Առնո Բաբաջանյան՝ առասպելներ մեծ ռոմանտիկի մասին

Երևանն ապրում էր Առնոյի երգերով

Իր հարազատ Երևանին Առնո Բաբաջանյանի սիրո ուղերձը՝ «Առաջին սիրո երգը » ֆիլմից , տարիներ շարունակ հնչել է երևանյան բակերում որպես ամենասիրված մեղեդի ոչ միայն այն պատճառով որ Երևանն այդ տարիներին ապրում էր Առնոյի երգերով, այլ նաև այն անկեղծ ու անսահման սիրո համար, որն Առնոն  պահպանեց իր քաղաքի հանդեպ ամբողջ կյանքի ընթացում: Հենց այստեղ՝ թանկ ու անմոռանալի Երևանում, ընդամենը 12-ամյա տիպիկ երևանցի պատանուն նկատեց ու իր «օրհնությունը» տվեց Չարենցը և իր մակագրությունը թողեց նրա աշակերտական տետրի լուսանցքում: Տարիներ անց նրա տաղանդը գնահատեց մի ուրիշ հսկա՝ Խաչատրյանը: Հայաստանում նրա անվան հետ կապված պատմությունները, հիշողությունները և իհարկե՝ առասպելները շատ են, բայց բոլորի հիմքում հայտնի իրողություններ են: Բացի նրա հզոր տաղանդից, հայրենիքում չափազանց բարձր էին գնահատում Բաբաջանյան երևանցուն և մարդուն, ով մշտապես իր շուրջը տոն էր ստեղծում: Երևանյան կոնսերվատորիայում առ այսօր պահպանվում են նրա մասին լեգենդները, թեև Առնոն այստեղ դասավանդել է ընդամենը 6 տարի: Եղել է Բաբաջանյանի դաշնամուրային դասարանը, եղել են այդ դասարանում սովորող երաժիշտներ, որոնք այսօր էլ մեծ ցավ են ապրում, որ նոր սերունդը և հներից շատերը չգիտեն թե ինչ վիրտուոզ դաշնակահար էր Առնոն, թե ինչպես էր նա անէանում, տարրալուծվում  նոտաների մեջ, թե ինչպես էր դաշնամուրը դողում նրա ուժեղ ձեքերի տակ: Չգիտեն նաև որ դասի ընթացքում և լավ տրամադրության պահերին նա ամենակարևոր նոտաները խփում էր իր մեծ, հայկական քթով: Նա կատարյալ ներդաշնակություն էր ապրում համերգասրահում՝ իր սիրելի գործիքի առջև, հանդիսատեսի ջերմ հայացքների ներքո և իհարկե՝ կոնսերվատորիայի փոքրիկ դասասենյակներում, երբ ոգեշնչվում ու նոր եռանդ էր ստանում ուսանողների ներկայությունից: Իսկ երաժշտական կատարողական վարպետությունից բացի նա ուսանողներին էր փոխանցում իր անթերի ճաշակն ու արժեհամակարգը: Եվ, իհարկե, դասերից ամենասիրվածն ու սպասվածը. երևանյան կոնսերվատորիայի ուսանողներից ով կարող էր պարծենալ, որ մեքենա վարելու դասեր է ստացել հենց Առնո Բաբաջանյանից: Այդ մենաշնորհից օգտվում էին միայն նրա դասարանի ուսանողները, երբ լավ եղանակին կոմպոզիտորը ուսանողների հետ քաղաքից դուրս գալով՝ մեքենա վարելու հմտություններ էր սովորեցնում իր սաներին:

Առասպելներից մեկն էլ կապվում է այն հարցի հետ թե ինչո՞ւ Խորհրդային միությունում ամենասիրված մեղեդիների ու էստրադային երգերի ստվերում է մնացել 20-րդ դարի ազգային լավագույն դասական, կամերային ու սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակը: Երևանում շատ ափսոսում, երբեմն էլ հանդիմանանքով դժգոհում էին, որ իր վիթխարի երաժշտական տաղանդն ու ներուժը նա փոշիացնում է երգերի ու էստրադայի ժանրում, մինչդեռ նա բարձր արվեստի հեղինակ է: Իսկ «Հերոսական բալլադի», «Դաշնամուրային տրիոյի»,  «Վաղարշապատի պարի» և «Կապրիչիոյի» հեղինակն իրեն հավասարապես երջանիկ ու բավարարված էր զգում՝ որ ժանրում էլ որ ստեղծագործեր՝ ամենաազատ ոճից մինչև դասական պոլիֆոնիկ երաժշտություն: Բաբաջանյանին իրենց երաժշտական կնքահայրն էին համարում Խորհրդային Միության ոչ միայն ամենահայտնի ու սիրված երգիչները, այլև այն պոետները, որոնց բախտ էր վիճակվել համագործակցել մեծ կոմպոզիտորի հետ: Բաբաջանյանի բազմաշերտ ստեղծագործության մեջ մի առաձին աշխարհ է նրա կինոերաժշտությունը: «Առաջին սիրո երգը », «Անձամբ ճանաչում եմ», «Ամպրոպի արահետը» ֆիլմերի  երաժշտությունը ստեղծելուց հետո Բաբաջանյանի համբավը որպես կինոերաժշտության հեղինակ առվել ևս ընդլայնեց  նրա ճանաչման ու հռչակի սահմանները: Սակայն այս ֆիլմերից հետո կոմպոզիտորը տևական դադար տվեց   ու երկար ժամանակ մերժում էր միության տարբեր կինոստուդիաներից՝ կինոյի  համար երաժշտություն գրելու առաջարկները: Մեծ ընդմիջումից հետո նա կինո վերադարձավ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմով՝ համալրելով մեծ  արվեստագետների այն փառահեղ խումբը, որ այս ֆիլմում համախմբել էր Ներսես Հովհաննիսյանը: Բոլոր ժամանակների ամենասիրված հայկական  ֆիլմերից մեկը դժվար է պատկերացնել առանց Բաբաջանյանի էմոցիոնալ գերհագեցած, հզոր և միաժամանակ նուրբ ու քնարական երաժշտության:

Բաբաջանյանը շունչն ու հոգին էր երևանյան մեծ ռոմանտիկների այն փայլուն ընկերախմբի, որն ամբողջանում է Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի ու Ադամ խուդոյանի անուններով: Երբ 1983-ի նոյեմբերի 11 վախճանվեց Առնո Բաբաջանյանը, մեծ կորստի ցավը ցնցեց նրա հոգևոր եղբայրներին: Եվ մնաց նրա սիրելի երաժշտությունը՝ մեծ ռոմանտիկի ուղերձն աշխարհին:

 

Հեղինակ՝ Նունե Ալեքսանյան