Ազնավուրյան դրվագներ

Հարյուր տարի առաջ ծնվեց Շահնուր (Վաղինակ) Ազնավուրյանը, և չափազանցություն չի լինի ասել, որ առնվազն վերջին վեցուկես տասնամյակները դժվար է պատկերացնել առանց Ազնավուրի․ նրա ձայնը, երգերը, բանաստեղծություններն ու մեղեդիները հնչում են ամենուր՝ բոլորի համար: Իհարկե, ամեն հայ իր Ազնավուրն ունի, ուստի թող ների հարգարժան ընթերցողը, եթե շարադրանքը փոքր-ինչ անձնական բնույթ կրի: Երբ 2017 թ․ ուղևորվեցի Թունիս, ամենաանսպասելի անկյուններում իսկ ականջիս հասնում էր Ազնավուրի ձայնը. ավտոբուս ես նստում «Պետք է գիտնալ»-ի ծանոթ հնչյունների ներքո, անապատում հանդիպած բենզալցակայանում առաջին անհրաժեշտության մի քանի իրերի կողքին վաճառվում են Ազնավուրի սկավառակները, իսկ երբ տեղացին հարցնում է՝ որտեղի՞ց ես, պատասխանս նրան մի պահ շփոթեցնում է ու հանկարծ. - «Ահ՜, Ազնավու՜ր»... Ասես Հայաստանն ու Ազնավուրը հոմանիշներ են:

Ազնավուրի երգերը չապլինյան իմաստով «փոքրիկ» մարդու քնարական անկեղծացումներն են իր սիրո, ցավի և երջանկության հազվագյուտ պահերի մասին։ Նրա անմիջական ու հոգեհարազատ ձայնը հնչում է նույնքան հուզիչ, մեկընդմիշտ հիշվող մեղեդիների ուղեկցությամբ։ Բեմի առաջնամասում կանգնած ոչ բարձրահասակ շանսոնյեն ոչ միայն երգում էր, այլև երգերից տեսարաններ էր ցուցադրում՝ իր համերգները վերածելով մեկ դերասանի ներկայացումների... այս ամենն Ազնավուրի՝ միանգամայն ճանաչելի ոճն էր։

Նա բանաստեղծ էր, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ Հայ գաղթականների զավակը կարողացավ դառնալ Ֆրանսիայի մեծագույն շանսոնյեն՝ հաստատուն տեղ գրավելով ժամանակակից երաժշտության պատմության մեջ։ Միաժամանակ նա համարվում էր աշխարհի ամենահայտնի հայը, բառի լայն իմաստով՝ ազգային հերոս, որով հիանում էին նրա աշխարհասփյուռ հայրենակիցները։ 90-ն անց հասակում էլ՝ մինչև կյանքի վերջին օրերը, նա պարբերաբար հյուրախաղեր էր ունենում, թողարկում էր նոր սկավառակներ, նկարահանվում ֆիլմերում, իսկ նրա երգերն այսօր էլ հուզում են մարդկանց սրտերը...

Ազնավուրը նախ հետաքրքրվեց թատրոնով, իսկ 1940-ականների սկզբից արդեն Պիեռ Ռոշի հետ դուետով երգում էր Ֆրանսիայի և Բելգիայի կաբարեներում։ Ազնավուրի առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանանում է «Տարվա սկավառակ» մրցանակին։ Երիտասարդ Շառլը Էդիթ Պիաֆի առաջարկով մասնակցում է վերջինիս շրջագայությանը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, գրում է երգեր ինչպես իր, այնպես էլ Մորիս Շևալյեի, Ժակլին Ֆրանսուայի և Ժուլիետ Գրեկոյի համար։ Սակայն Ազնավուր-կատարողին քննադատները երկար ժամանակ չէին ընդունում, ծաղրում էին նրա ձայնն ու արտաքինը, և միայն 1950-ականների երկրորդ կեսին Փարիզի «Օլիմպիա» և «Ալհամբրա» սրահներում հաջող համերգներից հետո նա «աստղի» կարգավիճակ ստացավ։ Իր ակտիվ ստեղծագործական և համերգային գործունեությանը զուգահեռ նա հաջողությամբ նկարահանվում է մի շարք ֆիլմերում՝ «Գլխով  պատին» (1958, «Բյուրեղյա աստղ» մրցանակ), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Թոբրուք տանող տաքսին» (1961), «Սատանան և տասը պատվիրանները» (1962): Ֆրանսիական մամուլը հիացական արձագանքներ է տպագրում. «Ֆրանսիան ազնավուրացված է»։ Քարնեգի Հոլում (Նյու Յորք) համերգով սկսվում է Ազնավուրի համաշխարհային շրջագայությունը, որի ընթացքում 1964 թվականին նա ելույթ է ունենում ԽՍՀՄ-ում և մասնավորապես՝ Երևանում, որտեղ հանդիպում է իր հարազատներին։ 1960-ականների կեսերին Ազնավուրն արդեն բազմաթիվ համաշխարհային հիթերի հեղինակ էր (այդ թվում՝ «Պետք է գիտնալ», «Մամա», «Բոհեմը», «Միասին»), «Monsieur Carnaval» օպերետի կոմպոզիտորը, «Օլիմպիա» դահլիճում հաջորդական համերգների քանակով բացարձակ ռեկորդակիր։ 1974 թվականին «She» սկավառակը ֆրանսիական երգի պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում «պլատինե» կարգավիճակ ստացավ, իսկ մեկ տարի անց Ազնավուրը ելույթ ունեցավ Եղիսաբեթ II թագուհու համար։

Ազնավուրը նաև աննախադեպ կոմերցիոն հաջողություն է գրանցում (միայն 1980-ականների կեսերին վաճառվել է երգչի առաջին 9 ալբոմների վերաթողարկումների 180.000 օրինակ):

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» կազմակերպությունը և իր երկարամյա ​​համահեղինակ Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով (13 շաբաթների ընթացքում երգը ֆրանսիական հիթ շքերթում առաջին տեղն էր զբաղեցնում), իսկ Անրի Վերնոյն աշխարհահռչակ երգիչների մասնակցությամբ նկարահանեց երգի տեսահոլովակը։ Սկսած այդ շրջանից Ազնավուրը հաճախ էր այցելում Հայաստան և բոլոր կարողություններով նպաստում իր նախնյաց երկրի ամրապնդմանը։ Հայաստանը կարևոր տեղ է գրավում նաև Ազնավուրի ստեղծագործության մեջ. մի շարք ինքնակենսագրական երգեր, «Նրանք ընկան»-ը՝ ի հիշատակ 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի, Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգի հայերեն կատարումը դստեր՝ Սեդայի հետ, հայազգի գործող անձանց մարմնավորումը 4 ֆիլմերում, «Քնքուշ Հայաստանը»՝ դուդուկի ուղեկցությամբ, զուգերգը Դեն Ղարիբյանի հետ՝ «Վերջին կաթիլը» երգում, հայկական ժողովրդական «Իմ յարը»՝ դարձյալ Սեդա Ազնավուրի հետ։ Ազնավուրի անունն իսկ համախմբում էր մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին, նրա երգերը դարձան համազգային ու համամարդկային մշակութային ծածկագրի մաս։ Մեր մյուս հարյուրամյա հսկա Փարաջանովի առեղծվածային, փոխաբերություններով լեցուն «Կիևյան որմնանկարներ»-ում էլ Ազնավուր է հնչում։ Իսկ Վիլյամ Սարոյանն ասում էր․ «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»»։

Անկախության հռչակումից հետո Ազնավուրը նշանակվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ​​դեսպան, ապա նաև՝ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում արտակարգ և լիազոր դեսպան։

1996 թվականին աշխարհում ամենաշատը կատարվող ֆրանսիացի երաժիշտը ընդգրկվեց Երգահանների փառքի սրահում։ Նույն 1996 թվականի մայիսի 31-ին անցնում էի Բաղրամյան պողոտայով ու այն ժամանակվա ԱԳՆ շենքի (ներկայիս Սահմանադրական դատարանի) մոտ խռնված բազմություն նկատեցի։ Մոտեցա ու պարզեցի, որ ներսում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ռենե Մոնորին է՝ Շառլ Ազնավուրի ուղեկցությամբ։ Բավական երկար սպասեցինք, ու սպասողները գնալով շատանում էին։ Վերջապես շենքից դուրս եկան Մոնորին, Ազնավուրը և նրանց ուղեկցողները։ Բոլորս առանց պայմանավորվելու սկսեցինք ծափահարել։ Ազնավուրը ժպտաց ու ձեռքով արեց։ Նրա հագին գույնզգույն վանդակավոր պիջակ էր, նա և Մոնորին մոտեցան ծառայողական մեքենային ու վերջինս հրավիրեց Ազնավուրին առաջինը նստել։ Ազնավուրը, սակայն, մերժեց ու նույն ժպիտը դեմքին՝ իրեն հատուկ շարժունությամբ ու արտիստիզմով առաջարկեց, որ նախ նստի բարձրաստիճան պաշտոնյան․ ի վերջո, բացի պրոտոկոլային ընթացակարգերը՝ Ազնավուրը Հայաստանում իր տանն էր։ Գրեթե երեք տասնամյակ է անցել այդ օրվանից, բայց ամեն մանրուք ասես մխրճվել է հիշողությանս մեջ։ Այնքան առույգ էր Ազնավուրը, ու այնքան խոսուն, կենդանի էր դեմքի միմիկան, որ ամենևին չէր նկատվում նրա միջինից ցածր հասակը (մեզ մի երկու-երեք մետր էր բաժանում, այն ժամանակ դեռևս չկային անվտանգությն այսօրվա խիստ կանոնները)։ Դրանից հետո էլ նա չնստեց մեքենան, այլ լսեց ներկաների խրախուսիչ բացականչությունները ու պատասխանեց, թե Հայաստանի համար ինչ կարողանա՝ անելու է։ Արդեն իսկ անում էր, նման կարևոր պաշտոնյաների կապերը Հայաստանի հետ ամրապնդելով։ Զարմանալի է, թե ուսում ստանալու առանձնակի հնարավորություններ չունեցած այդ անհատն ի՜նչ մեծագույն մտավոր ու ստեղծագործական կարողությունների տեր էր, ու նաև՝ ինչպիսի բնածին դիվանագետ։ Ի դեպ, որքան հայտնի է, կյանքի վերջին տարիներին նա աշխարհի ամենատարեց գործող դեսպանն էր։

Որտեղ էլ լիներ Ազնավուրը, անչափ ուշադիր էր իր հայրենակիցների նկատմամբ։ Բազմազբաղությունը չէր խանգարում, որ յուրաքանչյուրի համար ժամանակ գտնի։ Զարմացած ականատեսից եմ լսել․ 1998 թ․, երբ Ազնավուրը հյուրախաղերով Սանկտ-Պետերբուրգում էր, մի հայ կին տեղեկանում է, թե որ հյուրանոցում է իջևանել շանսոնյեն ու զանգահարում է ընդունարան։ Ազնավուրը ոչ միայն համաձայնում է խոսել անծանոթ տարեց հայուհու հետ, այլև համբերությամբ լսում է նրա բոլոր առաջարկությունները և բարյացակամորեն արձագանքում։ Այդպիսի մի դեպք էլ սփյուռքահայ մշակութային գործիչ Ռազմիկ Թամրազյանն է ներկայացնում․ 1974 թվականին տեղեկանալով, որ Ազնավուրը պիտի ելույթ ունենա Ավստրիայի Գրաց քաղաքի շքեղ մի սրահում, հայ ուսանող-ուսանողուհիներով որոշում են գնալ նրան տեսության։ Համերգի ընդմիջմանը տեղեկանալով, որ հայրենակիցները ցանկանում են հանդիպել իր հետ՝ Ազնավուրը սիրով համաձայնում է ու հետաձգում անձնական ինքնաթիռի մեկնումը Փարիզ, որտեղ հաջորդ օրը պիտի ելույթ ունենար։ Համերգից հետո անվտանգության աշխատակիցները խռնված բազմությանը արգելում են ներս մտնել․ Թամրազյանը խնդրում է փոխանցել Ազնավուրին, որ հայ երիտասարդներն արդեն եկել են։ Քիչ անց հետևում է Ազնավուրի՝ իրեն բնորոշ հումորով պատասխանը․ «բոլոր սևահերներին թողնել ինձ մոտ»։

2000-ականներին, երբ սովորում էի ասպիրանտուրայում, հեռավոր ռուսական քաղաքում հայրենիքի հետ կապի կարևոր միջոցներից էին Ազնավուրի երգերը։ Բազմազգ ընկերներս հաճույքով էին լսում նրա երգերը, իսկ բոլոր ֆրանսուհիներն անխտիր անգիր գիտեին Շառլի երգերի «ոսկյա հավաքածուն»։ 2005-ին ստեղծեցի Ազնավուրին նվիրված առաջին ռուսալեզու կայքը և այդ մասին նամակ գրեցի նրա գրասենյակի հասցեով։ Աչքերիս չէի հավատում, երբ կարճ ժամանակ անց եկավ պատասխանը՝ երկու ինքնագրեր (քարտերից մեկի վրա գրված էր՝ «Աշոտին՝ ընկերաբար, Ազնավուր») և անգլերեն մի նամակ երգչի քարտուղարից։

2007-ի ապրիլյան մի օր ավելի քան 500 կմ կտրեցի անցա, որպեսզի առաջին անգամ ներկա գտնվեմ Ազնավուրի համերգին մոսկովյան Կրեմլի համերգային դահլիճում։ Բայց մինչև համերգը փորձեցի ճշտել, թե որտեղ է հանգրվանել Մեծ շանսոնյեն։ «Արարատ Հայաթ» հյուրանոցի աշխատակիցն այդպես էլ ասաց․ «Իհարկե այստեղ է, էլ ուր պիտի գնար։ Մեր հյուրանոցում իր սենյակն ունի»։ Պարզվեց՝ շենքի առջև կանգնած կառավարական և դիվանագիտական մեքենաները ևս նրա մոտ են եկել։ Նա պահը չէր կորցնում Հայաստանին որևէ բանով օգտակար լինելու համար։

Համերգը սկսվեց գրեթե ժամանակին․ բեմում Ազնավուրի նվագակցող խումբն էր՝ կիթառահարներ, բաս, ստեղնայիններ, լարայիններ, հարվածայիններ, մեծ թմբուկներ և երկու ձայնակցող երգչուհիներ՝ Կլոդ Լոմբարդը և Կատյա Ազնավուրը։ Որոտընդոստ ծափահարությունների ներքո բեմ է դուրս գալիս Ազնավուրը՝ վերից վար սև հագած, չնայած տարիքին՝ սլացիկ կազմվածքով։

Համերգը, ինչպես միշտ, սկսվեց «Գաղթականները» երգով, որը երգչի արմատների, անցյալի մասին է։ Հաջորդեցին այդքան ծանոթ, շատերիս կյանքի երաժշտական ֆոնը դարձած նրա երգերը․ մենք հայտնվում ենք օգոստոսյան Փարիզում, թախծում Վենետիկում, ափսոսում կորած (կամ՝ կորչող) երիտասարդության համար, ողջունում հյուրախաղերի եկած կոմեդիանտ-դերասաններին, տրվում հնաոճ հաճույքներին, հիշում հին ժամանակների բոհեմը․․․ «Ես ինձ տեսնում էի արդեն» երգը եզրափակվում է ավանդական դարձած պարով, իսկ որպես կրկնականչ Ազնավուրը կատարում է հանդեսատեսի կողմից հատկապես սիրված «Հավերժ սերը»։

Պարտերի առաջին շարքերում անվանի մարդիկ են՝ Իոսիֆ Կոբզոնից մինչև Արմեն Ջիգարխանյան։ Ոմանք Ազնավուրի ոտքերի տակ ծաղիկներ են նետում։ Ծափահարում ենք երկար-երկար․․․

Հետո եղավ ևս մեկ անմոռանալի համերգ, ապա՝ ևս մեկ հեռակա շփում․․․

Ժան Կոկտոն այսպես է բնութագրել Ազնավուր-արվեստագետին․ «հուսահատությունը մինչև Ազնավուրը ժողովրդականություն չէր վայելում»։ Սակայն մի՞թե հուսահատությունը թախիծի ու տխրության պարտադիր ուղեկիցն է։ Սեդա Ազնավուրը պատմում է, որ տրտմության օրերին իր պապ Միշան «մի բաժակ գինի էր լցնում, վերցնում էր իր թառն ու դեֆը, արթնացնում էր իր աղջկան՝ Աիդային, որ դաշնամուր նվագի, և սկսվում էր հայկական քեֆը՝ պարով, երգով, լացով, ծիծաղով և արցունքն աչքերին մեր կորուստների մասին խոսելով»... Երբ երկրաշարժից հետո Ազնավուրը Հայաստան եկավ, անկեղծորեն խոստովանեց․ «Միգուցե ես ամենատխուր, բայց մեծ հույսով հայն եմ»։

 

Աշոտ Գրիգորյան