Ասֆալտե ջունգլիներ

Միշտ մի բան
թերի է մնում...
բառերի մեջ,
ցավի ու բերկրության մեջ
եւ մշտնջենական
մահի մեջ,
որ փոխ ենք առնում ամեն օր
աստված-չաստվածներից,
միշտ մի բան
մնում է անորոշ,
եւ ըմբռնման ջանքերն իզուր են։
Կանգնել եմ առատ ձյան տակ.
ճերմակ թիթեռները
կտրում են սեւն հորիզոնի։
Կիսատ-պռատ դեմքերով
մարդիկ են անցնում առջեւովս,
գալիս ու գնում են,
գալիս ու գնում են
ոչ մի տեղ...
Իսկ ես էնքան եմ հոգնել
կրկնության տեսունակ
խաբկանքներից,
փակում եմ կոպերս։
Կիսահավերժության,
կիսասիրո-կիսամենության,
կիսաճշմարտության,
ֆարսի խաչվող
բավիղներում
անշարժ կանգնել եմ,
Իսկ ձյունը շարունակ
ճերմակ՝
ինֆանտիլ միրաժներ է հյուսում
մազերիս մեջ,
ստիպում է մանկանալ.
հավատալ։
Ձյունը, որ լցնում է
կիսատ աշխարհն այս
հրաշքի սպասմամբ,
ստիպում է ինձ կրկին
ժպտալ ու սպասել,
ժպտալ ու սպասել...
մեռնելուն։
***
Ծերացած երազներս
շարել եմ ճամպրուկում,
գնում եմ՝ ծամելով
բառերի լեղին լեզվիս տակ,
կհանդիպենք մի օր
երազներիդ ծիր կապույտում:
***
Ասֆալտե ջունգլիներում
հանճարներ չեն ծնվում,
այստեղ վզկապով են
բոլոր շները,
վանդակներում`բոլոր գազանները,
թաղված են Բուդդան,
Մուհամմեդն ու բոլոր
չաստվածները:
Ասֆալտե ջունգլիներում
Աստված է մարդը…
***
Խոցվեց վերջին հրեշտակը՝
մանուկ,
զարթնի՛ր, ցած իջի՜ր
ՏԵ՜Ր։
***
Ցավի ճեղքված երակով
հոսում է քաղաքը՝
լափելով աղմուկը
լցված սրճարանների,
գժանոցների,
սպանդանոց-հիվանդանոցների:
Ես քնել ու տեսնում եմ
կարմիր երազներ,
կսմթի՛ր, մա՛մ,
չմեռնեմ
մանկասպան երազում:
***
Փնտրի՛ր գաղտնագիրը գոյի
հին հիերոգլիֆներում,
մաշված քարտեզներում,
ծառերի վրա, մոգական ու չմեկնված բառերի մեջ,
հինավուրց քաղաքներում վաղնջական ստի։
Փնտրի՛ր Տիբեթում,
Փրկչի գերեզմանում՝ Երուսաղեմում,
նույնիսկ Մարսում չես գտնի, բարեկա՛մ։
Ծերացած բանականությունդ կկանգնեցնի քեզ մի օր
ու կասի.
-Դադարի՛ր փնտրել,
Աստվածները սխալվել են,
Աստվածները սխալվել են...
Վարդան Սմբատյան