Արմեն Ջիգարխանյան. « Ես չեմ սիրում տառապել, տառապանքները հեռացնում եմ ինձնից»

Վախճանվեց լեգենդը՝ խորհրդային, հայ և ռուսական կինոյի ու թատրոնի մեծ Արտիստը՝ Արմեն Ջիգարխանյանը: Իր ապրած 85 տարիներով, կինոյում խաղացած 250 և բեմում կերտած հարյուրավոր կերպարներով նա նվաճեց բացառիկ մեծ արտիստների շարքին դասվելու իրավունքը: Նա մեկն էր այն եզակիներից, որոնց յուրաքանչյուր կերպար մի ամբողջ տեսակ ու սերունդ է խորհրդանշում: Իր բուռն ու երկարատև կյանքի ընթացքում Ջիգարխանյանը լիուլի ապրեց փառքն ու հանդիսատեսի աներևակայելի սերը, միջազգային մեծ ճանաչումն ու հայրենակիցների բարձր գնահատանքը, ապրեց մեծ վերելքի բերկրանքն ու միայնության ողբերգությունը: Նրա վախճանով մի ամբողջ դարաշրջան է ավարտվում՝ կինոյում, թատրոնում և մարդկանց սրտերում: «ArtCoallege»-ի ընթերցողներին ենք ներկայացնում «caoinform.moscow» կայքի հարցազրույցը Ջիգարխանյանի հետ՝ նրա 80-ամյակի առիթով: Իգոր Լոգինովի  հարցերից բացի Արտիստը պատասխանել է նաև ընթերցողների՝ նախապես գրանցած հարցերին: 

 

Ի.Լ. -Արմեն Բորիսովիչ, Ձեր թատրոնում ներկայացվում են Շեքսպիրի և Բեռնարդ Շոուի պիեսները: Մեծ դասականները: Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում դասականների ժամանակակից մեկնաբանություններին:

Ա.Ջ. -Եթե դիմում ենք դասականներին, պետք է լսենք, թե ինչ են գրել: Վերջերս դիտեցի «Մեռած հոգիներ» ժամանակակից ներկայացումը, և, կարծես դիտավորյալ, հաջորդ օրը հեռուստատեսությամբ ցուցադրում էին Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի «Մեռած հոգիները»: Տարբերությունը հսկայական է: Երբ ես Երևանում աշխատում էի թատրոնում, մեզ մոտ եկավ Ալեքսեյ Գրիբովը. Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի այդպիսի մեծ դերասան կար: «Հատակում» ներկայացումն էր, ես խաղում էի Դերասանի դերը և մի արտահայտություն ունեի. «Մոռացել եմ իմ սիրած բանաստեղծությունը»: Գրիբովը հետևեց իմ կերպարին և ասաց. «Իսկ ինչ լավ բան կա, եթե սիրած բանն ես մոռացել»: Թվում է, թե  եկել էր փող աշխատելու, բայց ես առ այսօր դեռ չեմ կարող մոռանալ Գրիբովի աչքերն ու ինտոնացիան. Ահա թե ինչ է իսկական արվեստը: Իսկ հիմա շատ են էժանագին բաները:

-Ես ձեզ տեսել եմ Մայակովսկու անվան թատրոնի «Տրամվայ «Ցանկություն»» հայտնի ներկայացման մեջ. դա նշանակալի իրադարձություն էր Մոսկվայի թատերական կյանքում:

-Հանճարեղ պիես է: Եվ կարող եմ ձեզ ասել, որ մենք պատրաստվում ենք մեր թատրոնում բեմադրել այս ներկայացումը: Եվ եթե Աստված կամենա, մենք կթռչենք Բլագովեշչենսկ և Ամուրի բնակիչների համար կխաղանք «Տրամվայ  «Ցանկությունը»»: Քանի որ ես իսկապես շատ եմ սիրում «Ամուրյան աշուն» փառատոնը:

-Խոստովանեք, ինչպե՞ս եք աշխատել Մայակովսկու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Գոնչարովի հետ: Չէ որ շատ էին խոսում այն ​​մասին, որ նա չափազանց խիստ ռեժիսոր է:

-Ոչ, դրանք բոլորը խոսակցություններ են: Գոնչարովի մեջ շատ ավելի արժանապատվություն կար, քան կոպտություն: Ռեժիսորի և դերասանի հարաբերությունները զուտ սիրային պատմություն են: Ինչ-որ մեկը համբերում է, ինչ-որ մեկը սիրում է, ինչ-որ մեկը հարմարվում է, ինչ-որ մեկը ձեզ ներարկում է տալիս և այլն: Շատ բարդ հարաբերություններ են:

-Այսպիսով, ձեզ ժամանակին դա սովորեցրել են: Իսկ դուք ո՞ւմ եք համարում ձեր գլխավոր ուսուցիչները կյանքում:

-Իմ կատուն մեծ ուսուցիչ էր: Նա ինձ հետ ապրեց 24 տարի: Դուք գիտեք, թե ինչպես էր նա ճշգրիտ հաշվարկում թե որտեղ պառկել, հանգստանալ, ուր է ավելի լավ գնալ, որտեղ է թաքնվելն ավելի հարմար: Ես նրանից շատ բան եմ սովորել, անկեղծ, չեմ հեգնում:

-Իսկ աշակերտները,նրանք պետք է որ շատ լինեն, չէ՞:

-Ես չգիտեմ, թե դա ինչ է, անկեղծ եմ ասում: Նման զարմանալի մասնագիտության մեջ, ինչպիսին դերասանությունն է, ուսուցիչներ և աշակերտներ չկան: Սա բարդ գործընթաց է, քանի որ երբ մեզանից՝ դերասաններից մեկը բեմ է բարձրանում, մենք բոլորս հավասար ենք: Ես չեմ սիրում հարցազրույցներ տալ, և բոլորին ասում եմ, որ ավելի լավ է դերասանին տեսնել բեմում, դիտել, թե ինչպես է նա խաղում: Հավանել ես, թե՝ ոչ, քո խնդիրն է, բայց ճշմարտությունն այնտեղ է: Ես դերասան եմ չէ՞ և այնպիսի կիրք կարող եմ խաղալ, որի մասին չեք էլ երազել: Մեր մասնագիտության մեջ շատ լկտիություն կա, բայց, մյուս կողմից, դա ամենաամոթխած մասնագիտությունն է: Ես ծածկվում եմ թիկնոցով և ասում. Ես Սենեկան եմ: Ես ունեմ կարճ պարանոց, փոքր հասակ... Այսինքն՝ դա հեշտ չէ: Երևանում դերասանուհի կար՝ Զոյա Նիկոլաևնան, և նա մի անգամ ասաց ինձ. «Արմեշիչկա, բեմում մի վազեք, դա ձեզ չի սազում»: Սա բացարձակ ճշգրիտ թատերական ձևակերպում է. Այն ձեզ չի սազում:

-«Հանդիպման վայրը փոխել չէ կարելին» պաշտամունքային ֆիլմ է համարվում: Այնտեղ Դուք խաղացել եք Վիսոցկու հետ: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

-Վիսոցկին երևույթ է, ազգի մարմնավորումն է: Ես նկարահանվել եմ Վիսոցկու հետ, և կարծում եմ, որ նա զարմանալի անհատականություն էր: Նրա բանաստեղծությունները, կենսակերպը, ցանկություններն ու հնարավորությունները պետք է ուսումնասիրվեն:

 

Ընթերցողների  հարցերը Ջիգարխանյանին

Իգոր  Մասուրյան

-Դուք ծնվել ու մեծացել եք Հայաստանում: Իսկ կարոտախտը Ձեզ չի՞ տանջում: Արդյոք հայերեն խոսո՞ւմ եք:

-Հայաստանը շատ եմ սիրում, բայց դրանից հեռու չեմ տառապում: Ես չեմ սիրում տառապել, տառապանքները հեռացնում եմ  ինձնից: Ես լավ եմ զգում. հաճախ եմ զանգում Երևան ընկերներիս`պարզելու, թե ինչպես են նրանք: Միշտ երազում եմ թատրոնի հետ մեկնել հյուրախաղերի: Քանի որ մեկ այլ բան է ինքդ գաս ու շրջես քաղաքով: Իսկ եթե ես ներկայացումներ բերեմ, ես ապրանքը ցույց կտամ դեմքով - դա շատ լավ է: Ինչ վերաբերում է լեզվին: Ես հայերեն հրաշալի գիտեմ: Գրելն ինձ համար ավելի բարդ է: Չնայած որ ցանկացած հայ գիտի, որ հայերեն գրելը շատ դժվար է, քանի որ գրական հայերենը ոչ մի կապ չունի կյանքի հետ: Դա շատ լավ լեզու է, շատ հզոր: Ինձ օտարերկրացիներն ասել են, որ երբ նրանք Շեքսպիր են լսել հայերեն, չիմանալով լեզուն՝ նրանք հասկացել են, որ դա Շեքսպիր է: Այնպես որ, ես հայերեն լավ գիտեմ, բայց իմ աշխատանքային լեզուն ռուսերենն է, ես խաղում եմ ռուսերեն:

Ստանիսլավ

-Ասացեք, խնդրեմ, ձեր ամբողջ դերասանական գործունեության ընթացքում քանի՞ ֆիլմում եք նկարահանվել: Ձեր կարծիքով, ո՞րն էր ամենաբարդ դերը կինոյում:

-Երբեք չեմ հաշվում իմ դերերը: Իմ կարծիքով, մոտավոր 200 դեր ունեմ: Եվ ամենադժվար դերը հենց այն է, որի վրա այդ պահին աշխատում ես:

Իրինա Պոժանինա

-Ի՞նչ հաղորդումներ եք դիտում հեռուստատեսությամբ ու ընդհանրապես դիտո՞ւմ եք:

-Դիտում եմ, ինչու՝ ոչ: Ես պաշտում եմ «Էնիմալ պլանետը»: Քանի որ այնտեղ ճշմարտությունն է: Երբ ես տեսնում եմ ինչպես է վագրը սլանում եղնիկի հետևից, հասկանում եմ, որ դա կյանքի փիլիսոփայություն է: Ինչպես ասում են նման դեպքերում, երկրորդ դուբլ չկա: Պաշտում եմ կենդանիներին, վերջերս գիրք կարդացի Կանադայի գայլերի մասին: Հեղինակը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել այն բանին, թե ինչպես են գայլերը սկսում քշել եղնիկների խումբը: Նրանք ավելի ու ավելի արագ են վազում: Եվ այն բանի արդյունքում, որ նրանք արագ տեմպով են քշում նախիրը`թույլերը հետ են ընկնում ու բաժին են դառնում գիշատիչներին: Կարելի է վրդովվել, բայց  հենց  սա է կյանքը: Հենց սա է բնության օրենքը. ահա ինչի մասին է խոսքը:

Թիմուր Մոխով

-Ասում են որ դուք ֆուտբոլի երկրպագու եք:

-Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, շատ: Բայց էնպես, ինչպես մենք ենք խաղում՝ խաղալ չի կարելի: Բակային ֆուտբոլային թիմ՝ ահա և վերջ: Պարզվեց, որ 2018 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեզ մոտ է անցկացվելու: Բայց  չգիտես ինչու ոչ ոք չի մտածում, որ մենք ֆուտբոլ խաղալ չգիտենք: Նշանակում է, դրանով պետք է զբաղվել: Բայց վախենամ, որ կարգախոսներ լինեն, պաստառներ կախեն՝ և վերջ:

Ինեսա Կուխարչիկովա

-Ձեր կարծիքով ո՞րն է մարդկային ամենատհաճ հատկությունը: Գուցե ձեր դերերը հուշել են ձեզ մեկ այլ՝ ճիշտ պատկերացում մարդու մասին:

-Դե, ես մարդու հանդեպ ճիշտ պատկերացումների շուրջ չէի ընդարձակվի: Սա բարդ մատերիաներ են և երկար ժամերի դատողություններ են պահանջում: Կամ մի ամբողջ կյանք: Իսկ հիմա ամենատհաճ հատկության մասին: Գիտեք, Շեքսպիրն ամենասարսափելի հիվանդություններից մեկը անվանել է նախանձը: Յագոն նախանձում է, որ Օթելլոն այդպիսի կին ունի: Բայց նա ինքը ոչ մի բանում մեղավոր չէ: Նախանձը շատ սարսափելի զգացմունք է:

Անժելիկա Պարշինա

- Տասը տարի առաջ Դուք գրեցիք «Միայնակ ծաղրածուն» գիրքը:

- Գրեցի, բայց գրքերն ակնհայտորեն իմ բանը չեն: Գիրքը գրվել է իմ ընկեր Դուբրովսկու շնորհիվ, ցավոք, նա այսօր մեզ հետ չէ: Գրողի դերն իմ սրտով չէր: Ես դերասան եմ, և սիրում եմ բեմ բարձրանալ և պատմել կյանքի, ընկերներիս, գործընկերներիս մասին: Ով ուզում է լսել այդ դարաշրջանի մասին, կգա դերասան Ջիգարխանյանի համար: Իմ ճակատագիրը դերասանությունն է, ոչ թե գրելը:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի