Բենիսիո Դել Տորո. «Տպավորություն ունեմ, որ մեծացել եմ Կաննի կինոփառատոնում»

Մեծ էկրանի ամենահետաքրքիր դերասաններից մեկը՝ Բենիսիո Դել Տորոն այսօր նշում է տարեդարձը: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում հույն կինոգետ Էլլի Մաստորուին՝ 2013-ին նրա տված հարցազրույցը, որը հրապարակվել է բելգիական ֆրանսալեզու L’Avenir թերթում:

Պուերտոռիկացի, ամերիկացի և իսպանացի Բենիսիո Դել Տորոն Առնո Դեպլեշենի «Ջիմի Փիկար» ֆիլմում աշխատելուց ի վեր նույնիսկ փոքր-ինչ ֆրանսիացի է դարձել: «Կասկածելի դեմքեր» ֆիլմով իր համար ուղի հարթած, «Տրաֆիկ»-ի համար «Օսկար» ստացած, 2008 թվականին «Չե»-ի համար Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած Բենիսիո Դել Տորոն մի դերասան է, որը չի դադարում զարմացնել կինոյի  սիրահարներին՝ այս անգամ արդեն հանդես գալով Առնո Դեպլեշենի «Ջիմի Փիկար» ֆիլմում:

 

Էլլի Մաստորու -Բենիսիո Դել Տորո, հաճա՞խ եք ճանապարհորդում Եվրոպայում:

Բենիսիո Դել Տորո -Այո, հաճախ եմ գալիս... Իմ ֆիլմերի առաջընթացն ապահովելու համար (ժպտում է): Եվ ես այն տպավորությունն ունեմ, որ մեծացել եմ Կաննի կինոփառատոնում: Առաջին անգամ դա 1995 թվականին էր, երբ ես հանդես եկա «Կասկածելի դեմքեր» ֆիլմում… Հետևաբար ես սկսում եմ մի քիչ ինձ ֆրանսերեն չխոսող ֆրանսիացի զգալ: Բայց շատ արտասահմանցի ռեժիսորներ և դերասաններ գալիս են Եվրոպա՝ աշխատելու և հակառակը:

Էլլի Մաստորու -Ծնված լինելով Պուերտո Ռիկոյում, վերջերս Դուք ստացաք Իսպանիայի քաղաքացիություն…

Բենիսիո Դել Տորո -Այո, ես երկքաղաքացիություն ունեմ: Այդ առաջարկը եկավ Իսպանիայից, և ես համաձայնեցի, քանի որ դա մեծ պատիվ էր: Պուերտո Ռիկոն դարեր ի վեր եղել է Իսպանիայի գաղութ: Այսպիսով, իմ նախնիների հետ կապ կա, և ես առ այսօր Իսպանիայում բարեկամներ ունեմ:

Էլլի Մաստորու -Այսօր Պուերտո Ռիկոն ազատ պետություն է, բայց կապված է Միացյալ Նահանգների հետ, այդպես չէ՞:

Բենիսիո Դել Տորո -Այո, արդեն մեկ դար է ինչ այդպես է: Բոլոր պուերտոռիկացիներն ունեն ԱՄՆ քաղաքացիություն:

Էլլի Մաստորու -Կարելի՞ է համարել, որ սա ձեր և առհասարակ պուերտոռիկացիների համար շահերի սահմանափակման աղբյուր է:

Բենիսիո Դել Տորո -Դա այդպես է եղել, բայց ժամանակները փոխվում են: Այս իրավիճակում նույնքան շատ առավելություններ կան: Բայց իմ կարծիքը մեծ նշանակություն չունի, կարևորն այն է, որ այսօր ամերիկյան հողի վրա ավելի շատ պուերտոռիկացիներ կան, քան հենց բուն կղզում, և որ նրանք, որոնք ապրում են Պուերտո Ռիկոյում, չունեն նույն արտոնությունները, ինչ հայրենավտարվածները: Միացյալ Նահանգները պետք է այս իրավիճակն իր ձեռքը վերցնի, մի բան, որը մինչև այժմ այնքան էլ լավ չի արել. ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում:

Էլլի Մաստորու -ԱՄՆ-ն պետք է ավելի՞ ակտիվ մասնակցություն ցուցաբերի:

Բենիսիո Դել Տորո -Այո։ Երբ տան կտուրը կաթում է, ո՞վ պետք է վերանորոգի այն. սեփականատերը, թե՞ վարձակալը: Պուերտո Ռիկոն չի կարող որոշումներ կայացնել առանց ԱՄՆ կառավարության համաձայնության, ահա…

Էլլի Մաստորու -Եկեք մի փոքր խոսենք ֆիլմից: Ի՞նչը ձեզ գրավեց «Ջիմի Փիկարի» սցենարում:

Բենիսիո Դել Տորո -Բանն այն է, որ դա միանգամայն ինքնօրինակ էր: Սովորաբար, հոգեվերլուծության մասին ֆիլմերը միշտ պտտվում են սպիտակամորթ մարդու շուրջ՝ անգլիացու, ֆրանսիացու, ամեն դեպքում եվրոպացու, որը խոսում է մեկ այլ սպիտակամորթի հետ: Երբեմն պատահում են նաև կանայք, կամ սևամորթներ... Բայց այստեղ խոսքն ամերիկացի հնդկացու մասին է՝ դա ինձ հետաքրքրեց: Եվ այս մարդուն հոգեվերլուծության է ենթարկում ռումինական ծագումով մի ֆրանսիացի, որն ինքն է թաքցնում իր ինքնությունը. Ինչպիսի խառնաշփոթություն (ծիծաղում է):

Էլլի Մաստորու -Ակնկալո՞ւմ եք, որ ամերիկացի հնդկացիները կարձագանքեն ձեր դերին:

Բենիսիո Դել Տորո -Այո, դա մտահոգիչ էր: Պուերտո Ռիկոյում շատ ամերիկացի հնդկացիներ կան, և ոմանք ասում են, որ բոլոր պուերտոռիկացիներն իրենց մեջ մի քիչ հնդկացիների արյուն ունեն: Եվ չնայած ես ունեմ որոշ ֆիզիկական նմանություններ, ես ամերիկացի հնդկացի չեմ՝ դա առանձին մշակույթ է: Անշուշտ, ես ինքս ինձ հարց եմ տվել, թե արդյո՞ք ամերիկացի հնդկացին ավելի չէր սազի այս դերի համար: Բայց ես ուզում էի աջակցել այս նախագծին և գիտեի, որ այս դերի ստանձնումը թույլ կտա, որ ֆիլմը կայանա: Իմ մեկնաբանության մեջ ես փորձեցի հարգանքով վերաբերվել նրանց մշակույթին: Բայց գիտեք, կինոյի պատմության մեջ շատ դերասաններ խաղացել են դերեր, որոնք տարբերվում են իրենց ազգությունից: «Ես մարտնչել եմ Էռնեստ Հեմինգուեյի հետ» ֆիլմում Ռոբերտ Դյուվալը հանդես է գալիս… կուբացու դերում, և ես նրա խաղը հիասքանչ համարեցի: Կարևոր չէ, թե նա ամերիկացի է:

Եթե «Ջիմի Փիկարը» հիմնված է հոգեվերլուծաբան և մարդաբան Ժորժ Դևերոյի (նրա գրքի հիման վրա նկարահանված է ֆիլմը) էթնոլոգիական տեսությունների վրա, ապա Դեպլեշենի (ֆիլմի բեմադրող ռեժիսոր) համար ֆիլմում կենտրոնական տեղը զբաղեցնում է բժշկի և նրա հիվանդի միջև ծագող բարեկամական կապը:

Դել Տորոն համաձայնում է. «Ամեն ինչ պտտվում է այս երկու տղամարդկանց շուրջ, որոնք օգնում են միմյանց: Այստեղից բարեկամություն է ծնվում: Պատմության ամբողջ ինքնատիպությունը հենց դա է. հնդկացի ու ֆրանսիացի, որոնք զրուցում են Կանզասի խորքում գտնվող հիվանդանոցում»: Դերասանը խոստովանում է, որ սա բարդ թեմա է, որը հանդիսատեսից պահանջում է կենտրոնացում. «Սա հավակնոտ և բարդ ֆիլմ է, բայց դրանում է նրա գեղեցկությունը։ Պետք է համառություն դրսևորել, պահպանել ռիթմը, դա ջազային համերգի պես մի բան է»:

 

Ֆրանսերենից թարգմանեց Նունե Գալստյանը