Ատրպետն այլազգի դասականների գնահատմամբ

Հայերիս, բայց և ոչ միայն մեզ բնորոշ հատկանիշ է՝ չգնահատել մեր մեծերին, մանր-մունր բացթողումների մեջ չտեսնել այն վեհն ու արժեքավորը, որ նրանք թողել են սերունդներին՝ ստեղծագործելով հաճախ ծանրագույն պայմաններում։ Եթե Արման Մանարյանը 1961 թ․ չնկարահաներ «Տժվժիկ» ֆիլմը, չգիտեմ, թե մեզանից քանիսը կիմանային համանուն պատմվածքի հեղինակ Ատրպետի անունը։ Մինչդեռ նա բազմաթիվ այլ պատվածքների, առակների, վիպակների ու վեպերի, պիեսների, գիտական հետազոտությունների, հանրամատչելի գրքույկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Դրանց մի մասն անտիպ է, մի մասը հնարավոր չէ գտնել նույնիսկ գրադարաններում։ Ատրպետի գրքույկը վերջին անգամ տպագրվել է 1975 թվականին, իսկ նրա կենսագրությանը նվիրված որևէ հրատարակություն երբևէ չի եղել։

Իսկ գրողի կյանքը լի է եղել ուշագրավ և դրամատիկ իրադարձություններով։ Ծնվել է 1860 թվականին՝ Կարսում։ Իսկական անունն է Սարգիս Մուբահաջյան (Ատրպետ նշանակում է մշտավառ սրբազան կրակի պահապան)։ Կոստանդնուպոլսի Օսմանյան լիցեյն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ արևելահայ գյուղաքաղաքներում, զբաղվել է փաստաբանությամբ։ Եղել է hնչակյան կուսակցության կարևոր դեմքերից, Թիֆլիսի կոմիտեի անդամ էր և իր անձնական միջոցներով հոգացել է ինքնապաշտպանական խմբի զինումն ու ճամփորդությունը դեպի Վան, ինչի համար ձերբակալվել և աքսորվել է Ռոստով։ Հետագայում վերադարձել է Թավրիզ, ապա բնակվել Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում։ Հենց Ատրպետն է երիտասարդ պոետ Օնիկ Կարապետյանին կնքել «Շիրազ» գրական անունով. «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն»։ Շիրազը հետագայում վերհիշում էր, թե ինչպես էին Ատրպետի հետ շրջում Լենինականում, էժանագին ճաշարաններում նույն ամանից ուտում «ամենաէժան, Ատրպետի քսակին մատչելի կերակուրը», նստում գրական զրույցների․ «Ատրպետը պատմում էր իր վեպերից, որոնք այն ժամանակ շատ էին տարածված․․․ Մի օր էլ կարդաց «Տժվժիկը»․ ցնցող տպավորություն թողեց։ Բացեց իմ աչքերը աշխարհի վրա՝ բարու ու չարի պատկերներով»։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծանր պայմաններում, կարիքից դրդված վաճառել «Մշակ», «Փորձ», «Արձագանք», «Աղբյուր», «Տարազ», «Մուրճ» պարբերականների հավաքածուն: Մահացել է սովից՝ 1937 թվականին, Լենինականում։ Գյումրիի Ջիվանի փողոցում մինչև օրս կանգուն է յուրահատուկ, մոդեռն ոճի այն տունը, որտեղ ապրել է տարաբախտ գրողը։ Քիչ հեռու՝ այգում, նրա կիսանդրին է։

Նշանակալի է նաև Ատրպետի դերը որպես հրատարակիչ և հետազոտող։ Նրա «Ոսկյա հոբելյան հայ հեղափոխության 1878-1928» ձեռագիր աշխատությունը, որին հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ, հեղափոխական կուսակցությունների պատմությունը դիտարկում է բոլորովին անհայտ իրողությունների լույսի ներքո։ Կիկլոպյան ամրոցների, վիշապաքարերի վերաբերյալ նրա գիտական աշխատություններն օգտագործել են անվանի գիտնականներ, այդ թվում՝ Վարազդատ Հարությունյանը և Բորիս Պիոտրովսկին։

Ռայնիսը՝ Ատրպետի վեպի մասին

Լատվիայի մեծ պոետ Ռայնիսը (Յանիս Պլիեկշանս) հակապետական գործունեության մեղադրանքով 1899-ին աքսորվում է Սլոբոդսկոյե (ներկայիս ՌԴ Կիրովի մարզում), որտեղ մտերմանում է հայ հեղափոխական, բազմագիտակ Աշոտ Խումարյանի հետ։ Խումարյանը Ռայնիսին ծանոթացնում է հայ մշակույթին և պատմությանը։

1900 թվականի ապրիլի 4-ին Ռայնիսը գրում է իր կնոջը՝ բանաստեղծուհի Ասպազիային․ «Հիմա ես սկսում եմ թարգմանել հայկական վեպ․ մի հայ թարգմանում է այն ռուսերեն, իսկ ես ռուսերենից թարգմանում եմ լատիշերեն: Ընդամենը կլինի 4 թերթ (170 000 նիշ)․ այն հետաքրքիր է՝ Թուրքիան մոտավորապես 1877 թվականին, ոչ թե [ռուս-թուրքական] պատերազմը, այլ դրա պատրաստությունը։ Ես այն կուղարկեմ քեզ, հոգյակս․․․»:

Ապրիլի 11-ին նա շարունակում է․ «Այսօր ուղարկում եմ․․․ հայկական վեպի սկզբնամասը, այն շատ համոզիչ է, գրվել է հայտնի հայ գրողի կողմից, որը Կոստանդնուպոլսից է․ միգուցե դուք այն կկարողանաք զետեղել «Դիենաս Լապա» [թերթ]-ում: Անպայման փորձիր, Ինին [կնոջ փաղաքշական անուններից է]։ Այն կհրապուրի»։

Իսկ երկու օր անց իր հերթական նամակում հավելում է․ «Հիմա հիշեցի, որ մոռացել էի [քեզ գրել] հայկական վեպի հեղինակի անունը։ Այդ մարդու անունն է Ատրպետ։ Ես նաև կուղարկեմ մի քանի տող, որպեսզի ներկայացնեմ վեպը»։

Ասպազիան պատասխանում է, որ վեպը դեռևս անհնար է տպագրել։ Ցավոք, թարգմանությունն այդպես էլ անավարտ է մնում։ Տարբեր աղբյուրներ վեպի անունը նշում են որպես «Թուրքիայի վերածնունդը» կամ «Հայաստանի վերածնունդը»․ այդ անունով վեպ Ատրպետը չունի, սակայն, հավանական է, որ դա «Ալմաստ» վեպն է, որի հերոս Ոսկանի հետ Ռայնիսը կենսագրական որոշակի նմանություններ ունի։

1900 թվականին գրված և 1927 -ին հրատարակված «Ամենադժբախտ ժողովուրդը և երկիրը» ակնարկում Ռայնիսը վերստին հիշում է Ատրպետի անունը՝ մեկ նախադասությամբ անդրադառնալով նրա ստեղծագործությանը՝ հայ նորագույն գրականության համատեքստում։

Լև Տոլստոյը՝ Ատրպետի ընթերցող

1909 թվականի հունիսին Ատրպետը Տոլստոյին է ուղարկում իր «Մահմեդ-Ալի շահ» ռուսերեն գիրքը՝ հետևյալ մակարգությամբ․ «Պաշտելի մեծ ռուս գրող Լև Նիկոլաևիչ Տոլստոյին՝ հեղինակից»։ Գիրքը՝ Տոլստոյի նշումներով, պահվում է Յասնոյե Պոլյանայում գտնվող նրա գրադարանում։ Հուլիսի 15-ին Տոլստոյը նամակ է գրում Ատրպետին․ «Շատ շնորհակալ եմ Ձեզ, որ ուղարկեցիք Ձեր գիրքը։ Ես այնտեղ գտա ինձ համար շատ նոր ու վերին աստիճանի հետաքրքիր բաներ։ Ինձ հետաքրքրում են՝ դատելով իրենց վերնագրերից, նաև Ձեր մյուս գրքերը, որոնք նշված են հայտարարությունում․․․»:

Տոլստոյն իր օրագրում երկու անգամ անդրադառնում է գրքին՝ այն անվանելով «շատ հետաքրքիր» և մեկնաբանելով նրա բովանդակությունը․ «Տեսականորեն հողը չի կարող սեփականության առարկա լինել։ Շահը կեղեքիչ է և հայտնի է որպես անպետք մարդ» և այլն։

Կրոնի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն դրսևորող Տոլստոյը 1899 թվականից հետաքրքրվեց նաև բաբիականության-բահայականության ուսմունքով, որը ծագել էր Իրանում՝ 1840-ական թվականներին։ 1909-ի հոկտեմբերին ծանոթ բաքվեցի բահայականը Տոլստոյի խնդրանքով նրան է ուղարկում Ատրպետի «Իմամաթ» պատմական հետազոտությունը (Ալեքսանդրապոլ, 1909)՝ հեղինակի մակագրությամբ․ «Պաշտելի կոմս Լև Նիկոլաևիչ Տոլստոյին՝ երախտապարտ հեղինակից, 4 / IX— 909։ Ալեքսանդրապոլ։ Ատրպետ»։ Տոլստոյը այս գիրքն էլ է հավանում․ ըստ բժիշկ Դ․ Մակովիցկու հուշերի՝ Տոլստոյը գովում էր գիրքը և խորհուրդ էր տալիս իր անձնական քարտուղարին՝ կարդալ այն։ Ի դեպ, բահայականության մասին Ատրպետի` մասնագետների հավաստմամբ թույլ ու վիճելի, անճշտություններով լի, բայց մեծ տարածում գտած հետազոտությանը (1910) քաջ ծանոթ է եղել բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովը, որը որպես աղբյուր օգտագործել է այն։

Իսկ Տոլստոյը, որ մտածում էր բաբիականության-բահայականության մասին գիրք լույս ընծայել, աստիճանաբար հիասթափվում և հրաժարվում է այդ մտքից։ 1910 թվականին, երբ Աստապովո կայարանում Տոլստոյը կնքում է իր մահկանացուն, Ատրպետը մամուլում հանդես է գալիս հիշատակի խոսքով։

 

Աշոտ Գրիգորյան