Աստվածային երևման մի պատմություն․ Գրիգոր Նարեկացու տեսիլը և հրաշքները

Այսօր քչերին է հայտնի, որ Վանա լճի Առտեր կղզու անվան ստուգաբանություններից մեկը կապված է միջնադարյան հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու աստվածային տեսիլի հետ։

Նարեկացու վարքի պատմությունը ժողովրդական ծագում ունի: Վանական միջավայրում նրա մասին պատմվող լեգենդները և հրաշքները փոխանցվել են Նարեկավանք եկող ուխտավորներին և ժողովրդական միջավայրում դարձել են ավելի հրաշապատում: Այնուհետև գումարվել են էպիկական տարբեր դրվագներ, որոնք վանք եկող ուխտավորների միջոցով փոխանցվել են Նարեկավանքի և շրջակա վանքերի հոգևորականներին և գրառվել նրանց կողմից:

Գրիգոր Նարեկացու վարքի բանավոր տարբերակն ավելի տարածված է եղել Վասպուրականում, որտեղ հենց գտնվել է Նարեկավանքը, ուր, որպես կրոնավոր, ապրել է սուրբը։   

Նարեկացին հռչակված է եղել ոչ միայն իր մոնումենտալ «Մատյան ողբերգության» պոեմով, տաղերով ու գանձերով, այլև իր սրբակենցաղ և ճգնավորական կյանքով, որի սքանչելագործություններով հարուստ դրվագներից է տեսիլում Տիրամոր Մանուկ Հիսուսին գրկած երևալը: Նարեկացու վարքի տարբեր դրվագներից նաև ամենից շատ նկարագրվել և նկարազարդվել է հենց այդ տեսիլը՝ թե՛ մանրանկարներում, թե՛ հնատիպ գրքերի փորագրանկարներում:

Ըստ ավանդույթի ասվում է, որ Նարեկացու ճգնության քարայրը գտնվում էր Վանա ծովակի ափին, մի ժայռի քարայրում, ուր նա գիշեր-ցերեկ աղոթում էր՝ խնդրելով տեսնել Մանուկ Քրիստոսին: Ժողովրդական չափազանցություններին բնորոշ ձևով նշվում է, որ երկար տարիներ այնքան է ծնկաչոք աղոթում, որ ծնկած տեղի քարերը փոս են ընկնում:

Մի գիշեր՝ աղոթքի պահին, նկատում է, որ Վանա ծովի վրա երկնքից լույս է կաթում, նուրբ քամի է փչում, և Աստվածամայրը երևում է դիմացի կղզու վերևում՝ Մանուկ Հիսուսն իր գրկում: Դա տեսնելով Նարեկացին հիացած բացականչում է. «Ա՛ռ, Տեր, հոգիս, քանի որ ես իմ փափագին հասա»: Տեսիլքը վերանում է, և Վանա լճի այդ կղզյակի անունը մնում է «Առտեր»:

Տեսիլի մեկ այլ տարբերակի համաձայն, դարձյալ Վանա լճի վրա Տիրամորը տեսնելով, Նարեկացին իր ճգնության այրից իջնում է, ջրի վրա քայլելով՝ ծնկի է գալիս սուրբ Կույսի առաջ: Իսկ Սուրբ Մարիամը Մանուկ Հիսուսին պարզելով Նարեկացուն ասում է. «Առ զՏէր քո, զոր խնդրէիր»:

Այսպիսով, կղզու Առտեր անվանումն ունի երկու ստուգաբանություն: Առաջին՝ Նարեկացին տեսնելով Տիրամորը Մանուկ Հիսուսը գրկին, ասում է, թե «Տե՛ր, առ հոգիս, որովհետև կատարվեց իմ ցանկությունը», և ըստ երկրորդ տարբերակի կղզու  Առտեր անվանումը ծագել է Տիրամոր այն խոսքից, թե՝ «Առ Տիրոջը, ում խնդրում էիր տեսնել»:

Հայկական ձեռագրերում և հնատիպ գրքերում պահպանվել են այս տեսիլը պատկերող գունեղ մանրանկրաներ և բարձրարժեք փորագրանկարներ։ Արվեստի այդ ստեղծագործություններում նկարիչ վարպետները ձգտել են պատկերել գրական երկում նկարագրված երկու կարևոր դրվագները՝ երկնակամարում Աստվածային լույսով պարուրված Տիրամորը Մանկան հետ և Նարեկացուն՝ Վանա լճի համայնապատկերում:

Սակայն կան պատկերներ, որոնք աստվածային երևումից բացի ներկայացնում են Գրիգոր Նարեկացու հրաշագործ կյանքից այլ պատումներ։ Դրվագների առատությամբ և կատարողական վարպետությամբ առանձնանում է հատկապես Հակոբ պատրիարք Նալյանի՝ Նարեկացու «Մատյանի» մեկնության 1745 թվականի հրատարակության մեջ զետեղված փորագրանկարը։ Այն ներկայացնում է Գրիգոր Նարեկացու կյանքից հինգ դրվագ:

Նկարի հիմնական մասը զբաղեցնում է տեսիլը: Կարծես ամպերից հյուսված ճոճաթոռի վրա նստած է Տիրամայրը՝ Մանուկը գրկին: Նրանց հայացքն ուղղված է դեպի Նարեկացին, ով լճի ափին ծնկի եկած հիացած արտասանում է իր տաղի խոսքերը. «Երկու փայլակնաձև…» (Նկատի է առնվում Գրիգոր Նարեկացու՝ Աստվածամորը նվիրված նշանավոր «Մեղեդի Ծննդյան» տաղը): Վանա լճակի հանդարտ ջրերն ու խաղաղ բնությունը, թվում է, թե ականատեսն են կատարվող հրաշքի:

Կենտրոնական՝ տեսիլը ներկայացնող դրվագից ցած, պատկերվել են Սուրբ Գրիգորի հետ կապված մի քանի հրաշքներ։ Դրանցից առաջինը մակագրված է որպես «Զձագսն յարոյց» (ձագերին հարություն է տալիս): Այս ավանդության համաձայն ասվում է, որ Նարեկավանքին մի քուրդ մարդ է տիրում, ով գյուղացի կանանցից մեկին մի հավ է տալիս, որ պահի: Հավը ձագեր է ունենում, և մի օր անձրևից վախեցած ձագերի հետ մտնում է պատին հենված քարի տակ, որը՝ չար ուժի ազդմամբ, ընկնում է հավի ու ձագերի վրա: Գյուղացի կինը, ապավինելով Աստծո զորությանը, սատկած հավերին տանում է Գրիգոր Նարեկացու գերեզմանի մոտ՝ մտքում աղոթելով Աստծուն և դիմելով Սուրբ Գրիգորին: Որոշ ժամանակ անց հավերը կենդանացած վերադառնում են գյուղացի կնոջ տուն։

Փորագրանկարի փոքրիկ դրվագում ներկայացվել է, թե ինչպես է գյուղական պարզ հագուստով կինը սատկած հավերն հանում ծանր քարի տակից, և միևնույն ժամանակ, մի փոքր հեռվում պատկերվել է հրաշքով կենդանացած հավն իր ձագերի հետ։

Երկրորդ դրվագը ներկայացնում է Նարեկացու կողմից աղավնիներին կենդանացնելը. «Զաղաւնիս յարոյց» (աղավնիներին հարություն է տալիս): Պատմվում է, որ մի քանի չարախոսներ վատաբանում են Նարեկացուն, և իշխաններն ու եպիսկոպոսները մարդիկ են ուղարկում, որ նրան բռնեն, դատարան բերեն: Նարեկացին ընդունում է եկողներին և ճանապարհ ընկնելուց առաջ առաջարկում է ընթրել՝ երկու խորոված աղավնիներով: Սակայն պահքի օր է լինում, և եկած հյուրերը զարմացած հարցնում են, թե ինչպես պետք է միս ուտեն։ Նարեկացին ներողություն է խնդրում ասելով, որ չէր հիշում, որ պահք է, և հրամայում է եփված աղավիներին թռնել միանալ իրենց երամին։ Այդ ժամանակ բոլորի աչքի առաջ հարություն են առնում աղավնիներն ու թռչում: Եկածներն ապշում են, թողություն խնդրում և վերադառնալով պատմում են կատարվածն ու լռեցնում չարախոսներին: Փորագրանկարում պատկերված են հրաշքից ապշահար հյուրերը և կենդանացած երկու աղավնիները, որ պատրաստվում են դուրս թռչել բաց պատուհանից:

Երրորդ դրվագը ներկայացնում է Նարեկացուն ուսուցանելիս. «Զաշակերտսն վարժէ» (ուսուցանում է աշակերտներին): Ինչպես հայտնի է բազմաշնորհ Գրիգոր Նարեկացին վարդապետ, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա լինելուց բացի, եղել է նաև ուսուցիչ և բազում երիտասարդներ է կրթել Նարեկավանքում։

Չորրորդ հատվածում գրված է. «Զդիւահարն բժշկէ» (բժշկում է դիվահարին): Սուրբ Գրիգորի միջնադարյան վարքում, որը կրել է ժողովրդական ավանդությունների ուժեղ ազդեցությունը, ասվում էր, որ Նարեկացին գնում է Ռշտունիք և յոթ տարի առանձնացած մնում է այնտեղ։ Մի օր տեսիլում երևում է Տիրամայրը՝ պատվիրելով ուխտի գնալ Երուսաղեմ և ասում է. «Տալիս եմ քեզ շնորհ և իշխանություն՝ կատարելու բազում հրաշքներ, հանելու դևերին և բժշկելու բոլոր ցավերը մարդկանց և կենդանիների»։ Ըստ հիշյալ վարքապատումի՝ այս տեսիլով են սկզբնավորվում Նարեկացու հրաշագործությունները, որոնցից մեկը՝ դիվահարին բժշկելը, պատկերվել է այս փորագրանկարում։

Այս և Գրիգոր Նարեկացուն ներկայացնող այլ փորագրանկարներն ու մանրանկարներն իրենց մեջ ամփոփում են հայ ժողովրդի բանահյուսական լուսավոր մտքի ստեղծագործությունից մի քանի դրվագ, որոնք բանավոր և գրավոր կերպով փոխանցվել են դարեդար՝ դառնալով պաշտամունքի առարկա։ Իսկ Վանա լճի Առտեր կզղին առ այսօր իր անվան մեջ պահպանում է աստվածային երևման հրաշափառ հուշը։

 

Շողակաթ Դևրիկյան

 

Գլխավոր Նկար՝ Հակոբ Նալյան, «Գիրք մեկնութեան աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ», Կ. Պոլիս, 1745, էջ 18

Նկ․ 2 Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի ձեռագիր հմր․ 603, Կ. Պոլիս, 1762 թ․, էջ 328

Նկ․ 3 Մաշտոցյան Մատենադարանի  ձեռագիր հմր․ 8422, 1778 թ., Կարին, էջ 80 բ․

Նկ․ 4 Մաշտոցյան Մատենադարանի  ձեռագիր հմր․ 10909, Կ. Պոլիս, 1782 թ., 237բ.

Նկ․ 5 Մաշտոցյան Մատենադարանի  հմայիլ հմր․ 502, 1778 թ․

Նկ․ 6 Գաբրիել Ավետիքյան, «Նարեկ աղօթից», Վենետիկ, 1801, էջ 2

 

 

... ... ... ... ...