Ազատ Գասպարյան՝ կենդանի ներկայություն, հարազատ հոգի և մտերիմ բարեկամ

Սիրելի արտիստը կդառնար 80 տարեկան

2023-ի օգոստոսը հոբելյանական է Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի համար. նա կնշեր 80-ամյակը: Բայց տասը տարի առաջ, չապրելով ընդամենը 11 օր մինչև իր 70-ամյակը՝ 2013-ի օգոստոսի 2-ին սիրված արտիստը վախճանվեց: Եվ այսօր նրա արվեստի սիրահարներն առանձնահատուկ կարոտով ու ջերմությամբ են հիշում տաղանդավոր դերասանին ու փայլուն ասմունքողին, նրա գունեղ ու անմոռանալի կերպարը, վերհիշում են էկրանին ու թատերական բեմում ստեղծած նրա հրաշալի կերպարները, որոնք Ազատ Գասպարյանը ստեղծեց տաղանդի ամբողջ հարստությամբ ու շռայլությամբ՝ իր մարդկային ու արտիստական հմայքով, և որոնք ներխուժեցին մեր կյանք ու մարդկանց համար դարձան կենդանի ներկայություն, հարազատ հոգի և մտերիմ բարեկամ: Նրա ստեղծագործական նախասկիզբն այնքան հզոր էր, որ անգամ իր ամենասովորական ու շարքային հերոսներին դերասանն օժտում էր անբռնազբոս գրավչությամբ ու հմայքով: Բայց նրա երկու տասնյակից ավելի կինոդերերից մարդիկ անվերպահորեն ընդունեցին, սիրեցին ու վստահեցին Չարենցի այն կերպարին, որը մեծ էկրան հասցրեց արտիստը: «Երկունք» ֆիլմում Չարենցի կերպարը ստեղծելը լուրջ մարտահրավեր էր ոչ միայն Ֆրունզե Դովլաթյանի, այլ նաև Ազատ Գասպարյանի համար: Մեր բանաստեղծական արվեստի հանճարին խաղալու համար դերասանն իր տրամադրության տակ ուներ մի զարմանալի պոետական կյանք ու իր անսահման երևակայությունը: Եվ էկրանին դովլաթյանական կինոպատումի մեջ պատերազմի վայրիվերումների, թոհուբոհի մեջ, համաճարակի ճիրաններում սեղմված երկրի համապատկերում՝ ի հեճուկս ճակատագրի հարվածներին, հայտնվում է Ազատ Գասպարյան-Չարենցը՝ իր տաղանդի ուժով ցրելով հուսահատության ու դառնության շղարշը, պոետական ցնծությամբ ու հավատով լցնելով շուրջբոլորը՝ համամարդկային սփոփանքն ու կյանքի բերկրանքը վերադարձնելով հայրենակիցներին ու վերստին ընդգծելով ֆիլմի առանցքային ուղերձը՝ հայ ժողովրդի վերածնունդը պետք է դառնա երկրի կառավարման օրակարգ: Եվ բնավ պատահական չէր, որ Ազատ Գասպարյանի շուրջ հինգ տասնյակ կինո և թատարեկան դերերից հե՛նց Չարենցը դարձավ նրա ստեղծագործական ժառանգության բարձրակետը, և նաև նրա արտիստական խաչը, որը  նա արժանապատվորեն կրեց՝ մշտապես շարունակելով Չարենցի հզոր պոեզիայի  անդավաճան քորոզչությունը: Եվ դարձյալ պատահական չէր, որ հայ երիտասարդների շատ սերունդներ Չարենցին ճանաչեցին ու սիրեցին հենց Ազատ Գասպարյանի դեմքով, նրա ձայնով ու սքանչելի ասմունքով:

Այս հոբելյանական տարում արտիստի ընտանիքն իր համար կարևոր, բայց դժվար որոշում է կայացրել և Չարենցի անունը կրող Գրականության և արվեստի թանգարանին է փոխանցել նրա անձնական արխիվը, ընտանեկան թանկ մասունքներ՝ նամակներ, եզակի լուսանկարներ, անձնական իրեր ու երգիծանկրներ ու նաև այն բանաստեղծությունների բնագրերը, որոնք երիտասարդության տարիներին գրել է դերասանը:

Առաջարկում եմ ծանոթանալ մեզ բոլորովին անհայտ Ազատ Գասպարյանին՝ նրա բանաստեղծությունների միջոցով՝ ձեր գնահատմանը ներկայացնելով արտիստի բանաստեղծություններից մի քանիսը, որոնք երբևէ չեն հրապարակվել: Բանաստեղծությունների նկարազարդումները ևս հեղինակինն են: Բանաստեղծությունները տրամադրել է արտիստի ընտանիքը. շնորհակալութուն Ազատ Գասպարյանի դստերը՝ Նաիրի Գասպարյանին և կնոջը՝ տիկին Սյուզանին:

 

Նունե Ալեքսանյան

 

Քեզ համար

 

Քեզ համար

Կգրեմ ես էլի:

Այս մեկը

Հենց այնպես՝

Անսեր ու թերի:

Այս մեկը նախերգանք

Պոեմի մի մեծ:

Այս մեկով թող սիրտդ

Ինձ սիրի

Ու ների:

Քեզ համար

Կգրեմ ես էլի...

 

4 նոյեմբեր, 1965թ.

ԳԹԻ, Երևան

Մարիամին

 

****

Ուշ գիշեր է,

Լռություն է,

Մութ է չորս դին:

Չեմ քնել ես,

Ու պատկերդ է շարժվում

Պատին:

 

****

Խճճված վարսերիդ մեջ

Փառք չկա թաղված,

Բայց ես փորձում եմ՝

Ցնորված աչքերիդ մեջ

Կյանք չկա պահված:

Բայց շփոթվում եմ՝

Երիզված շուրթերիդ վրա

Կիրք չկա վառված:

Բայց ես վառվում եմ՝

Ասա ինչ անեմ,

Որ գեթ մի անգամ

Վարսերդ փռվեն,

Աչերդ փայլեն,

Շուրթերդ վառվեն:

Եվ սրտերս այրվեն

Ու խուլ հեկեկամ

Կրծքիդ վրա պիրկ:

Մինչև երբ մնամ

Անկյանք ու անգիրկ:

 

****

Դալուկ դեմքդ փռած պատին

Դիմացի,

Այնուհանդերձ, կշողշողա պատն այդ

Փայլից քո լացի:

 

****

Սյուզան ու Սեր,

Անհոգություն:

Գիշերային անուրջների

Անդարդ երազ:

Մի քիչ Լուսին,

Ամպի ծվեն,

Ծանր մտքեր,

Բայց անտեսիլ,

Խորհրդավոր,

Բողոքավոր

Ցանկություններ՝

Շատ մանկական,

Բայց բանական...

 

****

Շփոթվում ես մանկան նման

Երբ նայում եմ մի քիչ ախով:

Լայն այտերդ կարմրում են,

Ու դողում են կույս շուրթերդ՝

Մի քիչ վախով:

Թռթռում է ամեն մի մաս,

Մինչև հիմա ձեռք չդիպած

Պիրկ մարմնիդ:

Ու կանգնում է քիչ նեղացած

Հայացքդ հանց նոր Նեմեսիս:

Ու փարվում են սեր չտեսած

Սիրո կարոտ իմ աչքերիս...

5 ապրիլի 1965թ.

գարուն-գիշեր

 

****

Աշունը նորից եկել է

Ու թաքուն մտել սիրտս

Ինչպես մեր մեռած շունը

Երազիս եկել էր գիրկս:

 

Աշունը էլ չի մտմտում

Աչքերիս հետ սառած:

Շունը հաչում էր բարձր

Աչքերս լուսին էին դառնում:

 

****

Եթե գտել ես...

Աչքերիդ մեջ միշտ տեսնում եմ թախիծը

(իմ թախիծ):

Հոգուդ վրա մնացել է խոր բիծը

(Իմ անբիծ):

Քայլերիդ մեջ խճճված

Ընկել է մի իժ,

Այդպես մոլոր քայլերով

Մինչև երբ իմ (գիժ):

Կանգնիր, էլ բավ է

Քայլես փշերով:

Ես քեզ կտանեմ

Մոտիկ մատուռը`

Թեկուզ գիշերով:

Մի զույգ մոմն ինչ է,

Կամ մի աղոթքը`

Կորածիդ համար:

Մի բուռ խաչհամբույրը,

Մի սիրուն գառ էլ

Ես մատաղ կանեմ

Գտածիդ համար:

Եթե գտել ես...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

... ... ... ...