Ազնավուրի առաջին այցելությունը Հայաստան

Ազնավուրյանների ամբողջ ընտանիքը մտադրվել էր հայրենիք ներգաղթել դեռևս 1946 թվականին, սակայն Ներգաղթի կոմիտեին ուղղված նրանց դիմումներին ինչ-ինչ պատճառներով ընթացք չտրվեց։ Ֆրանսիական երգի հսկան հետագայում պիտի ցավով խոստովաներ, որ ժամանակ պետք եղավ գլխի ընկնելու ստալինյան բռնաճնշումների ու խորհրդային երկրում տեղի ունեցողի մասին։
Շառլին հաջողվեց Հայաստան այցելել, երբ նա գրեթե 40 տարեկան էր և արդեն համաշխարհային մեծության արտիստ։ ԽՍՀՄ հյուրախաղերի մեկնելիս Ազնավուրը պնդեց, որ իրեն թույլ տան այցելել և ելույթ ունենալ Խորհրդային Հայաստանում, քանի որ, ինչպես նա հետագայում գրեց իր հուշերում, շատ էր ուզում տեսնել այն երկիրը, որտեղից գալիս էին իր արմատները։ Կոմունիստական իշխանությունները դժվարությամբ արտոնեցին արտիստի մուտքը Հայաստան, նույնիսկ պահանջեցին թարգմանել երգերի տեքստերը և տրամադրել գրաքննությանը, բայց Ազնավուրը համառեց ու մինչև վերջին պահը ձգձգեց տեքստերի տրամադրումը։
Հայաստանի հետ երկար սպասված հանդիպմանը արտիստի կողքին էր քույրը՝ Աիդան։ Նրանց ինքնաթիռը Երևան ժամանեց 1964-ի մարտի սկզբին։ Անասելի ցուրտ էր․ «Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջնելուն պես սառն օդը հարվածեց դեմքիս, ինչի մասին նույնիսկ չէի կարող ենթադրել։ Որքա՜ն միամիտ էի։ Որքա՜ն անգետ։ Ինձ միշտ թվում էր, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, տաք երկիր է։ Մինչդեռ առատ ձյուն էր տեղում»։ Օդանավասանդուղքի մոտ Ազնավուրին դիմավորում են մեծ ծաղկեփնջով։ Նա հետագայում հիշել է, որ դիմավորողներից շատերը ներկայանում էին որպես ազգականներ, սակայն նա նրանց չէր ճանաչում. «Ինձ դեմ հանդիման տեսա մոտ երկու հարյուր հոգու, որոնք, իրենց խոսքերով, իմ հարազատներն էին»։ Ի դեպ, անվանյալ ազգականների առատությունից հետագայում նեղսրտել է և շանսոնյեի որդին՝ Միշան։ Դժվար է ասել, իրապես այդպես է եղել, թե ոչ․ Ազնավուրի հուշերում իրենց տեղն ունեն սրամիտ չափազանցությունն ու գեղարվեստական հորինվածքը, որոշ մանրամասներ էլ թերևս վատ հիշելու հետևանք են։ Ապշեցուցիչ է, որ արդեն 1964-ին Ազնավուրն այդքան ճանաչված ու սիրված էր «երկաթե վարագույրի» հետևում գտնվող Հայաստանում․ «Բոլորը հրմշտում էին ու փորձում ինձ մաս-մաս անել․ դա շատ ավելի վատ էր, քան «Օլիմպիա» համերգասրահից դուրս գալիս...»։ Քույր և եղբայր Ազնավուրներին սև լիմուզինով հասցնում են «Արմենիա» հյուրանոց, բայց նույն բազմամարդ ընդունելությունն այնտեղ է տեղի ունենում․ «Սպասասրահը լեցուն էր մեր հեռու բարեկամների բարեկամներով»։ Հանգստանալ չի հաջողվում նաև №524 հյուրանոցային համարում․ հեռախոսազանգեր, պաշտոնական ճաշկերույթների հրավերներ, կենացներ․․․ Ազնավուրը հանդիպում է իր հորական տատին՝ Հայկանուշին (այն ժամանակ ըստ թերթերի՝ 88, ըստ Ազնավուրի՝ 97 տարեկան), ինչպես նաև դերասանուհի հորաքույրներին՝ Աստղիկին և Արուսին, որոնք Լենինականում էին ապրում։ Տատիկին Ազնավուրն այսպես է նկարագրել․ «Շատ բարձր ձայնով, փոքրիկ ոտքերի վրա ամուր կանգնած և այնքան փոքրամարմին, որ ես կարող էի փետուրիկի պես նրան բարձրացնել մի ձեռքով»: Իհարկե, Ազնավուրը հարազատների համար նվերներ էր բերել, այդ թվում՝ իր ձայնասկավառակները։
Այս անգամ հիրավի ազնավուրացած էր ոչ միայն Փարիզը, այլև Խորհրդային Հայաստանը։ Հանդիսատեսը ցնծում էր, չլսված բան՝ մամուլի բոլոր հիմնական միջոցներն անդրադարձան Ազնավուրի այցելությանը, նրա ելույթը հեռարձակվեց հեռուստատեսության ուղիղ եթերում։
«Ավանգարդ» թերթի թղթակիցը Ազնավուրին հանդիպեց նախապես՝ կիևյան հյուրախաղերի ժամանակ, ինչի մասին թերթը գրեց․
«Կիևցի երաժշտասեր հասարակայնությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց երգչի ելույթների նկատմամբ։ Դրա ամենավառ ապացույցն օպերային թատրոնի դահլիճի լեփ-լեցունությունն էր, հանդիսատեսի ջերմ ընդունելությունը»։ Թղթակցին զարմացրել է Ազնավուրի իմպրովիզացիոն տաղանդը, հանդիսատեսի հետ անմիջական կոնտակտ ստեղծելու կարողությունը։ Լսելով Երևանի մասին՝ շանսոնյեն պատասխանել է․ «Վաղուց կփափագեի Երևան այցելել» և ֆրանսերեն ինքնագիր է թողել ընթերցողների համար՝ ճնշված նայելով թղթակցին․
-Գիտեք, ես հայերեն գրել չգիտեմ։
Ազնավուրի համերգին ընդառաջ «Երեկոյան Երևանը» տպագրեց Ս․ Թաշչյանի դրվատալից հոդվածը։ Ահա մի հատված․ «Նրա պոետական, երաժշտական և կատարողական արտասովոր տաղանդը հսկայական տպավորություն է թողնում»։
Հայաստան այցելությունը շանսոնյեի վաղեմի փափագն էր։ Օդանավակայան իջնելուն պես նա խոստովանեց․ «Շատ ուրախ եմ, որ էստեղ եկած եմ, որովհետև շատոնց կոր կուզեի գալ»։ Չնայած անբարենպաստ եղանակին՝ նա այցելեց տեսարժան վայրեր, տեսավ Սասունցի Դավթի արձանը, Մատենադարանը, եղավ սառցակալած Սևանա լճում, Զվարթնոցում, Էջմիածնում հանդիպեց Վազգեն Ա Վեհափառի հետ։ Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանը քույր և եղբայր Ազնավուրներին անձամբ ներկայացրեց Երևանի զարգացման ծրագրերը։ Ազնավուրը դիտեց Հայաստանի երգի-պարի համույթի ելույթը, ավարտին գոհունակությամբ ծափահարեց․
-Ամենից շատ ժողովրդական երգերն եմ սիրում։ Ամենից լավ իմ երգերն եմ երգում։ Այո՛, երգում եմ ֆրանսերեն։ Վիլյամ Սարոյանն էլ անգլերեն է գրում, բայց մենք սիրում ենք մեր ժողովրդին ու չենք կորցնում կապը Հայաստանի հետ։ Ես ինձ հետ կտանեմ հայկական երգեր։
Ազնավուրի երևանյան համերգներին նախորդել են անխուսափելի դժվարությունները։ Առաջին շարքի նստատեղերը նախատեսված էին կուսակցական գործիչների համար, սակայն արտիստը պահանջել է կենտրոնական յոթ տեղերը զիջել իր տատին և մյուս հարազատներին․ «այդպիսով, Հայաստանում եղած օրերս անցկացրի տատիկիս հետ դեմառդեմ»։
Ազնավուրին չեն կամեցել տրամադրել բեմի երկու դաշնամուրներից լավագույնը՝ «Սթեյնվեյը», առաջարկելով միջին կարգի գործիք։ Ազնավուրը ստիպված է եղել բարձրացնել ձայնը․ «Հայաստանում, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, մարդիկ սարսափում էին գոռգոռացողներից։ Այդ պատճառով էլ դաշնամուրը փոխեցին»։
Սիրված երգչի առաջին համերգը տեղի ունեցավ կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին՝ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։
Բեմից Ազնավուրը խոսեց հայերեն ու ասաց այն, ինչ հետագայում կրկնելու էր հայաստանյան կարծեմ բոլոր ելույթների ժամանակ․ «Սիրելի հայրենակիցնե՛ր, ես սովորություն չունիմ բեմի վրա խոսելու հայերեն, ըսենք որ, ֆրանսերեն ալ սովորություն չունիմ խոսելու, միայն կերգեմ։ Անշուշտ, ես հայերեն չեմ երգեր, բայց գալ անգամ գամ նե, արդեն գիտեմ, որ քանի մը երգ թարգմանված կլինեն, այն ատեն ինչքան թարգմանված ըլլա, այդչափ կերգեմ․ մեկ հատ ըլլա, մեկ հատ կերգեմ, երկու հատ ըլլա՝ երկու, տասը հատ ըլլա՝ տասը կըլլա։ Այսօր չսպասիք, որ խոսիմ կամ երգեմ ֆրանսերեն (չէ՛, ֆրանսերեն չեմ խոսի, բայց կերգեմ) կամ հայերեն»։
Համերգի ժամանակ կատարել է շուրջ 30 երգ, այդ թվում, ինչպես պարզեցինք, «Ալելուիա», «Սիրում եմ Փարիզը մայիսին», «Ես ինձ տեսնում էի արդեն», «Դերասանները», «Մաման» (այդ ժամանակ դեռ չէր ստեղծել իր ամենահայտնի երգերից «Բոհեմը»)։ Բեմի վրա նա իրեն անսովոր ազատ է պահել, ինչպես միշտ՝ ոչ միայն երգել է, այլև խաղացել, ցուցադրել երգի սյուժեն ու բովանդակությունը։ Համերգի ժամանակ նախաբեմին նստելով դիմել է առաջին շարքի կենտրոնում նստած տատին, նրան փոխանցել իր թաշկինակը՝ արցունքները սրբելու համար։ Համերգին ներկա են եղել նաև երգչի հորաքույրներն ու հորեղբայրները, որոնք ևս, լրագրողների խոսքերով՝ «չեն կարողացել զսպել ուրախության արցունքները»։ Կարպիս Սուրենյանն այս առիթով գրել է․ «Շառլը երբեք չի մոռացել, որ տատիկ ունի Հայաստանում։ Եվ Երևանում, համերգի ժամանակ, երբ հակվեց բեմեզրից ու «խոսեց» առաջին կարգում նստած իր տատիկի հետ, երբ իր թաշկինակը տվեց նրան, գուցե իր բուն ցա՜վը պատմեց»․․․
Համերգի վերջում նա ծաղիկներով լի մեծ զամբյուղ է նվեր ստացել։ «Ես շատ հավանեցի և սիրեցի Հայաստանը»,- ասել է շանսոնյեն։
Կուլիսներում նրան էին սպասում բազում երկրպագուներ․ նրանցից երիտասարդ ասմունքող Սուսաննա Գաբրիելյանը մի պահ շվարումից ու հուզմունքից փորձել է թաքնվել կահույքի հետևում, սակայն երբ շանսոնյեն նկատել է նրան՝ ողջագուրվել են։ Տարիներ անց Փարիզում հանդիպելով Գաբրիելյանին՝ Շառլը հիշել է նրան։
Համերգից հետո Ազնավուրն իր ազգականներին հրավիրել է «Արմենիա» հյուրանոցի բանկետների սրահ, որտեղ նրանց համար շվեդական սեղան էր պատվիրված։ Ի թիվս այլ ազգականների՝ նրան է մոտեցել գրող, Հայպետհրատի գլխավոր խմբագիր Մկրտիչ Սարգսյանը․ նրանց երկխոսությունից էլ ծագել է շանսոնյեի ընտրանին հայերեն հրատարակելու միտքը, որն իրականացել է 1968-ին։
Ա․ Կակոսյանը «Սովետական Հայաստան» թերթում թարմ տպավորություններով գրել է, որ երկու հազար հանդիսատեսները «երկար ու բուռն» ծափահարում էին Ազնավուրին, քանի որ նա «ներկաներին գերեց անմիջապես և դահլիճն իր հմայքի տակ պահեց ամբողջ երեկո»։ Կակոսյանի վկայությամբ՝ «Ազնավուրը նաև ասաց, որ ինքը համերգից առաջ շատ էր հուզվում. «Հայրենիք գալը իմ ամբողջ կյանքի երազանքն էր։ Այստեղ ինձ խիստ դուր եկավ և հուզեց ամեն ինչ՝ թե՛ Սևանը, թե՛ Էջմիածինը և թե՛ երգի-պարի անսամբլի հիանալի արվեստը»։ Թղթակիցը դրվատանքի խոսքեր է շռայլել Ազնավուրին նվագակցող կվինտետի մասին, որը «հնչեց հավասար ու վառ, զգայուն նվագակցեց երգչին և շատ բանով նպաստեց նրա փայլուն հաջողությանը»։
«ԵրԵկոյան Երևան»-ում մարտի 9-ին տպագրված Ա․ Թաշչյանի «Հմայիչ, կենսահաստատ արվեստ» վերնագրով թղթակցությունում կարդում ենք․ «Շառլ Ազնավուրի երեկվա բացառիկ հաջողությամբ անցած համերգը ցույց տվեց, որ նա գտնվում է իր ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման շրջանում»։
Վ․ Շահնազարյանը ռուսալեզու «Կոմունիստում» գրել է․ «Ցածրահասակ, նիհար, շարժուն։ Ահա նա բեմին է։ Նրա համար ունկնդիրները ընկերներ են։ Եվ նա կիսվում է նրանց հետ իր դառնություններով ու հույսերով, նա սիրում է, տառապում, երազում»։
«Գրական թերթը» նշել է, որ Ազնավուրի երևանյան համերգները «հիրավի երևույթ էին մեր երաժշտական կյանքում», իսկ շանսոնյեն «գերազանցեց երևանցիների սպասելիքները»։ Նյութին կից ներկայացվել է Ազնավուրի «Քաղաքից քաղաք» բանաստեղծությունը, որի՝ Սաղաթել Հարությունյանի թարգմանած տեքստում Փարիզին անհայտ պատճառներով փոխարինել է Երևանը։ Ցավոք, Խորհրդային Հայաստանի մամուլում հայտնվող ազնավուրյան տեքստերի հատուկենտ թարգմանությունները չէին կարող հստակ պատկերացում տալ բնօրինակների բովանդակության մասին։
Ռ․ Համբարյանը և Ս․ Փոշոտյանը «Ավանգարդում» տպագրել են Ազնավուրի և կոնտրաբասիստ Վարդան Սիմոնյանի հետ իրենց հարցազրույցը։ Լրագրողներին զարմացրել է Ազնավուրի լավ հայերենը, ինչին նա պատասխանել է․
-Ես հայ եմ։ Միշտ հայտարարած եմ այդ մասին։ Իտալիայում, Ամերիկայում, Թուրքիայում, այլուր, և էլի հայտարարելու եմ։
Ապա շարունակել է․
-Այո՛, ես հայ եմ, բայց՝ ֆրանսիացի։ Սիրում եմ Ֆրանսիան։ Որպես ֆրանսիական կուլտուրայի պատվիրակ, ես շփվում եմ մարդկության հետ։
Համերգը լրագրողները նկարագրում են անթաքույց հիացմունքով․ «Ունկնդիրը ցնցվում է ներքուստ, երբ ցնցվում է Շառլի դեմքը, մարմինը, դողում է հույզերով, երբ դողում է Շառլի ձայնը՝ թախծոտ մեղեդու հետ»։ Առավել հակիրճ է արտահայտվել համերգներից մեկին ներկա եղած Գուրգեն Մահարին․ «Այստեղ էր Շարլ Ազնաուրյանը։ Խոշո՛ր արվեստագետ»։
Երևանում Ազնավուրը հանդես է եկել երեք համերգներով։ Հետաքրքիր է, որ համերգների մասին հայտարարություններ թերթերում չեն տպագրվել, հավանաբար այն պատճառով, որ տոմսերը միանգամից սպառվել են։
Քանդակագործ Ալիս Մելիքյանին Գոհար Գասպարյանն է տեղեկացրել Ազնավուրի երևանյան հյուրախաղերի մասին։ Մելիքյանը Ազնավուրի համերգի հեռուստատեսային հեռարձակումը նայելով է սկսել կերտել արտիստի դիմաքանդակը, իսկ ելույթների վերջին օրը կարողացել է համոզել ՊԱԿ-ի աշխատակիցներին ու անցնել կուլիսներ։ Մի կարճ ժամանակ Ազնավուրը բնորդել է Ալիսին, ապա թույլատրել զննել իրեն շախմատ խաղալիս և բեմի վրա երգելիս։ Քանդակը ստեղծվել է էքսպրոմտով՝ 20 րոպեում ու արդյունքից գոհ Ազնավուրը Մելիքյանին մի մեծ ծաղկեփունջ է նվիրել։ Վերջնական ձուլածո տարբերակը Մելիքյանը վերջին պահին հասցրել է հանձնել Ազնավուրին։ Երկար ժամանակ մեծ շանսոնյեի մոտ պահվող դիմաքանդակը 2021-ին հանդիսավորությամբ տեղադրվել է Փարիզի Օդեոն հրապարակում։
Իսկ կինոռեժիսոր և սցենարիստ Էռնեստ Մարտիրոսյանը 1964թ․ ստեղծեց իր առաջին՝ «Շառլ Ազնավուրը Հայաստանում» կարճամետրաժ ֆիլմը։ Այս ֆիլմը հնարավորություն տվեց «Չախ-Չախ թագավորի», «Ատամնաբույժն արևելյանի» ապագա ռեժիսորին ընդունվել ՎԳԻԿ։
Ինքը՝ Ազնավուրը, Երևան ժամանելու պահից սկսած տեսախցիկով նկարահանում էր այն ամենը, ինչը գրավում էր նրա ուշադրությունը․ 2019-ին թողարկված «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմում հայաստանյան բազմաթիվ կադրեր կան․ ձյունածածկ նախկին Լենինի հրապարակի համայնապատկերը «Արմենիա» հյուրանոցից, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցի փլատակները․․․ Հուզիչ կադրերը ուղեկցվում են շանսոնյեի մեկնաբանություններով․ «Հայաստանում ես նկարահանում էի իմ պատմությունը, այն՝ ինչով ես շնչում եմ, այն, ինչ վերջապես տեսա իմ մեջ, նրանց, ովքեր մեռան իմ ծնունդից առաջ, ենթարկվեցին հետապնդումների և բռնության, նրանց անավարտ կյանքը, հայրենի տունը, օջախի և հարազատների ջերմությունը»։
Շառլի ու նրա տատիկի հանդիպումն առաջինն և վերջինն էր․ «նրա կողքին ես կրկին փոքրիկ տղա եմ, ուզում եմ հպվել նրան․․․» Տատիկի մեջ նա զգում է «Աստծո աներևույթ, խաղաղեցնող ներկայությունը․․․»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ազնավուրը տալիս է այն հարցը, որից երկնչում էր․ «Որտե՞ղ էր Աստված ցեղասպանության ժամանակ»։
Դատելով Ազնավուրի մշտական անդրադարձներից՝ առաջին այցը Հայաստան նրա վրա առանձնահատուկ տպավորություն է թողել։ Այդուհանդերձ, նա հետագայում դժգոհել է, որ ժամանակի սղության պատճառով չի հասցրել ինչպես հարկն է ծանոթանալ Երևանի հետ, տեղացող ձյան պատճառով չի տեսել նույնիսկ Արարատը։ Երբ նրան հիշեցրել են ռուսական ցարի խոսքերը, թե «Ես չտեսա Արարատը, բայց նա էլ ինձ չտեսավ», Ազնավուրն իրեն մխիթարել է, որ դեռ անպայման կլրացնի բաց թողածը։ Ու արդեն տասնամյակներ անց տեղի ունեցած բազմաթիվ այցելությունները դրա վառ վկայությունն են․․․
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Ազնավուրն իր տատիկի՝ Հայկանուշի հետ, հեղինակ՝ Յուրի Աբրամոչկին
2․ և 3․ Շառլ Ազնավուրը երևանյան համերգի ժամանակ, հեղինակ՝ Յուրի Աբրամոչկին («ՌԻԱ Նովոստի»)
4․ Հայկանուշ տատիկն իր աշխարհահռչակ թոռան համերգին, հեղինակ՝ Յուրի Աբրամոչկին
5. Հարազատների հետ՝ Էջմիածնում



