Բեռլինալե 2022. Ֆրանսուա Օզոնը հանդգնում է նկարահանել Ֆասբինդերի ստեղծագործությունը, բայց մնում է նրա ստվերում

Ավարտվեց Բեռլինի 72-րդ կինոփառատոնը, որի բացման ֆիլմը Ֆրանսուա Օզոնի  «Պիտեր ֆոն Կանտ» կինոնկարն էր, մի ֆիլմ, որն արդեն հասցրել է միջազգային մամուլում լայն արձագանք գտնել, քանի որ ֆիլմում ֆրանսիացի ռեժիսորը «խաղարկում» էր գերմանացի հռչակավոր ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Պետրա ֆոն Կանտի դառը արցունքները» ստեղծագործության սյուժետային գծերը: Այս ֆիլմի գլխավոր դերերում տաղանդավոր արտիստների հայտնի եռյակն է՝ Դենի Մենոշե, Իզաբել Աջանի և Հաննա Շիգուլա:

RFI-ն  նույնպես անդրադարձել է փառատոնի այս կարևորագույն իրադարձությանը՝ վերլուծելով ֆիլմի ուժեղ և թույլ կողմերը, դրանք դիտարկելով Ֆասբինդերի գլուխգործոցի հետ համեմատության մեջ:

 

2022 թվականի փետրվարի 10-ին Ֆրանսուա Օզոնը՝ ուժեղ կինեմատոգրաֆիական քայլով բացեց Բեռլինալեն: «Պիտեր ֆոն Կանտը» հավակնում է դառնալ «Պետրա ֆոն Կանտի դառը արցունքները» թատերական պիեսի ժամանակակից և հարստացված ադապտացիան: Այս պիեսը հեղինակել է Ռայներ Վերներ Ֆասբինդերը՝ հենց ինքն էլ ադապտացրել էր այն կինոյի համար և 1972 թվականին ներկայացրել Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Հիսուն տարի անց ֆրանսիացի ռեժիսորին չհաջողվեց գերմանացի պաշտամունքային ռեժիսորին գերազանցել: Գերմանիայի մայրաքաղաքում կինոփառատոնի բացման ժամանակ՝ Բեռլինալեի կարմիր գորգի վրա ակնհայտորեն հուզված Ֆրանսուա Օզոնը խոստովանել է. «Ինձ համար սա կարծես երազ լինի. Ֆասբինդերից 50 տարի հետո հայտնվել այստեղ…»

 

Ռայներ Վերներ Ֆասբինդերի ուժն ու թուլությունը

Մրցութային ծրագրում «Ոսկե արջ» մրցանակի համար պայքարող նրա ֆիլմում ամեն ինչ սկսվում է Ռայներ Վերներ Ֆասբինդերի եղջյուրե ակնոցից, որը միաժամական ընդգծում է գերմանացի ռեժիսորի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը: Եվ ամեն ինչ ավարտվում է մի արխիվային լուսանկարով, որտեղ Ֆասբինդերը պատկերված է իր սիրելի դերասանուհի Հաննա Շիգուլայի հետ: Ոչ մի վարկյան ֆրանսիացի ռեժիսորը չի թաքցնում իր հիացմունքը գերմանական կինոյի այս հսկայի հանդեպ, ինչը նրան չխանգարեց փոխել օրիգինալ ֆիլմի բոլոր դերերը։

Նորաձևության դիզայներ Պետրա ֆոն Կանտը, որը որքան հռչակավոր է, այնքան էլ դաժան՝ Օզոնի մոտ դառնում է Պիտեր ֆոն Կանտ՝ հեղինակավոր, նարցիսիստական բնավորություն ունեցող և իր փառքի գագաթնակետին հասած ռեժիսոր: Իսկ Դենի Մենոշեի տպավորիչ աշխատանքը Պիտերի դերի վրա գրեթե կասկածի տակ չի առնում այս կերպարի ինքնակենսագրական կողմը, որը զուգորդում է Ֆասբինդերի կյանքի հետ: Նույն քիթուբերանը, նույն հայացքը՝ միաժամանակ հետաքրքասեր և հետապնդող, նույն իմաստավոր շարժումները, մարմնի նույն կազմվածքը՝ միաժամանակ փխրուն և կենդանական՝ օժտված միևնույն ժամանակ գեղարվեստական, մանկական և ցանկասեր մտքերով: 

(Ըստ սյուժեի 40-ամյա հաջողակ ռեժիսորը սիրավեպ է սկսում 23-ամյա Ամիրի հետ, նրան խոստանալով կարիերա կինոյում: Նրանց հարաբերություններում մեկը միշտ սեր է պահանջում, հիշեցնելով իր ցուցաբերած օգնության մասին, իսկ մյուսը՝ ծաղրում է զուգընկերոջը, ստիպելով նրան իրեն խանդել: Երկու մյուս հերոսուհիներն են Սիդոնին (Իզաբել Աջանի) և Պետերի մայրը՝ Ռոզմարին (Հաննա Շիգուլա): Պատմության ճշգրտությունը պահպանելու համար Օզոնը անփոփոխ է թողել նրանց սեռը:

 

Օզոնի կողմի՞ց ներկայացված Ֆասբինդեր

Օզոնի գործը հիմնականում մնում է Ֆասբինդերի պիեսի «ազատ ադապտացիան»: Այն ստեղծում է 1970-ական թվականների գեղագիտությանը համապատասխանող շատ կոկիկ և միևնույն ժամանակ ջերմ պատկեր, ստեղծագործության թատերական ոգուն համահունչ նրբորեն արված կադրավորում, որը զուգորդվում է զգացմունքներով պայմանավորված սահուն անցումներով և յոթերորդ արվեստի պատմության ընդօրինակումն ընդգծող կինոաստղերի խելացի աշխատանքով:

Ֆասբինդերի «Ջրի կաթիլները շիկացած ժայռերի վրա» պիեսի ադապտացիան էր, որը 2000 թվականին Ֆրանսուա Օզոնի համար ճանապարհ հարթեց դեպի կինո: Եվ դա արդեն Բեռլինի կինոփառատոնում էր: Այդ ժամանակից ի վեր, ճշմարտության որոշակի որոնումները մեծ էկրանին նա կիսում է գերմանական կինոյի նախկին «անտանելի երեխայի» հետ: Բայց նաև պատկերի միջոցով երևան է բերում առօրյա կյանքում տեղ գտած երեսպաշտությունը: Ինչպես իր կուռքը, Օզոնն իր վրա է վերցնում հույզերի պայքարի հայտնի ու արտոնյալ դիտորդի դերը, կինեմատոգրաֆի «ռենտգենյան ճառագայթների» միջոցով տեսանելի դարձնելով այդ զգացմունքները: Այս սոցիալական ասպարեզում, որտեղ համարձակությունն ու փառասիրությունը, վստահությունն ու պայմանականությունները ոչնչացնում են իրար, նրանք երկուսն էլ ծառայում են որպես վարպետներ:

 

«Յուրաքանչյուրը սպանում է այն, ինչը սիրում է»

Իզաբել Աջանին գերմաներեն երգում է. «Jeder tötet, was er liebt» («Յուրաքանչյուրը սպանում է այն, ինչը սիրում է»): Այս երգը մեզ որպես ուղեկից է ծառայում՝ սիրո և իշխանության կառուցվածքների՝ միևնույն ժամանակ դառը ու զգայուն հետազոտության մեջ: Պիտեր ֆոն Կանտը միավորում է Հաննա Շիգուլային՝ ապահովելով ուղղակի հարազատությունը Ֆասբինդերի կինոյի հետ, Իզաբել Աջանիին, որը Դիվա Սիդոնիի իր դերի նկատմամբ ինքնահեգնանքի մոտեցում է ցուցաբերում, ինչպես նաև Դենի Մենոշեին, որը մարմնավորում է գերմանացի ռեժիսորի «ալտեր էգոն» (ուրիշ եսը), որին բնորոշ է հարբեցողությունը և իր զգացմունքներում անզուսպ լինելը:

Օզոնի ֆիլմում Պիտեր ֆոն Կանտն ամենագո է: Նրա նոր սիրեկանը՝ Ամիրը (Խալիլ Գարբիան), որի առաջընթացն է ապահովում Պիտերը՝ հաջորդ ֆիլմում նրան դեր տալու համար, իր գեղեցկությամբ «պայթեցնում» է էկրանը: Դիվա Սիդոնին հմտորեն հանդիսատեսի ուղեղն է գրավում: Ֆրանսիացի ռեժիսորի ադապտացիայում խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կայացած գերմանացի դերասանուհու համար հատուկ մշակված ֆիլմի նախագծի մասին է՝ հարմար պատրվակ Ֆասբինդերի անձնական պատմությունը պատմելու համար: Ծնված լինելով 1945 թվականի մայիսին՝ Գերմանիայի ռազմական և բարոյական կապիտուլյացիայից մի քանի օր անց, նա իր ստեղծագործություններում մշտապես ուսումնասիրել է գերմանական պատմության գաղտնագործություններն ու տաբուները: Պատկերների վերածված իր զայրույթից նա ստեղծել է մի ամբողջ կինեմատոգրաֆիական ճարտարապետություն, որպեսզի մասերի բաժանի այս գերմանական հասարակությունը, որում նա երկար ժամանակ մարգինալ էր համարվում: Եվ նա վտանգի է ենթարկել հետպատերազմյան շրջանի բարեխղճությունը հենց իր ներքին ու համակարգից դուրս գտնվող կրքերով ու մտորումներով։

 

Ավելի շատ ինքնակենսագրական, բնօրինակից ավելի քիչ արմատական

Այս ամենը տեղ չի գտել «Պիտեր ֆոն Կանտում»: Օզոնը պարզապես բավարարվում է նրանով, որ ադապտացնում է պիեսը, որպեսզի միացնի այն ռեժիսորի հայելային դիմանկարի հետ: Օզոնը մոտենում է օրիգինալ պիեսի ինքնակենսագրական ձևաչափին, բայց և միաժամանակ հեռանում է այն հզորությունից և արմատականությունից, որոնք հնարավոր էին դարձել հեռվից դիտարկելու պարագայում… Գործելով այդ եղանակով, նա կորցնում է գերմանական կինոյի այս գլխավոր դեմքի հզորությունը: Սյուժեն շարունակ ներկա է, սակայն Պիտեր ֆոն Կանտը մնում է փակված Ռայներ Վերներ Ֆասբինդերի անձի ներքո, առանց գերմանական հասարակությանը, քաղաքականությանը, կամ Գերմանիայի պատմությանն անհանգստացնելու:

Այնպես որ, ամենահետաքրքիր դերն, ի զարմանս բոլորի, վիրտուոզ կերպով մարմնավորել է Կարլը (Ստեֆան Կրեպոն)՝ ծառան, որը ստրուկի նման ենթարկվում է նրան: Բռնապետ ռեժիսորին ծառայելիս նա ամեն ինչում հմուտ է՝ հագցնել կոշիկները, շամպայն բերել, իր տիրոջ հեռախոսային խոսակցության ժամանակ հեռախոսի լսափողը բռնել, սցենարներ համահեղինակել, ծառայել նրան վերջինիս սիրտը թեթևացնելու համար…

 

Կարլ՝ իրական ֆասբինդերյան հայացք

Ամբողջ ֆիլմի ընթացքում Կարլը ոչ մի բառ չի արտասանում, բայց նրա կազմվածքի, հայացքի, ժեստերի, տատանումների, փայլող աչքերի կամ սեղմած ծնոտի միջոցով մենք հասկանում ենք ամեն ինչ, և մյուսներն էլ են դա հասկանում: Նա նման է նոտաների միջև ընկած լռության, առանց նրա չկա երաժշտություն, չկան շեշտադրումներ, չկա մեղեդու անկումը: Նա պատկերի այն խորքն է, որը կուլ կտա կտավի բոլոր հիմնական կերպարներին: Վերջիվերջո նա՛ կզբաղեցնի հեղափոխականի և բացարձակ ճշմարտության պաշտպանի այն բաղձալի դերը, որը բոլորը ձգտում են մարմնավորել ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում: Նայելով մյուսներին ինքնաբավ և ինքնամփոփ ձևով, նա մեզ հափշտակում է իր հայացքով՝ առանց բարեհոգության, առանց խղճահարության. իսկական ֆասբինդերյան հայացք:

Բացի այդ, կա Հաննա Շիգուլան: Ռայներ Վերներ Ֆասբինդերի նախկին մուսան, որն օրիգինալ պիեսում մարմնավորեց «փոքրիկ պոռնիկի», այսինքն՝ Կարլի դերը, հիսուն տարի անց Օզոնի ֆիլմում խաղում է Պիտերի «Mutti»-ի (մայրիկի) դերը: Լինելով այնպիսի մայր, որը չի կարողանում տղային իրեն ենթարկել, նա դիմանում է նախատինքներին, բայց մնում իր որդու հուզական աշխարհի տիրուհին, նույնիսկ նրա ծնվելուց քառասուն տարի անց: Երբ նա կընկնի, նա կլինի այնտեղ «Schlaf Kindlein schlaf» («Քնիր, իմ փոքրիկ, քնիր») օրորոցայինով, որը Հաննա Շիգուլան երգում է գերմաներեն՝ բաց անելով իր ֆասբինդերյան հոգին: Օզոնը նրան նկարահանում է գիշերը, լույսին հակառակ՝ նա կարծես հրեշտակ լինի իր երկար մոխրագույն մազերով, որը նրան սպիտակ լուսապսակի տեսք է տալիս: Ֆասբինդերյան աշխարհի փառաբանությանը նվիրված կինեմատոգրաֆիական վերջին հանդիսավոր մի պատկեր՝ ապոթեոզ:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի