Աստվածային հրաշքով ծնված սուրբը. Գրիգոր Տաթևացի

Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնին պատմենք աստվածային բարեգթությամբ և նախախնամությամբ տեղի ունեցած լուսավոր մի պատմության՝ աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, վարդապետ Գրիգոր Տաթևացու՝ երկնային հրաշքով լույս աշխարհ գալու մասին։
Հայկական միջնադարյան Հայսմավուրք ծիսական ժողովածուներում Գրիգոր Տաթևացու հիշատակի տոնի պատմության մեջ ասվում է, որ Գրիգորի բարեպաշտ ծնողները զավակներ են ունենում, որոնք, սակայն, վաղ տարիքում մահանում են։ Տարեց հասակում Տաթևացու ծնողները հույսը դնելով ամենակարող Աստծո վրա և բարեխոսությամբ դիմելով Գրիգոր Լուսավորչին, խնդրում են իրենց ևս մի զավակ պարգևել:
Մի օր Տաթևացու մայրը երազ է տեսնում, որտեղ երևում է նրան Գրիգոր Լուսավորիչը՝ ձեռքին բռնած հանգած լույսով մի կանթեղ և ասում է. «Լսեց Աստված քո աղոթքները, և, իմ միջնորդությամբ, կպարգևի քեզ զավակ։ Վերցրու՛ այս կանթեղը և պահի՛ր քեզ մոտ, քանի որ քո ծնվելիք մանկանը վերապահված է լուսավորել հայ դպրության հանգող ջահը»։ Տրված ավետիսի համաձայն Տաթևացու տարեց ծնողները որդի են ունենում և մկրտության օրը նրան Գրիգորիս են անվանում ի պատիվ Գրիգոր Լուսավորչի:
Աստվածաշնչից՝ Իսահակից և Սամուել մարգարեից սկսած, տարեց ծնողներից որպես ուխտի զավակ ծնված երեխաներն առանձնահատուկ շնորհ էին ունենում: Ասվածը վերաբերում է նաև Գրիգոր Տաթևացուն: Տասնչորս տարեկանում լինելով շնորհաշատ և ուսյալ պատանի, նա գնում է Տփխիս և այնտեղ հանդիպում է մեծ վարդապետ Հովհան Որոտնեցուն: Տասնութ տարեկանում Որոտնեցու հետ ուխտագնացության է մեկնում Երուսաղեմ: Այնտեղ Տաթևացին ձեռնադրվում է կուսակրոն քահանա: Այնուհետև շարունակելով ուխտագնացությունը հասնում են Եկեղյաց գավառ, ուր Գրիգոր Լուսավորչի շիրիմի վրա Տաթևացին Որոտնեցուց վարդապետական գավազան է ստանում, որը խորհրդանշում է հոգևոր շնորհի անմիջականորեն փոխանցումը Գրիգոր Լուսավորչից: Պատեկերավոր կերպով ասված, Տաթևացին, ինչպես որ ծնվել էր Սբ. Գրիգորի բարեխոսությամբ՝ որպես ուխտի զավակ, այնպես և վարդապետական իշխանության շնորհն է ուղղակիորեն ստանում նրանից։
Խորհրդանշական է, որ Գրիգոր Լուսավորիչն իր հերթին առաքելական քարոզության և Հայաստանը լուսավորելու շնորհը ստացել էր Թադեոս առաքյալի շիրմից (այս մասին Մովսես Խորենացին գրում է «Հայոց պատմության» երկրորդ գրքի 74-րդ գլխում)։ Նույն կերպ Լուսավորչի շիրիմին ստացած գավազանի իշխանությամբ է Տաթևացին շարունակում վարդապետական ուսուցումը: Վախճանվելիս Որոտնեցին իր մոտ է կանչում Տաթևացուն և նրան է կարգում վարդապետ և ուսուցիչ, նաև փոխանցում է վարդապետական իշխանությունը:
Գրիգոր Տաթևացու մոր ավետաբեր երազը և Որոտնեցուց՝ վարդապետական գավազան ստանալը՝ կոմպոզիցիոն հետաքրքրիր լուծումներով պատկերվել է «Գիրք Հարցմանց»-ի 1720 և 1739 թթ. հրատարակություններում տեղ գտած փորագրանկարում (նկ. 1):
Նկարի վերին աջ անկյունում ամպերի մեջ կաթողիկոսական հանդերձներով, շողարձակող լուսապսակով և հայրապետական գավազանին հենված կանգնած է Գրիգոր Լուսավորիչը, ում առջև ծնկի է եկել Տաթևացու մայրը, ով ներկայացված է որպես տարեց մի կին՝ գեղջկական պարզ հագուստով: Նա ձեռքերը մեկնել է դեպի Սուրբ Գրիգորի պահած կանթեղը: Այս ամենը տեղի է ունենում քարե շարվածքով և կամարաձև պատուհաններով գյուղական տան առջև, որի կամարաձև մուտքին արված մակագրության մեջ ասվում է. «Տունն հօր Գրիգորի Տաթևացուն» (Գրիգոր Տաթևացու հոր տունը): Լուսավորիչը պատկերված է երկնային կամարը ներկայացնող ամպերի մեջ, այդկերպ առանձնացված լինելով երկրային աշխարհից։
Փորագրանկարի հիմնական մասը զբաղեցնում է Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու կողմից աշակերտներին ուսուցանելու դրվագը։ Աշակերտներ ժողովելը և նրանց ուսուցանելը նկարի երկրորդ մասի մակագրության մեջ ձևակերպված է հետևյալ կերպ. «Առնէր և ուսուցանէր յամենայն ժամ»:
Կանթեղի տրվելը և Որոտնեցի-Տաթևացի-աշակերտներ հաջորդայնությունը ավելի բարձր գեղարվեստականությամբ և պատկերային լուծման որոշակի տարբերություններով պատկերված է «Քարոզգրքի»՝ Կոստանդնուպոլսում համապատասխանաբար 1740 և 1741 թթ. տպագրված «Ձմեռան» և «Ամառան» անվանվող հատորներում տեղ գտած նկարում (նկ. 2):
Այդ փորագրանկարը կոմպոզիցիոն առումով տարբերվելով «Հարցմանց գրքի» երկու հատորների նկարից, պատկերագրական առումով նույնանում է նրա հետ, որովհետև երկուսն էլ ծագում են գրական նույն սկզբնաղբյուրից և վերջինիս հետևողությամբ ընդգծում են հետևյալ երեք գաղափարները:
Առաջին՝ Տաթևացին ծնվեց որպես ուխտի զավակ:
Երկրորդ՝ Տաթևացու միջոցով վերաբռնկվեց հայ դպրության լույսի կանթեղը:
Երրորդ՝ Տաթևացին վարդապետական իշխանությունը և գավազանը ստանալով Հովհան Որոտնեցուց, իր քարոզությամբ և աշակերտներին ուսուցանելով այն փոխանցեց հոգևորականների հաջորդ սերնդին:
Այս փորագրանկարը նախորդի նման ունի երկմասն կառուցվածք: Վերին հատվածում դարձյալ Տաթևացու մոր տեսիլքն է: Ի տարբերություն նախորդ պատկերի՝ Լուսավորիչը ոչ թե ամպերի միջից է երևում, այլ կանգնած է տան մուտքի առջև: Այդ կերպ երազը թվում է ոչ թե անիրական տեսիլք, այլ պարզ իրականություն, որն ավելի է ընգծվում գյուղական միջավայրով՝ փողոցի տներով և կից միանավ եկեղեցով:
Ներքևում մանրամասնաբար ներկայացված է եկեղեցու ներքին կառուցվածքը և բաժանումը. վարագույրով ծածկված բեմը, խորանը գավիթից բաժանող սյունաշարը, որից ներս ատյանն է, ապա սալահատակած գավիթը: Առաջնորդական գահին բազմած Հովհան Որոտնեցին հայացքով հետևում է, թե ինչպես է Տաթևացին ուսուցանում մյուս հոգևորոականներին։
Ներկայացված փորագրանկարների հիման վրա, կարող ենք ասել, որ դրանք պատկերային լեզվով արտահայտությունն են Հայսմավուրքներում ներկայացված՝ Տաթևացու ծննդյան և կյանքի պատմության։
Գրիգոր Տաթևացու լույս աշխարհ գալու պատմությունը ևս մի օրինակ է հավատի ուժով կատարված հրաշքի և այդ հրաշքի՝ մի ողջ ժողովրդի վրա ունեցած ազդեցության։ Տաթևացին ոչ միայն իր ծնողներին որպես պարգև տրվեց, այլև մեր ժողովրդին, քանի որ իրապես վերաբռնկեց հայկական դպրության և գիտության կրակը, որը վառ է մինչև օրս։
Եվ ինչպես Ղազար Ջահկեցի կաթողիկոսն է գրում․ «Տաթևացին, արդարև, լուսավորեց և պայծառացրեց մեր ազգն ու եկեղեցին՝ իմաստությամբ և ճշմարիտ քարոզով»։
Շողակաթ Դևրիկյան
Նկ․ 1 Գրիգոր Տաթեւացի, Գիրք Հարցմանց, Կ. Պոլիս, 1720, էջ Ը (8)
Նկ․ 2 Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք. Ամառան հատոր, Կ. Պոլիս, 1740, էջ Ը (8)