Բացահայտելով կինոլեգենդներին. Դովլաթյանը Կաննում

Մայիսի 26-ը ազգային կինոյի մեծ Վարպետի՝ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է, այսօր Դովլաթյանը կդառնար 95 տարեկան: Հայ կինոյի պատմության մեջ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը որակապես նոր էջ բացեց՝ ազդարարելով կինոյի նոր դարաշրջանի սկիզբը: Դովլաթյանը մինչև այդ որպես դերասան հանդես էր եկել հայկական մի քանի ֆիլմերում՝ «Դավիթ-Բեկ», «Ինչո՞ւ է աղմկում գետը», նաև հասցրել էր իր թատերական տաղանդը ցուցադրել Սունդուկյան թատրոնի բեմում:

«Բարև, ես եմ» ֆիլմի սցենարի հեղինակ Առնոլդ Աղաբաբովի հետ ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը ստեղծում է 1960-ականների կինոմտածողության մի նոր բարձրակետ, որն իրադարձություն էր ամբողջ խորհրդային կինեմատոգրաֆիայում:

«Բարև, ես եմ»-ի հետ Դովլաթյանը հայկական կինո բերեց ոչ միայն նոր կինոգեղագիտություն, այլև արվեստագետների մի փայլուն համաստեղություն. սցենարիստ Առնոլդ Աղաբաբով, դերասան Արմեն Ջիգարխանյան, օպերատոր Ալբերտ Յավուրյան, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, որոնց համար այդ ֆիլմը դարձավ ուղենշային, դարձավ մեծ ճանապարհի սկիզբ:

Կինոնկարի գլխավոր հերոսը՝ ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանը՝ Արմեն Ջիգարխանյանի անզուգական կատարմամբ ասում է. «Հիշողություններն անցյալի բեռ չեն, այլ՝ քաղց»: Այս ֆիլմը փաստեց հայ կինոյի ազգային զարթոնքը, նրա վճռորոշ դերն ազգային մաշկութային կյանքում:

«Բարև, ես եմ» ասում էր մի ամբողջ սերունդ, որը փորձում էր նոր հայացքով նայել կյանքին, ես հայն եմ՝ ներկա ու բոլոր ժամանակներն իմ մեջ ամբարած, ու հայացքս՝ դեպի ապագան է ուղղված…

«Բարև, ես եմ» կինոնկարը նաև այն եզակի ֆիլմերից է, որոնց հաջողվել է ճեղքել «երկաթե վարագույրը» և ներկայացվել Եվրոպայի ամենագեղագիտական կինոփառատոնում՝ Կաննում: 1966 թվականին այս ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում: Այդ տարին կինոփառատոնի աստեղային ժամերից մեկն էր. հեղինակավոր ժյուրիի կազմում հնչում էին Պիտեր Ուստինովի, Անդրե Մորուայի և շատ այլ հնչեղ անուններ, իսկ այդ տաղանդաշատ ժյուրին ղեկավարում էր 32-ամյա անզուգական Սոֆի Լորենը: Այդ տարվա փառատոնի գլխավոր մրցանակը՝ Կաննի  Ոսկե Արմավենու ճյուղը նվաճեց ֆրանսիացի հայտնի  կինոռեժիսոր Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» մելոդրաման՝ սկիզբ դնելով այդ ֆիլմի հաղթարշավին: Հետագայում Դովլաթյանը տարբեր առիթներով հիշում էր Կաննի ստեղծագործ մթնոլորտն ու իր հանդիպումները կինոաշխարհի լեգենդների հետ:

 

***

Դովլաթյանի տարեդարձի առիթով «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում առ այսօր չհրապարակված մի փաստաթուղթ՝ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում պահվող Դովլաթյանի արխիվից, որը ռեժիսորի  հուշագրությունն է Կաննում ունեցած հանդիպումների և մասնավորապես՝ Սոֆի Լորենի մասին: Փաստաթուղթն ու արխիվային լուսանկարները «ArtCollage»-ին է տրամադրել ԳԱԹ-ի աշխատակից Նառա Դանիելյանը:

 

Ֆրունզե Դովլաթյանի հուշերից. Սոֆի Լորեն

Առաջին անգամ ես տեսա Սոֆի Լորենին Կանն քաղաքի Ամբուսոդոր կոչվող կազինոյում, ուր ամեն երեկո տեղի էին ունենում ընդունելություններ այս կամ այն երկրի պատվիրակության նախաձեռնությամբ: Ճիշտն ասած, մինչ այդ ես նրան տեսել էի ֆեստիվալային գլխավոր կինոթատրոնում և դրսում, կինոթատրոնի շենքի մոտ: Բայց այդ ժամանակ ինձ չհաջողվեց նրան մոտիկից տեսնել, քանի որ նա շարունակ շրջապատված էր ֆոտո և կինոռեպորտյորների թղթակիցների և երկրպագուների հոծ բազմությամբ: Եվ ահա այստեղ ես նրան տեսա մոտիկից…

Թույլ տվեք ինձ մի փոքր ընկնել լիրիկայի գիրկը և խոսել Սոֆի Լորենի մասին այնպես, ինչպես զգացի այն ժամանակ: Սոֆին իրոք ապշեցուցիչ էր՝ էլեգանտ էր և նրբագեղ, ոչնչով նման չէր նրա շուրջը գտնվող փայլուն կինոաստղերին, որոնք առատորեն վխտում էին այնտեղ: Նրանք իրենց ադամանդներով ու զարդերով չէին կարող մրցել Սոֆիի ժպիտի հետ: Նա իրոք գեղեցկության մեջ էր՝ իր թագուհու կեցվածքով: Չեմ մոռանա. այդ օրը ֆրանսիական կինոգործիչներից մեկը՝ Մարսել Աշարը առաջարկեց ստեղծել մրցանակ՝ Սոֆի Լորենի անվան: Այստեղ էլ Սոֆի Լորենը ինչպես միշտ շրջապատված էր թղթակիցներով, ռեպորտյորներով… Հիմնականում հարցերը, որ տրվում էին նրան, վերաբերում էին նրա վերջին դերին՝ Չ. Չապլինի «Հոնկոնգի իշխանուhին» ֆիլմում:

Սոֆին մեծ ոգևորությամբ և ջերմությամբ էր խոսում մեծ ռեժիսորի մասին. «76 տարեկան է Չապլինը և իր տարիքը չի թաքցնում. իրականում այս մարդը այդքան գարուն է ապրել, և իր սպիտակ մազերի հետ զարմանալիորեն պահպանել է սրտի երիտասարդությունը: Նրա հայացքում կենսախնդություն էլ կա, երբ նա ծիծաղեցնում է ամբոխին. սա նրա երկարակեցության գաղտնիքն է: Նա սիրում է կյանքը, որը նա կծում է իր բոլոր ատամներով»:

Սոֆին իր բնածին ամոթխածության և իր անօգնականության զգացման պատճառով, որից նա ոչ մի կերպ չի կարողանում ազատվել, իրեն վատ է զգում օտար մարդկանց շրջանում: Նա այդ զգացումների գագաթնակետին հասավ Չապլինի հետ առաջին հանդիպման պահին: Եվ չնայած, ինչպես ասում է «ես մեծ վախով էի եկել առաջին նկարահանմանը, տեսնելով Չապլինին, ինձ թվաց, թե գտա իմ գեղեցիկ, սիրելի և ծերունի քեռուս, որն ապրում է մի մեծ և գեղեցիկ վիլլայում՝ շվեցարական լճի ափին: Դա իմ քեռին է, որը կարող է պատմել շատ գեղեցիկ հեքիաթներ, որը շատ բան գիտե կյանքում: Նա կարող է ղեկավարել և հովանավորել: Չապլինն ինձ գրկաբաց ընդունեց, կարծես ես լինեի նրա սիրելի ազգականուհին: Այդ իսկ վայրկյանից էլ իմ տագնապն ու վախն իսպառ անհետացավ:

Այստեղ պետք է հիշել, որ մի առիթով Չապլինն այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ նա ինը տարվա ընդմիջումից հետո նորից կանգնեց կինոկամերայի մոտ, ասել է. «Ես մուսաների սպասավորն եմ: Երբ նրանք ինձ նախատում և հրամայում են՝ վեր կաց, ծույլ, գնա, աշխատիր, ինձ մնում է միայն հնազանդվել: Շնորհակալություն Աստծուն աշխատանքի համար, և նրա համար, որ մի հին սցենար, 9 տարի սպասում էր մի դերասանուհու, ինչպիսին Սոֆի Լորենն է»:

Ահա այսպիսի հարցերի շուրջ էր զրուցում Սոֆին թղթակիցների հետ: Իհարկե, հարցերի մեծ մասը պտտվում էին Կաննում ընթացող կինոֆեստիվալի շուրջը, որի ժյուրիի նախագահն էր նա: Առաջին անգամ այդ ֆեստիվալի պատմության մեջ կինն էր նախագահում մի խումբ աշխարհահռչակ տղամարդ կինոգործիչներին: Չեմ սխալվի ասելով, որ Կաննում տեղի ունեցած տարվա հոբելյանական կինոֆեստիվալին Սոֆի Լորենը նրա կենտրոնն է որպես դերասանուհի, և՛ որպես կինոգործիչ, և՛ որպես կին:

Ահա այդպիսին էր այն օրերին Սոֆի Լորենը և այդպես էլ մնաց հիշողության մեջ այդ մեծ դերասանուհին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

...