Բորիս Անդրեասյան․ «Աշխարհը պետք է առավել բարի ու մաքուր հանգրվան դառնա»

Կիթառահար և կոմպոզիտոր Բորիս Անդրեասյանը ծնվել է 1953 թ․՝ Նախիջևանում: Նվագել սովորել է ինքնուրույն, նախընտրած ոճերն են՝ բլյուզ, ջազ, ֆլամենկո, ֆանկ, ջազ ռոք՝ ֆյուժն։ Անդրեասյանը կանգնած է եղել հայկական ռոքի ակունքներում․ 1968-72 թթ․ նախ նվագել է «Ամպրոպ» և «Վուլկան» խմբերում, իսկ 1970-ին հիմնել է «1+2» ռոք քառյակը, որը երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկին իր «Back in USSR» գրքում բնութագրել է որպես հայկական ռոքի այդ տարիների առաջատար։

1974-75 թթ․ Անդրեասյանն աշխատել է «Արմինա» վոկալ-գործիքային նվագախմբում, այնուհետև Կոնստանտին Օրբելյանը նրան հրավիրել է Հայաստանի էստրադային նվագախումբ, որի լավագույն կազմերից մեկում մինչև 1978 թ․ հանդես է եկել որպես սոլո կիթառահար և երգիչ: Բելգրադի միջազգային ջազ փառատոնում նվագախումբն արժանացել է Գրան պրիի։ Անդրեասյանի մասնակցությամբ ձայնագրվել է «Հայաստանի պետական էստրադային նվագախումբ» հանրահայտ ձայնասկավառակը (1978)՝ «Երջանկության հարյուր ժամ», «Վոկալիզ», «Նազան յար» և մի քանի այլ սիրված երգերով։

Հետագայում մեկ տարի նվագել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի ենթակայությամբ գործող դաշնակահար Դավիթ Ազարյանի ջազ քառյակում։

1981-ին «Ցվետի» խմբի ղեկավար Ստաս Նամինի հրավերով՝ վերջինիս և դաշնակահար Դավիթ Ազարյանի հետ մեկնել է Մոսկվա և մեկ տարի աշխատել «Սովինցենտրի»-ի գիշերային ջազ ակումբում՝ նորաստեղծ «Ջազ Ատակա» խմբի կազմում, նվագելով մոսկվացի լավագույն երաժիշտների հետ։

1983թ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանից ստացել է պատվոգիր՝ Հայաստանում ջազային երաժշտությունը քարոզելու համար: Մասնակցել է «Ջազային Պանորամա- Երևան 85» փառատոնին` կոնտրաբասահար Թամազ Կուրաշվիլիի, դաշնակահար Դավիթ Ազարյանի և թմբկահար Գ․ Բալագյանի նվագակցությամբ: 

1991-1995թթ․ բնակվել է ԱՄՆ-ում, նախ Լաս Վեգասում, այնուհետև՝ Լոս Անջելեսում, որտեղ աշխատել է տարբեր գիշերային ակումբներում և համերգներ ու ջեմ-սեյշններ է ունեցել ամերիկացի հայտնի երաժիշտների հետ։

2002-2004 թթ. աշխատել է Մոսկվայի տարբեր հյուրանոցային համալիրներում և ակումբներում․ մասնավորապես «Մետրոպոլ» հյուրանոցի ջազ բարում նվագել է դաշնակահար Նիկիտա Բրատուսի («Տրանս-Ատլանտիկ»), կոնտրաբասահար Իգոր Կոնդուրի («Մոսգորտրիո») և բաս կիթառահար Ալեքսեյ Լեբեդևի («Ֆոնոգրաֆ», «Տրանս-Ատլանտիկ», «M-FACE») հետ:

2005-2006թթ. մասնակցել է «Երգում է 70-ականների Երևանը» համերգաշարին: Ընկերական հանդիպումներ է ունեցել ամերիկացի բաս կիթառահարներ Վիկտոր Բեյլիի և Մայքլ Ջեքսոնի եղբոր` Ջերմեյն Ջեքսոնի հետ, որոնք ուղեկցվել են երաժշտական կատարումներով: Աշխատել է «Մալխաս» ջազ ակումբում, 2007թ. այնտեղ կայացած ջեմ-սեյշնում նվագել է կիթառահար Ալ Մքքեյի ղեկավարած «Earth, Wind & Fire Experience» նվագախմբի դաշնակահար Բեն Դաուլինգի, թմբկահար Աարոն Հագերթիի և երգիչ Թիմ Օուենսի հետ:

2008-ին ջազ ռոք ոճի ծրագրով բացառիկ համերգ է տվել Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում՝ ֆրանսիական «Փարիզ ջազ տրիո» նվագախմբի բաս կիթառահար Մարսելո Կորդովայի, դաշնակահար Վենսան Բուիգի և թմբկահար Անդո Պարսեղյանի հետ:

2009-2010թթ. հանդիպումներ է ունեցել աշխարհահռչակ կիթառահարներ Սթենլի Ջորդանի, Ջոն Մքլաֆլինի, նրա դաշնակահար Գարի Հազբենդի, բաս կիթառահար Էթենիե Մբափիի, թմբկահար Մարկ Մոնդեզիրի, «Deep Purple» խմբի երգիչ Յան Գիլանի և կիթառահար Սթիվ Մորսի հետ: Որպես պատվավոր հյուր հրավիրվել է «Հայկական կիթառ-2009» երաժշտական փառատոնին, որտեղ մենաելույթով նվագել է լեգենդար ջազ-կիթառահար Ուես Մոնտգոմերիի գործերը։

Բորիս Անդրեասյանը նաև տասնյակ ստեղծագործությունների հեղինակ է («Հանդիպում», «Աղոթք», «Արևածագ», «Սուրբ հայրերի կանչը» և այլն):

Լինելով փայլուն կիթառահար-իմպրովիզատոր՝ նա ժամանակ առ ժամանակ ելույթներ է ունեցել բազմաթիվ բեմերում՝ թե՛ տեղացի, և թե՛ օտարերկրյա անվանի երաժիշտների հետ:

-Սկսենք ակունքներից: Ինչո՞վ էին զբաղվում Ձեր ծնողները: Ի՞նչն էր պատճառը, որ հետաքրքրվեցիք կիթառով:

-Հայրս մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրս՝ հայոց լեզվի և գրականության։ Սովետմիության ժամանակ բուհերի շրջանավարտներին պարտադիր գործուղում էին տարբեր շրջաններ՝ դպրոցներում դասավանդելու։ Ծնողներիս գործուղել էին Նախիջևան, որտեղ և ծնվել եմ 1953 թ., իսկ կես տարի անց ընտանիքով վերադարձել ենք Երևան։

1967 թվականն էր․ հորս առաջարկով գնացինք չեխ կիթառահար Կարել Դուբայի համերգին, և այդ օրն ինձ համար դարձավ ճակատագրական: Այն պահին, երբ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեսա բեմին դրված սպիտակ «Jolana Hurricane II» էլեկտրոկիթառը, ուղղակի խորը ցնցում ապրեցի, տարվեցի այդ գործիքով և որոշեցի կիթառահար դառնալ: Ի սկզբանե ինձ ոգեշնչել են կիթառահարներ Էրիկ Քլեպտոնը («Cream»), Ջիմի Հենդրիքսը, Ռիչի Բլեքմորը («Deep Purple»), Թերրի Քեյթը («Chicago»), խմբերից՝ «The Beatles»-ը, «Cream»-ը, «Deep Purple»-ը, «Chicago»-ն, իսկ 1974-ից հայտնաբերեցի մեծ երաժիշտների՝ իրենց խմբերով, որոնք էին Չիկ Կորեան, Հերբի Հենքոքը, Սթիվի Ուանդերը, կիթառահարներ Էլ Դի Մեոլան, Պակո դե Լուսիան, Սկոթ Հենդերսոնը, Ջոն Աբերքրոմբին, Ջոն Սքոֆիլդը, Ջոն Մքլաֆլինը, Ջորջ Բենսոնը, Ջո Փասը, Ուես Մոնտգոմերին, Ֆրենք Գամբալը, սաքսոֆոնահարներ Ջոն Քոլթրեյնն ու Մայքլ Բրեքերը, որոնք նպաստել են իմ երաժշտական ճաշակի, ստեղծագործական կարողության ձևավորմանն ու կատարողական ունակություններիս զարգացմանը:

-Երևանում, 1970 թ․ Դուք առիթ եք ունեցել շփվել Վլադիմիր Վիսոցկու հետ: Ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ ծանոթությունը:

-Հայաստանում ռոք համերգներ անցկացնելու գործում մեծ դեր է ունեցել Ռաֆիկ Մկրտչյանը («Սիրխան»), որն այդ տարիներին, հնարամտորեն շրջանցելով խորհրդային ռեժիմի արգելքներն ու հետապնդումները, կարողանում էր կազմակերպել մեծամասշտաբ փառատոներ ու համերգներ, որոնց ես էլ եմ մասնակցել․ ի դեպ, 1968 թ. Երևանի «Դինամո» մարզադահլիճում նրա ջանքերով ու հմուտ կազմակերպմամբ է տեղի ունեցել համամիութենական առաջին ռոք փառատոնը։ Եվ ահա, մի երեկո Ռաֆիկը հրավիրեց ինձ իր տուն, որը գտնվում էր Կիևյան կամրջի սկզբում։ Երբ ներս մտա՝ անակնկալի եկա՝ տեսնելով Վլադիմիր Վիսոցկուն։ Տանն ակուստիկ կիթառ կար, վերցրի, սկսեցի բլյուզ նվագել և երբ վերջացրի, Վիսոցկին ասաց․ «Աստված դիպել է քո մատներին, հիմա ես քեզնից հետո ինչպե՞ս նվագեմ»։ Ինչևէ, խոսեցինք, ընթրեցինք։ Հետո նա վերցրեց կիթառը և իր խռպոտ ձայնով երգեց հայտնի «Սև աչեր» ռոմանսը։ Այդ օրը գիշերեցինք Ռաֆիկենց տանը։ Առավոտյան միասին գնացինք Կիևյան կամրջի հենց սկզբնասում գտնվող ճաշարանը՝ նախաճաշելու։ Վերջում Վիսոցկին մատուցողից «Ջերմուկի» շիշ խնդրեց որպեսզի օղի լցնի դրա մեջ ու վերցնի հետը։ Ճաշարանից հետո հրաժեշտ տվեցինք Ռաֆիկին, և ես տաքսիով Վիսոցկուն ուղեկցեցի պետհամալսարան, որտեղ նա կարճ հարցազրույց պիտի տար ուսանողներին։ Այնտեղ մենք բաժանվեցինք, և ես նրան էլ չտեսա, միայն հիշում եմ, որ նա երեկոյան պիտի համերգ ունենար ԿԳԲ-ի ակումբի դահլիճում, որին ես ներկա չեմ եղել: Այդ ոճի սիրահար երբեք չեմ եղել, բայց միշտ բարձր եմ գնահատել նրա բանաստեղծական տաղանդը։

-Դուք նաև հանդիպել եք Լեոնիդ Ենգիբարյանին: Կպատմե՞ք այդ մասին:

-1969 թվականն էր․ կոմպոզիտորների տանը համերգ էր տալիս «Երազողներ» խումբը, որի ծրագրում հիմնականում հնչում էին Բիթլզի երգերը: Համերգից հետո խմբի երգիչ Զավեն Սարգսյանի (հետագայում՝ Փարաջանովի թանգարանի տնօրեն) և կիթառահար Հակոբ Պետրոսյանի հետ ոտքով Պռոշյան փողոցով դեպի կրկես ճանապարհեցինք Ենգիբարյանին։ Ես արդեն մեկ-երկու անգամ դիտել էի նրա կենդանի ելույթները։ Հիշում եմ, որ ճանապարհին մենք հիմնականում խոսում էինք Բիթլզի երգերի մասին․․․ Հրաժեշտի պահին ողջագուրվեցինք, դրանից հետո նրան այլևս չեմ հանդիպել։

-Դուք հայտնի եք դարձել «Վուլկան» խմբի կազմում: Ի՞նչ երգեր էր կատարում այդ խումբը:

-«Վուլկան»-ի հետ նվագում էինք «The Troggs», «The Kinks», «The Monkees», «The Rolling Stones», «Steppenwolf», «Free», «The Moody Blues, «Creedence Clearwater Revival»,  «Blood, Sweat & Tears» խմբերի երգերը։

-Մեծ ճանաչում ուներ Ձեր «1+2» ռոք քառյակը: Ինչպե՞ս այն ստեղծվեց, ի՞նչ երգեր էիք կատարում:

-Այո, դա իմ ստեղծած առաջին հիմնավոր ռոք խումբն էր, որը գոյատևեց 1970-ից մինչև 1972 թ․։ Ես միշտ տեղյակ էի անցկացվելիք համերգներից և գիտեի, որ Ռաֆիկ Մկրտչյանը ռոք-համերգ է նախատեսել «Դինամո» մարզահամալիրի դահլիճում՝ կենտրոնական ստադիոնին կից, որտեղ կարող էին տեղավորել մոտ 5000 հանդիսատես։ Նա նախօրոք ինձ ասել էր այդ մասին, որպեսզի մինչև համերգը ես հասցնեմ նոր խումբ հավաքել։ Եվ 1970թ․ ես «1+2» անվամբ նոր խումբ ստեղծեցի, որում ներգրավեցի երգիչ Լևոն Սևանին (նա «1»-ն էր, ես «+»-ն էի), թմբկահար Արմեն Չալդրանյանին (Չալդո), բաս կիթառահար Նորայր Պողոսյանին (որոնք էլ «2»-ն էին), իսկ առաջիկա համերգին հրավիրեցի նաև մոսկվացի ստեղնահար Ալեքսանդրին (ազգանունը չեմ հիշում): Իմ խումբը «Դինամոյի» երկու համերգներին էլ մասնակցել է, 1970թ․առաջին համերգին նվագել ենք վերը նշված կազմով, իսկ երկրորդին (1971թ․)՝ արդեն այլ կազմով՝ թմբկահար Գրիգորի Բալագյանի և բաս կիթառահար Արա Ասատրյանի հետ։ Խմբիս հետ ելույթ են ունեցել նաև մոսկվացի երգիչներ Ալեքսանդր Գրադսկին ու Ալեքսանդր Ցարենկովը, որոնց մասնակցությամբ մեկ համերգ էլ ունեցանք Էջմիածնի կուլտուրայի տանը։ Ընդհանուր առմամբ, այդ երկու համերգներին մենք կատարել ենք «Cream» խմբի, Ջիմի Հենդրիքսի գործերը ու մի քանի հայկական երգեր Լևոն Սևանի կատարմամբ՝ «Թե աչերս քեզ որոնեն», «Լապտերիկ»։ Որքան հիշում եմ՝ «Դինամոյի» փառատոների մասնակից խմբերն էին «Երազողները», «1+2»-ը, «Սարդերը», «Վուլկանը», երգիչ Լեոնիդ (Լեո) Բերգերն իր «Օրֆեյ» խմբով, «Սլավյանե»-ն, Ալեքսանդր Գրադսկին՝ իր «Սկոմոռոխի» խմբով, «Միրաժը», «Սկիֆի»-ն, «Սոկոլ»-ը, «Մելոմաններ»-ը, երևի նաև «Սամոցվետի»-ն և «Սերպանտին»-ը:

-«1+2»-ը երբևէ չի՞ ձայնագրվել:

-Ցավոք՝ ոչ։ Այն ժամանակ ոչ ոք չէր էլ մտածում այդ մասին․ ձայնագրող կամ նկարահանող խցիկ շատ քչերն ունեին։ Բայց հետագայում իմացա, որ մեր համերգներից մեկին ներկա են եղել հյուրեր Ռուսաստանից, որոնք տեսախցիկներով նկարահանել են, բայց թե ովքեր են եղել՝ այդպես էլ չկարողացա պարզել։

-Ի՞նչ եղավ հետո։

-1972 թ․ զորակոչվեցի խորհրդային բանակ։ Երկու տարի անց վերադարձա և անմիջապես ընդունվեցի «Արմինա» վոկալ-գործիքային նվագախումբ, որի գեղարվեստական ղեկավարը բաս կիթառահար Ակսել Բակունցն էր։ Խմբի երգիչներն էին՝ Լևոն Սևանը, Զառա Տոնիկյանը (նախկին կինս), Լարիսա Դոլինան, Անժելիկա Թոփալյանը, Արմեն Տիրանը և Ալբերտ Կարապետյանը։ Նվագում էինք տարբեր ոճերի երաժշտություն՝ ռոք, բլյուզ, փոփ, էստրադային, ազգային։ Ցավալի է, որ այդ խմբի մասին համացանցում տեղեկություններ չկան։

1974թ․ Մոսկվայում տեղի ունեցած Էստրադային արտիստների V համամիութենական երաժշտական մրցույթում, որին մասնակցում էին արվեստի 500-ից ավելի ներկայացուցիչներ, «Արմինա» նվագախմբի հետ  արժանացա դափնեկրի կոչման։ Այդ մրցույթին մասնակցում էին «Արիել», «Սամոցվետի», «Վերասի» խմբերը, Ալլա Պուգաչովան, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրը և Գենադի Խազանովը, և շատ ուրիշ երգիչներ, նվագախմբեր ու տարբեր ժանրերի արտիստներ։ Մրցույթին մասնակցում էր նաև մեր պետկրկեսի այժմյան տնօրեն Սոս Պետրոսյանը, որը նույնպես արժանացավ բարձր պատվոգրի՝ դիպլոմանտի կոչման:

-Ե՞րբ տեղի ունեցավ ռոքից ջազ Ձեր անցումը:

-Ջազով խորապես հետաքրքրվեցի 1975 թվականից, երբ ընդունվեցի Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած պետական ջազ նվագախումբ։

-Կպատմե՞ք Օրբելյանի էստրադային նվագախմբում Ձեր աշխատանքի մասին:

-Շատ երկար կարող եմ պատմել, սակայն փորձեմ հակիրճ: Այդ նվագախմբի հետ համերգներ եմ ունեցել ավելի քան 350 քաղաքներում, ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանում՝ Ֆրանսիայում (Առնո Բաբաջանյանի հետ), Հարավսլավիայում, Գերմանիայում։

Յութուբում մի քանի տեսահոլովակ կա, հիմնականում ռուսական հայտնի երգչուհի Լարիսա Դոլինայի մասնակցությամբ, որտեղ ես էլ եմ հանդես գալիս նվագախմբի հետ։ Դա բարձր մակարդակի նվագախումբ էր, և իմ աշխատած տարիներին (1975-1978) այնտեղ կային բազմաթիվ շնորհալի երաժիշտներ ու երգչուհիներ․ սաքսաֆոնահարներ Էդիկ Կուրչակովը, Վլադիմիր Պոդկորիտովը, Ալեքսանդր Զաքարյանը, շեփորահարներ Վալերի Շերիցան և Իգոր Մազուրենկոն, թմբկահարներ Ռոբերտ Յոլչյանն ու Գրիգորի Բալագյանը, տրոմբոնահար Սերգեյ Ագլինցյանը, ստեղնահար և նվագախմբի պարտիաները նոտագրող Թոմաս Մադաթովը, բաս կիթառահարներ Յուրա Մկրտչյանն (Ռաիսա Մկրտչյանի եղբայրը) ու Ռուբեն Սրապիոնյանը, կիթառահար Կարո Սարաֆյանը, անվանի երգչուհիներ Բելլա Դարբինյանը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Լարիսա Դոլինան, Ալլա Պուգաչովան, Նատալյա Սինելնիկովան, Իրինա Օտիևան, Ռաիսա Մկրտչյանը, Անժելիկա Թոփալյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Նադեժդա Սարգսյանը, Գայանե Հովհաննիսյանը, երգիչներ Սիմոն Տերյանը, Էդգար Կարապետյանը, Գեորգի Մինասյանը, Բորիս Տագիևը, Արկադի (Արտաշես) Խորալովը, Շահեն Այրումյանն ու Լևոն Սևանը։

1977թ. Բելգրադում տեղի ունեցած համաշխարհային ջազ փառատոնում մեր ջազ նվագախմբի հետ համատեղ համերգին ելույթ են ունեցել ամերիկացի երաժիշտներ` դաշնակահար Ջորջ Դյուկը, շեփորահար Ֆրեդի Հաբերդը, թմբկահար Լեոն Չանսլերը, բաս կիթառահար Բայրոն Լի Միլլերը և կիթառահար Չարլզ Ֆրանկ Ջոնսոնը: Փառատոնին նաև մասնակցում էին սաքսոֆոնահարներ Լի Կոնիցը, Լու Տաբակինը, Ջորջ Կելլին, դաշնակահարներ Սեմի Պրայսն ու Բորա Ռոկովիչը, թմբկահարներ Շելլի Մենն ու Ռոնի Քոլը, շեփորահարներ Դուշկո Գոյկովիչն ու Ջոհաննես Ֆաբերը, կոնտրաբասահարներ Գյունտեր Լենզն ու Բիլ Պեմբերտոնը, տրոմբոնահար Ֆրեդի Լոնզոն, երգչուհի Օդետտան և շատ ուրիշներ: 

1977-78թթ. Պետական ջազ նվագախմբի հետ մասնակցել եմ «Մելոդիի դրուզեյ» միջազգային երկու փառատոներին և համատեղ ելույթներ ենք ունեցել եվրոպական տարբեր նվագախմբերի հետ՝ «Chervony Gitary», «Black & Blue» (Լեհաստան) և «YU Group» (Հարավսլավիա), միաժամանակ նաև նվագակցել ենք տարբեր երկրների հանրաճանաչ երգիչներին՝ Աննա Գերման (Լեհաստան), Բոդի Մագդի (Հունգարիա), Կորինա Կիրիակ (Ռումինիա), Կարոլ Դուխոն, Հելենա Բլեհարովա, Ժիրի Հրոմադկա (Չեխոսլովակիա), Լիլի Իվանովա, Եվգենի Դուշանով, Կատյա Ֆիլիպովա (Բուլղարիա), Կրունոսլավ Կիչո Սլաբինակ (Հարավսլավիա), Դագմար Գելբկե (Գերմանիա), Ռաուլ Գոմես և Լեոնորա Սամորա (Կուբա):

-Առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում Ձեր «Հանդիպում-Meеting» կոմպոզիցիան: Ինչպե՞ս է այն ստեղծվել։

-Նախնական տարբերակը հորինել եմ Ռիգայում՝ 1979թ․, և նույն օրն առաջին անգամ կատարել ռիգացի բլյուզ կիթառահար Վալերի Բելինովի (Val Belin-«Մոդո», «Ռադար»), թմբկահար Վլադիմիր Բոլդիրևի («Մոդո», «Կարնավալ», «Ռեցիտալ»), բասիստ Ե․ Շչապովի («REMIX») և ռիգացի հայ ստեղնահար ու կոմպոզիտոր Սամսոն Տեր-Հակոբյանի հետ՝ Ռիգայի «Ալեգրո» ջազ սրճարանի բացմանը, որին ներկա էին նաև կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը և տեղացի անվանի երաժիշտներ ու երաժշտասերներ։ Հետագայում ես այդ գործս մշակեցի և ավելացրի փողային գործիքներով ևս մի հատված, կոմպոզիցիայի ամբողջական կատարումը կարող եք լսել Յութուբում՝ «Meeting» անվանումով։

-Նույն՝ 1979 թ. Դուք հանդիպեցիք Բի Բի Քինգին: Նրա համերգը ֆիլհարմոնիայի դահլիճում մե՞ծ տպավորություն թողեց:

-Այո, միանգամայն: Ես նրա հետ ծանոթացա իր երևանայն համերգի ընդմիջման ժամանակ, և նա սկսեց ինձ հարցուփորձ անել, թե ինչ անվանի ամերիկացի երաժիշտների հետ եմ նվագել։ Ես պատասխանեցի, որ Ջորջ Դյուկի, Ֆրեդի Հաբարդի և ուրիշների հետ։ Նա անսպասելիորեն ինձ առաջարկեց դուրս գալ բեմ և միասին ջեմ-սեյշն նվագել: Երբ արդեն պայմանավորվեցինք, թե ինչ պիտի նվագենք ու արդեն պիտի դուրս գայինք բեմ, հանկարծ ԿԳԲ-ի երկու աշխատակիցներ հենց Բի Բի Քինգի ներկայությամբ մոտեցան ինձ ու առանց պարզաբանելու, թե ինչն ինչոց է՝ ձեռքերս ոլորելով տարան դուրս՝ դեպի իրենց մեքենան: Բարեբախտաբար, ֆիլհարմոնիայի տնօրենը տեսավ այդ դիպվածը և բարձր ձայնով գոռաց, թե «ու՞ր եք տանում մեր կիթառահարին», սրանք էլ ինձ հարցրին՝ դու կիթառահա՞ր ես, ասացի՝ այո՛, դրանք էլ՝ բա ինչո՞ւ շուտ չասացիր, իսկ ես պատասխանեցի․ «է՜հ, ասում էի, բայց դուք բանի տեղ չէիք դնում»։ Մի խոսքով, երբ պարզեցին իմ ով լինելը, բաց թողեցին, սակայն արդեն ուշ էր․ նրանք խափանեցին այդ բացառիկ ելույթը: Իհարկե, այդ միջադեպը զարմացրել էր Բի Բի Քինգին, քանզի նա չէր էլ պատկերացնում, որ խորհրդային ռեժիմն արգելում է տեղացիների մտերմիկ շփումն արտասահմանցիների հետ: Ինչևէ, տասնհինգ տարի անց՝ 1994 թ. Լոս Անջելեսի «Guitar Center» խանութում հանկարծ հանդիպեցի Բի Բի Քինգին, մոտեցա, ասացի՝ «վարպ՛տ, Դուք ինձ հիշո՞ւմ եք», ասաց՝ ոչ, բայց երբ նրան հիշեցրի՝ Երևան, ԿԳԲ և այլն, նա անմիջապես հիշեց և հետաքրքիրն այն է, որ իսկույն կանչեց խանութի աշխատակիցներին ու բոլոր ներկաներին, անձամբ մանրամասն վերհիշելով եղելությունը՝ իրեն բնորոշ զարմանք արտահայտող հայացքով պատմեց, թե ինչպես են ԿԳԲ-ի աշխատակիցներն ինձ բռնել ու արգելել իր հետ նվագել։

-Կպատմե՞ք Ջորջ Բենսոնի հետ Ձեր ծանոթության մասին։

-2009 թ. նոյեմբերին՝ «21-ի հեռանկարներ» կազմակերպության նախագահի առաջարկությամբ ուղեկցել եմ աշխարհահռչակ կիթառահար և երգիչ Ջորջ Բենսոնին ու հանդիսացել նրա համերգի համակարգողներից մեկը: Երկօրյա այցի ընթացքում մեր միջև ստեղծվեցին մտերմիկ ու ջերմ հարաբերություններ, անգամ երկար զրույց ունեցանք հոգևոր թեմաների շուրջ: Անմոռանալին ինձ համար այն է, որ նա համերգից առաջ առաջարկեց միասին նվագել, ու մենք «հարցուպատասխան» կիթառային երկխոսությամբ կես ժամից ավելի նվագեցինք, ինչից շատ հուզական պահեր ապրեցի: Նաև մտերմիկ շփումներ ունեցա Բենսոնի նվագախմբի երաժիշտների հետ՝ դաշնակահարներ Դեյվիդ Գարֆիլդի և Թոմ Հոլի, բաս կիթառահար Սթենլի Բենքսի, կիթառահար Մայքլ Օ․ Նեյլի և թմբկահար Թեդի Քեմփբելի:

-Ինչպե՞ս դարձաք «Թայմ Ռիփորթ» խմբի անդամ:

-Ինձ հրավիրեցին խմբի տղաները, և ես մի քանի ձայնագրություն արեցի նրանց հետ, որոնք պահվում են խմբի ստեղնահար Խաչիկ Սահակյանի մոտ։ Կարճ ժամանակ անց մեր համագործակցությունն ընդհատվեց։

-Մտադիր չե՞ք Ձեր ստեղծագործությունների ամբողջական սեղմասկավառակային հավաքածուն թողարկել:

-Դա իրականացնելու համար հովանավոր է պետք, հարց է՝ կգտնվի նման մեկը, թե՞՝ ոչ:

-Գիտեմ, թե ինչ մեծ դեր է խաղում հոգևորը Ձեր կյանքում: Ուստի հարցս պատահական չէ. այս դժվարին օրերին ի՞նչը կարող է ամրապնդել մեր հանրության հավատը, ապրելու և ստեղծագործելու մղումը:

-Անցած ուղիս, տարբեր ազգերի մշակույթների հետ ծանոթությունս, բարձրաճաշակ արվեստ ներկայացնող մարդկանց հետ հանդիպումներս ու շփումներս, ինչպես նաև հոգևոր աշխարհայացքս հանգեցրել են ինձ այն գաղափարին, որ այո՛, ի սե՛ր Աստծո, աշխարհը կարող է և պետք է առավել բարի ու մաքուր հանգրվան դառնա խաղաղ ապրելու համար, և տարբեր ազգերի մշակույթի անվանի ներկայացուցիչները, եթե սրտանց կամենան և մի փոքր էլ ջանք գործադրեն, կարող են լուրջ հիմքեր դնել միջպետական հարաբերություններում միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք հաստատելու և ամրապնդելու համար։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ բոլորն ազնիվ ու սրտաբաց լինեն, սեր ու պատիվ ցուցաբերեն միմյանց նկատմամբ և մշտապես պատրաստ լինեն անկեղծ և փոխշահավետ երկխոսության:

-Շնորհակալ եմ։ Հաջողություն եմ մաղթում Ձեզ:

 

Հարցազրույցը՝ Աշոտ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Բորիս Անդրեասյանի արխիվից:

 

... ...