Արաքսյան՝ Չարենցի մոլորությունը

«ArtCollag»-ը շարունակում է Հովիկ Չարխչյանի չարենցյան բացահայտումների շարքը: Այս անգամ նա ներկայացնում է մեծ պոետի մեծ մոլորություններից մեկի պատմությունը:

 

Եղիշե Չարենցի կենսագրության և ստեղծագործական ժառանգության բազմաթիվ էջեր դեռ շարունակում են մնալ չբացահայտված կամ թերի: Իսկ որոնումները երբեմն կարող են ի հայտ բերել ամենաանսպասելի շրջադարձերը: Դրանցից մեկի մասին էլ ցանկանում ենք պատմել ստորև:

Ինչպես հայտնի է, 1920-ականների երկրորդ կեսը Չարենցի համար մի բարդ ժամանակահատված էր. նա դեպքերի բերումով հայտնվեց Երևանի ուղղիչ տանը, այնուհետև կորցրեց իր սիրելի կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատուրյանին, և դժբախտությունների այդ հաջորդական շղթան ծանր հետք թողեց նրա հոգեկան աշխարհի վրա: Պիտի պահանջվեին ուժերի ծայրահեղ լարում, կյանքը վերաիմաստավորելու անհաշիվ փորձեր, հուսալքության ճիրաններից դուրս գալու կամք, որպեսզի կրկին վաղվա օրը ուրվագծվեր իբրև ներկան ապրելու արգասիք: Ահա այդ շրջանի հետ է կապված մի դրվագ, որ մնացել է ստվերում ու, թերևս, բանաստեղծի դյուրափոփոխ հուզական ներաշխարհի, խառնաշփոթ փնտրտուքների և դրանց հաջորդած ձախողումների ակնբախ արտահայտիչն է:

Գրող Վահրամ Ալազանի կինը՝ Մարո Ալազանը, պատմելով Չարենցի մասին, իր հուշերում նաև հետևյալն է գրում. «Տարիներ էին անցել Արփիկի մահից, Չարենցը երկար ժամանակ որոնումների մեջ էր: Չէր գտնում իրեն համապատասխան մի լավ կյանքի ընկերուհի: Ի վերջո, նա կապվեց մի կնոջ հետ, որի ամուսինը մահամերձ վիճակում պառկած էր Դիլիջանի թոքախտավորների հիվանդանոցում»:

Այս առեղծվածային կնոջ մասին հուշագրի քողարկած ակնարկներն իրականում պիտի թափանցիկ լինեին նրանց համար, ովքեր տեղյակ էին այդ օրերի իրադարձություններից: Խոսքն Արաքսյա Մանուկյանի մասին էր:

Արաքսյա Խաչատուրի Մանուկյանը ծնվել էր 1905 թվականին (որոշ աղբյուրներում՝ 1906-ին), Թիֆլիսում, բավականին երիտասարդ տարիքում ամուսնացել էր Հայաստանում պիոներիայի հիմնադիր, կինոռեժիսոր Ստեփան (Ստյոպա) Մանուկյանի հետ: Նրանք ապրում էին Րաֆֆու փողոցի թիվ 29 տանը՝ իրենց հարկի տակ մշտապես հյուրընկալելով գրողների, դերասանների, արվեստի աշխարհի մարդկանց և այն օրերի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներին:

Արաքսյան գեղեցիկ ու տպավորիչ կին էր, սիրում էր բոհեմական կյանքը, սովորում էր Վահրամ Արիստակեսյանի պետական խորեոգրաֆիայի ստուդիայի դասական և ժողովրդական պարերի խմբում: Ապագա պարուհու ամուսինը նույնպես հաճելի տղամարդ էր, ատլետիկ կազմվածքով, ակտիվ ու գործունյա: Նրանք լիովին կարող էին նախանձելի զույգի տպավորություն թողնել:

Պետք է կարծել, որ Արաքսյայի և Ստյոպայի հետ Չարենցի ծանոթությունը կայացել է 1924 թվականին: Երկու երիտասարդ ընտանիքների միջև շատ արագ ձևավորվում է մտերմություն ու փոխադարձ համակրանք: Դրան նպաստում էր նաև տղամարդկանց համատեղ աշխատանքն ինչպես գրողների «Նոյեմբեր» միությունում, Սոցդասգլխվարչությանը կից գործող մանկական գրականության հանձնաժողովում, այնպես էլ գրական ու պատանեկան հանդեսներում: Ամեն դեպքում, համաձայն առկա փաստերի ու ժամանակակիցների վկայությունների, Չարենց-Մանուկյան ընտանիքների միջև ջերմ հարաբերությունները պահպանվել են մինչև 1927 թվականը:

Այդ օրերից մնացած հետաքրքիր հիշատակներ կան՝ մի լուսանկար, որտեղ նրանք չորսով կեցվածք են ընդունել բուտաֆորիկ ավտոմեքենայի շուրջ, Չարենցի մի մակագրությունն Արաքսյայի լուսանկարի դարձերեսին, ընտանեկան ալբոմում Տերյանի բանաստեղծությունը, որ հիշողությամբ գրի էր առել Չարենցը՝ նվիրելով Մանուկյան ամուսիններին:

Իսկ հետո ամեն ինչ կտրուկ ու միանգամից փոխվեց: Թե հատկապես ինչը դարձավ Չարենցի և Ստյոպայի գժտության պատճառը, դժվար է միանշանակ ասել: Այս դեպքում կարելի է սոսկ ենթադրություններ անել՝ դիմելով ֆրանսիացիների մոտ լայն տարածում գտած արտահայտությանը՝ «Cherchez la femme»՝ փնտրիր կնոջը:

Հայտնի բան է՝ Չարենցն անտարբեր չէր գեղեցիկ կանանց նկատմամբ: Ընկերները դա գիտեին և հանդուրժում էին նրա տղայական մոլությունն ու «չարաճճիությունները»: Քանի դեռ կենդանի էր Արփենիկը, նրա հանդեպ սերը Չարենցին դարձրել էր անհամեմատ զուսպ ու շրջահայաց: Սակայն կնոջ մահից հետո հին հակումները վերստին արթնացան, և Արաքսյան այդ արթնացումի առաջին թիրախներից մեկն էր լինելու: Գուցե Արաքսյան էլ իր հերթի՞ն առիթ տվեց, որ բանաստեղծի ներսում խլրտար տղամարդկային անսաստելի կիրքը, ո՞վ գիտե… Ամեն դեպքում հիմքեր կան մտածելու, որ այդ օրերին Արաքսյան այլևս իրեն չէր համարում երջանիկ ու լավատես: Նման  ենթադրությունների հիմք է տալիս Չարենցի՝ «Արաքսյային» վերնագիրը կրող բանաստեղծությունը, որում կան հետևյալ տողերը.

… Տրված է մեզ՝ երկուսիս էլ-

Ինչ կարող է բախտը տալ-

Սակայն ինչո՞ւ դու էլ, ես էլ

Տրտնջում ենք կյանքից հար…

Գանգատվելու պատճառները քիչ չէին: Երկուսն էլ հրաշալի գիտակցում էին, որ կատարվում էր մի բան, ինչը լինելու իրավունք չուներ: Եվ եթե բուռն էին հույզերը, պակաս հակազդող չէին դրանց սանձող խոչընդոտները: 1928-ին Մանուկյանների հարկի տակ ծնվեց նրանց դուստրը: Այժմ կնոջ մայրական պարտականությունները էլ ավելի հեռու մղեցին Չարենցի նկրտումները, և թեև նրանք շարունակում էին ժամանակ առ ժամանակ հանդիպել, Արաքսյան դարձել էր անվստահ ու վարանոտ, նաև նյարդային, նաև ընկրկող: Թռուցիկ տեսակցություններին հաջորդում էին երկար սպասումները, իսկ դրանք իրենց հետ բերում էին միայն հավելյալ լարվածություն, անորոշություն և անպատասխան հարցեր, որոնք իրենց արձագանքն էին գտնում բանաստեղծական տողերում.

Ո՞ւր ես, Արաքս,

Երբ պիտի գաս,

Բերես հույզեր,

Եվ կյանք, և սեր,

Եվ փայլ, և բույր-

Հրե համբույր…

Հետո ամեն բան ավելի խճճվեց ու բարդացավ: Ստյոպա Մանուկյանը հիվանդացավ: Բժիշկները զննեցին նրան ու արձանագրեցին՝ թոքախտ է, շտապ անհրաժեշտ է հիվանդին մեկուսացնել, սկսել բուժումը: Լավագույն տուբերկուլոզային դիսպանսերն այն օրերին գտնվում էր Դիլիջանում, որտեղ էլ տեղափոխեցին Ստյոպային: Սակայն շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ նա դատապարտված էր: Ժամանակը հոսում էր, հիվանդի վիճակը գնալով ավելի էր բարդանում, իսկ Արաքսյան հոգեկան ծանր ապրումների ու երկվության մեջ էր: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, ո՞րն էր ելքը…

Այդ օրերի գերիշխող տրամադրությունների գրավոր վկայություն կարելի է համարել  Չարենցի «Բալլադը», որն ունի այսպիսի ենթավերնագիր. «Ունդերվուդի, Աչոնի, ոսկե կնոջ և բացիլի մասին, գրված հատկապես Աչոնի համար, որ կարդա, երբ մեծանա և սովորի կարդալ մեծ-մեծ, հաստափոր գրքեր (Այժմ Աչոնը երկու տարեկան է)»:

Աչոնն Արաքսյայի դուստրն էր՝ Դորան: Ըստ տեղեկությունների, Չարենցը գնել էր նրանց ընտանիքին պատկանող «Ունդերվուդ» մակնիշի գրամեքենան և հենց դրանով էլ մեքենագրել էր իր «Բալլադը»: Չարենցյան այս չափածո շարադրանքը կարծես մի ինքնախոստովանություն լինի՝ երբեմն մերկ անկեղծությամբ, երբեմն քողարկված ափսոսանքով, երբեմն ցավոտ անողոքությամբ, բայց հասցեագրված նրան, ով պիտի հեռու լիներ այդ ամենից և կարող էր նաև դրանց մասին չիմանալ:

Աչոն, լսում ես, աշխարհում

Կար մի անգամ մի մարդ:

Ոչ այդ մարդն էր ինձ սիրում,

Ոչ ես նրան:

Դորայի հոր մասին իր կարծիքն ու դեպքերի ընթացքը թղթին պահ տալը Չարենցի համար ասես վերջին փրկօղակներն էին՝ արդարացնելու համար այն, ինչն արդեն եղել էր ու դեռ կլիներ: Չէ, նա ապաշխարելու ցանկություն չուներ, նրա տարփանքից էր ծնունդ առել սիրային մի արկած, որ հեռուն էր գնացել՝ հասնելով մինչև խղճի սահմանները, սակայն խայթված խղճի կծկումներից առաջ նա ըմբոշխնել էր կնոջական գգվանքների հաճույքը մինչև մրուր և կարոտով էր վերհիշում այդ երանելի ակնթարթները.

Ախ, մի անգամ միայն նա,

Այնքան սրտաբաց

Այդ ոսկիներն ինձ տվեց

Ու անդարձ գնաց…

1930 թվականի հուլիսի 20-ին Ստյոպա Մանուկյանը վախճանվեց: Նրան հուղարկավորեցին Մլեր գերեզմանատանը, ներկայիս Պանթեոնի տարածքում, Արփենիկի գերեզմանից ոչ շատ հեռու: Մանուկյանի ողբերգական մահը կամա թե ակամա պիտի մոտեցներ նաև հանգուցալուծումը Չարենցի և Արաքսյայի համար: Եվ դիպվածն իրեն սպասեցնել չտվեց:

1930 թ. ամառային մի օր Աբովյան փողոցում Չարենցը հանդիպում է Լուսավորության ժողկոմ Արտո Եղիազարյանին ու Ալազան ամուսիններին և նրանց ճաշի է հրավիրում: Այդ օրերին Չարենցն ապրում էր «Ինտուրիստ» հյուրանոցում: Հյուրերը գալիս են, բոլորով սեղան են նստում, Չարենցը վերցնում է բաժակն ու սկսում է պատմել իր կացության մասին՝ ակնկալելով լսել ներկաների խորհուրդը: Ասում է, որ ցանկություն կար ամուսնանալու, և իր ընտրությունը կանգ էր առել Արաքսյայի վրա: Սակայն կատարվել է մի բան, որն իր մտքերն ու մտադրությունները լիովին վերափոխել է: Դեպքն այսպես է եղել: Երբ Ստյոպա Մանուկյանը վախճանվել է, հեռագրով այդ մասին տեղեկացրել են նրա կնոջը: Լուրն առնելուն պես Արաքսյան շտապել է Չարենցի մոտ: «Փոխանակ լաց լիներ, գոնե մի փոքր տխրեր, հեռագիրը ձեռքին բռնած, պարելով վազեց, ինձ հետ գրկախառնվեց ու ասաց. «Չարենց ջան, վերջապես ազատվեցինք, հիմա կարող ենք ազատ ամուսնանալ»,- պատմում է Չարենցը: Կնոջ այդ անմարդկային արարքը տակնուվրա է անում նրա ներաշխարհը, մի ակնթարթում կարծես պատռվում է վարագույրը, և նա տեսնում է այն մարդու իրական դեմքը, որին սիրում էր: Այսքանից հետո հազիվ թե մնար այն վստահությունը, որ վաղն էլ իր հետ չէին վարվելու նույն կերպ: Եվ Չարենցը կարիք ունի լսելու մտերիմներին, նրանց հետ կիսելու իր տագնապները:

Սակայն բանը խորհուրդներ տալուն չի հասնում: Այնուհետև հուշագիրը գրում է. «Դեռ մեր խորհուրդը չլսած՝ ներս մտավ այդ կինը՝ մի քանի գինու շիշ ձեռքին բռնած: Չարենցը վեր կացավ տեղից, անմիջապես հարձակվեց այդ կնոջ վրա և ասաց.

-Դուրս, դուրս կորիր, երեսդ չտեսնեմ, անմարդկային սրիկա:

Կինը գլուխը կորցրեց, այլայլվեց, շփոթվեց, գինու շշերը հատակին դրեց ու դուրս եկավ սենյակից: Մենք անհարմար դրության մեջ ընկանք: Մեզ կանչեց խորհրդակցելու, մեր խորհուրդը լսելու, բայց առանց մեզ հաշվի առնելու ինքն իր վճիռը կայացրեց և մեզ շատ անհարմար դրության մեջ գցեց: Մեզ մնում էր հանգստացնել նրա ալեհույզ հոգին և մի քանի մխիթարական խոսքեր ասել: Լուսժողկոմ Արտո Եղիազարյանն ասաց.

-Չարենց, քո արարքը անտակտություն էր, կնոջն այդպես խայտառակել չէր կարելի»:

Այս տհաճ միջադեպից ամիսներ անց Չարենցը ծանոթացավ Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի հետ և 1931 թվականին նրանք ամուսնացան: Բանաստեղծի կյանքում սկսվում էր մի նոր, շրջադարձային փուլ, որում Արաքսյա Մանուկյանն այլևս չկար: Սակայն մնաց գիրը, մնացին բանաստեղծությունները և այն անվիճելի իրողությունը, որ ժամանակից առաջ ընկնած Չարենցն արդեն գիտեր, թե ինչ ճակատագիր էր վիճակվելու իր հերթական գայթակղություն-մոլորությանը.

Զուր է, Արաքս.- Փարվիր կրծքիս,-

Փարվիր անհուշ ու անտենչ,-

Բախտ չեն գտնի կին ու երգիչ,

Երկու անօգ- իրար մեջ…

 

Հովիկ Չարխչյան

...