Ավետիքյան՝ «Յանը» իմաստ ունի

ֆրանսիական կինոյի և թատրոնի հայտնի դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանն այսօր դարձավ 65-տարեկան: Օրերս Ալֆորվիլի «Մշակութային բևեռ»՝ «POC d'Alfortville» կոչվող համերգային համալիրում տեղի ունեցավ «Արտիստներ՝ միավորված հանուն խաղաղության» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված  44-օրյա արցախյան պատերազմում տուժած արցախահայությանը: «ArtCollage»-ը ներկայացնում է արտիստի հետ հարցազրույցը, որը տեղի է ունեցել գալա համերգից հետո, և որում Ավետիքյանը խոսում է իր ինքնության, Ազնավուրի  հետ բարեկամության և հայկական ազգանունը ֆրանսիական միջավայրում պահպանելու կարևորության մասին:

    

Սերժ Ավետիքյան -Այո, ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում, 1955թվականին, ես հայտնեցի իմ տարիքը:

-Ինչպե՞ս հայտնվեցիր Ֆրանսիայում:

Սերժ Ավետիքյան -Ես ֆրանսաբնակ հայերի զավակ եմ, որոնք, որոշ չափով իրենց կամքին հակառակ, հարկ է նշել դա, 1947 թվականին մեկնել են Ֆրանսիայից և հաստատվել Սովետական Հայաստանում ու այնտեղ արդեն սերունդներ են տվել, մեկ սերունդ, հետո՝ մյուսը, մինչև որ 1970 թվականին մենք վերադարձանք Ֆրանսիա:     

-Դու մի քիչ աշխարհի քաղաքացի՞ ես:

Սերժ Ավետիքյան -Կարծում եմ ոչ միայն իմ պարագայում, այլ ամբողջ մարդկության առումով, ոչ ոք չունի միայն մեկ ինքնություն: Վստահ եմ ասում դա: Պատմական սխալ կլինի մտածել, թե մարդը միայն մեկ ինքնություն ունի: Ցանկացած ոք, ով ծնվում է, կարևոր չէ որ գյուղում, կարևոր չէ որ երկրում, կարևոր չէ որտեղ, հստակ բազմաթիվ ինքնություններ ունի, որը ձևավորվում է իր ծնողներից, իր տատիկ-պապիկից, իր կատարած ճանապարհորդություններից, իր հանդիպած մարդկանցից, այն լեզուներից ,որոնցով խոսում է: Կարծում եմ, որ ինքնությունները մեզնից դուրս վանելը շատ մեծ սխալ կլինի: Մեր միջև եղած տարբերություններով հանդերձ, որոնք կազմում են մեր ամբողջ ուժը, մեզնից յուրաքանչյուրը, մենք բոլորս մեզնից ներկայացնում ենք բազմաթիվ անձնավորություններ:

-Ինչպիսի՞ն էին քո հարաբերությունները Ազնավուրի հետ:

Սերժ Ավետիքյան -Մենք ընկերներ էինք, այսօր ես կարող եմ այդ ասել, այդ մասին նախկինում էլ ասել եմ արդեն: Ի դեպ, երբ ես բոլորովին երիտասարդ էի, նա ինձ ընդունեց իր տանը, Ֆրանսիայի հարավում, և մեր ընկերությունն էլ երբեք չդադարեց: Նա ինձ հաճախ էր հարցնում, թե ինչպե՞ս պետք է իրեն դրսևորել Հայաստանում, որովհետև գիտեր, որ ես ծանոթ մանկության ընկերներ ունեի և տիրապետում էի լեզվին, իսկ դրանից հետո շատ անգամներ միասին եղել ենք Հայաստանում: Իմ վերջին կինոնկարներից մեկում, որը վերնագրված է «Նա, ում սպասում էին», և որը նկարահանել եմ Հայաստանում, բայց սա ֆրանսիական ֆիլմ է, եզրափակիչ ենթագրերը ուղեկցվում են Ազնավուրի «Տարե՛ք ինձ» երգով: Այս ֆիլմում կա նրա մի նմանակում, որն անում են հայերը, և որը Շառլը հումորով ընդունեց: Նրան տեսնում ենք երիտասարդ, իր բնական քթով, հետո մի քիչ պակաս երիտասարդ՝ վիրահատած քթով, ասվում է՝ ահա այս մեկը՝ Ազնավուրյանն է, այս մյուսը՝ Ազնավուրը:

-Դու ունե՞ս նրա հեղինակած սիրած երգը:

Սերժ Ավետիքյան -Ոչ, Շառլի վերաբերյալ չի կարելի ասել, որ կա որևէ նախընտրած երգ՝ նա այնքա՜ն հիասքանչ երգեր ունի, այնքա՜ն երգեր, որոնք արթնացնում են մեր հուշերը, նա այնքան է հպվել զգացմունքայնության լարերին, մտերմությանը, անկեղծությանը, նա այնքան է դիպչել համամարդկային արժեքներին, որովհետև արտիստը հենց սա է: Արտիստը պետք է կարողանա դիպչել այն համամարդկայինին, որը մեկ ուրիշի մեջ է: Երբ նրան հաջողվում է անել դա, այն միանում է իմ՝ ինքնությունների մասին ասածին: Շառլը փարիզեցի է, ինչպես ինքն էր ասում, որքան էլ ինքը գաղթական լինի՝ իր լեզուն մնում է ֆրանսերենը, ու նա ներկայացնում է ֆրանսերենը: Ամբողջ աշխարհն է թարգմանել նրա երգերը, ինքը երգում էր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, նա միայն հայերեն էր դժվարությամբ երգում: Ինձ թվում է, որ նա իսկապես բարդույթավորվում էր ամեն անգամ, երբ խոսում էր այս լեզվով, ինչպես մենք բոլորս, նա ջանքեր էր գործադրում ձևափոխվելու և ֆրանսիական մշակույթին ինտեգրվելու համար: Իմ կարծիքով, նա մի քիչ հրաժարվել էր հայկական մշակույթից, ինչը չես ասի նրա ավագ քրոջ մասին, ով, ընդհակառակը, խոսում է ու երգում հայերեն: Նույնը կարելի է ասել նրա հոր մասին, ով երգեց Սայաթ-Նովայի երգերից:

-Երբևիցե չե՞ս ուզել ազգանունդ փոխել:

Սերժ Ավետիքյան -Ընդհակառակը, ինձ առաջարկել են փոխել ազգանունս՝ սկսած երկրորդ ֆիլմից, որի վրա աշխատել եմ: Դա Միշել Դրաշի «Կարմիր պուլովեր» ֆիլմն էր, որը պետք է դուրս գար բարձրագույն խավի ներկայացուցիչների շրջանում, հետևաբար դա կարևոր էր: Ես այդ մասին ավելի վաղ եմ մտածել, երբ խաղում էի թատրոնում, ես նմանատիպ փորձեր եմ արել: Արդեն իսկ իմ անունն իմ անունը չէ: Իմ անունը Սահակ է: Սահակը Իսահակն է, այդպես են հայերեն ասում: Ես արդեն փոխել էի անունս, որովհետև կարծում էի, որ ֆրանսիացիները Սահակը չեն կարողանա արտասանել, նրանք կասեին՝ Սակ, Զակ, Իզակ: Ես այդ մասին չէի մտածում, կարծում էի, որ եթե ես փոխել եմ անունս, դա արդեն շատ մեծ բան է: Եվ ես այդ մասին հայտնեցի իմ ծնողներին, շատ լավ հիշում եմ, թե դա ինչպես եղավ: Ընթրիքի ժամանակ էր, քառորդ ժամի չափ մտածեցի ու ասացի. Ես պահպանում եմ իմ ազգանունը, Ավետիքյան՝ «Յանը» իմաստ ունի:

 

Ֆրանսերենից թարգմանեց՝ Նունե Գալստյանը