Բեռլինի անկումը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ի թիվս բազմաթիվ այլ հայ մտավորականների ու արվեստի գործիչների հայրենիքի պաշտպանությանը  մասնակցում էր նաև հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ազգային  երաժշտարվեստի մեծ երախտավոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը: Հայրիկը ռազմաճակատ էր մեկնել 64-րդ հատուկ գնդի կազմում, ակտիվ մասնակցություն է ունեցել Հյուսիսային Կովկասի ազատագրմանը և մարտական գործողություններին մասնակցության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով», «Կովկասի պաշտպանության համար» մեդալով և ևս երեք այլ մարտական մեդալներով։

Պահպանվել է մի անհայտ բանաստեղծություն, որը լեյտենանտ Մուրադյանը գրել է ռազմաճակատում, մայիսյան տոնական օրերին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հաջորդ օրը: «Բեռլինի անկումը» վերնագրով այդ ստեղծագործությունը մեզ է տրամադրել գրող Հովիկ Չարխչյանը, այն ներկայացնում ենք «ArtCollage»-ի ընթերցողներին:

 

***

Տոնն է հոգուս.... և հնչում է այնտեղ ահա

Ռազմի երգի հազար շեփոր, հազար ծնծղա,

Հրետանին՝ լեզու առած իմ խոր հոգում

Հաղթողներին ավետում է հազար ողջույն...

 

Դանդաղորեն մթագնում է հին քաղաքը ամբարտավան

Եվ ծածկում է նա իր դեմքը ամոթապարտ գողի նման,

Որքան օտար քրտինքներ կան վեմերի մեջ նրա ճարտար...

Որքան զրկանք, որքան արյուն և արցունքի աստղեր գոհար:

Կանգնած է նա հողի կրծքին քանդակներով իր բարձրաթագ

Եվ տնքում է հողն ամոթից նրա ոճրի ծանրության տակ:

 

Ռազմադաշտի վրա դանդաղ մութն է իջնում գիշերային,

Սգվորի պես սև են հագնում ուղիները դեպի Բեռլին:

Հազար-հազար փոսեր փորված,

Մութ դարաններ՝ գետնատարած,

Ճանապարհներ ականապատ,

Արգելակներ՝ ամուր պողպատ՝

Շրջափակում, պահպանում են

Գայլերի որջը հանցապատ:

Լուռ ծվարած փոսերի մեջ, ինչպես իժեր ձմեռային

Եվ դիվային զենքերն իրենց լցրած մահով դժոխային,-

Ոհմակները գերմանացի

Սպասում են ահեղ մարտի....

Երազեցին մի օր նրանք

Արևելքի հակինթ ու զարդ,

Արևմուտքի ընտիր պողպատ...

Երազեցին տիրել Մոսկվան, մարել արևն ազատության,

Ծունկի բերել ազատ հոգին, ազգերն անել ոտքի կոխան,

Էլ չի հուզում նրանց հոգին երազները հին օրերի....

Երազները՝ անհետ կորած, ինչպես փրփուրը ջրերի:

Մի բան միայն կուզեն նրանք՝ կռվել անվերջ, որ չմարի

Բաբելոնի կրակի պես վերջին ճրագը ֆյուրերի:

 

Նրանց դիմաց կանգնած են գոռ բանակները իմ հայրենի՝

Զենքերն իրենց ուղիղ պարզած դեպի դռները Բեռլինի:

Նրանք իրենց հետն են բերել արցունքները բյուր մայրերի,

Արցունքները, որոնք այսօր կայծակներն են իրենց սրի...

Նրանց հոգում թույն են դարձել հեղեղները անմեղ արյան,

Արյուն, որ թե բողոք է և թե վրեժի ազդանշան:

Եվ դաշտերից անծայրածիր, հովիտներից ծաղկածիծաղ,

Արևակեզ տափաստանից և լեռներից ցողաշաղախ,

Ձյունապսակ գագաթներից, անտառներից խոր ու մթին

Ռազմի երգով ու գրոհով նրանք հասել էին մինչև Բեռլին...

 

Ռազմի դաշտում խավարամահ որպես հազար արեգակներ

Բոցկլտացին հազար ու բյուր ակնախտիղ լուսարձակներ,

Կարծես մթի սրտում բուսան հազար ու բյուր լուսե շուշան

Ու լուսեղեն հազար սրեր մթի թանձր կուրծքը մտան...

Հանկարծ հողը ցնցվեց, դողաց

Հրետանու զարկից հուժկու,

Վեր խոյացան պողպատակուռ արծիվները մեր լուսաթև,

Որոտաց մեր հրետանին և պատառեց խավարը սև....

Այդպես ցնցում ու երկրաշարժ դեռ չէր տեսել գերմանացին,

Այդպես որոտ, այդպես կայծակ դեռ չէր իջել նրա գլխին,

Ծուխ ու փոշին իրար գրկած՝ սյուների պես վեր բարձրացան,

Գրոհեցին լույսերի մեջ ու ծածկեցին դաշտ ու ճամփան,

Եվ ծխամած ու փոշեծուփ, մեռելապատ դաշտի սրտում

Կայծակնացայտ բոցի սրեր փոշու ամպերն են ծավատում...

Մրցում էին երկու աշխարհ՝

Կյանքն ու մահը, լույս ու խավար...

 

Արևը վառ իր հրեղեն թևը փռեց դաշտի վրա...

Արևի հետ ոտքի ելան ռազմիկները մեր պողպատյա...

Եվ խուժեցին խոր դիրքերից մրրիկների պես մոլեգին,

Ռումբի թափով առաջ անցան ու սլացան դեպի Բեռլին:

Եվ շողացին որպես կայծակ փոշու թանձր ամպի միջից,

Խավարի մեջ արևացան՝ կարծես ծնված արեգակից:

Կուրծքը կրծքի հանդիպեցին՝

Սվինների հունձքով անցան...

Դիրք ու դարան ավերեցին,

Նռնակների զարկով անցան:

Ծառ ու անտառ տապալեցին՝

Կուռ տանկերի կրծքով անցան...

Պատ ու պատվար խորտակեցին՝

Հեղեղների թափով անցան...

Մահվան գրկում անմահացան, 

Մահը պարտված՝ նրանք անցան...

Մահվան ճամփով Բեռլին մտան,

Հաղթանակի փառքով անցան...

 

10. 05.1945 թ.

լեյտենանտ Հայրիկ Մուրադյան