Ազատ Շերենց․ միշտ սպասված դերասանը

Դեկտեմբերի 25-ը հայկական կինոյի ազգային դիմագիծը խորհրդանշող մեծ դերասաններից մեկի՝ Ազատ Շերենցի հիշատակի օրն է: Հայ կինոյի պատմության մեջ Շերենցը կմնա որպես մի անուն, որ կարծես ամեն ինչ պատմում է այս բարի, ներքին հմայքով ու անմիջականությամբ օժտված արտիստի մասին։

Շերենցը ծնվել է Թիֆլիսում, մանկությունն անցկացրել Լենինականի ու Ստեփանավանի որբանոցներում։ Ավելի ուշ որպես ցրիչ աշխատել է Քանաքեռի հայկական զորամասում, այնուհետև՝ Կենտկոմում։ Այդ ընթացքում միաժամանակ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում։ Իսկ 1934-ին մեկնել է Մոսկվա՝ Ռուբեն Սիմոնովի հայկական թատերական ստուդիայում սովորելու։

Վերադառնալով Հայաստան 1937-ից Շերենցը խաղում է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի լավագույն՝ «Պաղտասար աղբար», «Համլետ», «Էլի մեկ զոհ» ներկայացումներում։

1969-ին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Հենրիկ Մալյանը միավորեց փայլուն արտիստների մի ամբողջ աստղաբույլ, որոնցից մեկը Ազատ Շերենցն էր: Ռեժիսոր Հենրիկ Մալյանի ու Շերենցի ծանոթությունը պատահաբար ստացվեց, դերասանի կեցվածքն ու խոսքի գրավչությունը միանգամից գրավեցին Մալյանին։ Շերենցը պատմում է. «Ինչպե՞ս հաստատվեցի Ավագի դերում։ Ֆրունզիկը երաշխավորել էր, Մալյանն ուղարկեց սցենարը, կարդացի, սրտամոտ էր։ Մի օր էլ Լենինականից փորձնական նկարահանման հրավիրեցին, հավանեցին։ Էս է պատմությունը»։

Ավագի դերակատարումը նրա գլուխգործոցն է։ Շերենցը կյանքից էկրան է տեղափոխում նույնքան շիտակ լեռնցու հումորով օժտված մի անհատի, ինչպիսին ինքն է։ Շերենց դերասանն ու Ավագ-Շերենցը օրգանապես շաղկապված են։

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում դերակատարումը համաժողովրդական սեր ու  գնահատանք պարգևեց արտիստին և նոր ուղի բացեց Ազատ Շերենցի համար. Նա սկսում է նկարահանվել «Աշնան արև», «Հնձան», «Քաոս», «Մի կաթիլ մեղր», «Իմ սիրտը լեռներում է» և «Տղամարդիկ» ֆիլմերում։

Շերենցը բոլորի համար անկեղծության ու բարության խտացում էր, խորհրդանիշ: Մալյանը նրան առանձնահատուկ էր սիրում, ասում էր, որ Շերենցն աշխարհի միակ դերասանն է, որը կարող է ոչինչ չանել, հանդիսատեսը նրան այդպես էլ է հասկանում ու հավատում։ Նրան տեքստեր տալիս չէին մտածում, գիտեին՝ ինչ էլ տան, բնական է ստացվելու։

Էկրանի մեծ վարպետի հիշատակի օրվա առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում Մհեր Մկրտչյանի հուշն Ազատ Շերենցի մասին, որը Մհեր Մկրտչյանի կնքահայրն էր, և երկու արտիստները միմյանց կապված էին հոգևոր հարազատության ամուր կապերով:

 

***        

Մհեր Մկրտչյան. «Շերենցը հազվագյուտ մեծ երեխա է։ Ծնունդով անօրինակ է եղել և իր նման մեկ ուրիշը չունի կյանքում։ Նա, անկասկած մեծ դերասան է։ Նրա արվեստի հմայքը (նախ ասեմ, որ որպես անձնավորություն էլ շատ հմայիչ է) բարության մեջ է: Նրա նման անհատականություններ մեր ժողովուրդը շատ քիչ է ունեցել: Որպես դերասան՝ հազվագյուտ նրբություն ունի իր արվեստում, որին կնախանձեին շատ ու շատ անվանի արտիստներ: Գիտե վարակել իր անմիջականությամբ ու բարությամբ և միաժամանակ հիշեցնել մարդկանց, որ հարկավոր է կյանքում լինել միշտ բարի։ Նա կարող է մեծ ընդհանրացումներ անել և հանդիսատեսի հոգում թողնել մի լուսավոր հետք որևէ կինոնկարից կամ ներկայացումից։ Զարմանալի ու հետաքրքիր են նրա մտահղացումները։ Ամեն մի ռեժիսորի հետ կարող է ընկերակցել ու հետաքրքիր դեր ստեղծել։ Իմ կարծիքով, հատուկ նրա կերպարի համար մի ռեժիսոր է հարկավոր, որը կարողանա կողոպտել նրա հոգու ողջ հարստությունը։ Թե չէ նա ինքնամփոփ է ու համեստ։ Հիշենք «Մենք ենք, մեր սարերը» հանրածանոթ կինոնկարը. միլիցիայի լեյտենանտի հետ հարցաքննության ժամանակ նրա քնելու տեսարանն իմ կարծիքով գյուտ է, որը մեր ազգային կինեմատոգրաֆիայում շատ հազվադեպ ենք հանդիպում։ Հենց դա է Շերենցի արվեստի հաջողությունը, որ ոտից-գլուխ հայ է, հայկական կերպար է, և մեր ժողովուրդը միշտ ուրախանում և աշխուժանում է դահլիճում, երբ նա հայտնվում է բեմում կամ էկրանում։

Շերենցը մեր ներկայիս արվեստում շատ ինքնատիպ է։ Ինչ դեր էլ խաղա, հանդիսատեսն անմիաջապես կսիրի նրան, նրա ներքինն անմիջապես կերևա, որովհետև նա չի կարղ կեղծել իրեն, չի կարող ստել։ Հենց իր ազնիվ ու մաքուր բնավորությունն է նրա արվեստի ամբողջ ուժն ու հմայքը։ Նրա տաղանդը երևում է մարդկանց հետ շփվելու զարմանալի ունակության, նրա անմիջականության մեջ, մի բան, որն ըստ արժանվույն է գնահատվում ժողովրդի կողմից։

Երեսունհինգ տարի է, ինչ ճանաչում եմ Շերենցին։ Տասնվեց տարեկան էի, երբ հանդիպեցի նրան Լենինականի թատրոնում։ Անմիջապես մտերմացանք, չնայած ես տակավին երեխա էի, ինքը՝ մեծ մարդ (այսինքն, մեծ երեխա)։ Լայն սրտի տեր անձնավորություն է, ապշելու չափ սիրում է փիլիսոփայությունը, ունի կամքի հսկայական ուժ, առինքնող է, նրա կողքին չես կարող վատ խաղալ։ Խաղընկերոջը սկզբից ևեթ վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ Հաճախ զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել. Ի՞նչն է նրա՝ որպես մարդու և արվեստագետի գաղտնիքը, ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի։ Եթե ասեմ պարզությունը՝ քիչ է, անմիջականությունը՝ դարձյալ քիչ է։ Պարզապես Շերենցը համաժողովրդական է, համամարդկային։ Իմ կարծիքով չկա մի դերասան, որը լինելով անմաքուր, անազնիվ և հասարակության մեջ անմիջական շփում չունենալով հանդերձ՝ էկրանում կամ բեմում երևա մաքուր ու ազնիվ։ Համաշխարհային բոլոր մեծ արտիստները խաղում են այնպես, ինչպես կյանքում են՝ պարզ ու բնական։ Ոչ ոք չի կարող այնքան անկեղծ ու մաքուր լինել իր դերում, եթե ինքը բնությունից բարի չէ։ Բարության մեջ է միայն թաքնված դերասանի արվեստի կախարդիչ ուժը։ Դրա փայլուն օրինակը Ազատ Շերենցն է»։

 

Նառա Դանիելյան