Արեգ Էլիբեկյան. «Հայացքս դեպի Հայաստան է ուղղված»
Հոգնել եմ օտարության մեջ լինելուց
Գրեթե երեք տասնամյակ առաջ գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանը հեռացավ Հայաստանից՝ որոշակի իմաստով կրկնելով իր հոր՝ Ռոբերտ Էլիբեկյանի ճակատագիրը, որը 21 տարեկանում թողեց Թբիլիսին ու Երևանում սկսեց իր ստեղծագործական ճանապարհը: Արեգը Վաղարշակ,Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների հռչակավոր գեղանկարչական ընտանիքից էր և հայրենիքում երաշխավորված ապագա ուներ, բայց նախընտրեց գնալ դեպի անհայտություն և կայացման իր ճանապարհն անցնել: Այսօր նա 20-ից ավելի ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Բրյուսելում, Բեյրութում, Հավանայում, Նյու Յորքում և, Մոնրեալում, դասավանդում է Մոնրեալի գեղեցիկ արվեստների թանգարանի դպրոցում և շատ հաճախ ցուցադրվում է նաև հարազատ Երևանում: Կայացման ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ գտավ և ի՞նչ կորցրեց հայրենիքից դուրս՝ հարցերի պատասխանը՝ ArtCallage -ի հարցազրույցում:
- 28 տարի առաջ Դուք հեռացաք Հայաստանից ու հաստատվեցիք Կանադայում: Գիտեմ որ հեշտ չէր ամեն ինչ զրոյից սկսելը: Ինչո՞ւ նման բարդ ընտրություն կատարեցիք:
- Գիտեք, մինչև հիմա էլ ինքս ինձ հարց եմ տալիս թե ինչպես եղավ, որ հեռացա և հաստատվեցի հեռավոր Կանադայի ափերում։ 1990-ականները դժվար տարիներ էին մեր նորանկախ երկրի համար։ Ես շատ երիտասարդ էի և ուզում էի փորձել նոր հորիզոններ գտնել արտերկրում, նաև՝ օգնել ընտանիքիս։ Հիմա, տարիներ անց, բոլորովին այլ կերպ եմ նայում այդ ամենին։ Հայացքս դեպի Հայաստան է ուղղված, ուզում եմ հարազատներիս կողքին լինել։ Հոգնել եմ օտարության մեջ լինելուց։
- Պատմեք կանադական սկզբնական շրջանի մասին, ինչ դժվարություններ ունեցաք և գտաք արդյոք այն, ինչ փնտրում էիք հայրենիքից դուրս:
- Իհարկե, սկզբնական շրջանում շատ դժվար էր համակերպվել նոր իրականությանը։ Բայց ես իմ առջև նպատակ էի դրել արագ հաղթահարել դժվարությունները և զբաղվել իմ սիրած գործով՝ նկարչությամբ։
1992 թվականի հոկտեմբերին Մոնրեալի Թեքեյան մշակութային միությունը Էլիբեկյանների մեծ ցուցահանդես կազմակերպեց, որը մեծ հաջողություն ունեցավ: Սա նաև շրջադարձային եղավ ու ինձ շատ օգնեց, որ վստահություն ձեռք բերեմ և շարունակեմ իմ ընտրած դժվարին ճանապարհը։ Իհարկե, հետագայում էլ հաջորդեցին այլ ցուցահանդեսներ Կանադայի և Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում։
- Դրսում հայկական մշակույթի հետ կապը կորցնելը հեշտ է, ինչպես ձեզ հաջողվեց պահպանել այդ կապը:
- Ես միշտ եմ ամուր պահել կապը հայրենիքի հետ։ Նախևառաջ ստեղծել եմ հայ ընտանիք և դուստրերիս հայեցի դաստիարակություն եմ տվել։ Նրանք գերազանց ավարտել են Մոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը և փայլուն տիրապետում են մայրենի լեզվին։ Տանը մենք միայն հայերեն ենք խոսում։ Պետք է ասեմ, որ Մոնրեալում հայկական համայնքը բավական կայացած և աշխույժ համայնք է։ Ես մշտապես համագործակցում եմ մեր տեղի մշակութային միությունների հետ։ Իհարկե, իմ թիրախը միշտ եղել և մնում են բարձր պրոֆեսիոնալ ու օտար տեղական ցուցասրահներն ու կազմակերպությունները: Այդուհանդերձ, որպես հայ արվեստագետ կապը միշտ ամուր եմ պահել Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր մեծ քաղաքների հայկական մշակութային կազմակերպությունների հետ։ Ինձ բազմիցս հաջողվել է Էլիբեկյանների արվեստը ներկայացնել տարբեր քաղաքներում։ Իսկ վերջին 15 տարվա ընթացքում ես գրեթե ամեն տարի վերադարձել եմ Հայաստան, որտեղ նույնպես աշխատել և ցուցադրել եմ իմ ստեղծագործությունները: Երևանում երեք անհատական ցուցահանդես եմ ունեցել և մասնակցել եմ բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների։
- Դուք մեծացել և դաստիարակվել եք հզոր անհատականությունների ընտանիքում, որքանով եք ազդվել նրանցից և ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը:
- Այո, իրավացի եք։ Մեր ընտանիքն իրոք մեծ արվեստագետներ է տվել, սակայն երբեք չեմ փորձել նմանվել նրանցից որևէ մեկին, ընդհակառակը՝ միշտ ձգտել եմ իմ անհատական գեղարվեստական ոճն ունենալ։ Իմ ամենամեծ ուսուցիչը և ավագ ընկերը հայրս է, նրանից այնքան բան եմ սովորել, նախ՝ աշխատասեր և կարգապահ լինել։ Հայրս 79 տարեկան է, և ամեն օր գնում է իր արվեստանոց, նա սիրում է իր միջավայրը, իսկ արվեստանոցն ասես սրբավայր լինի նրա համար։ Ես նույնպես իրենից ժառանգել եմ արվեստի հանդեպ մեծ սերն ու նվիրվածությունը։ Այն օրը որ չեմ աշխատում կամ չեմ գնում իմ արվեստանոց, ինձ համար կարծես կորած օր լինի։ Ընդհանրապես, բոլոր Էլիբեկյաններն արվեստի մեծ նվիրյալներ են, ես նույնպես փորձում եմ շարունակել ընտանեկան այդ ավանդույթը։
- Ո՞րն է գլխավոր պատգամը, որ ստացել եք ավագ Էլիբեկյաններից:
- Հայրս՝ Ռոբերտ Էլիբեկյանը, հորեղբայրս՝ Հենրի Էլիբեկյանը և մեծ հայրիկս՝ Վաղարշակ Էլիբեկյանը, անմնացորդ կերպով նվիրվել են արվեստին և ծառայել իրենց երկրին։ Նրանք հայրենիքին հսկայական մշակութային ժառանգություն են թողել։ Այդ հաջողությանն ու ստեղծագործական վերելքներին նրանք հասել են ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ, ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում դիմագրավելով բազմաթիվ խոչընդոտներ և դժվարություններ: Չէ որ խորհրդային տարիներին արվեստի նորարարական միտումները և ազատ մտածելակերպը չէին խրախուսվում, իսկ երբեմն նաև կարող էին շատ ծանր հետևանքներ ունենալ արվեստագետների համար։ Ես միշտ աշխատել եմ իրենց նման լիովին նվիրվել արվեստին։
- Այսօր ամբողջ աշխարհում մշակույթի համար դժվար ժամանակներ են՝ ի՞նչ անել, որ մեր կյանք վերադառնա մշակութային և հոգևոր արժեքների գերիշխանությունը:
- Իրոք որ արվեստի և մշակույթի համար, դժվարին ժամանակահատվածում ենք ապրում։ Գերարագ տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում, կարծես թե փոխվել են արվեստի հանդեպ մարդկանց ընկալումները։ Հատկապես երիտասարդներին և պատանիներին դժվար է այսօր համացանցից և ինֆորմացիոն հսկայական օվկիանոսից շեղել, օրինակ՝ գնալ ու մի գեղեցիկ դասական համերգ ունկնդրել, կամ այցելել մի հետաքրքիր ցուցահանդես, էլ չեմ ասում՝ գնել արվեստի գործ կամ սատարել մի արվեստագետի։ Այս պայմաններում բոլոր արվեստագետները ստիպված են հարմարվել այս նոր իրականությանը։ Սակայն միշտ էլ կան և կլինեն բարձր արվեստ գնահատողները:
- Ձեր ցուցահանդեսների աշխարհագրությունը շատ մեծ է, ինչ քաղաքներ ու արվեստի կետրոններ կան, որ կուզենայիք որ լինեին այդ քարտեզում:
- Իրականում ես այն երջանիկ նկարիչների շարքին եմ պատկանում, որոնց հաջողվել է իրականացնել բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ 2020 թվականն այդ առումով նույնպես հագեցած տարի է լինելու։ Հունիսին բացվելու է իմ անհատական ցուցահանդեսը Լոս Անջելեսում, իսկ աշնանը կլինի Էլիբեկյան ընտանիքի երեք սերունդների ցուցահանդեսը Փրովիդենս քաղաքում։ Դեպի որ ուղղությամբ կցանկանայի ընդլայնել մեր գործունեությունը։ Առաջինը Արգենտինան է, որտեղ միշտ եմ ցանկացել ներկայացնել Էլիբեկյանների ստեղծագործությունները։ Աշխատել է պետք։
- Արդեն երկար ժամանակ է, որ ձեր փորձը փոխանցում եք շնորհալի փոքրիկներին, դասավանդում եք Մոնրեալի գեղեցիկ արվեստների թանգարանի դպրոցում: Ինչո՞վ է դա ձեզ ոգեշնչում:
- 25 տարուց ավելի է՝ դասավանդում եմ Մոնրեալի տարբեր կրթական հաստատություններում։ Եվ ավելի քան տասը տարի է ինչ աշխատում եմ Մոնրեալի գեղեցիկ արվեստների թանգարանում: Իմ համար դա մեծ նվաճում է, և ես սիրում եմ իմ աշխատանքը։ Չափազանց հաճելի է արձանագրել, որ տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ աշակերտներ։
- Հետևում եք արդյոք այսօրվա հայաստանյան մշակութային դաշտին և զարգացման ինչ միտումներ եք տեսնում:
- Հայաստանյան մշակութային դաշտը միշտ հարուստ է եղել։ Կարծում եմ որ մեր երկրում տաղանդավոր արվեստագետների պակաս չկա, պարզապես պետությունը պետք տեր կանգնի իր արվեստագետներին, աջակցի նրանց՝ որ արվեստի դաշտն էլ ավելի զարգանա։ Մանավանդ այսօր չափազանց կարևոր է մեր մշակույթը արժանիորեն ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր լավագույն արվեստագետներից շատերի մասին արտերկրում անգամ չեն լսել։ Բայց դա, իհարկե, մշակույթի ոլորտում լուրջ քաղաքականություն ու բարեփոխումներ է պահանջում: