Արման Բալմանուկյան. «Հայկական ժամանակակից պարը դուրս է գալիս ստվերից»

Հայաստանում սկսվել է «SUMMEET» միջազգային փառատոնը

Հայաստանում հունիսի 24-ից սկսվում է «SUMMEET» ժամանակակից պարի միջազգային փառատոնը: Մեկ շաբաթ շարունակ ժամանակակից պարային ամենահետաքրքիր ու նորարարական ներկայացումներն ու նախագծերը կներկայացվեն հայ հանդիսատեսի գնահատմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Փառատոնային նախագծերը կիրականացվեն երևանյան հինգ հարթակներում, Տիգրան Ձիթողցյանի Ձորաղբյուրի արվեստանոցում, ինչպես նաև Լոռիում՝ Դեբետում ու Դսեղում: Այս տարի փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ և հյուրընկալել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ռուսաստանի չափազանց հետաքրքիր ու նորարար պարախմբերի և պարային ընկերությունների: Արդեն երկրորդ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան, «Balmanukyan Dance Project» պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի «Open Look» միջազգային փառատոնը և պետերբուրգյան «Կանոն դենսը»: Բայց «SUMMEET»-ի գաղափարը ծնվել է խորեոգրաֆներ Արման Բալմանուկյանի և Վալերիա Կասպարովայի մեծ երազանքից: Վալերիա Կասպարովան փառատոնի միջազգային ծրագրի պատասխանատուն է, Արման Բալմանուկյանը՝ հայկական ծրագրի: Թե ինչպես ծնվեց փառատոնի գաղափարը, ինչ հեռահար նպատակներ ունի այն և ինչպես է հայ ժամանակակից պարարվեստը դուրս գալիս ընդհատակից. այս հարցերի շուրջ «ArtCollage»-ը զրուցել է փառատոնի համահիմնադիր Արման Բալմանուկյանի հետ:

 

-2021-ին Հայաստանում անցկացվեց «SUMMEET» ժամանակակից պարի միջազգային փառատոնը և հասցրեց իրադարձություն դառնալ մեր մշակութային կյանքում: Այժմ «SUMMEET»-ը վերադառնում է և պիտի խնդրեմ, որ մեկ տարի անց գնահատեք առաջին փառատոնի արդյունքները: Այդ իմաստով ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել:

-Մենք կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ մեծ հաջողություն է մեր քաղաքում՝ Երևանում, ժամանակակից պարային միջազգային փառատոն ունենալը: Որպես առաջին փառատոն «SUMMEET»-ն անցավ բարձր մակարդակով, սպասելիքներից շատ ավելին էր: Բոլոր մասնակիցները չափազանց գոհ էին, բայց ինձ համար հատկապես կարևոր էր, որ մասնակից ներկայացումներից ընտրվեց և Եվրոպա հրավիրվեց Արսեն Խաչատրյանի  ներկայացումը: Եթե կարճ ասեմ, ապա առաջին փառատոնը շատ ոգևորող էր, իսկ լավագույն գնահատականն այն է, որ փառատոնը շարունակություն ունեցավ և հիմա մենք արդեն անցկացնում ենք երկրորդ «SUMMEET»-ը:

-Ինչ ակնկալիքներ ունեք երկրորդ «SUMMEET»-ից: Եվ ինձ առավելապես հետաքրքրում է հարցը, թե հայկական նախագծերն ի՞նչ ներկայություն ունեն այս տարվա փառատոնում:

-Փառատոնը հիմնականում արված է որպեսզի զարգացում ապրի հայ ժամանակակից պարարվեստը: Եվ դա շատ ուրախալի է, որովհետև մեկ հարթակում համախմբվում են հայ բոլոր ժամանակակից խորեոգրաֆները, ինչպես նաև՝ տարվա ընթացքում քաղաքում ստեղծված լավագույն պարային ներկայացումները: Փառատոնի ամբողջ ուղղությունը, կարելի է ասել գերխնդիրն այն է, որ հենց հայ ժամանակակից պարը բարձրանա հարթակ, այսինքն ավելի հասանելի լինի միջազգային հանրությանը, բայց նաև հայ հասարակությունը տեսնի, թե ինչ է կատարվում պարի ասպարեզում դրսում:  Փորձում ենք Հայաստան բերել որոշ ուժեղ և հայտնի ներկայացումներ, ինչպես օրինակ այս փառատոնում ցուցադրում ենք հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլի VR պարային ներկայացումը։ Շատ են լինելու VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ նախագծերը, մի խոսքով՝ մեծ ընտրություն է լինելու:

-Երբ խոսում ենք ժամանակակից պարի մասին, ընդգրկման սահմանն ակամա ընդլայնվում է: Ընդունված է համարել, որ ժամանակակից պար է այն, ինչը բալետ չէ: Դուք ի՞նչ ձևակերպում կտաք:

-Արդեն իսկ բառն ունի իր բանալին՝ ժամանակակից, այսինքն, այսօրվա ժամանակին կից, ու քանի որ մենք շատ արագ ենք զարգանում, ժամանակակից պարն էլ ինքնին շատ արագ տեմպերով է գնում առաջ՝ նոր ժանրեր, նոր խորեոգրաֆներ, ռեֆորմացիաներ: Ինձ համար շատ բարդ է լիարժեք բնութագրել թե ինչ է ժամանակակից պարը, որովհետև իր ձևաչափի մեջ այն կարող է ոճերի սինթեզ լինել, կարող է հստակ դպրոց ունենալ: Ժամանակակից պարի առավելություններից մեկն էլ այն է, որ դու ունես անսահման հնարավորություններ ու եթե ազատ ստեղծագործող ես և պարի մարդ ես, կարող ես քո խոսքը, քո ամբողջ ներաշխարհը, քո հոգեվիճակն արտահայտել պարի լեզվով: Եվ դու կարող ես «կախվել» ամեն ինչից՝ բնության ձայներից, դասական երաժշտությունից, նույնիսկ ոգեշնչվես քաղաքի աղմուկից: Եվ տարիների ընթացքում հավաքած քո ահռելի փորձը սինթեզելով այդ ամենին՝ կարողանաս քո խոսքը ճիշտ հասցնել հանդիսատեսին: Դա ինձ համար ժամանակակից պարի հրաշքն է:

-ժամանակակից պարն ինտելեկտուալ հզոր ներուժ ունի, որն, ինքնին մեծ գրավչություն է հաղորդում նրան, բայց մեր հանդիսատեսին ինտելեկտուալ պարարվեստով շատ դժվար է բերել թատրոն:

-Համաձայն եմ: Ես կարող եմ փաստել, որ դա շատ լավ է, որովհետև հենց այդ խնդիրը հայ ժամանակակից պարը կբերի, կկանգնեցնի իր առանձնահատուկ տեղում: Կարծում եմ, որ եթե ներկայացումը կամ որևէ ստեղծագործական արտադրանք պատշաճ որակի է և հասանելի է, ապա հանդիսատեսը դա միանգամից կվերցնի, այդ միտքը միանգամից կհասկանա և անմիջապես կգնահատի այդ ներկայացման գեղեցկությունը: Որպես օրինակ կարող եմ բերել Արինա Արարատյանի բեմադրած «Գարնան սպասումով» պարային ներկայացումը, որը մոտ 17 տարի առաջ էր բեմադրվել: Հիմա մենք հատուկ փառատոնի համար վերականգնել ենք այդ ներկայացումը, որը 2005-ին Հայաստանի լավագույն պարային ներկայացումներից էր: Այն ժամանակ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց «Գարնան սպասումով» ներկայացումը: Չէ որ նաև բեմադրողի մոտեցումից է կախված թե այն ինչպես կընկալվի և այդ իմաստով ամեն ինչ շատ հաջող անցավ:

-17 տարին քիչ ժամանակ չէ, այսքան տարիներ անց ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ այդ նույն ներկայացմանը: Ի վերջո, ներկայացումը ծերանալու, ժամանակից դուրս մնալու, իր ուղերձները սպառելու հատկանիշ ունի, դուք չունե՞ք այդ մտավախությունը:

-Ոչ, չունեմ: ժամանակակից պարարվեստում մտքի մեծ ուժ կա: Եթե դու չես հասկանում քո մարմինն ինչպես է աշխատում, դա վերածվում է պարզապես շարժման, այսինքն քո մարմնի ամեն մի կետը մի գործիք է, որով որ դու կարող ես նոր պրոցես առաջացնել, դրա համար ամեն օր մի նոր զարգացման մեջ պետք է լինես, դու ամեն օր պետք է այս օրվան կից լինես: Ամեն մի խորեոգրաֆ, ամեն բեմադրող իր սահմաններն ունի՝ մտքի սահմաններն ու հենց դրանցով է առաջնորդվում: Եվ շատ լավ է, որ անսահման հնարավորություններ ունես և այդ պատճառով դու կարող ես ընտրություն կատարել: Չեմ կարծում, որ ներկայացումը կծերանա, որովհետև դու ամեն օր, ամեն ակնթարթ կարող ես նոր մի դետալ փոխելով այնպիսի նոր շունչ հաղորդել նրան, կամ էլ քո միտքն ավելի զարգանա ու մի նոր բան ավելացնելուց հետո ներկայացումն այնքան ինքնատիպ մոտեցում ունենա, որ հանդիսատեսը բոլորովին այլ կերպ ընկալի այն: Դա շատ նման է դասական երաժշտության ընկալմանը՝ երիտասարդ տարիներին դու բոլորովին այլ կերպ ես այն զգում, հետո, մի քանի տարի անց նույն երաժշտությունը լսելուց մի տեսակ  այլ խորություն ես զգում, ավելի հասուն տարիքում քեզ երևում են այդ երաժշտության  գույները, երաժշտությունը քեզ համար ասես կորսված լեզու լինի, և դու սկսում ես հասկանալ, թե ինչ է ուզում կոմպոզիտորը քեզ փոխանցել: Ինձ համար ներկայացումն  էլ կենդանի օրգանիզմի նման պետք է միշտ սնուցվի, այս դեպքում՝ նոր մոտեցումներով, նոր պարողներով, որոնք ավելի ուժեղ են, ավելի ճկուն և ինտելեկտուալ:

-Դեռ մեկ տարի առաջ Դուք խոսում էիք այն մասին, որ հայկական ժամանակակից պարն ասես մնացել է ստվերում, պայմանականորեն ասած՝ անդերգրաունդում: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ այն դուրս է գալիս ստվերից:

-Հիմա կարող ենք ասել, որ հայկական ժամանակակից պարը դուրս է գալիս ստվերից, որովհետև հենց այս նախաձեռնությունը՝ միջազգային պարային փառատոնը շատ լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք ժամանակակից հայ պարը Հայաստանից դուրս բերել դեպի Եվրոպա և ոչ թե հակառակը. ոչ թե մենք գնանք Եվրոպա, այնտեղ սովորենք, այլ այնտեղից ներհոսք լինի Հայաստան, բոլորը գան ու այստեղ զարգանա ժամանակակից պարը, ինչպես զարգանում է Իսրայելում: Սա իմ երազանքներից մեկն է, որովհետև մենք դրսում էլ ահռելի պոտենցիալ ունենք, կարծում եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, որ հաջողության են հասել դրսում, կգան ու այստեղ կփոխանցեն իրենց գիտելիքները և այստեղ կգեներացվի հայկական ժամանակակից պարը՝ մեր հայկական երաժշտությամբ, որը ևս չափազանց կարևոր է: Մենք շատ մեծ և ուժեղ  երաժշտական ներուժ ունենք, այսօր շատ երիտասարդ կոմպոզիտորներ ունենք, որոնց երաժշտությունը ոչ ոք չի օգտագործում, գոնե ես շատ քիչ եմ լսել, այսինքն խորեոգրաֆ-կոմպոզիտոր սինթեզները չկան: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ այդ ամբողջ ներուժը գա Հայաստան ու մեկ ընդհանուր հարթակում գեներացվի այդ ամենը. էս փոքր  երկրից ինչպիսի ազդակներ կգնան դեպի աշխարհ ու մեզնով կհետաքրքրվեն, և այդ դեպքում մենք միայն շահած դուրս կգանք:

-Ես, այնուամենայնիվ, հակված եմ մտածել, որ պարային այս վերընթաց շարժման մեջ շատ կարևոր դերակատարություն է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հետ ձեր գործակցությունը, որը գեղարվեստական չափորոշիչների  ու ստեղծագործական համախոհության հրաշալի օրինակ է:

-Ես անչափ, անսահման շնորհակալ եմ, պարզապես չգիտեմ երախտագիտության ինչ խոսքեր ասեմ Հայկ Վարդանյանին՝ օպերային ստուդիայի տնօրենին, և Հասմիկ Պապյանին՝ ստուդիայի գեղարվեստական ղեկավարին: Պարզապես բառերը քիչ են, որովհետև նրանք այն մարդիկ եղան իմ կյանքում, որոնք ուղղակի հավատացին, տեսան որ այսպիսի մի ներուժ կա և ասացին՝ գնացեք, ստեղծագործեք: Եվ մեր կյանքում շատ կարևոր, ջերմ ու անհավատալի բան կատարվեց. այս մարդկանց հավատը երիտասարդների հանդեպ գեներացրեց այս ամբողջ էներգիան: Բառեր չունեմ և ամեն  անգամ հիշելուց աչքերս թրջվում են: Մեզ հավատալու և վստահելու շնորհիվ 11 պարողներ վերադարձան բեմ, որոնք պարելու որևէ տեղ չունեին, և նրանց թվում կային մարդիկ, որոնք առանց այս հնարավորության երբեք պրոֆեսիոնալ բեմ դուրս չէին գա: Սա նաև շանս է հաջորդ սերնդի համար, որը դեռ ճանապարհ պետք է հարթի: Եթե  պարողները հոգով-սրտով պարող են, պարզապես կործանվում են, երբ պարելու, փորձելու տեղ ու հնարավորություն չունեն: Պարողը բեմ ու դահլիճ չունեցավ, ավարտված մասնագետ է, հենց այդ պատճառով շատ-շատ սերունդներ ենք կորցրել, կորցրել ենք պարզապես տեղ չունենալու, հիասթափության պատճառով, և այդ ստեղծագործական ներուժը պարզապես փոշիանում է: Իսկ այլընտրանք չկա: Եվ մենք հիմա փորձում ենք այդ այլընտրանքը ստեղծել: Փառք Աստծո, որ փառատոնն էլ եղավ, ու դա բոլորիս համար լավ հարթակ է՝ մեր լավագույն որակներն աշխարհին ցույց տալու, նաև այն մարդկանց, որոնք զբաղվում են մշակույթով ու ղեկավարում են այդ ոլորտը: Թող գան, տեսնեն այս ահռելի ներուժը: Այս տարվա մեր նշանաբառը  «խաչմերուկ»-ն է, կարելի է ասել՝ պարային խաչմերուկ: Եվ տա Աստված, որ ամեն տարի նոր խաչմերուկ լինի:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի

... ... ...