«Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի»

1920 թվականի հունվարի 25-ին տեղի էր ունենում Հայաստանի խորհրդարանի  հանդիսվոր նիստը, որի փոխնախագահն էր Լևոն Շանթը: Անկախության ճանաչման և Միացյալ Հայաստանի գաղափարի էյֆորիայի մեջ շատ էին ուտոպիստական գաղափարներն ու անիրատեսական ծրագրերը: Շանթը  գաղափարակից ընկերներին ուպատվիրակներին իրատեսորեն հիշեցնում էր՝ թշնամին թուրքն է, դավադիր ու հեռատես, որը փորձում է Տաճկահայաստանը վերաբնակեցնել մահմեդական գաղթականներով, մինչդեռ [u1] գաղթական դարձած  հայերը դեռ արդարություն են փնտրում: Մեկ դար անց թուրքական ձեռագիրը չի փոխվել: Կարդացեք Լևոն Շանթի ելույթը հանդիսավոր նիստում:

 

-Լսեցինք հեռագիրը, Հայաստանը մտնում է անկախ ազգերու շարքը. ամենքիս գլխում հարց է ծագում, ինչպես եղավ այդ, ինչո՞ւ: Առհասարակ պատմական երևույթներու ծագումն ու զարգացումը հիմնված է երեք խոշոր գործոններու վրա, առաջինը պատմական դեպքերու բնական հյուսքն է, պատմության խաղը. երկրորդը՝ մեզ շրջապատող մեծ և հզոր ազգերու կամքը, կամ, ինչպես կսվի, անոնց քաղաքականությունն է: Այս երկու գործոններն այնքան ուժեղ ազդեցություն են ունեցել մեր պատմության վրա, որ շատերուն կթվի թե ներկա վիճակը արդյունք է միայն այդ ուժերու. Սակայն, կա մեկ ուրիշ, երրորդ գործոն մը, որ մյուսներուն հավասար կամ, գուցե ավելի շատ ազդեցություն ունեցած է մեր պատմության վրա. այդ՝ ժողովրդական կամքն է, որ ես կուզեմ ընդգծել կրկնակի:

Անկախություն ստեղծելու համար հարկավոր է ժողովրդի կամքը, եթե մենք այսօր նստած ենք այստեղ, ժողովրդի կամքն է այդպես կամեցել, եթե այսօր ճանաչել են մեր անկախությունը, ժողովրդի կամքն է ճանաչել տվել այն: Անկախ լինելու կամքն ու ձգտումը մեր ժողովրդի մեջ մեռած չի եղել երբեք: եկավ թուրքական ծովը պատեց մեր ժողովրդին, բայց այդ ծովու մեջեն կղզիի նման վեր բարձրացող մեր բարձունքները՝ Զեյթունը, Սասունը, Ղարաբաղը կռվել են միշտ: Անկարող լինելով դիմադրել թուրքական ծովին, մեր ժողովուրդը փարեց դիվանագիտական միջոցներուն, որուն պատմությունը շատ հեռուեն կուգա. ան ձգտե՛ց բերել Ռուսաստանը, որ ազատագրե զինքը տաճկական լուծեն. Ռուսաստանը եկավ, բայց չազատագրվեցանք, որովհետև ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի: Հայ մամուլը, գրականությունը սկզբից ի վեր քարոզել է ազատության և անկախության գաղափարը, այդպես է եղել մեր դպրոցը, հայ հոգևորականությունը, հանձինս Վարժապետյանի, Հայրիկի, Իզմիրլյանի: Հասավ ժամանակը, երբ խոսքերից գործի պիտի անցներ հայ ժողովուրդը: 50-ական թվականներին սկսվեցավ հեղափոխական շարժումը, որուն մասնակից եղան ժողովուրդին բոլոր խավերը: Սկսվեց պատերազմը. հայ ժողովուրդը իր ողջ համակրանքով կապվեց դաշնակիցներուն, անկեղծ ու բաց հայտարարելով իր կամքը, և այդ կամքի իրականացման համար տվեց վերջին զոհը: Այսօր, երկար աշխատանքից հետո, մեր կամքով, մեր կռվով ու արյունով ստացանք այս ազատությունը. ուրախ ու շնորհակալ Գերագույն խորհրդին. շնորհակալ ենք Եվրոպայի և Ամերիկայի ժողովուրդներեն ու պառլամենտներեն, որոնք շատ աշխատեցան մեր դատի համար:

Այս ազատությունը մեր կամքի վավերացումն է պետության կողմեն, բայց... կիսատ է այդ վավերացումը: Շատերը կսեն, ինչո՞ւ տխուր ես, ինչպե՞ս կարող եմ ուրախ լինել, ինչպե՞ս կարող է ծիծաղել մեկ երեսս, եթե ծիծաղի էլ, դա ծիծաղ չի լինի, այլ ծամածռություն: Տարին բոլորավ որ կսեն թե խաղաղ է ամեն կողմ. մեր երկիրը, սակայն, չխաղաղվեց. մենք կռվի մեջ ենք դեռ թուրքի, այո. միայն թուրքի հետ, որ անվերջ դավեր կնյութե մեր դեմ սահմանեն այն կողմ: Նա նոր աշխատանք է սկսել՝ մահմեդական գաղթականների կբնակեցնե Տաճկահայաստանի մեջ, որպեսզի ատով ցույց տա թե այնտեղ հայ գոյություն չունի, իսկ մեր ժողովուրդը գաղթական, սոված ու մերկ, դեռ կթափառի մտորելով՝ ո՞ւր է արդարությունը: Մերն է այն հողը, և հայ կամքը կուզե այն միացած տեսնել այս երկրին: Մերն է Տաճկահայաստանը, այդ պիտի գիտնան ամենքը, և եթե պետք լինի վերադառնալ հին կռվին, մենք նորից նոր կհավաքենք մեր ուժերն ու կռվի կելնենք մեր արդար իրավունքը պաշտպանելու համար:

Կես միլիոնե ավելի ժողովուրդ ունենք, որ կապրի սահմանեն դուրս՝ այդ սահմաններուն համար, մեր գաղթականությունը տարերային ուժով կձգտե դեպի իր հողը, և հազիվ կարելի կլլա կասեցնել անոր հոսանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 [u1]