Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Պատիվն իրենց և պատասխանատվությունը՝ մեզ»

Մեր գոյապայքարը նաև հոգևոր տարածքի նվաճման համար է

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ «ArtCollage»-ի թղթակիցը զրուցել է պատերազմի 8-րդ օրը, երբ  Տավուշի թեմում արդեն առաջնագծում զոհված չորս հերոս տղաների կորուստն էին սգում, իսկ հերոսաբար զոհված զինվորների թիվն արդեն երկու հարյուրից ավելի էր: Պատերազմի և խաղաղության սահմանագծում մի ամբողջ կյանք ապրած տավուշցիների հոգևոր առաջնորդը փաստում է՝ մենք գիտենք արժանապատիվ  խաղաղության արժեքը:

 

-Սրբազան, այսօր, ինչպես Դուք եք ասում, Ձեր չորրորդ տավուշցի տղային եք ճանապարհել դեպի հավիտենություն… պատերազմի 8-րդ օրն է, և մենք արդեն երկու հարյուրն անցնող ցուցակ ունենք՝ մեր քաջերի, մեր մարտիրոսված պայծառ հոգիների… Պատմեք, խնդրում եմ, նրանց մասին: Ե՞րբ էիք հանդիպել տղաներին, ի՞նչ տրամադրություն ունեին, ի՞նչ էին ասում:

-Նախ ցանկանում եմ խոնարհումս և զորակցությունս հայտնել մեր բոլոր զինծառայողներին ու կամավորներին և իրենց ընտանիքներին, ովքեր մեր արժանապատվության, Հայրենիքի, հավատքի պաշտպանության համար իրենց կյանքով են վճարում և, ընդհանրապես, մեր գոյապայքարն են մղում հենց այս պահին առաջնագծում՝ ազատ Արցախ աշխարհում: Յուրաքանչյուր տավուշցի էլ իմ զավակն ու եղբայրն է, ոմանց զորակոչի ժամանակ ենք հանդիպել, ոմանց էլ դեռ դպրոցական տարիքից եմ ճանաչել, ովքեր դեռ այդ տարիքում պետական սահմանի պաշտպանության բարձր գիտակցությամբ են մեկնել ծառայության: Այո՛, ցավալիորեն իմ 4-րդ զավակին հանձնեցինք հավիտենականությանը և անուն առ անուն ցանկանում եմ նշել՝ Պառավաքարից Կարեն Մարգարյանին, Ներքին Կարմիրաղբյուրից՝ Տիգրան Սիմոնյան, Արծվաբերդից՝ Յուրա Չոբանյանին և Լուսաձորից Միքայել Եգանյանին: Իրենք և մեր բոլոր նահատակները Աստծո լույս օթևաններում հանգչեն:

-Սա անձնական ողբերգությունների վրա կառուցվող իրողություն  է, Սրբազան:  Ի՞նչն այս կյանքում արժե մոր սուգը, ծնողի անսփոփելի վիշտը: Ո՞րն է այդ արժեքը:

-Պատերազմը չարիք է և ողբերգություն: Սակայն մեր կենսագրությունը թելադրել և թելադրում է մեզ, որ խաղաղության համար կոչված ենք վճարելու կյանքով, որը շատ մեծ գին է: Սա, ցավոք, որքան անձնական, այնքան էլ անանձնական, ավելի ճիշտ, հավաքական կոչում է: Դժբախտաբար մեր մայրերի ծոցից, արցունքով ու սուգով է ծնվում խաղաղությունն ու հաղթանակը, հաստատվում մեր գոյության իրավունքը: Բնականաբար, միայն խելագարը կարող է արդարացնել պատերազմի արհավիրքը, բայց մենք ստիպված ենք մեր արժանապատվության և ապրելու իրավունքի համար պայքարել ու, ցավոք, նաև՝ զոհաբերվել:

-18-19 տարեկանում հնարավո՞ր է իսկապես լիարժեքորեն ըմբռնել այն, հանուն ինչի տղաներն այսօր նահատակվեցին: Կարծում եք նրանք հասցրեցի՞ն այս օրերին հասունանալ, գիտակցել իրենց կյանքի գինը:

-Ես խոնարհվում եմ մեր տղաների, մեր անարատ սերունդի առջև: Սա գոյության կռիվ է, որտեղ այլևս ո՛չ տարիք կա, ո՛չ սեռ: Այո, մեր երիտասարդները փաստում են, որ Հայրենիքը, Պետությունը, Ինքնությունը, Հավատքը և արժանապատիվ կյանքն ամեն ինչից վեր է, նույնիսկ՝ իրենց սեփական կյանքից: Ռազմաճակատից եկող վկայությունները խոսում են հենց այս փաստի մասին: Պատիվն իրենց և պատասխանատվությունը՝ մեզ:

-Մարդն ամենամեծ արժեքն է, եթե չլինեն մարդիկ՝ ում են պետք հողերն ու փողերը, հարստություններն ու զանազան կարողությունները: Ի՞նչու է 21-րդ դար հասած մարդկությունն այդքան թերագնահատում, անտեսում այս հանգամանքը: Միթե՞ նյութականն, իսկապես, հաղթում է հոգևորին:

-Այո՛, մարդն Աստծո արարչագործության թագն ու պսակն է: Դժբախտաբար, 21-րդ դարում մարդը գնահատվում է ոչ թե իր բարձրագույն արժեքով, այլ ընկալվում է որպես թիվ և թվանշան՝ ծառայեցվելու տնտեսական և այլ շահերի: Մեր գոյապայքարը, մեր երիտասարդների արյունը նաև այդ հոգևոր տարածքի նվաճման համար է՝ պայքարը նյութի և շահի դեմ:

-Դուք հակառակորդի հետ Հայաստանի ամենամեծ սահմանն ունեցող թեմն եք առաջնորդում, լավ գիտեք խաղաղության գինն ու լավ եք ճանաչում դրա համար պայքարող մարդուն: Ինչպիսի՞ն է նա: Ի՞նչն է տարբեր պատերազմ ապրող մարդու հոգեկերտվածքում:

-Կներեք, նրանք այլևս հակառակորդ չեն՝ այլ թշնամի, որոնք արյունալի աչքերը հառել են մեր կյանքը խլելուն: Տավուշ աշխարհում սա լավ են հասկանում, որտեղ կյանքը և մահը հաճախ են հանդիպում և շատ հաճախ էլ համբուրվում, ովքեր կարող են տարբեր գաղափարներ ունենալ, բայց պետական սահմանը և ինքնության զգացումը նույնն է: Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ ի գին մուրալու, այլ ստիպելու և պարտադրելու այդ խաղաղությունը, որն այլևս փխրուն չի լինի:

-Ի՞նչն ի զորու կլինի կանգնեցնել այս աղետը, Սրբազան: Չէ՞ որ սա միակողմանի խնդիր չէ, և չեն կարող լինել միակողմանի լուծման տարբերակներ: Փորձե՞լ եք խոսել Ձեր այլակրոն ընկերների հետ, խնդրել նրանց՝ խաղաղության կոչեր անել հանուն մարդու, անհատի:

-Դժբախտաբար, մեր պետության և ժողովրդի հանդեպ տևական պատերազմը նոր երևույթ չէ , և մենք չենք կարող միակողմանի խոսել անհասկանալի պացիֆիզմի լեզվով: Մեր խնդիրը զարգացած, հզոր Հայաստանն է, ոչ միայն հայոց հաղթանակած բանակի իմաստով, այլ բոլոր ուղղություններով և ոլորտներով: Միակ պատասխանը և այսպիսի իրավիճակների չկրկնվելու երաշխիքը մեր պետության զորացումն է: Տարբեր հարթակներում այլ հավատքի ներկայացուցիչների հետ հայ եկեղեցին՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ խոսում և ազդարարում է խաղաղության մասին, սակայն տվյալ պահին ուղիղ կապ մյուս կողմի հոգևոր գործիչների հետ գոյություն չունի, որովհետև, իմ տպավորությամբ, նրանք զրկված են նման իրավասություններից: Մեր ժողովուրդը չափազանց լավ գիտի խաղաղության արժեքն իր դարավոր պատմությամբ և կենսագրությամբ ու բոլոր միջոցները ներդրել և ներդնում է խաղաղության մեջ ստեղծագործ և արժանապատիվ կյանքով ապրելու համար: Մենք առաջնորդվում ենք մեր Տիրոջ խոսքով.«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն», ինչն էլ անում է մեր ամբողջ ժողովուրդը՝ մեր հերոսական բանակը՝ նույն հենց մեր թշնամիների համար:

-Ձեր պատգամը, խնդրում եմ, մեր որդիներին ու մայրերին:

-Ես վերստին խոնարհումով աղոթում եմ մեր նահատակ և անմահ քույրերի և եղբայրների հոգիների խաղաղության և վիրավոր քաջերի շուտափույթ ապաքինման համար: Համբուրում եմ մեր հերոսածին մայրերի ու հայրերի ձեռքերն ու արցունքոտ աչքերը, ովքեր իրենց ընտանիքում զավակ ունեցան և այսօր նրանք դարձել են հազարավոր զավակների ծնողները և իրենց զավակներն ունեն հազարավոր ծնողներ: Խնդրում եմ մեր Տիրոջը, որ մեր սիրելի որդիները՝ մեր հերոսները, հաղթանակով տուն վերադառնան ու խաղաղությունը վերջնական և հարատև հաստատվի մեր կյանքում:

 

Հարցազրույցը՝ Կարինե Հարությունյանի