«Բարկանո՞ւմ ես»․ գունեղ-երկգույն ներկայացում Համազգայինում

Բեմի անկյուններում երկու հակադիր իրականություն է։

-Է՜․․․ էհ․․․՜ Չէ՛,-  ապրուստի անհնարինության ձայնարկություն։

-Օյ, օխ, ջա՜ն,- գոհության, լիությունից  ճապաղելու․․․

Բեմի խորքում նվագախումբն է՝ «Համազգային բենդը», ոչ թե սովորական, այլ հեքիաթային, երբեմն աննկատ է, սակայն կարող է մեներգչի հետ քննարկում անել, անսպասելի հյուր գնալ տանտերերին։

Մի խոսքով, Համազգայինի բեմում Հովհաննես Թումանյանի՝ անհիշելիորեն ծանոթ «Տերն ու ծառան» հեքիաթն է։

Բեմը հայկական հարազատ բնապատկեր է հիշեցնում, լայն վրձնահարվածներով, սարյանական վառ, տաք գույներով։ Անգամ նվագախումբը բեմից առանձնացնող լարն է ոսկեդեղին, հարուստի հասուն արտը, որը սպասում է հունձ անող եղբայրներին։

Եղբայրների աղքատությունը ոչ թե վանող, այլ մինիմալիստական գեղեցիկ է։ Արխալուղի փոխարեն՝ անթև միակ շապիկը, ապրուստը՝ մեկ խնձոր, որը պետք է կիսել, փաթաթել գլխաշորի մեջ, ամրացնել ցուպին, ու ավագ եղբայր - Անդրանիկ Էթեմեզյանը ճանապարհվում է դեպի անհայտություն՝ աշխատանք փնտրելու։

Իրենց իսկ տանը, սուրճ վայելելով, ասես հենց նրան են սպասում հարուստ ամուսինները։

Հետաքրքիր է, որ Համազգայինի հեքիաթի անալոգը ոչ թե մալյանական ներկայացման «Անխելք մարդն» է, այլ «Հայֆիլմի»՝ կես դարից ավելի (1962 թ) հմայող ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի կարճամետրաժը։ Թաթիկ Սարյանի և Մելինե Համամջյանի անկրկնելի դերակատարումներին համարժեք անզուգական են երիտասարդ դերասանները։ Ավագ եղբայր Մանասը Սոս Սարգսյանի առաջին կինոդերերից է, առաջին մտապահվողը, և իհարկե՝ Ֆրունզիկ Մկրտչյանի Սիմոնը, արտիստի լավագույն, սիրված կատակերգական դերերից մեկը։

Անճանաչելի է Տաթև Ղազարյանը տիրուհու դերում։ Ինքնավստահ, ինքնասիրահարված կարմրատոտիկ աքաղաղ, քայլելիս չափազանցված բարեմասնությունները շեշտելով։ Այնքան չափազանցված, որ լայն կրծքավանդակն ամուսինների համար սուրճի սեղան է ծառայում։ Ուշադիր հանդիսականի համար մեկ դրվագում է դերակատարումը հիշեցնում Մելինե Համամջյանին, մանր ու արագավազ աչքերի հայացքով։

Կու-կու, կու-կու․․․

Ի հակադրություն Թաթիկ Սարյանի գաղափարական, դասակարգային կերպարի, Գագիկ Մադոյանի հսկայամարմին տերը բարեհոգի է, ուրիշ կյանք չգիտի, և բնական է, որ ինքը, կինը համերաշխ ուտեն-քնեն, ծառայողը «ձրի բանի»։

-Աղա ջան, սոված եմ․․․

-Վաղը կուտես, չարդ տանեմ։

Այսչափ անչար, և ուժահատ ավագ եղբայրը վերադառնում է տուն, պարտքի բարաթը գրպանում։ Ու նույն ցուպը ձեռքին ծառայության է մեկնում կրտսերը (Հարություն Սարգսյան)։ Տերերի բարկացած հայացքի տակ շվշվացնելով մաշիկները հագնելով, հնարամիտ, նպատակասլաց, եղբոր հետ պատահածից դասեր առած, իր գիծն ամեն գնով առաջ տանող։ Պետք է՝ մաքրելու փոխարեն վերջին կուժն ու կուլան է կոտրում, հոլիվուդյան ժպիտով տիրոջը խորամանկորեն տարհամոզում՝ բոլորը հաց են ուտում, մենք էլ չուտե՞նք։

-Աղա, արտը մնաց․․․

-Այտա, մոռացե՞լ ես, որ ես արդեն հնձել եմ։

 

Սրտում լիքը սեր, ծերուկն իր գործը գիտի

Ներկայացման երկրորդ մասում Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի» հեքիաթն է։

Հայկական արևոտ աշխարհից տեղափոխվում ենք դանիական ցրտաշունչ գյուղ, ուր ամեն ինչն է ուրիշ։ Վառ ու կոնտրաստային գույները փոխարինվում են նրբին ասեղնագործ երանգներով (ձևավորումը՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան), անգամ նվագախմբի ռիթմն է դառնում ավելի մեղեդային։ Առաջին պլան է գալիս նաև մեներգիչ Հայկ Պետրոսյանը։

Անկարևոր է դառնում, որ տունը խարխուլ է, քիվերը՝ պոկված, դատարկ ու ցրտաշունչ, քանի որ համերաշխ գուլպա գործող զույգի համար ջերմությամբ լի տուն է, անգամ եթե երկուսով փաթաթվում են միակ բրդե հագուստի մեջ։ Դերակատարների՝ Սերգեյ Թովմասյանի և Տաթև Ղազարյանի հանդերձանքը տարազային է, համեստ ու ակնահաճո գույներով։ Կինը կանաչի մուգ ու բաց երանգների մեջ է, բաց կանաչավուն սարաֆան, հագուստը լրացնող չեպչիկով՝ կանացի գեղեցիկ գլխադիրով։ Երեխայի պես հրճվող, դոնքիշոտյան անմեղ արտաքինով Սերգեյ Թովմասյանը հեքիաթներից ծանոթ կարճ-փողքավոր տաբատով է։ 

«Օգնող չունեն, բայց ունեն մի ձի»․ ներկայացնում է պատմողը, բայց հանկարծ ծերուկը վճռում է ընտանիքի այդ գանձը շուկա տանել, կինն էլ երկրորդում է՝ ինչ էլ ծերուկն անի, ճիշտ է։ Համերաշխորեն պարանին ամրացվող լվացքը՝ սպիտակ ժակետն ու գլխաշորը, վերածվում է ձիու, սպիտակ ծոփքերով շարֆն էլ՝ ձիու պոչի։ Այս ձիուն արդեն կարելի է թոկից բռնած տանել շուկա, գնորդը կարող է հեծնել, ձին՝ փնչացնել ու ծառս լինել։

«Համազգային բենդի» մեներգիչ Հայկ Պետրոսյանը, դեմքի զարմացած արտահայտությամբ, կամուրջ է բեմի իրադարձությունների և փոքրիկ հանդիսատեսի միջև։

-Երեխաներ, փոխանակե՞նք․․․

-Այո՜․․․ Ո՜չ․․․

Դահլիճում պատանի հանդիսատեսի թատրոնին հատուկ աշխույժ, կառավարելի, ինտերակտիվ մթնոլորտ է։ Հայկը շնչակտուր հետևում է ծերունու ոչ խելամիտ  փոխանակումներին, օգնության կանչում դահլիճին։

Ծերուկն ամբողջ աշխարհին և ամեն ինչին՝ սագ, ոչխար, կով, նայում է կնոջը գոհացնելու պրիզմայով՝ «այ թե պառավս կուրախանա», «կաթ ու մածուն, կարագ կուտենք, կծախե՜նք»՝ կովի հետ փոխանակելիս, «մի բարձի կծերանա՜նք»՝ ոչխար ընտրելիս։

Նույն հանգերգը երգվում է տանը, արդեն երկուսով՝ «տոն օրերին տապակած սա՜գ կուտենք, որ մասը տամ, տոտիկը, թևիկը», բայց համերաշխ կնոջ համար դեռ պիտի բացահայտում լինի, գաղտնիքը դահլիճը գիտի, շունչը պահած սպասում է։

Հուշիկ-հուշիկ հեռացող, անակնկալից խուսափող կնոջ ականջին հնչում է վերջին փոխանակումը՝ մի պարկ խնձորը, ու կարկամած, դեռ չի հասցնում հոգու խորքից դրական նոտաներ պեղել՝ արձագանքելու, փոքրահասակ հանդիսականն իր ճշտումով ավելի է սրում դրությունը՝ «փտած, փտա՜ծ»։

Այ թե պառավը կուրախանա։

Ներկայացման հուզիչ ու նուրբ տեսարաններից է՝ Սերգեյ Թովմասյանն անմեղ ինքնավստահության, ինքնագոհ զգացողության մեջ է, Տաթև Ղազարյանը միաժամանակ զարմացած, ապշած, զսպված զայրույթը մեղմ ապշանքի փոխարկած, ի վերջո անակնկալի հետ հաշտվում է՝ վերածելով զավեշտի։ Ինչ էլ ծերուկն ասի կամ անի, ամեն ինչ ճիշտ է։ Մտապահվող է դահլիճից երգվող երգը՝ «Ծերուկն իր գործը գիտի՜, ծերուկն իր գործը գիտի՛» (կոմպոզիտոր՝ Արմեն Շահինյան, խոսքը՝ Սերգեյ Թովմասյանի)։

Երկու հեքիաթում էլ բեմադրիչ Նարինե Գրիգորյանն ապավինում է երեխաների երևակայությանը, «դիտողի ստեղծագործական ճիգերին» (Հենրիկ Մալյան)։

«Այնքան թարմաշունչ, անսպասելի է Թումանյանի վաղածանոթ հեքիաթների թատերային մատուցումը, որ թվում է երբեմն, որ անծանոթ պատումներ ես նայում»․ հայտնի թատերագետ Լևոն Հախվերդյանի տեսակետն է Մալյան թատրոնի «Հեքիաթներ» ներկայացման ծննդյան տարում՝ 1982 թվականին։ Ներկայացումն այսօր էլ գերում է հանդիսատեսին իր պարզությամբ ու իմաստնությամբ։

«Դուրեկան զարմանքի» համանման զգացողությունն ես ունենում չորս տասնամյակ անց Սոս Սարգսյանի անվան թատրոնում «Բարկանո՞ւմ ես» ներկայացման դիտումից հետո։

Հայ իրականության մեջ թումանյանական հեքիաթների լավագույն թատերական մեկնաբան Հենրիկ Մալյանի տեսակետն է․ «Մարդն ուզում է իրադարձությունը, գործողությունը տեսնել երկու մետր հեռավորությունից, ու դա ավելի կյանքային է»։

Հայ մանուկին էլ, ծնողի կամ դասղեկի հետ, Նարինե Գրիգորյանը և Համազգայինը առատության եղջյուրից նվեր են արել։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

 

 

 

... ... ...