Արմեն Ջիգարխանյան. «Սիրել կյանքն՝ ինչպես կա»

1940-50-ական թվականներից Երևանի Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում փայլեց մի հիասքանչ դերասանական աստղաբույլ՝ Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Վարդուհի Վարդերեսյան և այլք։ Արմեն Ջիգարխանյանը նրանցից  երիտասարդ էր մի քանի տարով ու միակը, որ դեպի դերասանական արվեստ տանող երկար, ոլորուն ճանապարհ անցավ ու այդպես էլ չդարձավ սունդուկյանական, սակայն իր դերասանական կերտվածքով ու բազմակողմանի տաղանդով գոնե հանդիսատեսի մտապատկերում այդ աստղաբույլի մնայուն մասը դարձավ ու լրացրեց այն նոր գույներով։

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում։ Կարճ ժամանակ անց հայրը լքել է ընտանիքը։ Պատերազմական ցուրտ ու քաղցած տարիների տխուր տեսարանները մեկընդմիշտ դաջվել են փոքրիկ Արմենի հիշողությունում՝ դարձնելով նրան կամային և նպատակասլաց անձնավորություն։ Թատերասեր մոր՝ Ելենայի շնորհիվ Արմենը վաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով ու կինոյով, և ավարտելով ռուսական դպրոցը՝ մեկնել է Մոսկվա, սակայն ԳԻՏԻՍ ընդունվելու անհաջող փորձից հետո վերադարձել է ծննդավայր ու աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատորի օգնական։ 1954-ին վերջապես ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ՝ Վարդան Աճեմյանի դասարան, որտեղից տեղափոխվել է Արմեն Գուլակյանի դասարանը (հետագայում իր ստեղծագործական կյանքում Ջիգարխանյանը բազմիցս անդրադարձել է գուլակյանական դասերին, մասնավորապես՝ «միշտ խաղա այն, ինչ գիտես» սկզբունքին)։ Առաջին բեմելը տեղի է ունեցել երկրորդ կուրսում (1955 թ.)՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 12 տարի աշխատելով այնտեղ՝ Ջիգարխանյանը կերտել է բազմաբնույթ դերեր՝ Սերգեյ (Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն», 1960), Դերասան (Գորկու «Հատակում», 1963), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս», 1964), Ռիչարդ III (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1965) և այլն։ Սակայն այլ տարածում ունի կինոն ու 1965 թ․ նկարահանվելով Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն «Բարև, ես եմ» ֆիլմում (թողարկման տարում այն դիտեց շուրջ տասը միլիոն մարդ)՝ Ջիգարխանյանը գնահատվեց և սիրվեց բազմազգ հանդիսատեսի կողմից։ Ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի դերում Ջիգարխանյանը լավագույնս դրսևորվեց որպես մտածող դերասան՝ խոհուն կերպարների, մարդկային ներքին ապրումների վարպետ մարմնավորող։ Ֆիլմը ցուցադրվեց Կաննի փառատոնի մրցութային ծրագրում, իսկ մեկ տարի անց արժանացավ Հայաստանի պետական մրցանակի։ Մոսկվայի «Կոմերսանտ» թերթը տասնամյակներ անց գրեց, որ ֆիզիկոս Մանվելյանը վաթսունականների ամենացնցող հերոսներից էր, իսկ երիտասարդ Ջիգարխանյանը՝ «ձնհալի նույնպիսի ռոմանտիկ դեմք, ինչպիսին են Բելյավսկին կամ Լանովոյը»։

1967 թ. ռեժիսոր Անատոլի Էֆրոսի հրավերով Ջիգարխանյանն աշխատանքի է անցնում Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոնում․ սա դերասանի համար ճակատագրական որոշում էր, քանզի չխզելով կապերը հայաստանյան հանդիսատեսի հետ՝ նա պիտի ինքնահաստատվեր բոլորովին այլ թատերական ավանդույթներ ունեցող միջավայրում։ Այնպես ստացվեց, որ Էֆրոսը շուտով հեռացավ թատրոնից, սակայն Ջիգարխանյանի առաջին դերակատարումները լավ արձագանք ունեցան։ Նա կրկին աչքի ընկավ բազմաբնույթ դերերով՝ Բ․ Բրեխտի, Է․ Ռաձինսկու, Մ․ Բուլգակովի, Կ․ Սիմոնովի և ուրիշների պիեսներով բեմադրված ներկայացումներում։ 1969 թ. Ջիգարխանյանը տեղափոխվում է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոն (գլխ․ ռեժ․՝ Անդրեյ Գոնչարով) ու դառնում դրա առաջնակարգ դերասաններից մեկը։ Քսանհինգ տարիների ընթացքում դերասանը կերտում է հիրավի հիշարժան դերեր՝ Սթենլի (Թ․ Ուիլյամսի «Ցանկություն կոչվող տրամվայը», բեմ․՝ Ա․ Գոնչարով, 1970), Սոկրատ (Է․ Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», 1975), Խլուդով (Մ․ Բուլգակովի «Վազք», 1978), Մենդել Կրիկ (Ի․ Բաբելի «Մայրամուտը», բոլորը՝ բեմ․՝ Ա․ Գոնչարով, 1988)։ Ինչպես նախկինում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում, այնպես էլ դրանից հետո՝ Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում՝ այն ներկայացումների համար, որոնցում ներգրավված էր Ջիգարխանյանը, դժվար էր տոմսեր ճարել։ Իսկ միջազգային ճանաչում նրան բերին հաջող կինոդերերը՝ դարբին Մուկուչը «Եռանկյունի» (ռեժ․՝ Հ․ Մալյան, 1967), շտաբս կապիտան Օվեչկինը «Անորսալիների նոր արկածները» (1968), Լևոն Պողոսյանը` «Երբ գալիս է սեպտեմբերը» (1976), Մխիթար Սպարապետը՝ «Հուսո աստղ» (երեքն էլ ռեժ․՝ Է․ Քեոսայան, 1978), Իսայը՝ «Սգավոր ձյունը» (ռեժ․՝ Յու․ Երզնկյան, 1978), Կուզիկը՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (ռեժ․՝ Ս․ Գովորուխին, 1979), Մաքս Ռիշարը՝ «Թեհրան-43» (ռեժ․՝ Ա․ Ալով և Վ․ Նաումով, 1980) կինոնկարներում։ Անմոռանալի են Ջիգարխանյանի կոմիկական դերակատարումները «Տղամարդիկ», «Հարսնացուն հյուսիսից», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Անձնագիր» ֆիլմերում․ բոլորն անհնար է թվարկել․․․ Ջիգարխանյանը լայն, նույնիսկ անսովոր ընդգրկման ամպլուայի դերասան էր․ համեմատենք թեկուզ նրա Բազազ Արտեմը «Գիքորում», մաֆիոզ կնքահոր դերակատարումը «Շիրլի-միրլի» կատակերգությունում (ռեժ․՝ Վ․ Մենշով, 1995) կամ նույնիսկ գայլի ձայնավորումը «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմում (1982)։ Դերասանին նվիրված գրքի հեղինակ Լևոն Գրիգորյանն ընդգծում է նրան հատուկ փորձարարական ձգտումները․ «մի դեր ստեղծելիս նա նպատակ է դնում գտնված հնարները փորձել այլ, ամենևին տարբեր դերում»։ Ջիգարխանյանը նույն հաջողությամբ մարմնավորում էր թե՛ կատակերգական, թե՛ ողբերգական դերեր։ Դերասանի ներկայությունը ֆիլմերում առանձնահատուկ հրապույր ու անմիջականություն էր հաղորդում դրանց, նա դասական, սպասելի շտրիխների փոխարեն նախապատվությունը տալիս էր գրոտեսկին և չափազանցությանը, ինքնատիպ, երբեմն՝ էքսցենտրիկ լուծումներին։ Ռեժիսոր Հենրիկ Մալյանը պատմում է, որ Ջիգարխանյանին ակամա է փորձել ուստա Մուկուչի դերում, սակայն փոխել է միտքը, երբ ներկայացվող տեսարանում ջուրը խմելուց հետո դերասանը բաժակում մնացած վերջին մի քանի կաթիլը լցրել է իր «հոգնած, հավանաբար քրտնած վզին»․ «կարծես թե աննշան մի մանրուք… որտեղի՞ց, ինչպե՞ս, ո՞ւմ թելադրանքով կարողացավ կյանքում դարբնոց չմտած, Երևանի ու Մոսկվայի առաջնակարգ բեմերում քայլած շնորհալի դերասանն այդչափ ներքաշվել կերպարի, «առաջարկվող հանգամանքների» մեջ, ծնել այդպիսի մի մանրամասն»․․․ Ուստա Մուկուչը Ջիգարխանյանը համարում էր իր լավագույն աշխատանքը։

Նա հասցնում էր հանդես գալ նաև հեռուստաթատրոնում։ 1971թ․ թողարկվեց «Քսան տարի անց» հեռուստաներկայացումը, որում հրացանակիր Դ'Արտանյանին մարմնավորում էր Ջիգարխանյանը։ Աթոսի հավերժական դերակատար Վենիամին Սմեխովը վերհիշում է․ «Նկարահանման հրապարակում հիշում եմ Արմեն Ջիգարխանյանին։ Նա ամբողջովին պատրաստ էր, տանը ամեն ինչ խնամքով մշակել էր և նկարահանումներին ներկայանում էր հրահանգների սպասող պարզամիտ մարդու պայծառ ժպիտով։ Թե՛ խաղընկերներին էր կաշառում իր եղբայրական քնքշությամբ, թե՛ ռեժիսորին էր չափից ավելի հարգում, բայց հենց հնչում էր «Ուշադրություն, նկարահանումը սկսվեց» արտահայտությունը, վերափոխվում էր աշխատասեր զինվորի, իմաստնացած և մռայլված դ'Արտանյանի: Եվ նրա բոլոր լայն ժպիտներն անհետանում էին նրա դեմքից, ասես երբեք գոյություն չեն ունեցել»։

1985 թ. Ջիգարխանյանն արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է բազում մրցանակներով ու շքանշաններով: Որպես պրոֆեսոր դերասանական վարպետության դասեր է վարել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում, ուժերը փորձել է բեմադրության ոլորտում։

1990-ականների Մոսկվայում, երբ քաղաքը քրեական խմբավորումների հակամարտությունների ու ահարկու հանցագործությունների թատերաբեմ էր դարձել, Ջիգարխանյանը անհավատալի հաջողության է հասնում՝ իր կուրսով հիմնում է Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնը, որ նախնական շրջանում անվանվում էր «Թատրոն Դ»։ Բազմավաստակ դերասանը երիտասարդների հանդեպ մարդկայնորեն էր տրամադրված, խոստովանում էր, որ իր համար ամենադժվարը նրանց մերժելն է, քանի որ վախենում է սխալվել։

Իր թատրոնում նրա խաղացած վերջին դերն էր Սենեկան (Է․ Ռաձինսկու «Ներոնի ու Սենեկայի ժամանակների թատրոնը», 2011)․ երկու անգամ նրան տեսել եմ բեմում և երկու անգամ էլ՝ հենց այս դերում, բավական հաջող, դիտարժան ներկայացում էր, սակայն լուրջ, խոհական բնույթի, ոչ բոլորին էր երևի հրապուրում, դահլիճում ազատ տեղեր էին մնում։ Ինչպես Ջիգարխանյանին հատուկ էր, այս դերում էլ նա բարդ, խորը կերպարին օժտում էր պարզ մարդու հատկանիշներով․ նրա Սենեկան բիրտ իշխանությունից տառապող իմաստունն էր, բայց և հասարակ մարդը, որ այնքան հարազատ էր դահլիճում նստածներիս։ Երկու անգամն էլ Ջիգարխանյանը խաղում էր նույն կերպ․ չնայած հիվանդ էր (2015 թվականն էր), բայց այնպես էր ներկայացնում կերպարը, ասես հենց նա է ծեր և հիվանդ։

Ջիգարխանյանը խոստովանում էր, որ չնայած կես դարից ավելի աշխատում է թատրոնում, սակայն որոշ իմաստով վախենում է հանդիսատեսից, որին ինքը պիտի գրավի կամ խաբկանք ստեղծելով՝ իր ետևից տանի․ «լավ գիտեմ, թե ինչպես խաբել հանդիսատեսին, բայց հաստատ կանխագուշակել, թե ինչպես նա դրան կարձագանքի, ոչ ոք չի կարող»։

Լավատես մարդ էր՝ չնայած անձնական կյանքի դառնություններին, դստեր ողբերգական մահվանը, վերջին ամուսնության հետ կապված անախորժություններին։ Կրկնում էր․ «Թատրոնում ես լավ, շատ լավ կյանք եմ ապրել, սիրել եմ ու սիրվել»։

Հենրիկ Մալյանի խոսքերով՝ Ջիգարխանյանի հետ աշխատելը հաճույք էր, որովհետև նա գիտեր ժպտալ․ «Ես խոսում եմ ազնիվ մարդու ազնիվ ժպիտի մասին, որ գիտի հայտնվել միայն ու միայն մեծ հոգու տեր, բազում տխրություններ տեսած ու ապրած մարդու դեմքին, հոգու անաղարտության շնորհիվ պահպանված ու խնամված ժպիտի մասին»։ Իսկ դերասանի վաղամեռիկ դուստրն իր օրագրում հոր մասին գրել է․ «Եթե հայտնվեի անմարդաբնակ կղզում, հորս անպայման հետս կվերցնեի․․․»։

Բացարձակ զուրկ էր աստղային հիվանդությունից՝ անկախ տարիքից կամ զբաղեցրած դիրքից, բարյացակամորեն շփվում էր իրեն մոտեցող ցանկացած մեկի հետ, հոնքերը վեր բարձրացրած ուշադիր լսում ու այնպես արձագանքում իր հարազատ դարձած խռպոտ ձայնով, ասես հին ծանոթի է հանդիպել։ Շատ հարցերում իր յուրահատուկ կարծիքն ուներ, սակայն չի կարելի ժխտել, որ նա սիրված էր նաև իմաստուն արտահայտությունների շնորհիվ․ առանձնապես տպավորվածներից հիշեմ «Աղբյուրին չխոնարհված՝ ակունքից ջուր չես խմի» կամ «Ինչ տվեցիր՝ դա է քոնը» ժողովրդական ոգով աֆորիզմները։ Կամ էլ այս մեկը․ «Թատրոնը շատ բարդ օրգանիզմ է, որի հիմքում արվեստից դրդված նախանձն ու սնափառությունն են»։ Երբ 2020 թվականի նոյեմբերի 14-ին Ջիգարխանյանը հեռացավ կյանքից, դերասանի երբեմնի խաղընկեր Ալեքսանդր Կալյագինը նրան անվանեց «թատրոնի իմաստուն»։ 

Դերասանական արվեստում Ջիգարխանյանը կարևորում էր առանձնահատուկ հոտառությունը, իսկ  թատրոնը համարում էր անկանխատեսելի ու հանելուկային երևույթ․ «Երբեմն թվում է, թե ես էլ եմ ինչ-որ գաղտնիք բացահայտել, բայց հինգ րոպե անց գալիս եմ այն եզրակացության, որ ոչինչ էլ չեմ հասկացել։ Իսկ միգուցե այս ամենում ինչ-որ իմա՞ստ կա: Միգուցե մենք ապրում ենք այնքան ժամանակ, քանի դեռ ուզում ենք բացահայտե՞լ գաղտնիքը»:

Բոլոր դեպքերում՝ նա գտավ միայն իրեն հատուկ դերասանական ինտոնացիան ու «ճշմարտությունն ասելու կերպը», այն է՝ խուսափել խրատականությունից, կարևոր բաների մասին խոսելիս լինել անկեղծ, ասելիքը փոխանցել առանց պաթոսի, չկորցնել մարդկային պարզությունն ու շիտակությունը, և ամենակարևորը՝ անհունորեն սիրեց կյանքն այնպես, ինչպես կա։

 

Աշոտ Գրիգորյան

 

Լուսանկարներ․

1․ Արմեն Ջիգարխանյանը Սենեկայի դերում (Է․ Ռաձինսկու «Ներոնի ու Սենեկայի ժամանակների թատրոնը»)

2․ Կադր «Բարև, ես եմ» ֆիլմից․ Արտյոմ՝ Արմեն Ջիգարխանյան, Լյուսյա՝ Նատալյա Ֆատեևա (1964), հեղինակ՝ Գեորգի Տեր-Օվանեսով

 

... ...