Արուս Ոսկանյանի պատերազմը

Մայիսի 10-ին լրանում է ազգային թատերարվեստի մեծ Արտիստուհու՝ Արուս Ոսկանյանի  ծննդյան 134-ամյակը. հարգանք և խորին խոնարհում նրա հիշատակին։

***

Սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, որի յուրաքանչյուր օրը ծանր էր տանում Արուս Ոսկանյանը։ Այսպիսի մի դեպք է հայտնի, որը լավ բնորոշում է մեծահռչակ դերասանուհուն։ 1942 թվականին Սունդուկյան թատրոնում բեմադրվեց Շեքսպիրի «Համլետը»։ Գլխավոր դերում էր Վաղարշ Վաղարշյանը, և երկու օր շարունակ ներկայացումը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Հենց դա էլ հունից հանել էր Արուսին։ «Քննարկումների ժամանակ ես անախորժ զգացում ունեի, -հետո կխոստովանի նա․- բարոյապես ճնշված էի զգում ինձ, հեռվում պատերազմ է, սուր է կախվել երկրի գլխին, հազարավոր մարդիկ են ընկնում, թշնամին շարժվում է առաջ, իսկ մենք՝ մի խումբ մարդիկ, հավաքվել, ինչո՞վ ենք զբաղվում՝ ճի՞շտ է մեկնաբանել դերասանը Շեքսպիրին, թե՞ ոչ»։

Մեծ դերասանուհին անկեղծ էր, պատերազմն, իրոք, ամբոջովին կլանել էր նրա կյանքը։ Արհավիրքի հենց առաջին օրերին հանրապետական մամուլում, այնուհետև ամերիկահայ առաջադիմական «Լրաբեր» ամսագրում տպագրվեց նրա «Պատրաստ եմ մեկնել պատերազմ» վերնագրով կրակոտ խոսքը և, ինչպես վկայում են ժամանակակիցները, նա իսկապես պատրաստ էր մեկնել մարտադաշտ։ Եվ դա բնավ էլ էժան հայրենասիրություն չէր դերասանուհու կողմից։ Նա իրոք այնքան պատրաստակամ էր պատերազմ գնալ, որ կոնկրետ քայլեր էր ձեռնարկել. դիմել էր համապատասխան կազմակերպություններին՝ քաղաքի զինվորական ղեկավարությանը, բայց մերժվեց։ Ի դեպ, այդ շրջանում շատ մտավորականներ էին ոտքի ելել՝ նույն խնդրանքով դիմելով զինկոմիսարիատ։ Նրանց թվում էին Դերենիկ Դեմիրճյանը, Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը, Գևորգ Էմինը, Հրաչյա Հովհաննիսյանը։ Դեմիրճյանին մերժեցին, քանի որ գրողն արդեն տարիքն առած էր։ Իր փոխարեն ռազմաճակատ հասավ նրա «Վարդանանք» վեպը։ Հրաչյա Քոչարն էլ աշխատում էր ռազմաճակատային թերթում և հրատապ թղթակցություններն ուղարկում հայրենիք։ Պատերազմի բովով անցած գրողը գրեց  «Մեծ տան զավակները» վեպը, «Գեներալի քույրը» սրտառուչ պատմվածքը Հովհաննես Բաղրամյանի և սփյուռքահայ մի կնոջ նամակագրության մասին։ Նաիրի Զարյանն ընդգրկվեց ազգային դիվիզիայում՝ այստեղ էլ կարդալով իր «Ձայն հայրենական» հայտնի պոեմը, որը մեծ արձագանք գտավ ոչ միայն հայ մարտիկների շրջանում, այլև հայրենիքում։

Վերադառնանք մեր հերոսուհուն՝ Արուսին։ Երբ մերժվեց նրա ռազմաճակատ մեկնելը, նա տրվեց հայրենասիրական-հասարակական բուռն գործունեությանը. ժողովրդական դերասանուհին շրջում էր աշխատավորական կոլեկտիվներում, դպրոցներում, հիվանդանոցներում, իր գոտեպնդող ու ոգեշունչ խոսքն ուղղում մարդկանց։ Արուսն ամբողջ հանրապետությունում մեծ հեղինակություն էր վայելում։ Նրա խոսքը ներազդող էր, մարդկանց լավատեսություն ու հավատ ներշնչող։ Այդ օրերին ո՞վ կմտածեր, որ դերասանուհուն հաշված օրեր են մնացել ապրելու։ Վկայություն կա այն մասին, որ պատերազմական երկու տարվա ընթացքում (մահացել է 1943-ին) Արուսը շուրջ 500 ելույթ է ունեցել՝ չհաշված այն օրերը, երբ զբաղված է եղել թատրոնում։

Մի հետաքրքիր հանգամանք: Պատերազմի նախօրեին Արուսը բոլորել էր իր 50 տարին, և թատրոնի ղեկավարները չէին ուզում դերասանուհուն հերոսական կանանց դերերում տեսնել: Դերասանուհին կտրականապես համաձայն չէր դրան. նա հավատացած էր, որ հասուն տարիքը դերասանին թույլ է տալիս հասնել կերպարի հոգեբանական ավելի խոր ըմբռնման։ «Եթե ճիշտն եք ուզում իմանալ,- համոզված ասում էր նա,- ես հիմա՛, միայն հիմա եմ հասկանում, թե ինչպես կարելի է խաղալ Նորա»: (խոսքն Իբսենի «Նորա» դրամայի գլխավոր հերոսուհու մասին է)։

Եվս մեկ մանրամասն․ թատրոնում ներկայացվում էր Դերենիկ Դեմիրճյանի պատմական դրաման հայոց հերոսական անցյալի մասին, որտեղ արքայազնի դերում Վաղարշյանն էր, իսկ նրա մոր դերը տրվել էր Արուսին։ «Այդ ինչո՞ւ Վաղարշյանը պիտի խաղա պատանի թագավորի դերը, իսկ ես՝ նրա մոր», -հուզված ասում էր նա։ Իսկ Վաղարշյանն այդ ժամանակ ընդամենը հինգ տարով էր փոքր Արուսից։

Պատերազմը շատ բան փոխեց մարդկանց կյանքում, փոխեց նաև Արուսին։ Երբ Սունդուկյան թատրոնը բեմադրում էր «Ռուս մարդիկ» պիեսը, Արուսին հանձնարարվեց տարեց կնոջ՝ Մարիա Նիկոլաևնայի դերը։ Որդեկորույս մոր դերակատարումն Արուսն ընդունեց որպես մարտական առաջադրանք, որը զինվորական կյանքում, առավել ևս պատերազմական իրադրության պայմաններում չեն վիճարկում՝ կատարե՞լ, թե ոչ, այլ ուղղակի կատարում են։ Եվ Արուսը՝ հայ մեծ դերասանուհին, գերազանց կատարեց իրեն տրված այդ առաջադրանքը։ Արվեստաբան Ռուբեն Զարյանը հիշում է, թե ինչպիսի խանդավառությամբ էր նա պատրաստվում այդ դերին։ Ե՛վ հրաշալի խաղաց, ու  հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց օրվա հետ խոսող, հասարակության տրամադրություններին համահունչ այդ ներկայացումը։

Այդպիսին էր Արուսը։

 

Սուսաննա Մարտիրոսյան