Բալտասար Ժերար

Սպանել արքայազն Օրանսկոյին։ Սպանել եւ ստանալ քսանհինգ հազար էսկուդո, որ Ֆիլիպ II-ը նշանակել է նրա գլխի համար։ Գնալ ոտքով, մենակ, առանց գրպանում կոպեկի, առանց ատրճանակի, առանց դաշույնի, դառնալ առաջին մարդասպանը, որ իր զոհից սպանության գործիքը գնելու գումար է խնդրել՝ այդպիսին էր Բալտասար Ժերարի՝ Դոլից երիտասարդ հյուսնի սխրանքը։
Հոլանդիայով մեկ տանջալից թափառումներից հետո, քաղցից եւ հոգնածությունից մեռնելով, քանիցս ձերբակալված մեկ իսպանական, մեկ ֆլամանդական զինվորների կողմից, նա, այդուհանդերձ, ճանապարհ գտավ առ իր զոհը։ Երեք տարի անցավ կասկածների, խորամանկամտությունների եւ հիասթափությունների մեջ, եւ այդտեղ նրան շրջանցեց Գասպար Անյաստրոն։
Պորտուգալացի Գասպար Անյաստրոին՝ հագուստի առեւտրականին, հնարամտությամբ չես զարմացնի, առավել եւս, երբ խոսքը քսանհինգ հազար էսկուդո մեծ գումարի մասին է։ Զգուշավոր մարդ՝ նա հանգամանորեն ընտրեց հանցագործության տեղն ու միջոցը։ Բայց վերջին պահին վճռեց իր գլխի եւ զենքի միջեւ միջնորդ գտնել․ զենքը նա կբռնի Խուան Խաուրեգիի ձեռքերով։
Խուան Խաուրեգին`քսանամյա երիտասարդ, ինքնին երկչոտ էր։ Բայց Անյաստրոն ճնշման նուրբ հնարքների օգնությամբ, որոնց գաղտնիքը մեզ անհայտ է, կարողացավ կոփել նրա հոգին հերոսության համար։ Գուցե հերոսական գրականության ընթերցմամբ էր նրան ծանրաբեռնում, գուցե թալիսմաններով էր ապահովում, գուցե՝ մեթոդիկորեն գիտակցված ինքնասպանության հասցնում։
Միակ բանը, որ մեզ հստակ հայտնի է․ ուսուցչի նշանակած օրը (1582 թվականի մարտի 12-ին), Անժույսկոյի ծննդյան պատվին Անտվերպենում կազմակերպված տոնակատարությունների ժամանակ, Խաուրեգին շքախմբի միջով ճեղքանցեց եւ դիմահար կրակեց արքայազն Օրանսկոյին։ Բայց անբախտ տխմարն ատրճանակն այնքան լիքը վառոդով լցրեց, որ այն նռնակի պես ձեռքում պայթեց։ Մետաղական բեկորը ճղեց արքայազնի վիզը, իսկ գետնին ընկած Խաուրեգիին մոլեգնած շքախումբն իսկույն սրախողխող արեց։
Տասնյոթ օր Գասպար Անյաստրոն զուր սպասում էր արքայազնի մահվանը։ Հմուտ վիրաբույժները, պատռված զարկերակն անընդհատ սեղմելով, կանգնեցրին արնահոսությունը։ Ի վերջո, Վիլհելմը ողջ մնաց, իսկ պորտուգալացին, գրպանում ունենալով իր անունով Խաուրեգիի կտակը, կյանքի ամենադառը հուսահատությունն ապրեց։ Նա անիծում էր իրեն այն բանի համար, որ վստահել էր անփորձ լակոտին։
Բալտասար Ժերարն Անտվերպենից հեռու էր, երբ մահափոձի մասին լուրը ստացավ, բայց բախտը շուտով ժպտաց նրան։ Արքայազնի դիմացկունությունը, որի կյանքը, թվում էր, երաշխավորված է վերեւից, նրան նոր ուժեր տվեց՝ դեռ անորոշ եւ բացերով լի իր ծրագրերն իրագործելու։
Մայիսին նա ներկայացավ արքայազնին որպես ռազմական էմիսար։ Բայց քորոց իսկ չուներ։ Դժվար էր հուսահատությունը զսպելը, քանի ձգվում էր նրանց հանդիպումը։ Զուր էր նա փորձում իր տկար ձեռքերով ֆլամանդացու հաստ վիզը չափել։ Այդուհանդերձ, Բալտասարը հասավ միայն այն բանին, որ նոր հանձնարարություն ստացավ։ Վիլհելմը հրամայեց նրան վերադառնալ ճակատ՝ Ֆրանսիայի սահմանին ինչ-որ քաղաք։ Բայց նոր անհաջողության հետ հաշտվել եւ հեռանալ Բալտասարն արդեն չէր կարող։ Երկու ամիս, վհատ եւ մտահոգ, նա թափառում էր Դելֆտսկյան պալատի շուրջը։ Ապրում էր սարսափելի աղքատության մեջ, գրեթե ողորմությամբ, ջանում էր սպասավորների եւ խոհարարների համակրանքը շահել։ Բայց աղքատ արտասահմանցու տեսքը բոլորի մոտ անվստահություն էր հարուցում։
Մի անգամ պալատի պատուհաններից նրան տեսավ արքայազնը և ծառային ուղարկեց՝ առ ծառայությունը քամահրանքի համար մերկացնելու։ Բալտասարը պատասխանեց, որ գումարը չի բավում հագուստին, իսկ կոշիկները լրիվ ճղճղվել են։ Շփոթված Վիլհելմը նրան տասներկու կրոն ուղարկեց։
Բերկրանքից շողալով, Բալտասարը սլացավ երկու լավ ատրճանակ փնտրելու՝ պատրվակով, որ իր նման բանբերի համար ճանապարհներն անվտանգ չեն։ Ատրճանակները լիցքավորելով՝ վերադարձավ պալատ։ Հուզմունքից խուլ ձայնով նա դիմեց արքյայազնին իրեն պահպանագիր տալու խնդրանքով։ Սա հրամայեց դրսում սպասել։ Այդ ընթացքում Բալտասարը շուրջն էր զննում՝ փախուստի ուղիներ փնտրելով։
Մի քիչ ավելի ուշ, երբ Վիլհելմը ելավ աստիճանի վրա եւ հրաժեշտ էր տալիս ինչ-որ պարոնի՝ իր առջեւ ծնկած, Բալտասարը դուրս թռավ թաքստոցից եւ մահացու դիպուկությամբ կրակեց։ Վերջին ուժերով արքայազնը կարողացավ մի քանի բառ փնթփնթալ, եւ, հոգեվարքի մեջ ընկնելով, գորգով գլորվեց ցած։
Շփոթության մեջ Բալտասարը ախոռով հետնաբակ վազեց, բայց, ուժասպառվելով, չկարողացավ ցանկապատի վրայով մագլցել անցնել։ Այդտեղ նրան բռնեցին խոհարարները եւ տարան դռնապանատուն։ Նա հանգիստ եւ արժանապատիվ էր իրեն պահում։ Նրա մոտ ոչինչ չգտան, բացի Մայր Աստվածածնի պատկերով մի քանի փոքր սրբապատկերից եւ մի զույգ չորացած լողապարկից, որոնց օգնությամբ նա, լինելով վատ լողորդ, պատրաստվում էր լողալ անցնել իր ճանապարհին հանդիպող գետերն ու ջրանցքները։
Բնականաբար, ոչ ոք չէր մտածում դատավճռի հետաձգման մասին։ Ամբոխը ծարավի էր արքայասպանի մահվանը։ Բայց արքայազնի թաղման հանդեպ հարգանքից ստիպված էին երեք օր սպասել։
Բալտասար Ժերարին կախեցին Դելֆտի գլխավոր հրապարակում, գրգռված ամբոխի աչքի առաջ, որին նա, կառափնարանին կանգնած, նայում էր քամահրանքով։ Ծիծաղում էր կացինը վայր նետող հյուսնի անճարպկության վրա։ Տեսարանից հուզված կնոջն ամբոխը քիչ էր մնում կտոր-կտոր աներ։
Իր հերոսական առաքելության մեջ համոզված, Բալտասարը հստակ եւ պարզորոշ ընթերցեց աղոթքը։ Ճակատագրի ատիճաններով նա բարձրացավ առանց կողմնակի օգնության։
Ֆիլիպ 2-րդը մարդասպանի ընտանիքին իբրեւ փոխհատուցում ճշտապահորեն վճարեց քսանհինգ հազար էսկուդո։
1955
Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի