«Բաբրլու՝ ելից ». Գերման Ավագյանի վերջին նախագիծը

Մեռնող գյուղի հավատարիմ վավերագրողը

Գերման Ավագյանի վերջին ցուցահանդեսը բացվեց նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին՝ Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում: «Բաբրլու՝ ելից» խորագրով ցուցահանդեսով Գերմանն ասես ամփոփում էր  գրեթե քսանամյա իր լուսանկարչական-գեղարվեստական վավերագրությունը, որ ստեղծել էր սկսած 2002-ից՝ Հայաստանի մեռնող գյուղերից մեկում՝ Բարձրաշենում: Բաբրլու՝ այդպես էր կոչվում Մարալիկից 14 կմ հեռու գյուղը մինչև 1947 թվականը: Խորհրդային տարիներին անգամ տևական մի շրջան  Բարձրաշենը որպես միավոր գոյություն չուներ երկրի վարչական համակարգում, որպես այդպիսին ջնջվել էր Հայաստանի քարտեզից: Գերմանն այն նկարեց 18 տարի՝ ապրեց գյուղի հոգսերով, ընկերներ ձեռք բերեց, շատ ընտանիքներ ճանապարհեց գյուղից, տարեցտարի իր լուսանկարներով արձանագրեց թե ինչպես գյուղի 75 ընտանիքից մնաց ընդամենը 10-ը: 2006-ին Գերմանը լուսանկարեց Բաբրլուի դպրոց գնացող վերջին երեխային: Բարձրաշեն եկավ   նաև իր ընկերների հետ, որոնց լուսանկարչական օբյեկտիվները ևս գրանցեցին  ամայացող գյուղի գեղեցիկ ակնթարթները: Սեպտեմբերին Վլադիմիր Դուբրովսկու և Վինցլավ Մարտինի լուսանկարները նույնպես տեղ գտան «Բաբրլու՝ ելից » նախագծում: Գերմանի Բաբրլուն նախևառաջ մարդիկ են, որոնք արթնանում են լուսաբացին, աշխատում օրնիբուն՝ պահպանելու համար այն, ինչը դեռ կարելի է փրկել: Գյուղում պահպանված 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու և կիսականգուն, միջնադարյան Պողոս-Պետրոս մենաստանի ֆոնին լուսանկարիչը ստեղծել է մեռնող գյուղի շատ կենդանի, մեծ կենսունակությամբ ու  կենսահաստատ բնակիչների դիմանկարների շարքը: Գերմանը հավատում էր  բարձաշենցիների՝ չնահանջող տեսակին ու գյուղի ապրելու ներուժին ու  փաստում էր՝ անելու է ամեն ինչ, որ գյուղը ապրի:

 

 

 

 

 

 

 

... ... ... ...