Արմենիա Ներսեսյան դե Օլիվեյրա. «Սիրել մարդկանց, բազմազանության գեղեցկությունը և ամենուրեք զգալ տանը»

Արմենիա Ներսեսյան դե Օլիվեյրան ծնվել է Բրազիլիայում՝ հայի և բրազիլուհու  ընտանիքում: Բրազիլիայում աշխատել է որպես սոցիոլոգիայի դասախոս՝ դոցենտի աստիճանով: 16 տարի աշխատել է ՄԱԿ-ի Փախստականների կոմիտեի Սալվադորի և Բոսնիա-Հերցեգովինայի առաքելություններում: Քսան տարուց ավելի է, ինչ նա սոցիալական ձեռնարկատեր է, «Նովիկա» ընկերության համահիմնադիր և նախագահ, որն աջակցում է տարբեր երկրների արվեստագետների և ժողովրդական արվեստի վարպետների: Ամուսնացած է կինոռեժիսոր Շավիեր դե Օլիվեյրայի հետ, ունի երեք զավակ, որոնք արվեստի ասպարեզում են...

 

-Հարգելի Արմենիա, վերջին քսան տարիներին դու ճանապարհորդում ես աշխարհով մեկ որպես «Նովիկա» ընկերության նախագահ: Ո՞րն է քո ընկերության առաքելությունը և որքանո՞վ է հաջողվել նախագիծը:

-«Նովիկան» հիմնադրվել է 1999 թ.-ին՝ որպես համացանցային հարթակ՝ աշխարհի արվեստի գործիչների և արհեստավորների համար, նրանց հնարավորություն ընձեռելով մուտք գործել միջազգային շուկա, աճել և ավելի շատ գումար վաստակել իրենց աշխատանքի համար: Ապրանքները ներկայացված են արհեստավորների կենսագրություններով և լուսանկարներով, որոնք ուղարկվում են նվեր-փաթեթավորումով և ձեռագիր ու ստորագրված բացիկով: Մեր նպատակն է մարդկանց միմյանց կապելը և տարբեր մշակույթները գնահատելը։

«Նովիկան» սկսվեց Լոս Անջելեսում, իմ դստեր և փեսայի՝ Ռոբերտո Միլքի գետնահարկում։ Ռոբերտոն մեր գործադիր տնօրենն է: Սա ընտանիքի անդամների և ընկերների հետ համատեղ մշակված նախագիծ է: Հինգ ամսվա ընթացքում մենք գրասենյակներ բացեցինք չորս երկրում: Երկու տարվա ընթացքում մենք հայթայթեցինք 20 միլիոն դոլար, համագործակցեցինք «Նեշընըլ ջիոգրաֆիքի» հետ, գումար ստացանք Համաշխարհային բանկից և ընկերության  աշխարհագրությունն ընդլայնեցինք 11 երկրում: Անցյալ տարի մենք արհեստավորներին ուղարկել ենք 95 միլիոն դոլար:

-Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք 2000 թվականին Երևանում, դու հետազոտում էիր տեղի դաշտը՝ Հայաստանում «Նովիկայի» մասնաճյուղ հիմնելու նպատակով: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

-Ես ծագումով հայ եմ և շահագրգռված եմ, որ Հայաստանը ևս ընդգրկված լինի «Նովիկայի» համակարգում: Երկիրն ունի գեղեցիկ նկարներ, զարմանալի ձեռքի աշխատանքներ, այնտեղ ունեմ ընկերներ, նաև հանդիպել էի մշակույթի նախարարին: Բայց օրենսդրական հարցերի պատճառով մենք չկարողացանք հետամուտ լինել մեր նպատակին: «Նովիկան» արվեստի ու արհեստի գործերն առաքում է այն երկրից, որտեղ գործում է և 2000 թվականին առաքման գները չափազանց բարձր էին:

-Իսկ հիմա՞։

-Հիմա իրավիճակը փոխվել է, և քննարկվում է Հայաստանում գրասենյակ բացելու հարցը: Անցյալ տարվա սեպտեմբերին ես մասնակցեցի Երևանում անցկացված «Իմ Հայաստան» արհեստների փառատոնին և որոշ շրջագայություններ կատարեցի տարբեր մարզեր՝ հանդիպելու արհեստավորներին: «Նովիկան» համագործակցություն է սկսել Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի հետ` հայ արվեստագետներին և արհեստավորներին ներկայացնելու համար: Երկիրը փոխվել է և դեպի ավելի լավը:

-Անցնենք ձեր ընտանիքին։ Ներսեսյանը բավականին հայտնի անուն է Բրազիլիայում՝ քո եղբոր, կինոյի և հեռուստատեսության հանրաճանաչ դերասան Ստեփան Ներսեսյանի շնորհիվ...

-Այո, ամեն անգամ, երբ իմ ազգանունը տալիս եմ որևէ տեղ, անմիջապես լսում եմ. «Դուք Ստեփանի ազգակա՞նն եք» արտահայտությունը: Երբ ասում եմ, որ նրա քույրն եմ, հաջորդ նախադասությունը լինում է. «Ես սիրում եմ նրան», ինչն, իհարկե, դռներ և ամեն տեսակի բարիքներ է բացում մեր առջև: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նա հռչակավոր է. նրան սիրում են իր մարդկային տեսակի համար: Ստեփանն այն մարդն է, որը գնում է սուպերմարկետ, մի բաժակ սուրճով նստում է անկյունում և անօթևանների հետ զրուցում է այնպես, ինչպես կզրուցեր երկրի բարձրագույն իշխանությունների հետ։ Նա երբեք իրեն չի պահում որպես հռչակավոր մեկը։ Ստեփանը երկու անգամ ընտրվել է քաղաքային խորհրդի և Բրազիլիայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի՝ մեր խորհրդարանի անդամ: Ութ տարի եղել է Ռիո դե Ժանեյրոյի դերասանական գիլդիայի նախագահ:

Ի դեպ, մեր ընտանիքում ևս մեկ դերասան ունենք՝ Պեդրո Ներսեսյանը, իմ քույր Սելինայի որդին:

Ստեփանն իր կարիերան սկսել է 1970 -ին՝ ամուսնուս Շավիեր դե Օլիվեյրայի «Մարսելո Զոնա Սուլ» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերով: Հաջորդ հինգ տարիներին նա հանդես է եկել տասը խաղարկային ֆիլմերի գլխավոր դերերում: Այժմ, 66 տարեկան հասակում, նրա ֆիլմոգրաֆիան ընդգրկում է 58 գեղարվեստական կինոնկար, 5 թատերախաղ և տասնյակ դերեր հեռուստասերիալներում և հեռուստաֆիլմերում:

Իր երկարատև կարիերայի ընթացքում Ստեփանն արժանացել է շատ կարևոր պարգևների: Ամենավերջինը Բրազիլիայի կինոակադեմիայի մրցանակն էր «լավագույն դերասան» անվանակարգում՝ «Շակրինան՝ ծեր ռազմիկը» ֆիլմի համար: Դա մեր բրազիլական «Օսկարն» է: 1999 թվականից ի վեր նա  ղեկավարում է «Արվեստագետների հանգիստ» հաստատությունը, որն աջակցում է արվեստի նյութական միջոցներից զուրկ գործիչներին։ Ներողություն եմ խնդրում, որ այսքան ոգևորված եմ եղբորս թեմայով, բայց նա իսկապես շատ հետաքրքիր և գրավիչ անձնավորություն է:

-Այո, մենք նրան ողջունեցինք 2006-ին Հայաստանում։ Ինչպե՞ս էր ազդել այդ ճանապարհորդությունը նրա վրա:

-Ստեփանը շատ հպարտ է իր հայկական ծագմամբ, այդ մասին միշտ նշում է իր բոլոր հարցազրույցներում: Բայց Հայաստան գալը խոր ազդեցություն թողեց նրա վրա: Այցելելով Ցեղասպանության հուշահամալիր՝ նա հուզվել և արտասվել էր։ Նրա այցելած յուրաքանչյուր վայրը հագեցած է եղել զգացմունքներով, մասնավորապես, Էջմիածին կատարած այցը, որտեղ հանդիպել էր կաթողիկոսին: Փողոցներում նա տեսնում էր դեմքեր, որոնք նրան հիշեցնում էին մեր հայրիկի հայ ընկերներին:

Որպես Ռիո դե Ժանեյրոյի  քաղաքային խորհրդի անդամ, Ստեփանը ներկայացրել է մի օրինագիծ, ըստ որի ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար հարգանքի տուրքի օր է:

-Սփյուռքում յուրաքանչյուր հայ յուրահատուկ ընտանեկան պատմություն ունի: Խնդրում եմ, պատմիր քոնը:

-Հայրս՝ Կարապետը և նրա եղբայր Պողոսը, Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են: Պապիկս զորակոչվել է բանակ, և հայրս այդպես էլ չի իմացել, թե ինչ է պատահել նրան։ Այնուհետև թուրք զինվորները դատարկել են նրա գյուղը՝ Հայնին, կանանց, երեխաներին և ծերերին հազարավոր այլ հայերի հետ քշելով անապատ՝ մահվան երթի: Սակայն տատիկս կարողացել է թաքցնել իր հինգ և յոթ տարեկան երկու որդիներին, և երբ զինվորները հեռացել են գյուղից, երկու փոքրիկները դուրս են եկել թաքստոցից։ Հետագայում նրանք ընկել են մանկատուն, որտեղ հորս որդեգրել է մի թուրք սպա։ Երկու տարի անց նա մահացել է և հորս վերադարձրել են մանկատուն, սակայն եղբայրն այլևս այնտեղ չէր: Կարապետն այնուհետև մեկնել է Հունաստան, ապա՝ Ֆրանսիա։ Փարիզում հանդիպել է մի հայ տիկնոջ, որը փորձում է տարբեր երկրների հայերին վերամիավորել իրենց հարազատների հետ: Նրանից էլ հայրս տեղեկանում է, որ Բրազիլիայում կա մի Ներսեսյան՝ Հայնիի գյուղից: 1930-ին հայրս մեկնել է Բրազիլիա՝ միանալու իր եղբայր Պողոսին։ Տասը տարի անց եղբայրները գտել են միմյանց՝ առանց իմանալու միմյանց գտնվելու վայրը...

-Արմենիա, երեք անգամ եղել ես Հայաստանում: Ինչպե՞ս կբնութագրես այդ այցերը:

-Հայաստան գալն ինձ համար առանձնահատուկ է: Իմ այցերը երեք տարբեր համատեքստում էին: Առաջինը 1965-ին էր, երբ Հայաստանը խորհրդային հանրապետություն էր: Երկրորդ այցը 2000-ին  էր, իսկ երրորդը`անցյալ տարի: Երկիրը շատ է փոխվել այս բոլոր տարիներին: Իմ վերջին այցի ժամանակ ես տեսա, որ մարդիկ ավելի լավատես են՝ ավելի լավ ապագայի հույսով և  ակնկալելով փոփոխություններ: Երևանը ժամանակակից քաղաք է, բայց հնավայրերը, հին կառույցները, եկեղեցիներն ինձ ավելի են գրավում: Իմ բոլոր երեք այցերի ընթացքում ինձ շատ ջերմ են ընդունել: 2000-ին տաքսի նստեցի, սկսեցի զրուցել վարորդի հետ: Երբ նա իմացավ, որ անունս Արմենիա է, հրաժարվեց վճարից ու ինձ հրավիրեց ճաշի իր ընտանիքի հետ: Անցյալ տարի ես ևս մեկ հաճելի անակնկալ ունեցա՝ Ջերմուկի հյուրանոցներից մեկում դարձյալ իմ անվան շնորհիվ ինձ անվճար տրամադրեցին իրենց լավագույն սենյակը: Շատ կան նման հիշարժան պատմություններ:

-2004 թվականին Լոս Անջելեսում ես հանդիպեցի քո կինոդերասանուհի հմայիչ դստերը՝ Միլենային: Ինչպե՞ս է ընթանում նրա կարիերան:

-Այդ ժամանակ Միլենան նոր էր սկսում իր կարիերան: Մինչև հիմա նա նկարահանվել է երեք լիամետարժ խաղարկային ֆիլմում և հինգ  հեռուստասերիալում: 2009-ին նա գրեց և խաղաց «LOL Latina on the Loose » մենաներկայացումը, որն արժանացել է հանդիսատեսի և քննադատների գովասանքին: Այն արժանացավ նաև մրցանակների: Այժմ նա շարունակում է գրելև խաղալ: Սկզբնապես նա գրվում էր Մինա Օլիվեյրա, բայց գործակալի առաջարկով իր դերասանական անունը դարձրեց Մինա Ներսեսյան: Մարտին էկրան բարձրացավ «Մենակ, գրեթե՝ խենթ» կինոնկարը, որի սցենարիստն է և գլխավոր դերակատարուհին։ Հիմա գրում է հեռուստասերիալների մասին: Եվ այդ ամենը՝ չորս երեխաների հետ:

-Իսկ եղբայրնե՞րը:

-Երբ հիմնադրեցի «Նովիկան», երկու որդիներս ակտիվորեն ներգրավված էին: Ֆաբիոն սկսեց «Նովիկան» Բրազիլիայում, և նրա առաջին ռեժիսորն էր, իսկ Ռաֆայելը՝ մեր կայքի առաջին դիզայները: Միլենան վաճառքի գործակալն էր և մեր լավագույն մոդելը: Մի քանի տարի անց երեքն էլ հեռացան «Նովիկայից»՝ նվիրվելով արվեստին. Միլենան՝ դերասանությանը, Ֆաբիոն՝ երաժշտություն գրելով կինոյի համար, իսկ Ռաֆայելը կազմեց երաժշտախումբ՝ երգեր էր կատարում և կիթառ նվագում: Մի որոշ ժամանակ էլ սկսեց նկարել և «Նովիկայի»  միջոցով վաճառեց ավելի քան 50 աշխատանք: Իհարկե, երաժշտությամբ ապրելը միշտ չէ, որ հեշտ է, նա աշխատում է նաև որպես համակարգչային ծրագրավորող: Հիմա Ռաֆայելը կնոջ և ութամյա դստեր հետ ապրում է Պորտուգալիայում. անցած տարեվերջին մասնակցել է Լիսաբոնի հայերի հավաքին:

-Դու ունեցել ես ու հիմա էլ ունես հետաքրքիր կյանք՝ լինելով այնքան բաց ամբողջ աշխարհի առջև, անընդհատ ճանապարհորդելով, խոսելով համարյա տասը լեզվով, մշտապես հանդիպելով ոգեշնչող մարդկանց: Միշտ հիացել եմ քեզ նման մարդկանցով, ուստիև հետաքրքիր կլինի իմանալ, թե որն է քո կյանքի նշանաբանը:

-Սիրել մարդկանց, բազմազանության գեղեցկությունը և ամենուրեք այս փոքր աշխարհում զգալ տանը:

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան