Բանաստեղծություններ

Մեր հանդիպման օրը

Ես կանաչ զգեստ կհագնեմ`

Ծառերի հետ չշփոթես:

Քեզ համար եմ ծաղկելու…

***

Ամառը խմորվեց

Մորս հացի թասում,

Ճարճատուն կրակում վառվում էին

Հիվանդանոցից բերված օրերս․․․

Թեյի բաժակում

Մելանխոլիան խառնելով՝

Մորս թխած անպանիր հացն եմ ուտում,

Դրսում թաց անձրևը մաքրում է

Հոգուս աշնանացավը։

***

Մի օր կալեկոծվես,

Ափերիցդ դուրս կգաս,

Կասես` Ծովն եմ հիշաչար,

Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ափում

Փաթեթավորված են արցունքներդ։

Իմ թախծախեղդ Ծով,

Երբ գիշերահավասարին ափերիդ փրփուրը

Կծածկի՛ մարմինս,

Կվիժի՛ դառնաջուր,

Նորից օր կիջնի մեր միջև

Սառն ու արցունքաբեր։

***

Մա՛մ,

Լռությունը վաղո՜ւց

Ճաքել է...

Մա՛մ, մանկությունս

Փռվել էր ճամփեզրին,

Հետո ծառերին էր

Բարձրացել:

Մա՛մ, խոսիր ինձ հետ

Անցած օրերիս գույներից,

Մա՛մ, երեկ որդիս կոտրեց

Իմ մեջ հյուսերով աղջկան,

Կոտրեց

Ինձ քո մեջ մա՛մ,

Մամ ես քեզ չեմ սիրում.

ինքս ինձ ինչպե՞ս սիրեմ։

***

Կարմրահեր Երևան

Բացի'ր աչքերդ,

Բացիր.

Չորացել է

Արցունքիդ առուն,

Գիտես`

Երկոտանի ժամանակը

Վազում է փեշերիցդ։

Կարմրահեր աղջի'կ,

Հիմա քեզանից ծնվող գրողները

Բառերը կուլ են տալիս`

Հում-հում,

Երբևէ քարերդ չեն լացել,

Երևա'ն,

Չե'ն տքնել ցավից...

***

Պաբլո', հոսի'ր, հոսի'ր 

Իմ բառերի կարոտներում,

Քանզի մուրացիկ սերդ քիչ է,

Անտրտունջ կյանքի յոթ գույներից

Իմ գույնը մթագնում է քո ստվերում:

Պաբլո', սիրի'ր ինձ, 

Անափ սիրիր մերկ հեքիաթների

Էջերի արանքում:

***

Երբ բաց էի թողնում թռչուններին`

Դու եկար վերջին թռչունի ոտքից թել կապեցիր,

Նրա փոխարեն դու թռար:

***

Հեռվում`ծովերի գրկում,

Բարի կախարդների ծոցում

Մահանում է մրսող երազը`

Հեքիաթից ծնված:

 

Խանում Ավանյան