Արցախի մշակույթը պաշտպանելու առաքելությամբ

Լույս է տեսել Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» գիրքը

Անվանի հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանի անունը զուգահեռվում է Արցախի հնագիտական ժառանգության հետ: Նա երկու տասնամյակ ղեկավարել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, որը լայնածավալ պեղումներ է իրականացրել Շուշիում, Հանդաբերդում, Դադիվանքում, Ծմակահողում և այլուր։ Նա հայտնաբերել և պեղել է Արցախի Տիգրանակերտը: Պետրոսյանի աշակերտը՝ երիտասարդ գիտնական,  հնագետ Նժդեհ Երանյանն էլ գրեթե մեկ տասնամյակ մասնակցել է Տիգրանակերտի պեղումներին, ուսուցչի նման իր գործունեությունը նվիրել արցախյան մշակույթի ուսումնասիրությանը: Եվ ահա նրանք ընթերցողների դատին են հանձնել համահեղինակությամբ ստեղծված «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու հետազոտությունը։

Գիրքն առաջին գիտական փորձն է մի ընդհանուր պատկերացում տալու Արցախի ինքնատիպ, հարուստ ու բազմաշերտ մշակույթի մասին: Արցախի հարուստ կոթողային մշակույթը ներկայացվում է համապարփակ քննությամբ՝ պատմա-աղբյուրագիտական, պատկերագրական և իմաստաբանական: Ուսումնասիրվում են թե հին, անտիկ, այնպես էլ վաղ քրիստոնեական կոթողներն ու խաչքարերը։ Հեղինակները նաև փաստագրական տվյալների համակողմանի քննությամբ հերքում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները։

 

Արցախի մշակույթը թե՛ հպարտության, թե՛ հոգածության առարկա   

Օրերս «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտության հրատարակմանն աջակցած Հայկական բարեգործական ընդհանուր միության հյուրընկալ հարկի տակ էլ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ներկա էին հայագիտության մեջ վաստակ ունեցող գիտնականներ, երիտասարդներ, ընթերցողներ: Նկատելի էր զգացմունքների խառնաշփոթը՝ և´ հուզմունք, և´ հպարտություն, նաև՝  տխրություն:

Շնորհանդեսին ներկա էր Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը: Նրա գնահատմամբ գիրքը բացի գիտական կարևոր աշխատություն լինելուց,  ճանապարհ է դեպի ինքնության ամենախոր սահմաններ, դեպի էթնիկության նախասկիզբ։ Ղարախանյանը խիստ կարևոր է համարում նման ակադեմիական ուսումնասիրությունները, որոնք չեզոքացնում են ադրբեջանական պատմական զեղծարարությունները։ Երախտագիտություն հայտնելով մշակույթի բնագիծը պահելու համար նա Արցախի հանրապետության նախագահի շնորհակալագրերը հանձնեց Պետրոսյանին և Երանյանին։

Համահեղինակներից Համլետ Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրեց Արցախի մշակութային ժառանգությունն՝ այն զարմանալիորեն ինքնատիպ աշխարհը, որը հայկական մշակույթի անքակտելի ու հրաշալի բաղադրիչն է: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արցախի կոթողային մշակույթն ունի երեք ընդգծված խորհրդանիշեր՝ ռազմիկը, հրեշտակը, ընտանիքը: Ու այս իրողությունը շատ բան է պատմում լեռնաշխարհի հայության աշխարհընկալման և  արժեքների մասին:

Գրքի ստեղծման համար Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց «Անտարես» հրատակչությանը, թարգմանիչներին և աշխատանքային խմբին՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ միասնական մեծ աշխատանք է կատարվել հանուն Արցախի մշակույթի:

 

Առաջինն՝ ամբողջական ու նաև նոր ուսումնասիրությունների հիմք

Հետազոտության նշանակությունը մեծ է, քանի որ այն առաջին գիտական համապարփակ փորձն է ընդհանուր պատկերացում տալու Արցախյան չափազանց հարուստ ու բազմաճյուղ մշակույթի մասին: «Հազարավոր հին կոթողները, ճարտարապետական մանրամասները, նրանց պատկերաքանդակներն ու արձանագրությունները դարեր շարունակ ուղեկցել են լեռնաշխարհի ազատատենչ ժողովրդին, ձևավորել նրա սրբազան շրջապատը, հավատն ու ճաշակը»,-նշում են հեղինակները:

Հինգ գլխից բաղկացած հետազոտության առաջին բաժնում քննարկվում են Արցախի նախաքրիստոնեական մշակույթը ու դրա կարևոր բաղկացուցիչ՝ մարդակերպ կոթողները: Հետազոտող Երանյանը տարբեր գործոններ նկատի ունենալով (քանդակի պարզ տեխնիկան, պատկերագրական սխեմատիզմը և այլն)՝   հանգում է եզրակացության, որ արցախյան մարդակերպ կոթողներն ընդարձակ պատմամշակութային երևույթի սկզբնական դրսևորումն են: Իսկ գործառույթի մասին հետևյալ եզրահանգմանն է եկել. «Արցախից հայտնաբերված կոթողներն, ամենայն հավանականությամբ, գերեզմանաքարեր էին կամ պաշտամունքային սիմվոլներ, որոնք պատվանդանի մեջ կամ առանց պատվանդանի տեղակայվել են դամբարանաբլուրի գագաթին կամ կենտրոնում, չի բացառվում՝ նաև հիմնահողային թաղումների վրա: Այս կոթողները կանգնեցվել են կոլեկտիվի անդամներից մեկի մահվան դեպքում: Հավանաբար, խոսքը սոցիալական բարձր խավին պատկանող անձի մասին է՝ զորապետ-ռազմական առաջնորդի կամ հերոս-ռազմիկի պատկերումն ամենահավանականն է Արցախի կոթողների համար»:

Գրքում մանրամասն քննվում է խաչքարային մշակույթը: Պետրոսյանը համոզված է, որ խաչքարային մշակույթի մասին խոսելիս հայկականը կարելի է չշեշտել, քանի որ  որևէ այլ քրիստոնյա ժողովուրդ չի ստեղծել նմանատիպ կոթողներ, այն հայ մշակույթի ամենատարբերիչ նշաններից է: Արցախի խաչքարերը, ցավոք, առ այսօր գիտականորեն հետազոտված չեն: Խորհրդային տարիներին անգամ Արցախի խաչքարերով հետաքրքրվելն առաջացնում էր ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը, դա չէր խրախուսում անգամ Խորհրդային Հայաստանի կոմունիստական վերնախավը: Եվ այսպես, անցած դարի 60-70 թվականներից սկսած ադրբեջանցիներն Արցախի հազարամյա մշակույթը հռչակեցին աղվանական, իրենց էլ՝ աղվանացիների հետնորդներ: Խաչքարային ժառանգությունն էլ կոչվեց աղվանա-ադբեջանական: Պետրոսյանը հետազոտության մեջ գիտականորեն ներկայացնում է այս «փաստարկների» զավեշտալիորեն անհիմն լինելը: Նաև տալիս է Արցախի խաչքարային մշակույթի բնութագիրը՝ այն ունի միայն իրեն հատուկ գծեր և դավանական լիակատար նույնականություն հայ խաչքարային մշակույթի հետ. «Ասվածի լավագույն վկայություններն են Արցախի խաչքարերի հետ նույնացող գործառությները, քանդակային հորինվածքի սկզբունքորեն նույն կառուցվածքային լուծումները, համանման քրիստոնեական կանոնիկ պատկերագրական թեմաներն ու կերպարները»:

Հետազոտության վերջում քննվում է տապանքարային մշակույթը: Հետաքրքիր է, որ Արցախի տապանքարային մշակույթը նույնպես չի փրկվել ադրբեջանական կեղծարարություններից: Հիշատակվում է ադրբեջանցի Ռզաևի աշխատանքը. «Նույն ջանասիրությամբ նա նկարագրում է և աղվանական, ապա թուրքական է հայտարարում, օրինակ, Ավետարանոցի 18-րդ դարի և 19-րդ դարի տապանաքարերն, անշուշտ, չիմանալով դրանց ժամանակը և անտեսելով նրանց վրայի ընդարձակ հայերեն արձանագրությունները»: Հետաքրքրական է, որ Մելիք Շահնազարի այդ տապանքարի վրա նրան կոչում են հայ ազգի պարծանք, քանի որ կռվել է օսմանցիների դեմ ու կոտորել տաճիկներին:

 

Ապագան որպես նվիրում և աշխատանք

Ե՛վ Պետրոսյանը, և՛ Երանյանը հուսով են, որ իրենց աշխատությունը հայկական ժառանգության պաշտպանությանն ու պահպանությանը կծառայի, ու հիմք կդառնա նոր հետազոտությունների: Գիրքն, անշուշտ, հայագիտությամբ զբաղվող մասնագետների սեղանի գիրք կարող է դառնալ, սակայն կխթանի նաև ընթերցող լայն շրջանակների հայրենաճանաչությունը:

Համլետ Պետրոսյանը պատմում է, որ շատերն են հարցնում իրեն, թե ի՞նչ է զգում պատերազմից հետո, հատկապես Տիգրանակերտի կորստի առնչությամբ, բայց գիտնականը հրաժարվում է խոսել իր անձնական զգացումների մասին, պատրաստվում է աշխատել կարողությունների չափով, միևնույն ժամանակ օգնել ու սատարել իր ուսանողներին, աշակերտներին: Պետրոսյանը և Երանյանը հետագայում պատրաստվում են ներկայացնել համատեղ գիտական այլ աշխատանքներ ևս:

 

Լիլիթ Երանյան