Ազատության կղզյակ «սրբագործված» տաբուների երկրում

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, արտգործնախարարության նախկին շենքում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծել է բարձր ճաշակի ու մեծ գեղագիտության մի զարմանալի օազիս, երբ ինքնին մշակութային արժեք համարվող շենքի բոլոր հարթակները լցվել են ստեղծագործական վերելքի ու նորարարության 50-ամյա պատմությամբ՝ արվեստագետների տարբեր սերունդների լավագույն ստեղծագործությունների բացառիկ ցուցադրությամբ: Առիթը կրկնակի  հոբելյանն է՝ մայրաքաղաքում նշում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90 և թանգարանի հիմնադրման 50-ամյակները: Հոբելյանին սկսել են նախապատրաստվել դեռ մեկ տարի առաջ: Ի սկզբանե որոշել էին միաժամանակյա ցուցադրություններ կազմակերպել քաղաքի տարբեր ցուցադրական տարածքներում, որպեսզի թանգարանի ստեղծարար մթնոլորտը տարածվի ամբողջ քաղաքում, և հոբելյանը վերածվի համաերևանյան մեծ իրադարձության: Բայց, ի վերջո, ընտրեցին մեկ շենքում՝ մեկ ընդհանուր գեղարվեստական մոտեցումով ստեղծված ցուցադրության տարբերակը, և այժմ հսկայական շենքի բոլոր սրահները, միջանցքներն ու անգամ աստիճանահարթակները ներկայացնում են նախորդ դարի 60-ականների վերջից մինչև այսօր թանգարանի հավաքածուները համալրած բացառիկ արժեքները: Ցուցադրության հայեցակարգը ներկայացնում է 150 հեղինակների 300-ից ավելի ստեղծագործություններ՝ հեղինակային ձեռագրերի, ոճերի ու գեղագիտության ամբողջ բազմազանությամբ հանդերձ ընդգծելով սերունդների կապն ու նորարարության շարունակականությունը: Ըստ էության, թանգարանն իրագործել է Հենրիկ Իգիթյանի վաղեմի երազանքը. դեռ շատ տարիներ առաջ նա ցանկանում էր նման մի ցուցադրություն անել Նկարիչների միության երկու  հարկերում և իր ընտրության սահմանագիծն ընդլայնել էր մինչև հազար գեղանկարիչ, որոնցից նախատեսում էր ընտրել շուրջ քառասուն հեղինակների: Հենց դա էր Իգիթյանի առանձնահատուկ կարողությունը՝ տեսնել այն, ինչն անտեսանելի է մյուսներին և իր շուրջը համախմբել տաղանդավոր մարդկանց, փաստում են նրա ժամանակակիցներն ու մարդիկ, որոնց բախտ է վիճակվել աշխատել Իգիթյանի հետ:  Ռոբերտ Էլիբեկյանը, որ երևանյան նորարարության ալիքի առաջին իսկ օրերից շարժման առանցքում էր ու գաղափարների, արժեհամակարգի միասնությամբ էր  կապված Իգիթյանին, հիշում է. «Չափազանց հետաքրքիր անհատականություն էր, բարձր ճաշակի ու ինտելեկտի տեր և կարողանում էր օդի մեջ որսալ, թե ով է տաղանդավոր, ով է լավագույնը: Նաև իմաստուն մարդ էր, ըմբոստ և շատ էմոցիոնալ»: 1960-70-ականների երևանյան հեղափոխական մոդեռնիզմն ու Իգիթյանի վճռորոշ  դերակատարությունն այդ ստեղծագործական տարերքն ուղղորդելու հարցում առ այսօր շատերն անբացատրելի իրողություն են համարում: Խորհրդային Միությունում արդեն ավարտվել էր խրուշչովյան հալոցքի գրեթե տասնամյա ժամանակահատվածը, և երկիրը վերստին հայտնվել էր քաղաքական ու գաղափարական սահմանափակումների ճիրաններում: Բայց Հայաստանի մայրաքաղաքում զարմանալի զարգացումներ էին տեղի ունենում. Երևանը շնչում էր երիտասարդ ու որևէ սահմանափակում չճանաչող անհատների ազատաբաղձությամբ: Հետադարձ հայացքով գնահատելով այդ շրջանի տրամադրությունները, Էլիբեկյանը փաստում է՝ իրենք ամուր էին պահում Իգիթյանի թիկունքը. «Չափազանց հետաքրքիր շրջան էր, իսկապես դարակազմիկ ժամանակաշրջան էր՝ խենթ-խելառների ժամանակ էր, և մենք այնքան տաքգլուխ ու հանդուգն էինք, որ կոմկուսի գաղափարական առաջնորդներին սպառնում էինք այրել մեր բոլոր գործերը, եթե մեզ տարածք չտրամադրեն: Զարմանալի է, չէ՞. կուսակցական գաղափարախոսություն էր, գրաքննություն կար, բայց այդ մթնոլորտում ծնվեցին մեծ  նկարիչներ: Հիմա արդեն հասկանում եմ, որ այն խնդիրները, ճնշումներն ու դժվարությունները, որ մենք տարել ենք, մեզ միայն ուժեղացրել են, ոգեշնչել ու ավելի առաջ մղել»:

1972 թվականին կատարվեց անհավատալին. Իգիթյանն իր շուրջը համախմբեց գաղափարակից ընկերներին ու Երևանում ստեղծեց Խորհրդային Միության առաջին ու միակ մոդեռն արվեստի կենտրոնը: Թե ինչպես կարող էր «սրբագործված» տաբուների երկրում ազատ մտքի և խենթ երևակայության նման մի կենտրոն ծնվել, առ այսօր  առեղծված է շատ-շատերի համար, բայց Ռոբերտ Էլիբեկյանն այդ զարմանալի իրողության բացատրության իր վարկածն ունի. «Ես միշտ ասել եմ՝ մեր բախտը բերեց, որ մենք հեռու էինք Կրեմլի պատերից, և մեզ հաջողվեց Երևանում իսկական հեղափոխություն անել: Սակայն պետք է ասեմ, որ Կրեմլը շատ լավ էլ տեղյակ էր այն ամենից, ինչ կատարվում էր մեզ մոտ, բայց այն ժամանակ պետք էր ազատության մի կղզյակ, և այդ կղզյակը դարձավ Երևանը: Եվ դա անարձագանք չմնաց աշխարհում. մեր անունը թնդում էր անգամ Խորհրդային Միության սահմաններից դուրս: Եվ աշխարհի  բոլոր ծայրերից գալիս էին Երևան՝ տեսնելու այդ զարմանքը: Նրանք պարզապես ապշած էին և ասում էին՝ այդ ինչ երկիր է Հայաստանը, որ մի փոքրիկ կետ է քարտեզի վրա, բայց այսպիսի մշակույթ ունի: Եվ ովքեր էին գալիս Երևան՝ Սարոյանը և ուրիշ շատ մեծեր: Ես հիշում եմ Սարոյանի զարմանքը, երբ նա այցելեց ժամանակակից արվեստի թանգարան, իսկ երբ դուրս եկավ այնտեղից՝ մենք, մուտքի մոտ կանգնած, նրան բուռն ծափերով դիմավորեցինք»:

Չլիներ Հենրիկ Իգիթյանը, դժվար է պատկերացնել թե ինչ հունով կընթանար երիտասարդ նորարարների տարերային շարժումը: Իգիթյանը նոր գաղափարների, խենթ մտահղացումների ու անհավանական ծրագրերի անսպառ աղբյուր էր, մարդ, որ կատարելության իր ձգտումով վարակում էր շրջապատում գտնվող բոլորին և նրանց էլ դարձնում այդ չավարտվող ստեղծագործական մրցավազքի մասնակիցներ: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն, Իգիթյանի երկարամյա գործընկեր, արվեստաբան Զառա Այրումյանը, որ նրա հետ մեկ տասնյակից ավելի պատկերագրքերի վրա է աշխատել, նշում է՝ ամեն անգամ նրա հետ աշխատանքը վերածվում էր տաժանակրության, բայց արդյունքը մշտապես գերազանցում էր բոլոր սպասելիքները. «Որպես ստեղծարար մարդ, որևէ գաղափար, որ առաջանում էր նրա մոտ, ինքն ուզում էր միանգամից իրագործել և հենց ավարտում էր դա, անմիջապես հետաքրքրությունը կորցնում էր արվածի հանդեպ և արդեն մտածում էր հաջորդի մասին: Այդպես եղավ մեր այն բոլոր պատկերագրքերի ստեղծման պրոցեսը, որոնք մենք արեցինք միասին: Գիտեք, հիմնականում Վահան Քոչարի հետ էր աշխատում մակետի վրա: Վահանը միշտ ասում էր. «Ամբողջ գիշեր աշխատել ենք և առավոտյան ժամը 6-ին է միայն իմ մոտից գնացել: Մեկ էլ առավոտ՝ ես դեռ լվացվել չհասցրած, արդեն տնից զանգում էր թե՝ Քոչար, գիտես հաջորդը ինչ ալբոմ ենք անելու: Ես էլ ասում եմ՝ սպասիր, սա դեռ չենք  ավարտել, իսկ նա ասում է՝ համարի, որ դա արված է, արդեն պետք է հաջորդի մասին մտածել»: Եվ էդպես տասը մեծ կատալոգ արեցինք միասին: Անկեղծ ասած, իր հետ բավական դժվար էր, որովհետև ինքը մի բան գրում էր, հետո գնում էր տուն ու զանգում, հարցնում էր՝ էդ հոդվածն արդեն դրե՞լ եք, ասում էի՝ հա, իսկ ինքը թե՝ չէ, սպասիր, վաղն ուրիշը կուղարկեմ, կամ էլ՝ էս մի կտորը հանիր՝ ուրիշը դիր: Եվ գիտեք, անընդհատ շտապում էր, միշտ հարցնում էր՝ էս համակարգիչն ինչու է այսքան   դանդաղ աշխատում: Եվ անվերջանալի փոփոխություններից հետո ամեն անգամ ասում  էր՝ վերջ, սա վերջին տարբերակն եմ ասում: Հետո, երբ նորից փոխում էր, ասում էի՝ բայց արդեն գրել ենք վերջին տարբերակ, ասում էր՝ լավ, լավ, սա ամենավերջին տարբերակն է»:

Հիմա իրագործելով Հենրիկ Իգիթյանի մեծ երազանքը, ցուցադրության հեղնակները փորձում են մեզ վերադարձնել 1970-ականների Երևան, երբ ստեղծագործ մտքի հսկաներին՝ Կոստան Զարյանին, Մարտիրոս Սարյանին, Երվանդ Քոչարին կարելի էր հանդիպել երևանյան սրաճարաններում և լցվել, հարստանալ նրանց հզոր էներգիայով: Հենց այդպես էլ հայկական մշակութային դիմադրության շարժման դրոշակակիրները՝ Ռոբերտ Էլիբեկյանը, Էդվարդ Խարազյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Արա Շիրազը, Պողոսը Հայթայանը և ուրիշներ ոգեշնչվելով նրանց ներկայությունից, ստեղծում էին որակապես բոլորովին այլ մի աշխարհ, որտեղ գույնն ու գիծը միանգամայն այլ բովանդակություն ու կշիռ էին ստանում՝ մեզանում սկզբնավորելով նոր մտածողություն ու էսթետիկա: Հինգ տասնամյակ անց Երևանն իր այցեքարտն է համարում այն 300 բարձրարվեստ գործերը, որ մոդեռնի ամբողջ մոգականությամբ հանդերձ պահպանել են հայկականության ակունքը:

 

Նունե Ալեքսանյան