ կեսին՝ Նյու Յորքում փողոցների լուսավորության ի հայտ գալու հետ, թատրոններն ավելացան: 1880 թվականին Բրոդվեյի Յունիոն և Մեդիսոն հրապարակի միջև ընկած հատվածը լուսավորվեց՝ Բրոդվեյը դարձնելով Միացյալ Նահանգների՝ էլեկտրականությամբ լուսավորված առաջին փողոցներից մեկը: Ըստ ընդունված վարկածներից մեկի՝ 23-34-րդ փողոցների հատվածն այնքան ուժեղ էր լուսավորված գովազդային վահանակներով, որ այն սկսեցին անվանել «Մեծ սպիտակ ճանապարհ»: Թատրոններն այստեղ սկսեցին հաստատվել 1883-ից: Իսկ 1889 թվականին Օսկար Համերսթայնը առաջինն էր, որ 42-րդ փողոցում բացեց իր «Վիկտորիա» թատրոնը: 1899 թվականին, էլեկտրական տրամվայների գծերի գործարկումով, Թատերական թաղամասի տրանսպորտային հասանելիությունը զգալիորեն բարելավվեց, 1904 թվականին Նյու Յորքի մետրոյի նոր գիծը գործարկվեց հենց այդ տարածքով։

Թայմս Սքվերի տարածքում թատրոններ սկսեցին հայտնվել միայն 20-րդ դարի սկզբին, իսկ Բրոդվեյը, որպես Նյու Յորքի թատերական արվեստի կենտրոն, ձևավորվեց 1920-1930-ական թվականներին։ Նյու Յորքի կառավարությունը որպես Թատերական թաղամաս սահմանել է Մանհեթենի 40-րդ և 57-րդ փողոցները և վեցերորդ և ութերորդ պողոտաները՝ ութերորդ պողոտայից դեպի արևմուտք գտնվող տարածքով՝ 42-րդից մինչև 45-րդ փողոցները, որտեղ կենտրոնացած են Բրոդվեյի ամենամեծ թատրոնները, ինչպես նաև՝ կինոթատրոններ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և զվարճանքի այլ վայրեր։ 20-րդ դարի սկզբին Նյու Յորքում մեծ ժողովրդականություն էին վայելում Պ. Գ. Վուդհաուսի, Գայ Բոլթոնի, Հարրի Բ. Սմիթի օպերետներն ու պիեսները։

 

Օֆֆ-Բրոդվեյ

Մանհեթենի ամենամեծ ու հեղինակավոր թատերական թաղամասը մեկ այլ դեմքով է նաև հայտնի հանդիսատեսին: 1940-ականների վերջին աճող կոմերցիոն բնույթը և զանգվածային հանդիսատեսի ճաշակին ընդառաջ գնալու միտումը շատ լուրջ արվեստագետների վանեցին Բրոդվեյից: Աստիճանաբար հայտնվեցին այլընտրանքային, ավելի փոքր՝ 100-ից 499 տեղերով թատրոններ: Երկրի լավագույն դրամատուրգների գործերը սկսեցին բեմադրվել հենց այս թատրոններում, ձևավորվեց ավելի լուրջ, ավանգարդիստական ուղղվածությամբ խաղացանկ։ Նման թատրոնները կոչվեցին Օֆֆ-բրոդվեյյան՝ Բրոդվեյից դուրս, ձևավորելով գեղարվեստական շարժում և նոր բնույթի թատերական երևույթ: 1949 թվականին հիմնադրվեց Օֆֆ-Բրոդվեյի թատերական լիգան, միաժամանակ ԱՄՆ-ի դերասանների արհմիությունն Օֆֆ-բրոդվեյյան թատրոնների համար մշակեց հատուկ պայմանագիր։ Առաջին մեծ հաջողությունը Թենեսի Ուիլյամսի «Ամառ և ծուխ» պիեսն էր՝ 1952-ին, «Շրջան քառակուսու մեջ» թատրոնում, 1954-ին Բերթոլթ Բրեխթի «Երեքգրոշանոց օպերա» աղմկահարույց մյուզիքլն ապացուցեց, որ Օֆֆ-Բրոդվեյը կարող է լինել ֆինանսապես հաջողված: 1950-ականներին Օֆֆ-Բրոդվեյը ծաղկում ապրեց. ամենահետաքրքիրը, նորը, փորձարարականը ստեղծվում էր Բրոդվեյից դուրս: Այստեղ բեմադրվում էին ժամանակակից սոցիալական կամ փիլիսոփայական խնդիրներ արծարծող գործեր, 20-րդ դարի «Նոր դրամատուրգիական հոսանքի» հիմնադիրների՝ Հենրիկ Իբսենի, Անտոն Չեխովի,  Թենեսի Ուիլյամսի, Վիլյամ Սարոյանի, Էդուարդ Օլբիի, Արթուր Միլլերի, նաև՝ Ժան Պոլ Սարտրի, Բերթոլթ Բրեխթի, Լուիջի Պիրանդելոյի և այլոց պիեսները: Օֆֆ-բրոդվեյյան ամենահայտնի թատրոններից էին «Շրջան քառակուսու մեջ» (Circle in the Square), 1951-ին նկարիչ Ջուլիան Բեքի և ռեժիսոր Ջուդիթ Մելայնայի հիմնադրած «Կենդանի թատրոնը» (Living Theater), «Փերֆորմանս Գրուպ» (Performance Group), «Հաց և տիկնիկ» (Bread and Dolls), նաև՝ «Արենա սթեյջը» (Arena Stage, Վաշինգտոն), որը հիմնադրվելով 1950-ին՝ լուրջ գեղարվեստական թատրոնի հայտ ներկայացրեց՝ ընդդեմ զվարճանքի և կոմերցիայի: Այս թատրոնը Օֆֆ-Բրոդվեյի այն քիչ թատրոններից է, որն ունի հիմնական շենք՝ սկսած 1960-ից, խաղացանկ ու դերասանախումբ:

Այժմ ՕՖֆ-բրոդվեյյան 20 թատրոններից ամենահայտնիներից են «Սալիվան-սթրիթ փլեյհաուսը» (Sullivan Street Playhouse), «Դելակորտը» (Delacourte Theater), պահպանվել է լեգենդար «Շրջան քառակուսու մեջը» (Circle in the Square) և «Ֆենիկսը» (The Phoenix Theatre). «Թիեթր Ռոն»՝ (Theatre Row), որը հիմնադրվել է 70-ականներին և արդիականացվել 2002-ին: Ի դեպ, այս թատրոնի ինքնատիպությունն այն է, որ խոսքը մեկ թատերական հարթակի մասին չէ. թատրոնն ընդգրկում է 42-րդ փողոցի և 9-րդ ու 10-րդ ավենյուների միջև ընկած բազմաթիվ Օֆֆ-բրոդվեյյան փոքր թատրոններ:

 

Օֆֆ-օֆֆ-Բրոդվեյ

Կոմերցիոն Բրոդվեյին դիմակայելը հեշտ չէր, և 1960-ականներին Օֆֆ-Բրոդվեյը փաստացի դադարեց գոյություն ունենալուց: Ֆինանսական խնդիրների պատճառով բեմադրությունների թիվը կրճատվել էր, իսկ տոմսերի գները՝ բարձրացել, ինչը հանգեցրեց Բրոդվեյի և Օֆֆ-Բրոդվեյի թատրոնների միջև սահմանների տարրալուծմանը: Թեև մի ընթացք դեռ ՕՖՖ-Բրոդվեյը պահպանեց իր որոշ առանձնահատկություններ՝ դահլիճների կամերային բնույթը, լուրջ խաղացանկը, սակայն 60-ականներին այս երկու երևույթները ձուլվեցին՝ Օֆֆ-Բրոդվեյը վերածելով երկրորդ Բրոդվեյի: Այս գործընթացը հանգեցրեց նրան, որ Բրոդվեյի բնույթի հետ փոխզիջման գնացած Օֆֆ-Բրոդվեյից հիասթափված արվեստագետներն ավելի հետ քաշվեցին և ի հակակշիռ սրան՝ 1960-ականներին կայացրեցին նոր, ավանգարդիստական երևույթ, որն էլ անվանեցին Օֆֆ-օֆֆ-Բրոդվեյ: Սա ձախ ռադիկալների փորձարարական շարժում էր՝ ապստամբ երիտասարդների կողմից քաղաքական թատրոնի կայացման հայտ: Նրանք առհասարակ մերժեցին հարմարավետ նստարանները, թատրոնների շենքերից դուրս եկան դեպի փողոց և դրեցին ագիտթատրոնի հիմքերը: Սրանք հիմնականում ուսանողական թատերախմբեր էին, որ հանդես էին գալիս համալսարաններում, ցույցեր էին անում պետական հաստատությունների դիմաց և մանիֆեստացիաներ՝ ընդդեմ Վիետնամի պատերազմի: Հանդես էին գալիս հրապարակներում, գործարաններում, դաշտերում՝ գյուղատնտեսական աշխատողների առջև, և քաղաքական քարոզ անում ընդդեմ պատերազմների: Շուտով ձևավորվեցին նաև սևամորթների առաջին թատերախմբերը: Օֆֆ-օֆֆ-Բրոդվեյի ներկայացումներում միաձուլվում էին Կոմեդիա դել Արտեի ավանդույթները, Բրեխթի քաղաքական թատրոնը, պայմանական թատրոնի մեթոդները, հրապարակախոսությունը. ցանկացած միջոց ընդունելի էր, միայն թե կարողանային ներազդել քաղաքացիների գիտակցության վրա:

Օֆֆ-օֆֆ-բրոդվեյյան թատրոնների շարժման սկիզբը դրվեց «Կաֆե Չինոյում» (Cafe Cino)1958 թվականին: Սրճարանի էքսցենտրիկ տերը՝ Ջո Չինոն, միանգամից էր սիրել դերասաններին, երաժիշտներին ու գրողներին, և առաջինն էր, որը համաձայնել էր, որ իր սրճարանում բեմադրություններ ցուցադրվեն: Օֆֆ-օֆֆ-բրոդվեյյան թատրոնները հանրությանը ներկայանալու, փորձարարության գնալու ռեալ հնարավորություն էին երիտասարդների համար, այդ իսկ պատճառով նրանք հաճախ անվճար էին խաղում: Ներկայացումների մակարդակը շատ տարբեր էր՝ սիրողական, վատ բեմադրվածներից մինչև շատ տաղանդավորներ ու հայտնություններ: Օֆֆ-օֆֆ-բրոդվեյյան ամենահայտնի խումբը «Լա Մամա» (La Mama) թատրոնն էր, որը ղեկավարում էր համաշխարհային հռչակ ստացած Էլեն Ստյուարտը։ Այս թատերախմբերին բնորոշ էին գեղարվեստական նոր ձևերի որոնումները, հոգեբանական խաղից հրաժարումը, ժողովրդական տիկնիկների թատրոնի վերածնունդը, «դիմակների» և «դաժանության թատրոնի» մեթոդների կիրառումը, թատրոնը հասարակական կյանքում ներառելու ցանկությունը։ Ամենաանսպասելին և ամենափորձարարականը ծնվում էին հենց Օֆֆ-օֆֆ-բրոդվեյյան թատերախմբերում՝ պայմանավորելով ԱՄՆ-ի թատրոնի զարգացման հերթական կարևոր փուլը:

 

Մյուզիքլն այսօր

Մեր օրերում բրոդվեյյան մյուզիքլները հասել են տեխնիկական, լուսային, դերասանախաղի, բեմադրական հնարանքների ու մեկնաբանության այնպիսի բարձունքների, որ անտարբեր չեն թողնում ամենաբարձրաճաշակ հանդիսատեսին անգամ: Ըստ էության, բրոդվեյյան շոուն համարվում է Նյու Յորքի թանկագին հաճույքներից մեկը (տոմսերի գները՝ 80 դոլարից մինչև 1000 և ավելի դոլար), և թատերական գործիչները ջանք չեն խնայում՝ գոհացնելու համար ամենաբծախնդիր հանդիսատեսին: Մյուզիքլների գրավչության երաշխիք են ներկայացման կենդանի երաժշտությունը՝ նվագախմբի կատարմամբ, դերասանների հրաշալի մարզավիճակը. նրանք միաժամանակ պարում են, երգում, ապա՝ տարբեր տեսարաններում հանդես գալիս դրամատուրգիական տեքստով: Բրոդվեյյան մյուզիքլում խաղալու համար անզիջում մրցակցություն կա, և պատկերացնել է պետք, թե դերասաններն ինչ ջանասիրությամբ են աշխատում: Պարզ է, որ դերը մեծ ճանաչում է բերելու, բարձր հոնորարներ, դերեր Հոլիվուդում, դերասանները հայտնվելու են թատերական քննադատների ուշադրության կենտրոնում, արժանանալու են հեղինակավոր մրցանակների: Հաճախ հրավիրվում են կինոյի և հեռուստատեսության աստղերը,  ինչն իր հերթին ամրագրում է մյուզիքլի հաջողությունը: Եթե նախկինում աստղերի հետ կնքվում էր 6 ամսվա պայմանագիր, ապա այժմ ժամկետը 3 ամիսն է, որից հետո հրավիրվում է մեկ այլ դերասան։ Բրոդվեյի դերասանների մեծ մասի համար, սակայն, թատերական գործունեությունը գլխավորն է, թեև նրանցից շատերը պարբերաբար հայտնվում են ֆիլմերում, հեռուստասերիալներում, գովազդում։ Բրոդվեյյան մյուզիքլների հաղթաթուղթը նաև շքեղ բեմանկարչական ձևավորումը, թանկագին կոստյումները, գունալուսային անհավանական շոուն ու բեմական էֆեկտներն են: Որպես կանոն, եթե ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել Բրոդվեյում, պրոդյուսերները հավաքում են առանձին հյուրախաղային խումբ և շրջագայություն սկսում երկրի տարբեր նահանգների թատրոններում:

Հանդիսատեսը բառի բուն իմաստով ըմբոշխնում է ունիվերսալ դերասանի ներկայությունը, նրանց անթերի երգեցողությունը, պարելու փայլուն ունակությունը և դրամատիկական խոսքին ու շարժմանը տիրապետելու վարպետությունը: Ինչ վերաբերվում է էֆեկտներին, դրանք հասցված են այնպիսի կատարելության, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես են դրանք տեխնիկապես իրագործվել: Ինքս այն բախտավոր թատերագետներից մեկն եմ, որը հնարավորություն է ունեցել ԱՄՆ-ում դիտելու բազմաբնույթ ներկայացումներ՝ բրոդվեյյան մյուզիքլ, դրամատիկական ներկայացում՝ այսպես կոչված՝ ոչ կոմերցիոն թատրոնում և ՕՖՖ-բրոդվեյյան հանրահայտ «Blue Man Group»-ի շրջիկ երաժշտական-թատերական խմբի շոուներից: Սակայն պետք է նշեմ, որ աննկարագրելի տպավորություն են գործել բրոդվեյյան «Ալադին» և «Բարձունքներում» (In the Heights) մյուզիքլները: Իզուր չէ, որ «Բարձունքներում» մյուզիքլն արժանացել է թատերական և երաժշտական մի շարք մրցանակների՝ «Tony Award», «Grammy Award», «Laurence Olivier Award», «Drama Desk Award», «Clarence Derwent Award»: Իսկ «Ալադինը»՝ «Tony Award», «Drama desk Award» մրցանակների՝ տարբեր  անվանակարգերում: Սակայն եթե «Ալադին» մյուզիքլի համար (բրոդվեյյան պրեմիերան՝ 2014-ի մարտի 20) հիմք է ծառայել դիսնեյյան ոչ պակաս համբավավոր ու բազմաթիվ մրցանակների դափնեկիր անիմացիոն ֆիլմը (1992 թ.), ապա Կյարա Ալեգրի Հուդեսի համանուն գրքի և ԼԻն-Մանուել Միրանդայի կոնցեպտով, երաժշտությամբ և երգերի համար գրված բառերով «Բարձունքներում» մյուզիքլի ճանապարհը սկսվել է հենց Բրոդվեյից՝ պրեմիերան տեղի է ունեցել 2007-ին Օֆֆ-Բրոդվեյում, 2008-ին՝ Բրոդվեյում (ռեժիսոր՝ Թոմաս Քեյլ): Այն արժանացել է 4 «Թոնիի», այդ թվում՝ «Լավագույն մյուզիքլ» անվանակարգում: Իսկ 2021-ի հունիսին մյուզիքլը էկրանավորվել է:

Այստեղ կանգ առնենք, թեև մեծ է գայթակղությունը մանրամասն վերլուծելու այն, ինչ տեսել եմ: Պարզապես փաստենք, որ ԱՄՆ-ի թատրոնն իր ինքնատիպ տեսակով, դերասանական և ռեժիսորական արվեստի տարատեսակ դպրոցների ու տեխնիկաների կիրառմամբ, բարձրակարգ թատերական կրթությամբ, ընդգրկունությամբ, հանդիսատեսի ահռելի սիրով ու հետաքրքրությամբ, մրցանակաբաշխությունների ու գնահատանքի ամբողջ բազմազանությամբ և բարձր չափանիշներով եզակի երևույթ է համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Եվրոպական թատրոնի մի քանի հազարամյա պատմության համեմատությամբ՝ ակնհայտ է, որ իր ոչ այնքան երկար ճանապարհի ընթացքում ԱՄՆ սոցիալական դրաման, թատրոնը և մյուզիքլը բուռն ու արագընթաց վերելք են ապրել և արժանիորեն կարող են համարվել ժամանակակից համաշխարհային թատերարվեստի առաջատարներից մեկը:

 

Անուշ Ասլիբեկյան

Աղբյուրներ.

1.Lewis R., Method-or Madness?, The highly acclaimed lectures on the method school of acting, «Samuel French inc.», New York, 1986, 165 p.

2.Виталий Вульф, От Бродвея немного в сторону, Москва, 1982, Искусство, 264 стр.

3.Ромм А., Американская драматургия первой половины ХХ века, «Искусство» ленинградское отделение, Ленинград-Москва, 1978, 238 с.

4.Юджин О'Нил. Теннеси Уильямс. Пьесы (Библиотека литературы США). «Радуга», Москва, 1985, 800 с.

5.История зарубежного театра.Театр Европы и США после 1945 года, под ред. Г. Н. Бояджиева, Часть третья, «Просвещение», Москва, 1977, 319 с.

6.Н. А. Гончар, Вильям Сароян и его рассказы, Ереван, 1976, стр. 412

7.https://www.britannica.com/art/Off-Broadway

8.https://translate.academic.ru/Off-off-Broadway/en/ru/

9.https://ru.wikipedia.org/wiki/Театральный_квартал_(Нью-Йорк)