Արման Մանուկյան․ հավայան Գոգենը

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ հայկական հետքը կարելի է հայտնաբերել աշխարհի ամենաանհավանական, հեռավոր անկյուններում: Արման Մանուկյանի մասին առաջին անգամ կարդացի հայագետ Արծվի Բախչինյանի «Հայկական ներկայությունն Օվկիանիայում» հոդվածում։ Հետագա պրպտումներից պարզ դարձավ, որ նկարիչը նշանավոր է ոչ միայն իր տարաշխարհիկ կյանքով, այլև տպավորիչ ստեղծագործական ժառանգությամբ և նույնիսկ աճուրդներում ներկայացվող իր ստեղծագործությունների համար առաջարկվող խիստ բարձր գներով: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2005 թվականին Մանուկյանի նկարներից մեկը վաճառվել է 500 000 դոլարով։ Նա Հավայան կղզիների ամենաականավոր մոդեռնիստ նկարչի համարումն ունի։ Մանուկյանի մահվանից 60 տարի անց «The Honolulu Advertiser»-ը գրել է, որ նկարիչը ցնցեց Հոնոլուլուի ստեղծագործող համայնքը ու «իր հետևից թողեց և՛ առասպել, և՛ վաղեմի առեղծված»: Մանուկյանի անվանը կարելի է հանդիպել Հավայան կղզիներին նվիրված ժամանակակից շատ ուղեցույցներում։

Մանուկյանի արվեստի խոր գիտակներից է արվեստի պատմության պրոֆեսոր Ջոն Սիդը (ԱՄՆ), որը նկարչին նվիրված պատկերագրքի (2011) հեղինակն է։ Նա կարողացել է կապ հաստատել Մանուկյանի՝ Փարիզում բնակվող զարմիկի հետ ու պարզել նկարչի ծագման և կյանքի շատ մանրամասներ։ Մինչև այդ, նույնիսկ Մանուկյանի գործերի՝ աշխարհում խոշորագույն հավաքորդը տեղյակ չէր, որ նա հայ է։ Ըստ Սիդի՝ նկարազարդող Արման Մանուկյանին լուրջ նկարիչ դարձրին Հավայան կղզիները՝ իրենց տեղաբնիկներով, առասպելաբանությամբ և բնությամբ։

Ապագա նկարիչը ծնվել է 1904 թվականին՝ Կոստանդնուպոլսում, Օքսֆորդում ուսանած ունևոր տպարանատեր և թերթի հրատարակիչ Արշակ Մանուկյանի ընտանիքում, որն առևտրական կապեր ուներ Մանչեսթերի և Մարսելի հետ․ թերևս այստեղից է ծագել Արմանի (Մանուկյանի իսկական անունը Թադևոս էր, Արման անունը նա հետագայում է վերցրել) հետաքրքրությունը հեռավոր ճանապարհորդությունների հանդեպ։ Իր հարցազրույցներից մեկում Մանուկյանն ասել է, որ ինքը Բյուզանդիոնից է՝ Հին Հռոմեական կայսրության մայրաքաղաքից։ Ուսում է ստացել ծննդավայրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վարժարանում, որի տեսուչը բանաստեղծ Դանիել Վարուժանն էր։ Երբ սկսվում է Եղեռնը, Մանուկյանի հայրը պատսպարվում է Ֆրանսիայում, որտեղ էլ մահանում է 1917-ին։ Ի թիվս 250 պոլսահայ մտավորականների՝ Եղեռնի զոհ է դառնում նաև Վարուժանը։ Փակվում է Մանուկյանների ընտանեկան գործը, և ցեղասպանության սարսափները վերապրած 16-ամյա Արմանը, որն ընտանիքի ավագն էր, տեղափոխվում է ԱՄՆ՝ Ռոդ Այլենդ, մոր ազգականի մոտ։ Պետական կրթաթոշակով նա ուսում է ստանում տեղի դիզայնի դպրոցում, արվեստի դասընթացներ է անցնում Նյու Յորքում, որտեղ թերթերի ձևավորման համար արժանանում է մրցանակների։ 1923-ին նա ծառայության է անցնում ամերիկյան ռազմական նավատորմիղում։ Մանուկյանը դառնում է մայոր Էդվին Մաքլելանի համհարզը, ձևավորում նրա աշխատությունը՝ ծովային կորպուսի պատմության վերաբերյալ, շրջագայում տարբեր վայրերով։ 1924-1925 թթ․ արևադարձային թեմաներով նրա սև-սպիտակ գրչանկարները տեղ են գտնում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հանդեսում։

Մաքլելանի հետ էլ 1925-ին Մանուկյանը ծառայության է անցնում դրախտավայր համարվող Հոնոլուլույում։ Առողջարանային այդ քաղաքը գտնվում է արևադարձային գոտում, փարթամ բնություն ունի, էկզոտիկ բույսեր, այդ թվում՝ բազմատեսակ խոլորձներ, որոնց հայրենիքն է համարվում։ Գիշատիչ կենդանիներ այստեղ չկան, մինչդեռ զարմացնում է ձկների և թռչունների բազմազանությունը։

1927-ին Մանուկյանն ավարտում է ռազմական ծառայությունն ու անդամագրվում Հոնոլուլուի նկարիչների ընկերակցությանը։ Նա մասնավորապես ներկա է գտնվում Պոլ Գոգենին նվիրված զեկույցին, որը կազմակերպել էր ընկերակցությունը։

Հաճախ է հիշատակվում այն ազդեցությունը, որ թողել են Գոգենի թաիթյան շրջանի աշխատանքները Մանուկյանի ստեղծագործության վրա։

Եթե Գոգենին Թաիթի կղզի էր բերել «իդեալական հասարակության» երազանքը, ապա Մանուկյանը Հավայան կզիներ էր հասել գաղութարար երկրի նավատորմիղի կազմում (Թաիթին և Հավայան կղզիները միևնույն՝ Պոլինեզիա կղզիախմբի մաս են կազմում)։ Այսուհանդերձ, Մանուկյանի նկարներում զգացվում է նրա համակրանքը պոլինեզիացիների խմբին պատկանող հավայացի բնիկների նկատմամբ, որոնք գաղութացման քաղաքականության զոհն էին։

Ե՛վ Գոգենի, և՛ Մանուկյանի աշխատանքներում ընդգծվում է բնության և դրա գրկում ապրող մարդու անմիջական կապի, նրանց՝ մեկ ամբողջություն լինելու գաղափարը։

Մանուկյանի կրած այլ ազդեցություններից արվեստաբանները նշում են մատիսյան ներկապնակը, ճապոնական նկարչությունը։

Իր ընկերոջ՝ Արթուր Գրինի հետ Մանուկյանն ուսումնասիրել է Հավայան կղզու տեսարժան վայրերն ու բնությունը, և այդ վայրերն անվանել «արվեստագետի դրախտ»։ Այդ ճամփորդությունների արդյունքն է «Հավայան բնապատկեր» (1928) մեծադիր կտավը, որն արված է համեմատաբար սառը գույներով։ Գույների ընտրության հարցում Մանուկյանը մի ամբողջ տեսություն ուներ, ու ընկերները նրան համարում էին Հավայան կղզիների «ամենագիտական» նկարիչը։

Նա հրապուրված է եղել Ֆլոբերի «Սալամբո» պատմական վեպով, ինչպես նաև փիլիսոփա, պոետ Ջորջ Սանտայանայով և կինոաստղ Գրետա Գարբոյով։ Չնայած հասարակությանը հայտնի և անհայտ սիրավեպերին՝ ընտանիք չի կազմել։

1920-ականների երկրորդ կեսին տեղական մամուլում հայտնվում են Մանուկյանի գործերի առաջին վերլուծությունները։ Նրա արվեստով հետաքրքրված էր բարձրաշխարհիկ տիկին, մեծահարուստ հավաքորդուհի Հելեն Ի․ Քրաքըր Ֆեգենը, որի շնորհիվ էլ 1929-ին նկարիչը բացում է իր կենդանության օրոք միակ անհատական ցուցահանդեսը։  

Ի հակադրություն կոտորածներին, տարագրությանը, կյանքի դառնություններին՝ Մանուկյանի արվեստը լավատեսության և անհոգ կյանքի ոգեկոչումն է․ նրա նկարներն աչքի են ընկնում ստատիկ կոմպոզիցիաներով, վերացական ձևերով, գույնի էմոցիոնալ հագեցածությամբ և ի վերջո՝ գունային խրախճանքով, որն իր վրա է սևեռում դիտողի ուշադրությունը։ Նկարիչն իր նպատակն էր համարում ստեղծել «գույների սիմֆոնիաներ», հասնել գեղագիտական բավարարման՝ գույնի և ձևի մեջ։

Մանուկյանի գլուխգործոցներից է ռեստորանի համար արված «Հավայացի տղան և աղջիկը» որմնանկարը․ բնության գրկում երկու տեղաբնիկների իդիլիան հիշեցնում է Ադամի և Եվայի պատմությունը։ Ինչպես նշում է գրող Լավոն Լյոնգը՝ Մանուկյանի վառ գունավորված, լայնածավալ կտավները պատկերում են «Հավայան դրախտի ոճավորված տեսիլներ»: Մեկ այլ որմնանկար պատկերում է երկու ֆիգուր կանոեում ու ևս մեկը՝ նրանց ֆոնին, հեռվում։ Երեքն էլ միաձուլված են բնության տարերքին, ընդ որում՝ դիտողին ամենամոտ ֆիգուրը պատկերված է յուրահատուկ ռակուրսով՝ ոչ ամբողջությամբ, ասես մասամբ եթերային տարածությունում է։ Կոփված, արևից խանձված մարմինների վրա մկաններն այնպես են պատկերված, որ կենդանություն ու շարժում են հաղորդում ֆիգուրներին։ Նույն՝ 1928-ին  արված «Հացի ծառ» աշխատանքում ևս նկատելի է նարնջագույն-շագանակագույնի և կապույտի համադրությունը․ այստեղ ևս պտուղը քաղող երկու հավայացիներ են պատկերված՝ Ադամի և Եվայի պատմության մեկ այլ մեկնաբանությամբ։ Այս և այլ նկարներում նախասկզբնական մարդն է ու բնությունը, ոչինչ չի հիշեցնում եվրոպական գաղութատիրության մասին։

Մանուկյանի վերջին գործը՝ «Ֆլամինգոները թռիչքի մեջ», արված է անհամեմատ ավելի սառը գույներով, հոգնության և ներքին դատարկության անթաքույց զգացողությամբ։

Նա զբաղվել է նաև գրաֆիկայով, նկարել պաստելով և գուաշով, ձևավորել հավայան պարբերականները։ Հեղինակել է որմնանկարներ՝ արվեստի պատմաբան Դեյվիդ Ֆորբսի խոսքերով՝ «ամենևին ոչ նման որևէ բանի, որ մինչ այդ տեսել էր Հոնոլուլույի հանրությունը»։

Որքա՞ն է հայկական արվեստն ազդել Մանուկյանի վրա՝ դժվար է հստակ ասել․ համենայն դեպս, արտապատկերման հստակությունը, դեկորատիվությունը շեշտող հաստատուն ուրվագծերը, կոնտրաստային, վառ գույները հիշեցնում են հայկական միջնադարյան մանրանկարիչներին, որոնց գործերին ծանոթ է եղել մանուկ հասակում հայ եկեղեցու սպասավոր եղած նկարիչը (Ջոն Սիդը նմանություններ է տեսնում Գրիգոր Նարեկացու 12-րդ դարի դիմանկարի և Մանուկյանի ինքնանկարի միջև)։

Պահպանվել են Մանուկյանի միայն 31 յուղանկարներ, որոնց մեծ մասը մասնավոր հավաքածուներում են: Երկար տասնամյակներ անց առաջին անգամ 2010-ին Հոնոլուլուի Արվեստի ակադեմիայի պատկերասրահում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը:

Կարծիք կա, որ ինչպես ցեղասպանության շատ վերապրողներ, Մանուկյանը ևս տառապել է հետտրավմատիկ ընկճախտային խանգարման ախտանիշով, տառապել ահասարսուռ մղձավանջներից։ Ինչպես և Գոգենը՝ նա Հոնոլուլույում սկսեց ոգելից խմիչք օգտագործել։ Մանուկյանը պատվախնդիր էր ու հեշտ բռնկվող, տառապում էր զայրույթի պոռթկումներից և  այդ պատճառով իր շատ նկարներ ոչնչացրել է։ Ճանաչողները նրա մասին ասել են․ «Նա խելագար է և ինչ-որ խելագար ձևով էլ կմեռնի»։ Նրան ճակատագրով էր վիճակված իր մեծ հայրենակից Արշիլ Գորկու նման կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ։ Թույն խմելուց հետո նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել։ Մանուկյանն ընդամենը 27 տարեկան էր՝ շատ ազատ արվեստագետների համար չարաբաստիկ դարձած մի տարիքում (ինչի պատճառով ձևավորվել է «27-ի ակումբ» արտահայտությունը)։ «Honolulu Star-Bulletin» ազդեցիկ թերթը նկարչի մահվան կապակցությամբ լույս է տեսնում՝ առաջին էջի վերնամասում գլխագրերով գրված տեղեկությամբ. «Ա․Թ․ Մանուկյանը՝ Հոնոլուլուի ականավոր նկարիչը, ինքնասպանություն է գործել Բլեք Փոինթի իր տանը»։ Արթուր Գրինը նրա մահվանից հետո ասել է․ «Նա գույներով անելու էր այն, ինչ Բեթհովենն արեց երաժշտությամբ»։ Մանուկյանի մայրը, քույր ու եղբայրը, որոնք բնակվում էին Ֆրանսիայում, փորձում են գտնել նրա մեծ գրադարանի և արխիվի հետքերը, սակայն՝ ապարդյուն։

2009 թվականին ԱՄՆ Հավայի նահանգն ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, առանձնակի նշելով, որ «Հայաստանի կապերը Հավայան կղզիների հետ սկիզբ են առել 1920-ական թվականներին, ցեղասպանությունը վերապրած շնորհալի նկարիչ Արման Թ. Մանուկյանով, որը Հավայան կղզիներում ապրել է գրեթե վեց տարի՝ մինչև իր ողբերգական մահը 1931 թվականին, և հայտնի դարձել որպես հավայան Վան Գոգ»։

Եվ ինչպես հաճախ է պատահում մեծ արվեստագետների հետ՝ Մանուկյանը փառքի և ճանաչման արժանացավ միայն իր ողբերգական, անժամանակ մահվանից հետո․․․

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․

1․ Գլխավոր՝ Հավայուհի, 1929 թ․

2․ Կարմիր առագաստներ, 1928 թ․

3․ Մարջանի ծառ Բլեք Փոինթի մոտ, Հոնոլուլու, Օահու, 1930 թ.

... ...