Բագրատ Արազյանի «Ֆրոնտիր» նախագիծը

Ոչ թե սահման, այլ վիճակ

Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահը հագեցած է գեղանկարիչ, գրֆիկ-դիզայներ, համադրող Բագրատ Արազյանի վերացական մակերեսների  գերիշխանությամբ: Ընդամենը երեք ամիս առաջ նկարիչը Կիմա Հարությունյանի հետ Հայաստանում ներկայացել էր «Ֆրագմենտներ» ցուցադրական նախագծով, իսկ մինչև  այդ հայրենիքում վերջին անգամ ցուցադրվել էր 2000-ականներին՝ դարձյալ   ժամանակակից արվեստի թանգարանում: Անցել է 25 տարի և հիմնավորապես փոխվել են արվեստագետի ընկալումները, մոտեցումները, նաև՝ կյանքը: Այժմ Բագրատ Արազյանն ապրում և ստեղծագործում է Սլովենիայում, Սլովենիայի ժամանակակից արվեստի կենտրոնի համահիմնադիրն է և համադրողը: Դեռ իննսունականների սկզբին նաև  Մոսկվայում հիմնադրել էր «Modius» պատկերասրահը: Եվ 1991թվականից սկսած իր չորս տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներով ներկայացել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել է նաև 30-ից ավելի խմբակային ցուցահանդեսների    ու տարբեր միջազգային փառատոներում և բիենալեներում արժանացել է 30-ից ավելի ազգային և միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների:

Եվ ինչո՞ւ էր Հայաստանը նրան փոքր թվում ստեղծագործական ծրագրերի իրականացման առումով: Բագրատը հարցին պատասխանում է նախ և առաջ  արձանագրելով ազգային գեղանկարչության ավանդույթին տրված իր բարձր  գնահատականը, ասում է՝ հայկական գեղանկարչությունն անհամեմատ ավելի հետաքրքիր ու բազմազան է, և ինքը մեծ լիցքեր է ստանում Հայաստանում տեղի ունեցող  ստեղծագործական գործընթացներից, բայց այստեղ զարգացում չունեն  ինստալացիաներն  ու փերֆորմանսները, ինչի մեծ հնարավրություն ունի նկարիչը  Սլովենիայում:

Դեռ 2000-ականներից Բագրատ Արազյանն ակտիվ կերպով աշխատում է ինտերնետ տարածքում, լայնորեն օգտագործում է թվային գործիքները և իր ստեղծագործություններում սահուն կերպով համադրում է նաև երաժշտությունն ու  տեքստը՝ ձևավորելով նոր, բազմամշակութային տարածք:

Այժմ Բագրատ Արազյանը Երևանում ներկայանում է իր նոր՝ «Ֆրոնտիր» ինստալացիոն  նախագծով, որը նախապես մտահղացվել է որպես տասը ուղղահայաց սև-սպիտակ  աշխատանքների համադրություն, որոնք բոլորը ստեղծվել են թվային գործիքներով: Հեղինակն օգտագործել է իր սև-սպիտակ լուսանկարները, որոնք լրացրել է գունավոր  դետալներով: Նախագիծը վերնագրելով «Ֆրոնտիր», որը թարգմանվում է որպես սահման, նկարիչը բնավ սահմանի գաղափարը չէ, որ դրել է նախագծի առանցքում, այլ այն վիճակը, որ ծնվում է հավերժական, անընդհատ շարժման և փոփոխության  արդյունքում: Ցուցադրության վերնագիրն, ըստ հեղինակի, խորհրդանշում է անկայունության վիճակն ու քաոտիկ շարժումը. երբ ամեն ինչ անավարտ է ու փոփոխությունների եզրին, որը բաժանարար ու միավորող մեծ ներուժ ունի և որը   սահման չէ, այլ՝ վիճակ. «Ինձ համար այս նախագիծը մեր մասին է՝ մարդու մասին, որովհետև երբ որ մենք մեր մեջ սահմաններ ենք գծում ու ասում ենք՝ մենք այսպիսին ենք  և էլ չենք փոխվելու, իմ կարծիքով դա արդեն մեր մահն է, որովհետև մենք մեզ թույլ չենք տալիս փոխվել: Բայց երբ որ մեր մեջ ոչ թե սահման է, այլ ֆրոնտիր, որը թույլ է տալիս որ անընդհատ փոփոխվենք, այդ դեպքում մենք հետ ու առաջ գնալու, նոր վիճակներում լինելու հնարավորություն ունենք: Այս նախագիծն այն մասին է, որ մենք մեզ թույլ տանք անընդհատ փոփոխության մեջ լինել: Բայց այս դեպքում շատ կարևոր դեր ունի նաև տարածքը: Ընդհանրապես ես շատ եմ աշխատում տարածքի հետ, քանի որ տարածքն ինձ համար իմ ստեղծագործության մի մասն է: Այս նախագիծը միայն կախված աշխատանքները չեն, որովհետև առանց տարածքի նախագիծն ուղղակի կկորցներ  իմաստը»։ -նշում է Արազյանը:

Ժամանակակից արվեստի թանգարանում Արազյանի հետ կապված են վաղեմի ստեղծագործական կապերով ու ջերմ բարեկամությամբ: Մեծ հետաքրքրությամբ են  հյուրընկալել Արազյանի՝ «Ֆրոնտիր»-ը և փաստում են՝ չափազանց արդիական է այսօրվա աշխարհաքաղաքական վայրիվերումների ու անկայունության  համատեքստում, երբ ամբողջ աշխարհն է քաոտիկ սպասման մեջ:

Թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանի գնահատմամբ ի սկզբանե Բագրատ Արազյանի ինստալացիոն էքսպոզիցիան չափազանց հետաքրքիր է թվացել, մանավանդ  որ այն միանգամայն ներդաշնակ է թանգարանի գեղագիտական արժեհամակարգին ու ցուցադրական ձևաչափին. «Շատ հետաքրքիր է նաև այն իրողությունը, որ նախագիծն առաջին հայացքից կարծես թե թեթև պրոյեկտ է. ինչ-որ ճախրող, թռչող տպավորություն է գործում, բայց իրականում հոգեբանորեն և նույնիսկ փիլիսոփայական տեսանկյունից  բավականին խորն է, որովհետև Բագրատը ինքը նաև միշտ ասում է, որ ինքը փիլիսոփա է, ոչ միայն արվեստագետ: Իսկ արվեստում դա չի կարող չանդրադառնալ, մանավանդ, երբ նկարիչը մտածող է, երբ փիլիսոփա է, երբ իր մեջ այդ ամենը կարծես ինքն ապրում է,  վերապրում և հետո հանձնում իր աշխատանքներին: Եվ դա իրապես այդպես է ու նրա  փիլիսոփայությունը իր բոլոր նախագծերում երևում է։ Մի քանի տարի առաջ նա նաև  «Նարդի» նախագիծն արեց: Եվ այս դեպքում էլ, այս ֆրոնտիր ասվածը ոչ միայն  սահմանի նշանակություն ունի, այլ նաև ինչ-որ միջանկյալ սպասողական վիճակի, որը  կարող է լինել ինչպես ինդիվիդուալ, այնպես էլ հավաքական, ամբողջ երկրի, մարդկության մասշտաբով մի վիճակ, երբ բոլորս ինչ-որ բանի ենք սպասում և մանավանդ հիմա դա շատ ակտուալ է, քանի որ աշխարհն այս անհանգիստ և  սպասողական վիճակի մեջ է»:

Իր ստեղծագործական որոնումների առանցքը Բագրատ Արազյանը համարում է մարդկային բարդ ու բազմաշերտ հարաբերությունների քննությունը և տարիներ շարունակ մարդկային փոխհարաբերությունները վերածել է բազմաշերտ մի արթնախագծի, որում կարելի հանդիպել զարմանալի և անսպասելի բացահայտումների, անակնկալ խութերի: Ստեղծագործական այդ սկզբունքը նա պահպանում է նաև որպես համադրող և առաջիկայում կիրականացնի երեք նախագիծ, որոնցից մեկը Կիմա Հարությունյանի ցուցահանդեսն է Սլովենիայում: Այն կբացվի ապրիլին և կլինի հայ նկարչի առաջին ցուցադրական նախագիծը Սլովենիայում:

 

Նունե Ալեքսանյան