Արունդատի Ռոյ. էսսե

Հնդիկ գրող, քաղաքական գործիչ Արունդատի Ռոյին շնորհվել է Եվրոպական էսսեների 45-րդ մրցանակաբաշխության մրցանակը։ «ArtCollage»-ն ընթերցողներին է  ներկայացնում Արունդատի Ռոյի Էսսեների ժողովածուից մի հատված:

                         

***

Հնդկաստանը պայքարում է իր հոգու համար: Նույնիսկ եթե Բաարթիա Ջանաթա կուսակցությունը (ԲՋԿ) պարտվի ընտրություններում՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի շատ փող ունեն, քան բոլոր մյուս քաղաքական կուսակցությունները միասին, չնայած հիմնական լրատվամիջոցների վրա քիչ թե շատ ամբողջական վերահսկողություն ունեն, դա չի նշանակի, որ մենք վտանգի մեջ չենք։

ԲՋԿ-ը քամելեոնի նման է կամ հազարոտնուկի, քանի որ այն շարժվում է միլիոնավոր ոտքերի վրա: Իշխանությունը գրավելով բացարձակ մեծամասնությամբ, ինչպես դա արվեց հինգ տարի առաջ, շարժիչներ դրեցին այդ հազարավոր ոտքերի վրա: Սակայն ընտրություններում պարտվելը չի խանգարի նրանց, որ շարունակեն երկար քայլքը դեպի դժոխք: Այն կարող է փոխել գույնը, երբ դա պետք է, կրել բանականության և ներառականության դիմակ, երբ դա անհրաժեշտ է:

Այն ապացուցել է ինչպես ընդհատակյա, այնպես էլ նաև որպես բացահայտ գործող  կազմակերպության իր կարողությունը: Դա համբերատար, աշխատասեր գազան է, որն իր ճանապարհը բացել է երկրի բոլոր հաստատություններում՝ դատարաններ, համալսարաններ, լրատվամիջոցներ, անվտանգության ուժեր, հետախուզական ծառայություններ:

Եթե նոր (ոչ ԲՋԿ) կառավարությունը երդվի փխրուն կոալիցիա կազմել, ապա, ամենայն հավանականությամբ, այն կհանդիպի կոմունալ բռնության և կեղծ դրոշի հարձակումների կենթարկվի մի այնպիսի կատաղի գրոհով, որին մենք սովոր ենք: Մայրուղիներում հայտնաբերված կովի դիակներ, տաճարներում հայտնաբերված տավարի միս և մզկիթներ նետված խոզեր:

Երբ երկիրն այրվում է, ծայրահեղական աջերը ևս մեկ անգամ ներկայանում են իբրև խնդիրը լուծելու ունակ միակ ուժը։ Կկարողանա՞ արդյոք խորապես բևեռացված քաղաքականությունը տեսնել այս խաղերը:

Դժվար է ասել։ Դրանցից շատերը տարիներ շարունակ եղել են իմ գրականության թեման՝ թե՛ գեղարվեստական, թե՛ ոչ գեղարվեստական աշխատանքներում։

«Մանրուքների Աստվածը» (հրատարակված 1997 թվականի ամռանը) լեզվի ձևի փնտրտուքի արդյունք էր՝ նկարագրելու այն աշխարհը, որում ես մեծացել էի, նկարագրելու ինձ ու մարդկանց, որոնց ես սիրում էի ու որոնք, մեծ հաշվով, անծանոթ էին Կերալային։

Ես ճարտարապետություն էի սովորել, սցենարներ էի գրել ու արդեն ուզում էի վեպ գրել. Վեպ, որը կարող էր լինել միայն վեպ, ոչ թե վեպ, որն իսկապես հավակնում էր լինել ֆիլմ, կամ մանիֆեստ կամ ինչ-որ մի սոցիոլոգիական տրակտատ: Ես զարմացա, երբ որոշ քննադատներ այն նկարագրեցին որպես մոգական ռեալիզմի ստեղծագործություն. այդ ինչպե՞ս։

Գրքի միջավայրը՝ Այեմնեմի բլրի վրայի հին տունը, տատիկիս թթվի գործարանը, որտեղ ես մեծացել եմ (ես դեռ ունեմ որոշ տարաներ և պիտակներ), գետը․․․ այս ամենը, որ դաժան իրականություն էր ինձ համար, էկզոտիկա ու մոգական ռեալիզմ էր  արևմտյան բազմաթիվ քննադատների համար:

Բավականին արդարացի է: Բայց ես ինձ իրավունք եմ վերապահում այդպես մտածել Նյու Յորքի և Լոնդոնի մասին։ Վերադառնալով տուն՝ Կերալա, ես հանդիպեցի ոչ այնքան կախարդական ընդունելության։ Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը (մարքսիստական), որը կառավարում էր Կերալայում 1959 թվականից ի վեր, վրդովված էր «Մանրուքների Աստվածը» վեպում իրենց կուսակցության քննադատությունից: Ինձ արագ պիտակավորեցին հակակոմունիստ, լացող-խոսող-քնած-քայլող իմպերիալիստական դավադիր։

Վեպում Ամուի (սիրիացի քրիստոնյա կին) և Վելութայի (դալիթացի տղամարդ) ագրեսիվ հարաբերությունները ընկալվում էին տարակուսանքով: Զարհուրանքը նույնքան կապ ուներ վեպի կաստայի քաղաքականության հետ, որքան նրանց սեռի հետ:

Գլխավոր հերոսներից մեկի՝ Կ.Ն.Մ. Պիլայի կերպարը, և նրա հարաբերությունները կնոջ՝ Կալյանիի և Ամուի՝ ամուսնալուծված կնոջ հետ, որը «միավորում էր մայրության անսահման քնքշությունը և մահապարտ-ահաբեկչի անխոհեմ զայրույթը», «ով գիշերով սիրում էր այն մարդուն, որին իր երեխաները սիրում էին ցերեկը»՝ ծափահարություններով ու ալելյուներով չընդունվեց։

Հինգ տղամարդուց բաղկացած փաստաբանների խումբ հավաքվեց, և քրեական գործ հարուցեցին իմ դեմ՝ մեղադրելով ինձ անպարկեշտության և «հասարակական բարոյականությունը փչացնելու» համար։ Այլ գործեր էլ էին պտտվում իմ շուրջ։

Մայրս՝ Մերի Ռոյը, Գերագույն դատարանում շահեց գործը, որը տապալեց 1916 թվականի քրիստոնեական իրավահաջորդության արխայիկ ակտը, որը կանանց զրկում էր իրենց հայրերի ունեցվածքից:

Կանայք այժմ կարող են ժառանգել հավասար բաժին: Սա մեծ զայրույթ առաջացրեց։ Այնպիսի շոշափելի զգացում կար, որ մորն ու աղջկան ուզում են մի լավ դաս տալ։

Այն պահին, երբ գործը հասավ երրորդ կամ չորրորդ նիստին, «Մանրուքների  Աստվածը» Բուքերյան մրցանակի արժանացավ: Այս հանգամանքը հանրության կարծիքը երկու մասի բաժանեց։ Տեղացի կինն արժանանացել է միջազգային հեղինակավոր գրական մրցանակի․ նման փաստը հեշտ չէ հերքելը։ Պետք է խուսափե՞լ նրանից, թե՞ գրկել նրան: Դատարանում ես իմ փաստաբանի հետ էի, որն ինձ վստահորեն ասաց, որ կարծում է, որ իմ գրքի հատվածները «բավականին անպարկեշտ են»։ Բայց նա  նաև ասաց, որ, ըստ օրենքի, արվեստի գործը պետք է ընկալվի որպես ամբողջություն, և քանի որ ամբողջ գիրքն անպարկեշտ չէր, մենք պայքարելու հնարավորություն ունեցանք։

Դատավորը զբաղեցրեց իր տեղը և ասաց. «Ամեն անգամ, երբ այս գործն ինձ մոտ է գալիս, ես կրծքավանդակի ցավեր եմ ունենում»: Նա հետաձգեց նիստը։ Նրան հաջորդած դատավորներն էլ այդպես վարվեցին:

Միևնույն ժամանակ մարդիկ նշում էին գրքի ոչ օրինազանց կողմերը՝ լեզուն, մանկության հիշողությունը: Շատերի համար դեռ դժվար է հետևել Ամուի և Վելութայի հարաբերություններին՝ առանց հուզվելու։ Մոտ տասը տարի պահանջվեց մինչև գործը կարճվեց:

1998 թվականի մարտին, «Մանրուքների Աստված»-ի հրատարակությունից մեկ տարի էլ չանցած, Հնդկաստանի պատմության մեջ առաջին անգամ ԲՋԿ-ի գլխավորած կոալիցիան ձևավորեց կառավարությունը կենտրոնում: Այդ ժամանակվա վարչապետ Ատալ Բիհարի Վաջպային պաշտոնը ստանձնելուց հետո շաբաթների ընթացքում  իրականացրեց վաղեմի երազանքը՝ կատարելով մի շարք միջուկային փորձարկումներ: Պակիստանն անմիջապես արձագանքեց սեփական փորձարկումներով: Միջուկային փորձարկումները սկիզբն էին դեպի ազգայնականության խելագար հռետորաբանություն, որն այսօր Հնդկաստանում դարձել է հանրային խոսքի սովորական ձև: Ինձ ապշեցրեց միջուկային փորձարկումները ողջունող տոնակատարությունների օրգիան, այդ թվում՝ ամենաանսպասելի վայրերից: Դա այն ժամանակ էր, երբ ես գրեցի իմ առաջին էսսեն՝ «Երևակայության վերջը»՝ դատապարտելով այդ թեստերը:

Ես ասացի, որ միջուկային մրցավազքի մեջ մտնելը կգաղութացնի մեր երևակայությունը. «Եթե իմ ուղեղում միջուկային ռումբ տեղադրելու դեմ բողոքելը հակահինդուիստական և հակաազգային է», -ասացի ես, -ապա ես անջատվում եմ: Սույնով ինձ հայտարարում եմ շարժական հանրապետություն»։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ արձագանք հաջորդեց սրան։ 20 տարվա դադարից հետո «Երևակայության վերջը» առաջին ոչ գեղարվեստական էսսեն էր։

Այդ տարիների ընթացքում Հնդկաստանը փոխվում էր կայծակնային արագությամբ։ Յուրաքանչյուր շարադրանքի համար ես փնտրում էի ձև, լեզու, կառուցվածք և պատմվածք: Կարո՞ղ էի արդյոք այնքան համոզիչ գրել ոռոգման մասին, որքան սիրո, կորստի և մանկության մասին: Հողի աղակալման մասին. Դրենաժի՞ մասին։ Ամբարտակների՞։ Բերքի՞։ Կառուցվածքային ճշգրտման ու սեփականաշնորհմա՞ն մասին։ Էլեկտրաէներգիայի մեկ միավորի արժեքի՞ մասին։ Այն ամենի մասին, որ ազդում է սովորական մարդկանց կյանքի վրա: Ոչ թե որպես ռեպորտաժ, այլ որպես պատմվածք: Հնարավո՞ր էր այս թեմաները վերածել գրականության։

Գրականություն բոլորի համար, ներառյալ այն մարդկանց, որոնք չգիտեին կարդալ և գրել, բայց որոնք ինձ սովորեցրել էին մտածել և կարողանում էին կարդալ: Ես փորձեցի։ Եվ քանի որ իմ էսսները շարունակում էին հայտնվել, այդպես էլ հայտնվեցին հինգ տղամարդ իրավաբանները (ոչ թե նույնը, այլ՝ տարբեր, բայց նրանք ասես ոհմակով որսի դուրս եկած լինեին):

Եվ այսպես, քրեական գործեր՝ հիմնականում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Նրանցից մեկն ավարտվեց շատ կարճ բանտարկությամբ. մյուսը դեռ սպասվում է: Բանավեճերը հաճախ դաժան էին։ Երբեմն՝ բռնի, բայց միշտ՝ կարևոր: Գրեթե յուրաքանչյուր էսսե ինձ բավականին մեծ դժվարության մեջ էր գցում, որն ինձ ստիպում էր խոստանալ ինքս ինձ որ ուրիշը չեմ գրի: Բայց անխուսափելիորեն առաջացան իրավիճակներ, երբ լռելու ջանքերն այնպիսի աղմուկ բարձրացրին իմ գլխում, այնպիսի ցավ՝ իմ արյան մեջ, որ ես ենթարկվեցի և գրեցի։ Անցյալ տարի, երբ հրատարակիչներս առաջարկեցին դրանք հավաքել մեկ հատորի մեջ, ես ցնցվեցի, երբ տեսա, որ «Իմ խռովված սիրտը» ժողովածուն ավելի քան հազար էջ է:

Քսան տարի գրելուց, ապստամբությունների սրտում ճամփորդելուց, ամենաարտասովոր, ինչպես նաև հիանալի սովորական մարդկանց հետ հանդիպելուց հետո, գեղարվեստական գրականությունը վերադարձավ ինձ: Պարզ դարձավ, որ միայն վեպը կարող է պարունակել այն տիեզերքը, որը կերտում էր իմ մեջ՝ պտտվելով իմ թափառած բնապատկերներից և իրեն վերածելով պատմություն-տիեզերքի:

Ես գիտեի, որ դա կլինի ոչ ներողամիտ ու բարդ, ոչ ներողամիտ ու քաղաքական և ոչ ներողամիտ ու ինտիմ: Ես գիտեի, որ եթե «Մանրուքների Աստվածը» տան մասին է, մի ընտանիքի մասին, որն իր մեջ կոտրված սիրտ ունի, ապա «Մեծագույն երջանկության նախարարություն»-ը կսկսվի այն բանից հետո, երբ քամին փչել է տանիքը, իսկ  կոտրված սիրտը փշրվում և բաժանում է իր բեկորները՝ պատերազմից ավերված հովիտներում և քաղաքի փողոցներում։

Դա կլիներ վեպ, բայց պատմություն-տիեզերքը կհրաժարվեր ընտելացման բոլոր ձևերից և պայմանականություններից այն մասին, թե ինչ կարող է լինել և ինչ չի կարող լինել վեպը: Դա նման կլինի մի մեծ քաղաքի՝ աշխարհի իմ մասում, ուր ընթերցողը ժամանում է որպես նոր ներգաղթյալ:

Մի քիչ վախեցած, մի քիչ նեղսրտած, շատ հուզված: Դա իմանալու միակ միջոցը դրա միջով անցնելը կլիներ, մոլորվելը և դրա մեջ ապրել սովորելը։ Սովորել հանդիպել փոքր ու մեծ մարդկանց: Սովորել սիրել ամբոխը: Դա կլիներ վեպ, որը կասեր այն, ինչն այլ կերպ հնարավոր չէր լինի ասել։

Հատկապես Քաշմիրի մասին, որտեղ միայն հորինվածքը կարող է ճշմարիտ լինել, քանի որ ճշմարտությունը չի կարելի ասել: Հնդկաստանում հնարավոր չէ Քաշմիրի մասին խոսել որևէ աստիճանի ազնվությամբ՝ առանց մարմնական վնասվածքների վտանգի ենթարկվելու: Քաշմիրի և Հնդկաստանի, Հնդկաստանի և Քաշմիրի պատմության մասին ես ավելի լավ բան անել չեմ կարող, քան ուղղակի մեջբերել Ջեյմս Բոլդուինին՝ «Եվ նրանք ինձ չէին հավատա, հենց այն պատճառով, քանզի կիմանային, որ իմ ասածը ճիշտ է»:

Քաշմիրի պատմությունը մարդու իրավունքների վերաբերյալ նրա զեկույցների հանրագումարը չէ։ Խոսքը միայն ջարդերի, խոշտանգումների, անհետացման և զանգվածային գերեզմանների, զոհերի և նրանց ճնշողների մասին չէ: Ամենասարսափելի բաներից մի քանիսը, որոնք տեղի են ունենում Քաշմիրում, պարտադիր չէ, որ որակվեն որպես մարդու իրավունքների խախտում:

Գրողին Քաշմիրը մեծ դասեր է տալիս մարդկային էության մասին՝ իշխանության, անզորության, դավաճանության, հավատարմության, սիրո, հումորի, հավատի մասին։ Ի՞նչ է պատահում այն մարդկանց հետ, որոնք տասնամյակներ շարունակ ապրում են ռազմական օկուպացիայի մեջ: Ինչ են բանակցությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ օդը սերմանվում է սարսափով: Ի՞նչ է պատահում լեզվին: Ի՞նչ է պատահում մարդկանց, որոնք տնօրինում, մարսում և արդարացնում են սարսափը: Ի՞նչ է պատահում այն մարդկանց հետ, որոնք թույլ են տալիս, որ դա շարունակվի և շարունակվի իրենց անունով:

Որպես գրող ես պաշտպանում էի «Մանրուքների Աստված»-ի հերոսներին, քանի որ նրանք խոցելի էին: «Մեծագույն երջանկության նախարարության» կերպարներից շատերը, մեծ մասամբ, նույնիսկ ավելի խոցելի են: Բայց նրանք ինձ պաշտպանում են, հատկապես Անջումը, որը դառնում է Ջաննաթ հյուրատան սեփականատեր, որը գտնվում է լքված մահմեդական գերեզմանոցում՝ Հին Դելիի պատերից դուրս: Անջումը մեղմացնում է սահմանները՝ տղամարդկանց և կանանց, կենդանիների ու մարդկանց, կյանքի ու մահվան միջև: Ես գնում եմ նրա մոտ, երբ ինձ ապաստան է պետք՝ կոշտ սահմանների բռնակալությունից ավելի ու ավելի կարծրացող այս աշխարհում։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի