Աշոտ Մելքոնյանի ռեալիզմի պոետիկան

«Մեծ ուրախություն էր ինձ համար, երբ Լենինականում ապրելիս ծանոթացա հողի ծնունդ, ազնվական, ցեղական դրոշմով ուշագրավ, տաղանդավոր նկարիչներ Օնիկ Մինասյանին և Աշոտ Մելքոնյանին։ Նրանք ինձ համար գտնված հարստություն էին։ Շատ ուրախ եղա նաև, որ մասնակցեցի Էջմիածնի ճեմարանի Կոմիտասին նվիրված գմբեթի նկարազարդմանը, որի մտահղացման հեղինակն Աշոտ Մելքոնյանն էր։ Նա գալիս էր ոչ թե ուրիշ տեղից, այլ ինքն իրենից։ Նա պատկեր հղանալու հիանալի «կոմպոզիտոր էր»... Մենք՝ նրան ճանաչողներս, նրա նկարչությունը սիրողներս, զինք չէինք կարող մոռանալ»։ «Ինճըխ կեղնի, որ Պոլոզ Աշոտը մոռացվի...»։

Հակոբ Հակոբյան

 

Նուրբ, քնարական աշխարհընկալում, մարդասիրություն, ժամանակի սուր զգացողություն և նկարչական «մեղեդային» լեզվի ինքնատիպություն. այս բնորոշումները թույլ են տալիս Աշոտ Մելքոնյանին (1930-2009թթ.) դասել նկարիչ-պոետների շարքին: Նա 1960-ականների հայ ազգային մշակույթի փառահեղ զարթոնքի տաղանդավոր ներկայացուցիչներից է, որն իր ստեղծագործական ճանապարհն սկսեց այն տարիներին, երբ խորհրդային արվեստն ապրում էր այսպես կոչված ձնհալի շրջանը` երկարատև խավարից հետո։ Կերպարվեստի բնագավառում հայտնվում էին նորանոր անուններ, մտավորականությունը «ձերբազատվել» էր միտքն ու ստեղծագործական ոգին սահմանափակող կապանքներից, և արվեստագետները փնտրում էին կյանքը պատկերելու նորանոր միջոցներ ու ձևեր։ Նախընտրելով  ռեալիստական-առարկայական մտածելակերպը և լինելով բազմաժանր արվեստագետ` Մելքոնյանը ստեղծել է կտավներ, որոնք նրա ինքնատիպ անհատականության դրոշմն են կրում: Նկարիչն առանձնանում է իր՝ արմատներով անցյալին կապված և միանգամայն ժամանակակից մարդու յուրահատուկ մտածողությամբ ու արտահայտչամիջոցներով։ Լուսավոր ու խոհուն քնարականությամբ ներթափանցված վաղ շրջանի աշխատանքները հստակ նախանշում են նկարչի հետաքրքրությունների շրջանակը և սերը հասարակի ու սովորականի հանդեպ։ Արվեստագետը հայկական բնանկարի վարպետներից է: Նրա կտավներում բնությունը ցողված է մաքրության լույսով, երկինքը միշտ պարզ է, շուրջբոլորը տիրում է խաղաղություն ու ջերմություն` շաղախված լուսավոր ազնվականությամբ: Կյանքի խոր, անհատական վերաիմաստավորում, նրա ներդաշնակությունը ցույց տալու ձգտում, լավատեսական մոտեցումներ. սա է վարպետի պոետիկ արվեստի ուժը: Նկարիչը գերում է կյանքի, մարդկանց և բնության գեղեցկությամբ անընդհատ զարմանալու և այդ ամենն արվեստում արտահայտելու ունակությամբ: Ինչպես ինքը՝ նկարիչն է ասել, իր ստեղծագործություններում ցանկացել է արտահայտել մարդկային երազանքների աշխարհը, իր ժամանակակիցների հոգեվիճակի բազմազանությունը, նրանց տրամադրությունները, փորձել արարել՝ բացահայտելով մարդու անհուն ներաշխարհը: Նրա գործերն աչքի են ընկնում իրենց կատարելությամբ, կոմպոզիցիայի պարզությամբ ու հստակությամբ, ինչպես նաև կոլորիտային ամբողջականությամբ:

Բնանկարի ժանրը նախընտրող նկարչի հասուն շրջանի գործերում մտածողության մասշտաբների ընդլայնումը, վարպետության խորացումը, արտահայտչամիջոցների անհատականացումը նրա ստեղծագործական ներուժն ու տեսադաշտը կենտրոնացնում են դիմանկարների վրա, որոնցում առավել վառ են արտահայտվում Մելքոնյանի հույզերն և տրամադրության դրսևորումները: Նրա ստեղծագործությունների կիզակետը մարդն է, որն այնքան մոտ է մայր հողին ու բնությանը, բայց միևնույն ժամանակ հայացքը հառում է ապագային` դեպի նոր կառուցվող աշխարհը: Նկարիչը հեշտությամբ է հոգևոր կապ հաստատել իր հերոս-բնորդների հետ: Եվ ամենակարևորը՝ նրա դիմանկարներում ակնհայտ  հոգեբանական լարվածությունն ակամա դիտողին երկար պահում է նկարի առջև: Մելքոնյանի վրձնահարվածներն ամեն ինչ կարծես վերափոխում են՝ դիտողին տեղափոխելով պոետիկ դաշտ: Ստեղծագործություններից ասես լսվում են երաժշտության մեղմ ելևէջներ: Մելքոնյանի վրձնած դիմանկարների միջոցով դիտողը հաղորդակից է դառնում մարդու ներքին ձևավորման ընթացքին: Նկարիչը ոչ այնքան կերպարների հոգեբանական բարդ մեկնաբանության է ձգտում, որքան դրանց՝ հոգևոր աշխարհի գլխավոր գծեր հաղորդելուն: Նրա մեկնաբանություններն առանձնանում են անհատականի սուր տեսողությամբ: Սահուն ուրվագծերի ռիթմիկ կրկնություններ, տարածական պլաններ կազմող գունային հարթությունների փափուկ անցումներ: Կերպարներին բնորոշ են կենսական սուր բնավորության գծերը, բայց դրանք այնպես են ներձուլվում միջավայրին, որ ոչ միայն չի խախտվում ամբողջի ներդաշնակությունը, այլ միայն ուժեղացնում է այն: Նկարչի պատկերած առարկան և դրա բնօրինակը բաձարձակ տարբեր են ու չեն էլ կարող նույնը լինել: Մարդը բնության անբաժանելի մասն է ու նրա զարգացման արգասիքը: Ուստի մարդ-արվեստագետի բարձրագույն իմաստությունն էլ բնության խորհրդի, կյանքի գեղեցկության և ճշմարտության բացահայտումն է. «Մարդը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել. արվեստի ներշնչանք դառնում է ոչ թե սոսկ առարկան՝ իր 3 չափումներով, այլ նկարչի վերաբերմունքն ու ասելիքը առարկայի վերաբերյալ: Հետևաբար, նկարչի պատկերած առարկան և դրա բնօրինակն արդեն բացարձակորեն նույնը չեն ու չեն էլ կարող լինել»:

Նման հարուստ ու նուրբ ներաշխարհով և արարման երկունքի բարդ ճանապարհն անցնող նկարիչը չէր կարող չանդրադառնալ համաշխարհային մշակույթի ներշնչանքի աղբյուրներից մեկին`մայրությանը և այդ աստվածային շնորհն իր մեջ կրող, մարմնավորող կնոջ կերպարին: Հնագույն ժամանակներից ի վեր կինը ընկալվել է թե՛ որպես կյանքն իր մեջ կրող քարանձավ, ջրհոր, աղբյուր, անոթ և թե՛ այդ կյանքը պահպանող ու սնուցող առեղծվածային մի էակ, որն օժտված է նրբազգացությամբ, քնքշությամբ, անմնացորդ սիրով ու նաև փոփոխական հուզականությամբ։ Նա մշտապես ակնածանքի է արժանացել և՛ իր կանացի տկարությամբ, և՛ աներևակայելի զորեղությամբ, հատկապե՛ս, եթե խոսքն իր զավակի կամ սիրեցյալի պաշտպանության մասին է։ Այս բարդ ու հակասական, հաճախ անկանխատեսելի էակը եղել է, կա ու մնում է կյանքի հավերժականության խորհրդանիշը։ Տղամարդը կնոջ մեջ է տեսել կյանքի հանդեպ իր սիրո ու մաքառումի իրական կիրքը, ընկնելու և բարձրանալու իր «հենասյունը»։ Բոլոր այս բնորոշումներն իրենց ամփոփումն են գտել Մելքոնյանի մայրությանը նվիրված կտավներում, բայց հեղինակը նրբանկատորեն դրանք չի վերնագրել ուղղակի «Մայրություն» կամ «Մայրը մանկան հետ»: Այս պարագայում ևս ստեղծագործողը չի խախտել մարդ-բնություն ներդաշնակությունն ու միասնությունը և իր կտավներին տվել է և՛ մարդուն, և՛ բնությանը բնորոշող վերնագրեր: «Սեր», «Սպասում» և «Հանգիստ». այսպես է նկարիչը վերնագրել մորն ու մանկանը պատկերող կտավները:

«Սեր» (1962թ.) կտավում նկարիչը սահուն ներդաշնակությամբ մորն ու մանկանը միաձուլել է մայր բնությանը՝ գրեթե հասնելով կատարելության: Բնության գրկում, դալար, նորատունկ ծառի տակ, ծնկներն ամուր հողին հենած ու փոքրիկին իր թևի տակ առած մայրը, ինքն էլ կարծես այդ ծառի այլաբանությունը լինի` սլացիկ, նրբիրան կազմվածքով ու նորափթիթ: Կտավի վերին սահմանագծի մոտ տաք օքրաներով բնանկարի դրվագ է՝ նոր կառուցվող քաղաքն է, որը ինչպես նորատունկ ծառն ու երիտասարդ կինը, նոր ու լուսավոր կյանքի, պայծառ ապագայի խորհուրդն ունի: Դալար ծառն ու նոր կառուցվող քաղաքն էլ լուսավոր ապագայի հույս ու հավատ են ներշնչում մոր կերպարին:

«Հանգիստ» (1971թ.) ստեղծագործությունը լի է ամենանվիրական, ջերմ ապրումներով: Լիարժեք ներդաշնակության արտահայտություն են կնոջ դիրքը, ձեռքերի, դեմքի, պարանոցի, կիսաբաց ոտքերի ու կրծքի մարմնագույնի, զգեստի մուգ կապույտի մաքուր համադրությունը: Կտավի հետին պլանում կրկին նոր կառուցվող քաղաքի տեսարանն է ու տպավորություն է, որ շինարարությունից ու ամառվա տապից բարձրացող անտեսանելի, թվացյալ փոշու ամպերը ծածկել են շուրջբոլորը: Այդ անիրական գորշության մեջ կնոջ խաղաղ, լուսավոր կերպարն է, որը մայրական գորովանքով գիրկն է առել իր քնած մերկ մանչուկին ու ձեռքի ափով մեղմորեն գրկելով նրա գլուխը՝ փոխանցում է մայրական ջերմ սրտից բխող անսահման սերն ու ջերմությունը՝ լուսավոր կյանքի մի պատառիկ:                                      

«Սպասում» (1975թ.) կտավը շղարշված է կարոտի ու սպասումի լուսավոր թախիծով, որին միախառնված են սերը, հույսն ու հավատը։ Փոքրիկին գրկած մայրը կանգնած է թիկունքով ու հայացքը հառել է դեպի պատին կախված երիտասարդ զինվորականի լուսանկարը: Առաջին հայացքից թվացյալ հուսահատություն կա, որը, կարծես, ակնթարթորեն չքանում է պատուհանից ներս թափանցող լույսից: Լույս ու ստվերի յուրօրինակ համադրության շնորհիվ էլ նկատվում է լույսի ու խավարի անտես ու խորհրդավոր պայքար, որը նկարում պատկերված սենյակը վերածում է «սրբավայրի», ուր երիտասարդ կինն առանձնանալով՝ աղոթում է իր սիրեցյալի վերադարձի համար, իսկ պատուհաններից ներթափանցող լույսը դառնում է սիրող ու սպասող կնոջ առհավատչյան, պատուհանագոգին դրված ծաղիկները ասոցացվում են մանկան հետ, քանի որ ընդունված է ասել, որ երեխաները կյանքի ծաղիկներն են:

Մելքոնյանի վրձնած մայրերը նրբակազմ ու առաջին հայացքից փխրուն թվացող կանայք են, որոնց կեցվածքին ու հայացքին հեղինակը կարծես գերբնական անտեսանելի ուժ է հաղորդել, որի շնորհիվ նրանք կարող են դիմակայել ցանկացած դժվարության, հաղթահարել խոչընդոտները և նեցուկ լինել իրենց զավակներին ու ընտանիքին: Մայրերի աչքերից ճառագող անսահման նրբությանն ու հեզությանն են միաձուլվում վստահությունն ու ուժը: Նրանց այս զգացմունքները զավակներին փոխանցում են հոգեկան հանգստություն և ներդաշնակություն:Եվ վերստին ընդգծվում է առաջնային գաղափարը՝ մայրերի ձեռքում է սերունդների ապագան: Եվ չնայած Մելքոնյանին իր ժամանակակիցները դասել են նկարիչ-պոետների շարքին, այդուհանդերձ մեկ անգամ ևս համոզվում ենք, որ նա ռեալիստ-նկարիչ էր, որի համար պոետիկան հզոր ներշնչման աղբյուր էր, որն օգնում էր իրական  պատկերներին քնարականություն հաղորդել:  

 

Հեղինակ՝ Մարիաննա Մանուչարյան

Մշակութաբան, թանգարանագետ, Ս. Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Կտավներ՝

«Ինքնադիմանկար» «Սեր» (1962թ.) «Հանգիստ» (1971թ.) «Սպասում» (1975թ.)

 

... ... ...