Այն, ինչ Փարաջանովը չհասցրեց խոստովանել...

Երբ 1980-ականների վերջին Սերգեյ Փարաջանովը ձեռնամուխ եղավ «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմի նկարահանումներին, թվում էր, թե «Հայֆիլմ» կինոստուդիայում դրա համար բոլոր պայմանները կային: Այս անգամ ռեժիսորն ինքն իրեն էր դրել շրջանակի մեջ և այդ շրջանակից նայում էր աշխարհին: Իսկ կկարողանայի՞նք մենք այդ շրջանակի միջից տեսնել իրեն, գտնել այն Սերգեյին, դեպի որը վազում էր ինքը` Փարաջանովը: 1987-ին տված մի հարցազրույցում Փարաջանովը, խոսելով «Խոստովանության» նկարահանման մտադրության մասին, ասել է. «Ես կձգտեմ օպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ վերականգնել Թիֆլիսում անցկացրած իմ մանկության ու պատանեկության օրերը: Իմ տանը պահվում է Ֆելինիի նամակն ՝ուղղված ինձ, որտեղ նա գրում է. «Տոնինո Գուերան պատմեց ինձ «Խոստովանության» սցենարի մասին, և ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ դրանից հետո նկարահանեցի «Ամարկորդ ֆիլմը»:

Ե՞վ, ի՞նչ էր մեզ պատմելու «Խոստովանությունը», այդ ի՞նչ խոստովանություն պետք է աներ ռեժիսորը մեզ միայն իրեն բնորոշ ձևով, գուցե այն մի փոքր լո՞ւյս սփռեր  Փարաջանով-առեղծվածի վրա, եթե միայն վերջինս հասցներ նկարահանել այն, եթե չարաբաստիկ հիվանդությունը` թոքերի քաղցկեղը, չլիներ անխուսափելի, ու դատավճիռ չդառնար նրա ու դեռ չծնված ֆիլմի համար: «Դա միայն անձական պատում չէր լինելու, դրա միջոցով Փարաջանովն ընդհանրացումներ էր անելու այդ դժվարին դարի, ստալինյան էպոխայի  մասին: Իհարկե, Ֆելինիի «Ամարկորդն» ու «Խոստովանությունը» տարբեր բաներ են, բայց մի բան ընդհանուր է`որպես ելման կետ վերցվել է սեփական մանկությունն ու դրա մեջ արտացոլվել է էպոխա: Միանշանակ, այդ առումով առաջին մտահղացումը եղել է Փարաջանովինը»,-նշում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Որոշված էր`ռեժիսորի մոր դերը խաղալու էր Սոֆիկո Չիաուրելին, իսկ կնոջ` Սվետլանայի դերը`լուսանկարիչ Զավեն Սարգսյանի դուստրը`Սոնան: Նրանց, սակայն, վիճակված չէր գործն ավարտին հասցնել: Իսկ արդյո՞ք պատճառը միայն Փարաջանովի ֆիզիկական տառապանքներն էին: Արի ու տես, որ կինօպերատոր Ալբերտ Յավուրյանի հուշերում կան ակնարկներ այլ, ավելի անմեկնելի մի հոգեվիճակի մասին. «Նրա լավագույն ընկեր Ֆրունզե Դովլաթյանն ամեն պայման ստեղծել էր աշխատելու համար: Ավելին ցանկանալ հնարավոր չէր: Սակայն երբ դեռ տարիներ առաջ նա անչափ ոգևորված էր «Խոստովանություն» ֆիլմի ճակատագրով, ապա վերջին օրերին ինքն էր անընդհատ ձգձգում: Ես դա բացատրում եմ նրանով, որ Սերգեյը, գուցե, ինքն իրեն արտահայտել էր «Աշուղ Ղարիբով»: Մերժված աշուղը` իշխանությունների, ժողովրդի, սիրած աղջկա կողմից մերժված աշուղը, փակ դարպասներ է թակում, որպեսզի վերադառնա իր հոգու խաղաղության միակ հանգրվանը... իր մահացած մոր գիրկը: Ահա այս էր «Աշուղ Ղարիբը», թեև այն շատերը դիտում էին իբրև արևելյան, պարսկական կամ թուրքական պատմություն: Չէ, էդպես չէ: Սերգեյը համամարդկային զգացմունքներ էր թարգմանում`անցկացնելով իր միջով... Բայց «Խոստովանությունը» սկսելիս նա այլևս նախկին ոգևորությունը, նախկին պոռթկուն պաթոսը, իրեն`Փարաջանովին հատուկ գործին անմոռաց նվիրումը չուներ... Չգիտեմ, ինչո՞ւ էր այդպես...»,-կարդում ենք Յավուրյանի հուշերում:

Կարծես հենց Յավուրյանի հարցին է պատասխանում Փարաջանովը 1989-90թթ. Ֆրունզե Դովլաթյանին ուղղված նամակում, որը պահպանվում է Դովլաթյանների ընտանիքում և բոլորովին այլ տեսանկյունից է բացահայտում այդ օրերին ծայր առած դժվարություններն ու Փարաջանովի տրամադրության փոփոխությունները. «Ֆիլմից հեռացավ Տիգրան Մանսուրյանը, կհեռանա նաև Ալիկը: Ֆրունզ, թանկագինս, ես չեմ կարող ու չեմ ուզում «Խոստովանությունը» նկարել Երևանում: Հայաստանում ես բոլորին ազատեցի իմ ներկայությունից, կթեթևացնեմ ու կուրախացնեմ նրանց:«Խոստովանությունը» Թբիլիսիում կնկարեմ: Վրացիներն ինձ բնակարան տվեցին ու կոչում շնորհեցին: Այսօր Հայաստանին պետք չես դու, պետք չեմ ես, պետք չեն Փելեշյանը, Բալայանը: Նրանց պետք է գորշ ամեոբա: Ֆրունզ, ես քեզ շատ եմ սիրում ու ես քեզ սպանում եմ: Ժամանակներն են այդպիսին, ներիր»,-գրում է նա:

Բայց մի՞թե իր սեփական հայրենիքում Փարաջանովը սիրո և գնահատանքի պակաս էր զգացել, ինչի՞ց էր ռեժիսորն այդչափ սրտնեղել, այդ ի՞նչ քամիներ էին անցել, որոնք չէին խնայել անգամ հարազատ ընկերներին: «Ֆիլմի ընդհատման պատճառն, իհարկե, առողջական խնդիրն է եղել, բայց Փարաջանովն ապրել է նաև հիասթափություն, ունեցել է հոգեբանական խնդիրներ: Որքան էլ նրան ընդառաջել են, ստեղծել են նաև դժվարություններ կառավարական մակարդակով: Յավուրյանի հետ էլ աշխատանքային կոնֆլիկտներ են ունեցել, բայց դրանք եղել են նպաստող, ոչ հիմնական պատճառներ»,-պատմում է Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանը:

Դավիթ Մուրադյանն էլ հարկ է համարում հիշեցնել, որ 1988-ին Փարաջանովն արդեն  ստացել էր ՀԽՍՀ պետական մրցանակ`«Նռան գույնը» ֆիլմի ստեղծման համար. այնպես չէ, որ ռեժիսորին իր երկրում չէին գնահատում:

Բայց փաստը մնում է փաստ, որ կյանքի վերջին տարիներին Փարաջանովը դառը խոստովանություններ էր անում: Եվ դեռ պարզ չէ`«Խոստովանությունը» մեր առջև կբացե՞ր Փարաջանովին, թե՞ գուցե նոր առեղծվածներ կստեղծեր նրա փոթորկուն, անսանձ, տառապալից ու խորհրդավոր տեսակի հետ կապված: Այդ գաղտնիքը չիմացավ նույնիսկ կինոժապավենը, որը հասցրել էր ֆիքսել ֆիլմից հաշված րոպեներ միայն:

 

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը`Զավեն Սարգսյանի